Jump to content

Ստորգետնյա Փարիզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստորգետնյա Փարիզ
Մեծ հարավային ցանց
Տեսակհանքահոր
Երկիր Ֆրանսիա
ՎարչատարածքՓարիզ
Քարտեզ
Քարտեզ

Ստորգետնյա Փարիզ (ֆր.՝ carrières de Paris, «Փարիզի քարհանքեր»), Փարիզ քաղաքի ստորգետնյա տարածքներ, նախկին հանքերի շահագործումից հետո լքված հանքահորեր, որոնք իրար հետ կապված են թունել-հորատանցքերի լաբիրինթոսային ցանցով։

Գոյություն ունեն երեք հիմնական ցանցեր՝ ամենամեծը, որը հայտնի է որպես «մեծ հարավային ցանց» (ֆր.՝ grand réseau sud), գտնվում է 5-րդ, 6-րդ, 14-րդ և 15-րդ շրջանների տակ, երկրորդը՝ 13-րդ շրջանի, իսկ երրորդը՝ 16-րդի, չնայած այլ փոքր ցանցեր նույնպես կան 12-րդ, 14-րդ և 16-րդ շրջանների տակ։

Ստորգետնյա Փարիզի ցանցի մի մասն են կազմում 1,7 կմ երկարությամբ կատակոմբները, որտեղ պահվում են մոտ վեց միլիոն մարդու մնացորդներ, ինչը նրան տվել է «Աշխարհի ամենամեծ գերեզման» համբավըː Փարիզի ծանր ժամանակների այդ վկայությունը, դարձել է ստորգետնյա դամբարանː Այժմ հայտնի է որպես Փարիզի կատակոմբներ, որոնցից մի քանիսը կարելի է օրինական կերպով այցելել։

Կատակոմբները ժամանակավորապես փակվել են 2009 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբերի 19-ը՝ վանդալիզմի պատճառով[1], որից հետո դրանք բացվել են այցելությունների համար Դենֆեր-Ռոշերո հրապարակի (Մոնպառնաս շրջան) մուտքից։ Ամբողջ ստորգետնյա ցանցը խոսակցական լեզվով անվանում են «Կատակոմբներ»։

Թունելների ստորգետնյա լաբիրինթոսն առաջացել է դարերի ընթացքում` ընդերքի շահագործումից։ Ապրանքային հանքանյութը՝ լուտետյան կրաքարն է, որը որպես շինանյութ է օգտագործել, ինչպես նաև գիպսը՝ որպես «Փարիզյան սվաղ» (պլաստեր)։

Փարիզի աճին զուգընթաց քաղաքի մեծ մասը (Սենի ձախ ափին) հայտնվել է այս թունելների վերևում։ Դրանում որևէ վտանգ չի նկատվել մինչև 17-րդ դարում աստղադիտարանի և Վալ-դը-Գրաս աբբայության կառուցումը, երբ պարզվել է, որ ընդերքն անկայուն է։

Բազմաթիվ փլուզումներից և այլ աղետներից խուճապահար իշխանությունները 18-րդ դարի վերջին ստեղծել են Քարհանքերի ընդհանուր տեսչություն և տարբեր միջոցներով պայքարել խնդիրը վերացնելու համար, հայտնաբերված փոսերը լցոնումներով ծածկելուց մինչև տարբեր նպատակների ծառայեցնելը։

Այսօր Փարիզի Դենֆեր Ռոշերո հրապարակից մուտք կա դեպի քարանձավներ, իսկ Ազատագրման թանգարանը պատմական վայր է, որտեղ ստորգետնյա աստիճանները տանում են Երկրորդ համաշխարհայինի ժամանակ կառուցված ապաստարան և առաջինն է, որն առաջարկում է բացառիկ հնարավորություն՝ վիրտուալ ներկայությամբ զգալու 1944 թվականի վիճակի խառը իրականությունը, այդ թվում ապաստարան մուտք գործելու խիստ ընթացակարգը[2]։

