Ստվերային տնտեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Աշխարհի և մասնավորապես զարգացող և անցումային տնտեսությամբ երկրների համար նոր երևույթ չէ այն հանգամանքը, որ տնտեսության իրական հատվածը ներառում է տնտեսվարող սուբյեկտների ինչպես օրինական, այնպես էլ թաքնված գործունեությունից ստացված արդյունքները։ Չնայած դեռևս պարզ չեն այն սահմանները, որոնք բաժանում են այդ արդյունքները, սակայն այս երևույթը տնտեսագիտական գրականության մեջ հայտնի է ստվերային տնտեսություն անվանմամբ։

Տնտեսագետների կողմից տրվում են ստվերային տնտեսության մի քանի սահմանումներ, որոնց ընդհանրացումից կարելի է եզրակացնել, որ.

Ստվերային տնտեսություն է համարվում տնտեսական այն գործունեությունը, որը գտնվում է պետական հաշվառումից և կարգավորումից դուրս և այդ իսկ պատճառով չի արտացոլվում պետական վիճակագրության մեջ։

Ստվերային տնտեսության չափսերը և ոլորտային ընդգրկումը բավականին տարբեր է և ընդգրկում է փոքր չգրանցված խանութներից մինչև թմրանյութերի վաճառքի շուկան։ Այսպիսով, ունենալով համատարած բնույթ, ստվերային տնտեսական գործունեությունը խոչընդոտում է պետական կառավարման համակարգի գործունեությունը, ինչպես նաև մեծապես ազդում է տվյալ պետության բնակչության կենսամակարդակի և եկամուտների վրա։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ստվերային տնտեսությունը հարկավոր է դիտարկել որպես հանրային տնտեսության առանձին մասնիկ, որն օժտված է հետևյալ հատկություններով։

  1. Համընդհանրությամբ և ամբողջականությամբ
  2. Արտաքին կապերով, որոնք արտահայտվում են ինչպես տնտեսության ոչ ստվերային հատվածի հետ, այնպես էլ տարբեր պետական ինստիտուտների և հասարակության հետ սերտ փոխառնչությամբ։
  3. Համակարգվածությամբ, որն արտահայտվում է ստվերային տնտեսության ներսում գործող սուբյեկտների միջև առկա ուժեղ կապերով, նրանց հիերարխիկ կառուցվածով, որն հնարավորություն է ընձեռնում պահպանել տնտեսության ամբողջականությունը նրա օղակներից մեկի կամ մի քանիսի փոփոխության պարագայում։
  4. Ինքնակարգավորմամբ և ինքնազարգացմամբ, ինչի արդյունքում ստվերային տնտեսությունը ժամանակի ընթացքում դուրս է գալիս ազգային տնտեսությունների սահմաններից և ինտեգրվում համաշխարհային տնտեսությանը։ Որպես այդպիսին կարող է դիտարկվել տնտեսվարող սուբյեկտների կողմից միջազգային օֆշորային ընկերությունների օգտագործումը։

Ստվերային տնտեսության վերը նշված հիմնական հատկությունները հաշվի առնելով կարելի է առանձնացնել ստվերային տնտեսության տարբեր միավորներ և սուբյեկտներ, որոնք ամենատարբեր ազդեցությունն են թողնում տնտեսության զարգացման վրա։ Սակայն, երբ խոսքը ավանդական ստվերային տնտեսության մասին է, ապա տնտեսագետների կողմից այդ ոլորտին չեն դասվում վերը նշված տնային և հանրային ստվերային տնտեսությունները, քանզի դրանց շրջանակներում առաջացած տնտեսական կապերը չունեն անօրինական բնույթ և հիմնականում գտնվում են հասարակական օրենքների դաշտում։ Իսկ արտադրական ստվերային տնտեսությունը համարվում է ավանդական ստվեր և ընդհանուր առմամբ կարել է առանձնացնել արտադրական ստվերային տնտեսության մի քանի հիմնական ոլորտներ.

