Սրբազան Հռոմեական կայսրության կայսերական թագ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սրբազան Հռոմեական կայսրության կայսերական գահ, պահվում է Վիեննայում՝ Հոֆբուրգի Կայսերական գանձարանում

Սրբազան Հռոմեական կայսրության կայսերական թագ կամ Կառլոս Մեծի թագ (գերմ.՝ Reichskrone), ականակուռ թագ, որով թագադրվում էին Սրբազան Հռոմեական կայսրության կայսրերը` սկսած հավանաբար 10-րդ դարի վերջից մինչև Սրբազան Հռոմեական կայսրության կազմալուծումը 1806 թվականին։ Թագն օգտագործվում էր Հռոմեացիների թագավորի թագադրման ժամանակ` տիտղոս, որն ստանձնում էր ընտրյալ կայսրն ընտրվելուց անմիջապես հետո։

Թագը պատրաստվել է 10-րդ դարի վերջին կամ 11-րդ դարի սկզբին։ Ի տարբերություն այլ թագերի` այն ոչ թե կլոր է, այլ ութանկյուն և բաղկացած է ութ թիթեղներից։ Թագի առջևի հատվածի թիթեղն ավարտվում է խաչով, որի հետին հատվածին ամրացված կամարը կապում է թագի առջևի և հետևի թիթեղները։ Թագը պահվում է Վիեննայում՝ ՀոֆբուրգիԿայսերական գանձարանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միմյանց ամրացված ութ ոսկե թիթեղներից կազմված թագը հավանաբար պատրաստվել է Արևմտյան Գերմանիայում՝ 962 թվականին Օտտոն I կայսեր թագադրման համար։ Մնացած հատվածներն ավելացվել են Կոնրադ II-ի կողմից[1]։ Թագի մասին առաջին հիշատակումը հանդիպում է 12-րդ դարում։ Ենթադրվում է, որ խոսքը նույն թագի մասին է։

Սրբազան Հռոմեական կայսրության թագավորների մեծ մասը թագադրվել են այս թագով։ Կայսերական խաչի (գերմ.՝ Reichskreuz), կայսերական թրի (գերմ.՝ Reichsschwert) և սուրբ նիզակի հետ միասին թագը կայսերական միապետության խորհրդանիշների (գերմ.՝ Reichskleinodien) ամենակարևոր մասն էր։ Սրբազան Հռոմեական կայսրության կայսերական միապետության խորհրդանիշները, հատկապես կայսերական թագը 1349-1421 թվականներին պահվել են Բոհեմիայում (ներկայումս՝ Չեխիայի Հանրապետություն), որտեղ Կառլշտայն ամրոցը կառուցվել էր դրանք պահպանելու նպատակով։ 1424-1796 թվականներին դրանք բոլորը պահվել են Նյուրնբերգում և քաղաքից կարող էին դուրս բերվել միայն թագադրման նպատակով։

Ներկայումս թագն ու կայսերական միապետության մյուս խորհրդանիշները ցուցադրվում են Վիեննայում` Հոֆբուրգի պալատի Կայսերական գանձարանում։

Թագի պատճենը պահվում է Գերմանիայի Աախեն քաղաքում՝ Կառլոս Մեծի նախկին պալատում, որտեղ ներկայումս տեղակայված է քաղաքապետարանը։ Թագի և խորհրդանիշների պատճեններ կան նաև Ֆրանկֆուրտի պատմության թանգարանում, քանի որ վերջին կայսրերը թագադրվել են Ֆրանկֆուրտի տաճարում, ինչպես նաև նախկին Պֆալցի կուրֆյուրստությունում գտնվող Տրիֆելսի ամրոցում, որտեղ կայսերական թագը պահվել է միջին դարերում։ Վերջին՝ ավելի ուշ շրջանում արված պատճենը պահվում է չեխական Կառլշտայն ամրոցում՝ Սբ. Վենցեսլասի թագի հետ։

Տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսերական թագի տեսքը դիմացից

Կայսերական թագը տարբերվում է ժամանակակից թագերից. այն ոչ թե շրջանաձև է, այլ ութանկյուն, հնարավոր է` բյուզանդական կայսրերի թագերի նմանությամբ։ Շրջանակի փոխարեն այն ունի ութ թիթեղ, որոնք վերևին հատվածում կամարաձև են։ Երկաթի երկու նեղ շերտերը, որոնց պատրաստման տարեթիվը հայտնի չէ, ոսկյա գամերով ամրացված են թիթեղներին և ապահովում են թագի ամբողջականությունը։ Մինչև շրջանակների տեղադրումը, թիթեղների ամբողջականությունն ապահովում էին երկար ոսկյա ձողերը, որոնք հնարավորություն էին տալիս առանձնացնել թիթեղներն ու կամարը՝ թագը հեշտ տեղափոխելու նպատակով։

Յուրաքանչյուր թիթեղ պատրաստված է բարձր կարատի ոսկուց (մոտ 22 կարատ` 916 հարգ), ինչը թագին տալիս է վառ դեղնավուն գույն, և ծածկված է մարգարիտներով ու թանկարժեք քարերով։ Քարերը երեսակված չեն (թագը պատրաստելիս այս տեխնիկան դեռ հայտնի չէր), այլ հղկված են և կլորացված։ Մետաղի վրա քարերն ամրացված են en cabochon տեխնիկայով, ըստ որի` մարգարիտներն ու քարերը տեղադրվում են մետաղի մեջ բացված անցքերում և ամրացվում բարակ լարերով։ Նպատակն այն է, որ երբ լույսն ընկնի քարերի վրա, թվա, թե դրանք փայլում են ներսից։

Թագը զարդարված է 144 թանկարժեք քարերով, այդ թվում` շափյուղա, զմրուխտ և ամեթիստ (բյուզանդական կայսերական արարողակարգի համաձայն` կանաչ, կապույտ և մանուշակագույն գոհարները համարվում էին կայսերը վայել թանկարժեք քարեր) և գրեթե նույն քանակությամբ մարգարիտներով։ Թանկարժեք քարերով զարդարման այս ոճը գործածվել է միջնադարի այլ թանկարժեք, հատկապես եկեղեցական իրերի համար, ինչպիսիք են մասունքարանները, թափորի կամ խորանի ականակուռ խաչերը (լատին․՝ crux gemmata) կամ գրքերի գոհարազարդ կազմերը, օրինակ` Սուրբ Էմերամի Ոսկե կոդեքսը և Էխտերնախի Ոսկե կոդեքսը։

Առջևի աջ շրջանակում պատկերված է Քրիստոսը՝ երկու հրեշտակներով

Չորս ավելի փոքր թիթեղների վրա պատկերված են մարդիկ և աստվածաշնչյան տեսարաններ։ Դրանք արվել են արծնապակով, քլուազոնե (ֆր.՝ cloisonné) տեխնիկայով՝ բյուզանդական ոճով։ Այդ չորս պատկերազարդ թիթեղներից (Bildplatten) յուրաքանչյուրում պատկերված են տեսարաններ Հին Կտակարանից։ Էմալապատ թիթեղներից յուրաքանչյուրը բոլորակված է շափյուղաներով և մարգարիտներով։

Առջևի աջ թիթեղի վրա պատկերված է Քրիստոսը գահին՝ երկու քերովբեների միջև, կարմիր էմալով արված «P[er] ME REGES REGNANT» (Թագավորներն ինձնով են թագավորում) (Գիրք Առակաց 8:15)[2] գրության ներքևում։

Հետին աջ թիթեղի վրա պատկերված է կանգնած Եսայի մարգարեն` մահճակալին նստած Եզեկիա թագավորի հետ զրուցելիս։ Մարգարեի ձեռքին մագաղաթի գալար է, որի վրա գրված են հետևյալ բառերը. «Ահավասիկ քո կյանքի ժամանակի վրա ավելացնում եմ տասնհինգ տարի» (Եսայի 38։5)։ Եսայի մարգարեի և Եզեկիայի պատկերների վերևում երևում է կարմիր էմալով արված «ISAIAS P[ro]PHETA · EZECHIAS REX» (Եսայի մարգարեն և Եզեկիա թագավորը) գրությունը։