Փարիզի հանքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Փարիզի ձախ ափի վերին և ստորին ապարային շերտերի լայնական կտրվածքի դիագրամ
դեղին գույնով նշված են շինարարության համար օգտագործվող շերտերը

Փարիզը գտնվում է Փարիզի ավազանում, որը հազարամյակներ շարունակ ծովի ջրերի ներխուժման և էրոզիայի արդյունքում ստացել է երկրաբանական թասանման ձև[3] ː Հյուսիսարևմտյան Ֆրանսիայի մեծ մասն իր երկրաբանական պատմության մեծ մասի ընթացքում եղել է ջրի տակ անցած ափամերձ գիծ, բայց մեր դարաշրջանում մայրցամաքների ձևավորմանը զուգընթաց այն ժամանակվա համեմատաբար հարթ տարածքը, որը հետագայում դառնալու էր Փարիզի երկրամաս, ավելի ու ավելի բարձրացել է։

Տարածաշրջանն աստիճանաբար ձևավորվել է՝ ժամանակ առ ժամանակ ենթարկվելով ինչպես ծովի ջրերի ներխուժման, այնպես էլ ներքին ծովային լագունների և քաղցրահամ ջրերի ազդեցության, բացի դրանից վերջրային օդի և գետային էրոզիայի։ Այս ցիկլերը ստեղծել են հարուստ և բազմազան երկրաբանական շերտեր՝ բազմաթիվ հանքանյութերով, որոնք դառնալու էին զարգացման և հարստության աղբյուր Փարիզի երկրամասի համար[4]:

Ապարների ձևավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարիզի երկրամասի երկրաբանական պատմության մեծ մասն անցել է ջրի տակ, այդ իսկ պատճառով այն ունի նստվածքային հանքանյութերի, մասնավորապես՝ լուտեյան կրաքարի, այդքան բազմազան և կարևոր կուտակումներ[4] ː

Վաղ կավճի ժամանակաշրջանում Փարիզի տարածքը համեմատաբար հարթ ծովի հատակ է եղել. սկզբում խորջրյա միջավայրում, ապա նույն ժամանակաշրջանի վերջում ավելի անհանգիստ ափամերձ ծովի տակː Հիմնականում սիլիցիումի վրա հիմնված նստվածքային հանքավայրերի ճնշման և ծովի ջրում ածխաթթվի պարունակության ազդեցության տակ Փարիզի տարածքի նստվածքները վերածվել են կավի խիտ հանքավայրիː Կալցիումով հարուստ ծովերի ներխուժումը այնուհետև սա ծածկել է կավճի ավելի կայուն շերտովː

Փարիզը ծովից դուրս է եկել կավճի դարաշրջանի վերջում, իսկ ավելի ուշ՝ պալեոզոյան դարաշրջանի մայրցամաքային տեղաշարժերը, մասնավորապես՝ Վարիսկանյան աղագոյացման երկրաբանական ցնցումները, ստեղծել են մի շարք բլուրներ և հովիտներ Փարիզի ավազանում՝ ստեղծելով իդեալական նպաստավոր պայմաններ հաջորդ դարաշրջաններում առաջացող հանքային ապարների համարː

Ծովի մակարդակից բարձր երկար ժամանակահատված անցնելուց հետո, որն ավարտվել է կայնոզոյան դարաշրջանում, Փարիզում սկսվել է ծովային և ցամաքային միջավայրերի հերթագայության մի ժամանակաշրջան։ Փարիզը գտնվելով ծովային ջրով լի ծոցերի և լագունների ափամերձ գոտու կենտրոնում՝ իդեալական միջավայր է եղել այն ժամանակ սիլիկահողով առատ ծովային կյանքի համար։ Մահացած ծովային արարածների խեցիները լագունային հատակին նստելով, խառնվել են եղած նստվածքներին։