  1. Ոչ ֆորմալ տնտեսություն – ընդգրկում է բոլոր օրինական գործունեության տեսակները, որոնք կատարվում են անօրինական ճանապարհներով, չեն ընդգրկվում պետական վիճակագրության մեջ և որոնցից ստացվող եկամուտները չեն ենթարկվում որևէ տեսակի հարկման։
  2. Ֆիկտիվ տնտեսություն – ընդգրկում է տնտեսվարող սուբյեկտների կողմից հաշվետվությունների կեղծումը, սպեկուլյատիվ պահանջարկի և գների սպեկուլյատիվ աճի խթանումը։ Ֆիկտիվ և ոչ ֆորմալ ստվերային տնտեսությունները միասին հայտնի են նաև որպես գորշ տնտեսություն անվանմամբ, որը և ապահովում է ստվերային տնտեսության ընդհանուր ծավալի մեծ մասը, համաձայն միջազգային հայտնի AT Kearney խորհրդատվական ընկերության կողմից կատարված հետազոտության՝ Եվրոպական երկրներում «գորշ» ստվերային տնտեսության տեսակարար կշիռը կազմում է ստվերային տնտեսության ընդհանուր ծավալի 70-80%-ը
  3. Երկրորդային տնտեսություն – այս հատվածն իր մեջ ընդգրկում է «սպիտակ» տնտեսության մեջ տնտեսվարող սուբյեկտների և պետական ապարատի ծառայողների կողմից իրականացվող ոչ օրինական գործունեությունը, որի հիմնական նպատակը ազգային եկամտի վերաբաշխումն է։ Այսպիսի գործունեությամբ հիմնականում զբաղվում են պետական բարձրաստիճան պաշտոնյաները։ Հասարակության տեսանկյունից երկրորդային տնտեսության շրջանակներում չի արտադրվում նոր ապրանքներ կամ ծառայություններ, իսկ «սպիտակ օձիքավորների» կողմից ստացվող եկամուտները ստացվում են հասարակության մյուս անդամների կորուստների հաշվին։
  4. Սև ստվերային տնտեսություն – ընդգրկում է օրենքով արգելված բոլոր տեսակի տնտեսական գործունեությունը, որը կապված է ապրանքների արտադրության և փոխանակության, ինչպես նաև արգելված տիպի ծառայությունների մատուցման հետ։ Այս տիպի գործունեությունը էլ ավելի է առանձնացված տնտեսության «սպիտակ» հատվածից, քան «գորշ» տնտեսության դեպքում էր, այն համարվում է անհամատեղելի առօրյա տնտեսական կյանքի հետ և այս ոլորտին պատկանող յուրաքանչյուր գործունեություն պատժվում է օրենքով։

Ստվերային տնտեսության վերոհիշյալ հատվածները և դրանցում ընդգրկված տնտեսվարող սուբյեկտներին և պետական պաշտոնյաներին կարելի է ներկայացնել դասական բուրգի տեսքով, առաջին հերթին քանի որ այն ապահովում է ստվերային տնտեսության սուբյեկտների միջև ուղղահայաց կապը և արտահայտում է բուրգի ներքևում գտնվողների կախվածությունը ավելի վերև դասավորվածներից։ Երկրորդ, համախմբում է բուրգի յուրաքանչյուր մակարդակում գտնվող սուբյեկտներին միևնույն հարթության վրա և որոշ վերապահումներով արտահայտում է նրանց հավասարությունը։ Բուրգի վերևի հատվածում տեղակայված են՝

