Ստրոբոսկոպիական էֆեկտ
Ստրոբոսկոպիական էֆեկտ (հունարեն՝ στρόβος-պտտում, անկանոն շարժում և ότοπέω-դիտել), տեսողական խաբկանք, որն առաջանում է այն դեպքում, երբ որևէ առարկա կամ պատկեր դիտվում է ոչ թե անընդհատ, այլ ժամանակի առանձին, պարբերաբար միմյանց հաջորդող միջակայքերի ընթացքում (օրինակ, էկրանին պրոյեկտվող պատկերը օբտյուրատորով պարբերաբար ծածկելու կամ մութ սենյակում լույսի պարբերական բռնկումների դեպքում)։ Ստրոբոսկոպիկական էֆեկտը պայմանավորված է դիտորդի տեսողության իներցիայով, այսինքն՝ ընկալած դիտապատկերը որոշ (կարճ) ժամանակ գիտակցության մեջ պահելու հատկությամբ, երբ այդ պատկերն առաջացրած առարկան արդեն անհետացել է։ Եթե ընդհատուն դիտումների միջև ընկած ժամանակը փոքր է դիտապատկերի «մարման» ժամանակից, ապա առանձին դիտումների առաջացրած պատկերները ձուլվում են, և դիտումը սուբյեկտիվորեն ընկալվում է որպես անընդհատ։ Ստրոբոսկոպիկական էֆեկտը կարող է լինել երկու տեսակ․
1․ շարժման խաբկանք՝ առանձին պատկերների ընդհատուն դիտման դեպքում, եթե պատկերներից յուրաքանչյուրի վրա առարկաների դիրքերը որոշ չափով շեղված են նախորդ պատկերի համեմատությամբ։ Ստրոբոսկոպիկական էֆեկտի այս տեսակի վրա է հիմնված շարժման ընկալումը կինեմատոգրաֆում և հեռուստատեսության մեջ։
2․ Անշարժության (կամ դանդաղեցված շարժման) խաբկանք, որն առաջանում է, երբ շարժվող առարկան պարբերաբար (f1 հաճախականությամբ) գրավում է նախորդ դիրքը։ Ընդ որում լրիվ անշարժության խաբկանքի համար անհրաժեշտ է, որ դիտման պահերի f հաճախականությունը հավասար լինի f1-ին։ Ստրոբոսկոպիկական էֆեկտի իրականացման սարքերը կոչվում են ստրոբոսկոպներ։ Տես նաև Օպտիկական խաբկանք։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 158)։ ![]() |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստրոբոսկոպիական էֆեկտ» հոդվածին։ |
|