Վերին ձախ թիթեղի վրա պատկերված է Սողոմոն թագավորը` ձեռքին մագաղաթի գալար, որի վրա գրված է. «Այլ վախեցի՛ր Տիրոջից և խուսափի՛ր ամենայն չարից։» (Գիրք Առակաց 3:7)։ Վերևում երևում է կարմիր էմալով «REX SALOMON» (Սողոմոն թագավոր) գրությունը։

Հետին ձախ թիթեղի վրա պատկերված է Դավիթ թագավորը, որի ձեռքի մագաղաթի գալարի վրա գրված է. «Եվ թագավորի զորությունը իրավունք է սիրում։» (Սաղմոսներ 99:4), ներքևում կարմիր էմալով գրված է թագավորի անունը` REX DAVID (Դավիթ թագավոր)։

Մնացած չորս թիթեղները, որոնք կոչվում են գոհարազարդ թիթեղներ (Steinplatten), տարբեր չափսերի են և զարդարված են միայն թանկարժեք քարերով ու մարգարիտներով։ Առջևի և հետևի թիթեղների տասներկու քարերը հավանաբար խորհրդանշում են իսրայելացիներ քահանայապետի լանջապանակի (հոշեն) տասներկու թանկարժեք քարերը (Ելից 39:9-14) և Նոր Երուսաղեմի տասներկու հիմնաքարերը, որոնք նկարագրված են Սուրբ Հովհաննես առաքյալի հայտնության գրքում (Հայտնություն 21։19-21)։

Վերին թիթեղի կենտրոնական քարը եռանկյուն շափյուղյա է, որը տեղադրվել է Waise (բառացի՝ «որբ», քանի որ եղել է բացառիկ քար) կոչված հայտնի քարի փոխարեն։ Այն կորսվել է և հավանաբար եղել է մեծ սպիտակ ծիածանաքար` գինեգույն ցոլքով կամ, հնարավոր է, բացառիկ պայծառությամբ նռնաքար, կամ էլ կարմիր ցիրկոն։ Միջնադարյան աստվածաբան և փիլիսոփա Ալբերտ Մեծը 1250 թ. գրել է հետևյալը այդ քարի մասին.

Այդ քարը Հռոմեական կայսեր թագի զարդն է, այն կոչվում է «որբ», քանի որ դրա նմանը ոչ մի տեղ չի հանդիպել։ Այն գինեգույն է, ունի նուրբ կարմիր գինու երանգ, և կարծես թե շլացնող ձյան սպիտակը ներթափանցում է գինեգույնի մեջ, սակայն միևնույն ժամանակ մնում է հանդարտ այդ կարմիրի մեջ։ Քարն ուժեղ փայլ ունի, և ասում են` մի ժամանակ փայլում էր անգամ գիշերը, բայց ոչ հիմա, այնուամենայնիվ ասում են, որ այն պահում է կայսրության պատիվը։
Թագի կողային հատվածը

Հայտնի չէ, թե ինչպես կամ ինչու է այն հեռացվել կայսերական թագից։ Դրա մասին վերջին հիշատակումը եղել է 1350 թ. Կառլոս IV-ի կողմից պատվիրված գույքագրման ցանկում։

Թագն ունի մեկ կամար, որը կապում է առջևի և ետևի թիթեղները։ Կամարի վրա մարգարիտներով և կայսերական ոճով գրված է Կոնրադ II (1024-1039) անունը[3]։ Այս կամարի ձախ կողմում մարգարիտներով գրված է CHUONRADUS DEI GRATIA («Կոնրադ, Աստծու ողորմությամբ»), իսկ աջ կողմում՝ ROMANORU (M) IMPERATOR AUG(USTUS) (Հռոմեացիների կայսր, Օգոստոս)։ Առջևի թիթեղի վերևում և կամարի դիմաց ականակուռ խաչ է, որի հակառակ կողմում փորագրված է խաչված Քրիստոսի պատկերը։ Համարվում է, որ ի սկզբանե եղել է լանջախաչ, պատկանել է Հենրի II-ին և ամրացվել է կայսերական թագին ավելի ուշ[1]։ Կամարն ու խաչը հավանաբար ավելացվել են Կոնրադ II-ի իշխանության օրոք։