Ծովային կյանքի նստվածքի լրացուցիչ ճնշումը և ջրի քիմիական ազդեցությունը հանգեցրել են Փարիզի տարածքին բնորոշ նստվածքային ապարի՝ կոշտ կրաքարի (ֆր.՝ calcaire grossier, ավելի ժամանակակից հրապարակումներում՝ լուտեյան կրաքար - ֆր.՝ calcaire lutécien) առաջացմանը: Փարիզում այս ապարի ամենակարևոր հանքավայրերը ձևավորվել են էոցենի լուտեյան յարուսում։ Ըստ էության, դարաշրջանն ինքնին իր անունը ստացել է Փարիզի տարածաշրջանում առկա նստվածքային ակտիվության անունից, ընդ որում` հռոմեական ժամանակաշրջանի Փարիզի Լուտեցիա անունը նույնպես կապված է հանքանյութի անվան հետ։

Լուտեյան դարաշրջանում ծովային դարաշրջանների ընթացքում ձևավորվել են կրաքարի երեք շերտեր՝

  1. նումուլիտային կրաքար, կամ ստորին կրաքար, փոքր մեդալիոնների տեսքով
  2. միլիոլային կրաքար, կամ միջին կրաքար, կորեկի հատիկների տեսքով
  3. օրբիտալիտային կրաքար, կամ վերին կրաքար, կլոր հատիկների տեսքով, որը կոչվում է նաև ցերիթային կրաքար։

Փարիզի հաջորդ կարևոր հանքավայրն առաջացել է Բարտոնյան դարաշրջանում։ Ցամաքի և ծովի հերթագայությունից որոշ ժամանակ անց, որն առաջացրել է ավազի և անմշակ կրաքարի շերտեր, ծովը կրկին նահանջել է՝ միայն երբեմն վերադառնալով և լճակները ծովի ջրով լցնելով։ Արդյունքում ծովային ջրով լճացած լճակները գոլորշիացել են, որոնց աղերը, խառնված այլ օրգանական նյութերի և հանքային նստվածքների հետ, բյուրեղացել են՝ վերածվելով կալցիումի սուլֆատի, որը գիպսն է։ Այս գոլորշիացման ցիկլը տեղի է ունեցել մի քանի անգամ այդ դարաշրջանում՝ ստեղծելով գիպսի մի քանի շերտեր, որոնք բաժանված են ծովի կարճատև վերադարձի հետևանքով մնացած հանքանյութի շերտերով։

Ընդհանուր առմամբ, փարիզյան գիպսի հանքավայրերը բաժանվում են չորս «զանգվածների», որոնցից վերջինը՝ վերին զանգվածը (ֆր.՝ haute masse), Փարիզի պատմության մեջ ամենակարևորն ու ամենաշատ շահագործվողն է։ Գիպսը, որը գոլորշիացումից (evaporite) ձևավորվող միներալ է, հայտնի է քաղցրահամ ջրի ներխուժման նկատմամբ իր փխրունությամբ և բավականին հեշտությամբ ջրում կրկին լուծվելու հատկությամբ։

Ծովը վերջին անգամ վերադարձել է Փարիզի ավազան պալեոգենի ժամանակաշրջանի վերջում՝ թողնելով տարբեր նստվածքների մի քանի շերտ՝ ծածկված կավի հաստ շերտով։ Այս վերջին հանքանյութը կարևոր նշանակություն է ունեցել, երբ վաղ Նեոգենի ժամանակ Փարիզի ավազանը ծովից բարձրացել է, այս անգամ վերջնականապես, քանի որ ամենավերին շերտը պաշտպանել է լուծվող գիպսի շերտերը օդի էրոզիայից և հողմահարումից։

Փարիզը սկսել է ընդունել ներկայիս տեսքը, երբ հսկայական գետերը, որոնք առաջացել էին հաջորդական սառցե դարաշրջանների հալման հետևանքով, հեռացնելով միլիոնավոր տարիների նստվածքը, թողել են միայն չափազանց բարձր կամ էրոզիայի նկատմամբ չափազանց դիմացկուն կազմավորումները։ Փարիզի Մոնմարտրի և Բելվիլի բլուրները միակ վայրերն են, որտեղից գիպսը չի լվացվել, քանի որ Սեն գետը հնում հոսել է գրեթե իր ներկայիս հունով, քաղաքի կեսի լայնությամբ, բազմաթիվ գետակներով և վտակներովː