  1. Օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բարձրագույն ղեկավար մարմինները
  2. Ֆինանսա-արդյունաբերական կապիտալի սեփականատերերը, որոնք ունեն համապատասխան ազդեցություն և ֆինանսական միջողներ ազդելու երկրի օրենսդրական և գործարար միջավայրի վրա # Հանցավոր աշխարհի ներկայացուցիչները
  3. Ստվերային տնտեսության բուրգի երկրորդ հատվածում գտնվում են մանր և միջին բիզնեսմենները, ֆինանսիստները և առևտրականները, որոնք միասին կազմում են հասարակության միջին խավը, այս հատվածին կարելի է միացնել նաև պետական մակարդակում միջին օղակի պաշտոնյաններին, որոնք չարաշահում են իրենց պաշտոնական դիրքը լրացուցիչ եկամուտներ ստանալու ակնկալիքով։
  4. Բուրգի ստորին հատվածն իր մեջ ընդգրկում է վարձու աշխատողներին և շարքային պետական ծառայողներին։

Ստվերային տնտեսության առաջացման նախադրյալները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստվերային տնտեսության սոցիալ-տնտեսական բնույթը հասկանալու և դրա դեմ մղվող պայքարը առավել արդյունավետ դարձնելու համար կարևոր է հասկանալ այն սոցիալական, տնտեսական և հոգեբանական շարժառիթները, որոնք նպաստում են պետությունների տնտեսությունների ներսում ստվերային հատվածի առաջացմանը և հետագա զարգացմանը։ Այսպես, տնտեսվարող սուբյեկտների տեսանկյունից տնտեսության ստվերային հատվածին ինտեգրվելու հիմնական շարժառիթ է հանդիսանում տնտեսության այս կամ այն ոլորտում պետական կարգավորման բացակայությունը, կամ պետական կարգավորման մեխանիզմների սխալ կամ ոչ արդյունավետ աշխատանքը։ Տնտեսության ոլորտների պետական կարգավորումը ապահովում է հավասար պայմաններ և կանոններ բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար՝ այդպիսով վերացնելով նրանց անորոշությունը։ Սակայն, պետական կարգավորման հիմնական թերությունը կայանում է նրանում, որ մի կողմից այն հիմնվում է անցյալում երևան եկած հանգամանքների վրա, որոնք ոչ միշտ են համապատասխանում շուկայի ներկա իրավիճակին և պահանջմունքներին և մյուս կողմից այն իրենից ներկայացնում է սահմանափակումների մի ամբողջ համակարգ, իսկ սահմանափակումները շրջանցելը տնտեսվարող սուբյեկտների ամենասիրելի զբաղմունքներից մեկն է, հատկապես եթե այն շահութաբեր է։ Սակայն տնտեսական գործառույթների՝ պետության անգամ ամենաազատական կարգավորումը չի կարող ապահովել ստվերային տնտեսության զրոյական մակարդակ։ Մեկ այլ մոտեցում է ստվերային տնտեսական գործունեության բացատրությունը տնտեսվարող սուբյեկտների ռացիոնալ վարքագծի տեսանկյունից, համաձայն որի՝ ստվերային տնտեսական գործունեության ծագումը կապված է այն հանգամանքի հետ, որ նման գործունեությունից տնտեսական օգուտ ստանալու հավանականությունը գերազանցում է տվյալ գործունեության բացահայտման և հնարավոր պատժի ի հայտ գալու հավանականությանը։ Հետևաբար ռացիոնալ վարքագիծ ցուցաբերող տնտեսվարող սուբյեկտը նման պայմաններում միշտ պատրաստ է խախտել օրենքը, եթե հնարավորություն ընձեռնվի տնտեսական օգուտ ստանալ նման գործունեությունից։

Այսպիսով, չնայած ստվերային տնտեսության զարգացմանը նպաստող գործոնների բազմազանությանը, ստվերային տնտեսության ազդեցության գնահատումը չի կրում միանշանակ բնույթ։ Բնակչության մեծ մասը ընտրում է ստվերում գործելու և ստվերային եկամուտներ ստանալու ճանապարհը՝ խուսափելով օրինական դաշտում առկա խնդիրներից, ինչն իր հերթին տնտեսության ոչ ստվերային հատվածի վատ կառավարման արդյունք է։