Երկկողմանի գոհարազարդ թիթեղների յուրաքանչյուր կողմում երեք փոքր անցքեր են արված, որոնց միջով անցկացված են եղել կախազարդերով շղթաներ[4], ինչպիսիք կարելի է տեսնել Հունգարիայի Սուրբ Իշտվանի Սրբազան թագի կամ Պալերմոյի Մայր տաճարում պահվող Կոնստանցիա Արագոնացու թագի վրա։

Թագի ներսի մասում ներկայումս առկա թավշյա կարմիր գլխանոցը թվագրվում է 17-րդ դարով։ Մինչ այդ կայսերական թագը կրել են խույրի վրայից։ Եթե ի սկզբնապես կայսերական թագի խույրն ունենար բյուզանդական կամիլավկիոնի (գլխանոց) ձև, ապա կամարը կսեղմեր ներսի գլխարկի այժմ գոյություն չունեցող հատվածին՝ երկու կողմերից ուռեցնելով դրանք, ինչպես 11-րդ դարի եպիսկոպոսական խույրի վրա դիմացից դեպի հետ ասեղնագործված ժապավենը երկու կողմից ուռեցնում էր քաթանի կտորը[1]։ Կայսերական թագը Սրբազան Հռոմեական կայսրերի կրած խույրով թագի ամենավաղ ձևն է[5]։

Կայսերական թագը ոգեշնչման աղբյուր է հանդիսացել 1871 թվականին ստեղծված Գերմանական կայսրության զինանշանի համար, չնայած որ այն ուներ ոչ թե մեկ կամար, ինչպես կայսերական թագը, այլ չորս կիսակամարներ, որոնք պահում էին գունդն ու խաչը։

Հուշադրամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրբազան Հռոմեական կայսրության կայսերական թագը որպես հիմնական մոտիվ է ընտրվել 2008 թվականին հատված 100 եվրո արժողությամբ հուշադրամի համար։ Դիմերեսին պատկերված է Սրբազան Հռոմեական կայսրության կայսերական թագը, իսկ դարձերեսին՝ Օտտոն I կայսրը, հետին պլանում` Հռոմի Սբ. Պետրոսի հին բազիլիկ եկեղեցին, որտեղ տեղի է ունեցել նրա թագադրումը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ
  1. 1,0 1,1 1,2 Բրիտանական հանրագիտարանը նշում է, որ կայսերական թագը պատրաստվել է Օտտոն I-ի համար Ռայխենաու վանքում։
  2. Աստծու՝ որպես Սրբազան Հռոմեական կայսրի պատկերումը հաճախ է հանդիպում միջնադարյան արվեստում (օրինակ` Վիեննայի թագադրության ավետարաններում)՝ այդպիսով միջնադարյան քաղաքական մտքի և կայսերական քարոզչության մեջ կայսերը դարձնելով Աստծո կենդանի պատկեր։
  3. Բրիտանական հանրագիտարանը ենթադրում է, որ կամարն ամեն անգամ փոխարինվել է յուրաքանչյուր կայսրի համար՝ մինչև Կոնրադ II-ի գահակալությունը, որից հետո այն պահվել է մշտապես։
  4. Այդպիսի կախազարդեր կային նաև Բյուզանդական կայսրերի կորսված թագի վրա, ինչպես օրինակ` Ռավեննայի Սբ. Վիտալե եկեղեցում գտնվող Հուստինիանոս Ա կայսեր խճանկար-դիմանկարում։
  5. Կայսերական խույրի մեկ այլ պահպանված օրինակ է Ավստրիայի կայսերական թագը, որը պատրաստվել է կայսր Ռուդոլֆ II-ի համար։
Գրականություն
  • Leithe-Jasper, Manfred (2005). The Kunsthistorisches Museum Vienna: The Imperial and Ecclesiastical Treasury. Scala Publisher. 9783406429385

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]