Հանքարդյունաբերության մեթոդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Փարիզի նախկին հանքերի շահագործման քարտեզ (1908), հեղինակ՝ Էմիլ Ժերար
     Գիպսի ստորգետնյա հանքեր     Կրաքարային ստորգետնյա հանքեր

Կոր գծերը ցույց են տալիս ժայռային կազմավորման մակերեսի վերին կրաքարայի եզրերը, որի հաստությունը տատանվում է 0.40 մետրից մինչև 1 մետր։ Կրաքարային հանքի ստորին մակարդակն ամենից հաճախ սկսվում է ժայռային կազմավորման մակերեսից մոտ 4 մետր խորության վրա։

Բաց երկնքի տակ հանքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախ արդյունահանվել է հանքանյութն այնտեղ, որտեղ այն կարելի էր տեսնել մակերեսին, այն վայրերում, որտեղ հոսել են Փարիզի ավազանի Սեն, Մարն և Բիևր գետերը[5] հազարամյակների ընթացքում՝ էրոզիայի ենթարկելով Փարիզի հիմքում ընկած շերտերի բազմաթիվ մակարդակները և բաց երկնքի տակ հասանելի դարձնելով դրանք։ Այս էրոզիայի հետևանքով առաջացած հովիտներում՝ Փարիզի ամենաբարձր բլուրների մակերևույթին հասանելի են եղել աջափնյա բլուրների՝ Մոնմարտրի և Բելվիլի վերին հատվածներում գտնվող սվաղի նստվածքները, իսկ հովիտներում՝ Փարիզի ձախ ափի մակերեսին ամենամոտ, ավազի և կրաքարի նստվածքները։ Մակերևույթից հասանելի ստորին կավե շերտերը արդյունահանվել են Սեն, Մարն և Բիևր գետերի հովիտների ամենացածր կետերում։

Ստորգետնյա հանքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանքանյութերը մակերևույթի տակից հանելու համար, երբեմն հսկայական քանակությամբ հող և այլ անցանկալի նստվածքներ հեռացնելու անհրաժեշտություն է առաջացելː Մեթոդներից մեկը հանքային շերտերի երկայնքով բլրի լանջը հորիզոնական փորելն էր, որտեղից այն տեսանելի էր դառնում, սակայն Փարիզի տարածքում քիչ հանքավայրեր կային, բացառությամբ գիպսի, որի տեղակայումը համապատասխանում էր այս պայմաններին։

Արդեն 15-րդ դարում բացօթյա քարհանքերն այնքան շատ չեն եղել, և հանքագործները նպատակային քարահանքին հասնելու համար ուղղահայաց հորատանցքեր են փորել, որից հետո այնտեղից սկսել են փորել հորիզոնական ուղղությամբ։ Չնայած թվում է, թե հորատանցքերով արդյունահանման մեթոդը միայն այդ ժամանակ է սկսվել, կան ապացույցներ, որ հռոմեացիներն այս տեխնիկան օգտագործել են Փարիզի ձախ ափի Սենտ-Ժենևիև բլրի տակ կավ արդյունահանելու համար։

Նեցուկ սյուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորգետնյա հանքանյութին հասնելու համար օգտագործվող տարբեր մեթոդներից բացի հանքագործները միջոցներ են ձեռնարկել հորիզոնական փորված պեղումների ժամանակ առաստաղի հսկայական ծանրությունը պահելու համար։ Այս նպատակի համար ամենավաղ միջոցը՝ «նեցուկ սյուներ» (piliers tournés) կոչվող տեխնիկան, տարածված է եղել 10-րդ դարի վերջից։

Հանքափորները հանքավայրի երկայնքով հորիզոնական ուղղությամբ թունել են փորել, ճանապարհին բացվել են առաջինին ուղղահայաց հորատանցքեր, և դրանց միջով բացվել են սկզբնական թունելին զուգահեռ թունելներ։ Արդյունքում առաջացել է անձեռնմխելի հանքաշերտերով սյուների ցանց, կամ «նեցուկ սյուներ» (piliers tournés), որը կանխել է հանքի փլուզումը։ Այն տարածքներում, որտեղ հանքանյութը հանվել է հանքի մնացած մասից ավելի լայն շերտով (սովորաբար շահագործման եզրին մոտ), հանքագործները բնական հանքային սյուները լրացրել են քարերի կույտերով՝ հատակի և առաստաղի միջև հենասյուն ստեղծելով։

Գիպսի հանքերը, որոնք փարիզյան հայտնի պլաստերի՝ գիպսի աղբյուրն են, օգտագործել են այս տեխնիկան՝ լրացուցիչ երրորդ չափողականություն ավելացնելով. քանի որ հյուսիսային Փարիզի գիպսի որոշ հանքավայրեր 14 մետր հաստություն են ունեցել, որոշ տեղերում հանքագործները հանքավայրի վերին մասում ստեղծել են թունելային ցանցեր, ապա սկսել արդյունահանումը դեպի ներքև ուղղությամբ։ Հատկապես խիտ հանքավայրերում գիպսի հանքի սպառվելուց հետո մնացած խորշերը փորման աշխատանքներից մնացած հանքանյութի բարձր սյուներով և կամարներով գրեթե տաճարի տեսք են ստացել։ Գիպսի արդյունահանման այս մեթոդի միայն մեկ օրինակ է մնացել Փարիզում՝ Բյուտ-Շոմոն զբոսայգու տակ գտնվող վերանորոգված «քարանձավում»։

Փորելու այս մեթոդը արդյունավետ է եղել, սակայն ժամանակի ընթացքում համեմատաբար փափուկ հանքանյութը, ենթարկվելով տարերքների և երկրի տեղաշարժի ազդեցությանը, կարող էր քայքայվել կամ ճաքել՝ վտանգելով գետնախորշի ամրությունը։

Ցանկապատեր և լցոնումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

18-րդ դարի սկզբին ի հայտ է եկել մեկ այլ տեխնիկա՝ «ցանկապատեր և լցոնումներ» (hagues et bourrages), որը տնտեսապես և կառուցվածքային տեսանկյունից ավելի հիմնավոր է եղել։ Շահագործելի հանքանյութի մեջ թունել փորելու փոխարեն, հանքագործները փորել սկսել են կենտրոնական կետից և հանքանյութն աստիճանաբար դուրս բերել։ Երբ առաստաղի մեծ մասը հենարանից զրկվել է, հանքափորները կանգնեցրել են «հենասյուներ»՝ բազկամույթեր (ֆր.՝ piliers à bras), և շարունակել արդյունահանումն այդ գծից այն կողմ, ապա վերադառնալով կառուցել քարե սյուների երկրորդ զուգահեռ շարքը։ Սյուների այդ երկու շարքերի երկայնքով տարածքն այնուհետև վերափոխվել է քարե բլոկների կամ թումբ պատերի, իսկ դրանց միջև ընկած տարածքը խճաքարերով և այլ հանքային բեկորներով է լցոնվել (կամ բուրաժ

Այս մեթոդը թույլ է տվել արդյունահանել թիրախային հանքանյութի շատ ավելի մեծ քանակություն և ապահովել հենարան, որը կարող էր և՛ նստել, և՛ տեղաշարժվել իր պահած հանքի առաստաղի հետ միասին։

Գիպսի քարհանք Մոնմարտրում 1900 թվականին Նախկին գիպսի քարհանք
նախքան Բյուտ-Շոմոն զբոսայգու կառուցումը գոյություն ունեցած գիպսի արդյունահանումից առաջացած խոռոչի տեսարան
Վերանորոգված «քարանձավն» արհեստական ​​ջրվեժով Բյուտ Շոմոն զբոսայգում Հին հանքի վերանորոգված քարանձավ Բյուտ Շոմոն զբոսայգում

Փարիզի ընդարձակումը դեպի լքված հանքավայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանքարդյունաբերական գործունեության վերաբերյալ որևէ կոնկրետ ապացույց չկա մինչև 13-րդ դարի վերջը։ Ամենավաղ հայտնի տեքստը քաղաքի առևտրային գրանցամատյանում կարճ հիշատակում է. «1292 թվականին Փարիզն ուներ 18 քարհանքեր» (quarriers)։ Առաջին գրավոր ակտը, որը վերաբերում է ինչ-որ հանքի, թվագրվում է գրեթե մեկ դար անց՝ 1373 թվականին, որը լիազորագիր էր տալիս ոմն տիկին Պերենելին շահագործել իր տարածքում արդեն գոյություն ունեցող գիպսի հանքը՝ Մոնմարտրի ստորին լանջին։

Փարիզի կրաքարի հանքավայրերի մեծ մասը գտնվել է ձախ ափին, և դրանք գտնվել են քաղաքի բնակչության աջ ափ տեղափոխվելու ժամանակ նախկին հռոմեական / մերովինգյան քաղաքի արվարձաններում։ 13-րդ դարում լքված ավերակներից կրաքարի սպառվելուն զուգընթաց, քաղաքի կենտրոնից ավելի հեռու սկսել են շահագործվել նոր հանքեր։ Այսպես, դարերի ընթացքում ձևավորվել է ստորգետնյա լաբիրինթոսը։ Փարիզի աճին զուգընթաց քաղաքի մեծ մասերը (Սենի ձախ ափին) հայտնվել են այս թունելների վերևում։

Քաղաքի կենտրոնին ավելի մոտ գտնվող նախկին հանքախորշերը, երբ հայտնաբերվել են, երբեմն ծառայել են այլ նպատակներիː Օրինակ, երբ Լյուդովիկոս XI-ը նախկին Վովերի ամրոցը (ֆր.՝ Château Vauvert, մի կալվածք, որն այժմ կազմում է Լյուքսեմբուրգյան այգու հյուսիսային մասը) 1259 թվականին նվիրաբերել է Կարտեզյան օրդենին, վանականները հայտնաբերել և վերանորոգել են այս տարածքի տակ գտնվող քարանձավները՝ վերածելով գինու մառանների, նաև շարունակել են հանքաքարի շահագործումը հասնելով մինչև հին հանքերի ծայրը։

16-րդ դարի սկզբին քարե պեղումներ են իրականացվել ներկայիս Բուսաբանական այգում, Սեն Մարսել Բուլվարում, Վալ դը Գրասի նախկին աբայության հոսպիտալի, հարավային Լյուքսեմբուրգի (այդ ժամանակ Շարտրյոզ Քովենթրի)[6] և Վոժիրարդ փողոցի (15-րդ շրջան) շրջակայքումː Այն ժամանակվա արվարձանային Փարիզի գիպսի հանքերը մեծ մասամբ մնացել էին աջ ափին՝ Մոնմարտրում և Բելվիլ բլուրներում։

Միայն 13-րդ դարի քաղաքի պարիսպներից այն կողմ ընդլայնվելուց հետո է, որ քաղաքը սկսել է կառուցապատվել նախկինում շահագործված հանքերի հողերի վրա, ինչն, ի վերջո, հանգեցրել է բազմաթիվ փլուզումների և այլ աղետների։

Ձախ ափի ծայրամասերը (Faubourgs) կամ արվարձաններն ամենառիսկայինն են եղել. 15-րդ դարում հանքարդյունաբերական տարածքների վրա ամենամեծ ժողովրդագրական ընդլայնումը տեղի են ունեցել դեպի ծայրամասեր՝ Սեն Վիկտոր (Դպրոցական փողոցի՝ rue des Écoles արևելյան ծայրից և Ժոֆրուա Սենտ-Իլերի անվան փողոցից հարավ), Սեն Մարսել (Դեկարտի փողոց, Մուֆետարդ փողոց), Սեն-Ժակ (ներկայիս Սեն Ժակ փողոցի երկայնքով՝ Սուֆլոտ փողոցի տակ) տարածքներ, և Սեն Ժերմեն շրջանի (ապա գյուղաքաղաք) դեռևս կանգուն համանուն եկեղեցուց հարավ։

17-րդ դարի աջափնյա Փարիզը հինգ դարերի ընթացքում ընդարձակվելով անցել է ֆորտիֆիկացիոն երեք հաջորդական պարիսպներից, իսկ ձախափնյա Փարիզն ամենևին էլ այդքան խիտ բնակեցված չի եղել և մնացել է իր անփոփոխ, բայց փլուզվող 13-րդ դարի քաղաքային պարիսպների սահմաններում։

Փարիզն աճել է դեպի Սենի ձախ ափː Այդպիսով քաղաքի մեծ մասը հայտնվել է դարերի ընթացքում ստեղծված ստորգետնյա լաբիրինթոս-թունելների վերևում։ Այս ժամանակահատվածում այդտեղ են տեղափոխվել բազմաթիվ թագավորական և եկեղեցական հաստատություններ, քանի որ, կարծես, Փարիզի փորփրված ստորգետնյա հորատանցնքերն այդ ժամանակ մոռացության էին մատնված։ Դրանում որևէ վտանգ չի նկատվել, մինչև Փարիզի աստղադիտարանի և Վալ-դը-Գրաս աբբայության կառուցումը, երբ պարզվել է, որ հողն այնքան անկայուն է, որ նախ անհրաժեշտ է ամրացնել հիմքում ընկած թունելները։

Վալ դե Գրաս Քովենթրին և Փարիզի աստղադիտարանը կառուցվել են համապատասխանաբար 1645 և 1672 թվականներինː Դրանք խարխլվել են վաղուց լքված քարհանքերից մնացած հսկայական քարանձավներից, որոնց ամրացման համար ծախսվել է երկու նախագծերի համար նախատեսված բյուջեի մեծ մասըː 1683 թվականի դրությամբ ծախսված 714,000 լիվրի մոտ 88%-ը ծախսվել է միայն քարե աշխատանքների վրա, համեմատած համապատասխանաբար ատաղձագործության վրա ծախսված 2.75%-ի և փականագործության վրա ծախսված 5.5%-ի հետ[7]։

Փլուզումներ և Քարհանքերի ընդհանուր տեսչության ստեղծում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բենարի հատակագծի մի հատված (1857), որտեղ կարմիր գույնով ուրվագծված է Դը Էնֆեր փողոցը՝ Փարիզի առաջին խոշոր հանքավայրերից մեկի փլուզման վայրը 1774 թվականի դեկտեմբերին

Փարիզի արվարձանների բնակեցման աճը շարունակվել է քաղաքից դուրս եկող գլխավոր ճանապարհներով, բայց ավելի արագ տեմպերով ընդլայնվել է Ֆոնտենբլո և Վերսալի պալատներ տանող երթուղիներով երթևեկության աճի հետ մեկտեղ։

Ֆոնտեբլո տանող ճանապարհն էլ (տարածվում է ներկայիս Դենֆեր-Ռոշերո հրապարակից հարավ), որն այն ժամանակ կոչվել է Ռյու դ'Էնֆերում («Դժոխքի փողոց» և այժմ կոչվում է Դենֆեր-Ռոշերո պողոտա), դարձել է Փարիզի առաջին խոշոր հանքավայրերից մեկի փլուզման վայրը 1774 թվականի դեկտեմբերի 17-ին[8], երբ մոտ 30 մետր երկարությամբ փողոցը փլուզվել է մոտ 30 մետր խորությամբ[9][10] ː Ներկայիս Սեն-Միշել բուլվարի (5 և 6 շրջանների միջև) մոտ տեղի ունեցած այս դրամատիկ փլուզումից հետո Փարիզի բնակիչների շրջանում ահ ու սարսափ է տարածվել իրենց ոտքերի տակ թաքնված հնարավոր վտանգի մտքից[11] ː

1776 թվականի սեպտեմբերի 15-ին Թագավորական խորհուրդը Ֆինանսական գրասենյակի ներքո ինժեներ և մաթեմատիկայի պրոֆեսոր Անտուան Դյուպոնին հանձնարարել է ուսումնասիրել հանրային ճանապարհների կայունությանը սպառնացող դատարկությունների վիճակը և ծավալը։ Նրա եզրակացություններն այնքան մտահոգիչ են եղել, որ քննարկվել է Փարիզի ընդերքի անհապաղ քարտեզագրելու համար հաստատություն ստեղծելու նախագիծը[11]։

Նույն Թագավորական խորհուրդը, ստանալով ճարտարապետներ Գիլյոմոյի և Բրեբիոնի ուսումնասիրությունները Արկեյլի ջրատարի հիմքերին սպառնացող ստորգետնյա քարհանքերի վերաբերյալ, 1777 թվականի ապրիլի 4-ի հրամանագրով որոշում է կայացրել ստեղծել ընդհանուր տեսչություն[11]։

Կոշինի քարհանքերում որոշ ամրացումներ են իրականացվել, սակայն խնդիրները շարունակվել են. 1777 թվականի հուլիսին նոր փլուզում է եղել։ Դյուպոնի հմտությունները կասկածի տակ դնելով (սակայն նրան աջակցել է ֆինանսական հանձնաժողովը)՝ Լյուդովիկոս XVI-ը որոշել է ստեղծել երկրորդ հանձնաժողով, որը լիովին նվիրված կլիներ քարհանքերի առաջացրած խնդիրներին։ Այսպես ստեղծվել է Քարհանքերի գլխավոր տեսչությունը (IGC), որի ղեկավարությունը վստահվել է Շառլ-Ակսել Գիլյոմոյին։ Սակայն հենց 1777 թվականի ապրիլի 27-ին՝ Տեսչության ստեղծման օրը, Էնֆեր փողոցի մի տուն փլուզվել է քարհանքերի մեջː

«1777 թվականի ապրիլի 27-ի հանձնարարականով թագավորի ճարտարապետ պարոն Գիլյոմոն նշանակվեց քարհանքերի վերահսկիչի և գլխավոր տեսուչի պաշտոնում: Ճակատագրի հեգնանքով նույն օրը մեկ այլ տուն փլուզվեց Ռյու դ'Էնֆեր փողոցի քարհանքերի մեջ»[11]ː

Լքված հանքերի ամրացման աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարհանքերի ընդհանուր տեսչությունը (IGC)[12][13][14] պաշտոնապես ստեղծվել է 1777 թվականի ապրիլի 24-ին՝ նույն օրը տեղի ունեցած Ֆոնտենբլո տանող ճանապարհի (Ավենյու Դենֆեր-Ռոշերո) վրա, Դը Էնֆերի բարիերից («դժոխքի արգելապատնեշ»)՝ քաղաքի դարպասներից դուրս նոր փլուզումից հետո։ Չնայած Ֆինանսների նախարարությունը վնասված ճանապարհների պատասխանատուն էր, բայց ծառայության անաարդյուավետությունից ելնելով, ի վերջո փոխարինվել է թագի կողմից նշանակված Քարհանքերի ընդհանուր տեսչությունով (IGC)[12][13][14]։

Փարիզի հանքարդյունահանման ստորգետնյա դարավոր շրջանները մեծ մասամբ քարտեզագրված չէին, և, հետևաբար, մեծ մասամբ մոռացվածː Այդպիսով նախկին հանքերի իրական ծավալն այդ ժամանակ անհայտ էր։ Հետևաբար սկսվել են ստուգվել բոլոր կարևոր շենքերն ու ճանապարհները, նշվել են ցանկացած տեղաշարժերը, և կատարվել է գետնի խոռոչների առկայության զոնդավորում։

Քարհանքերի ընդհանուր տեսչության առաքելությունն էր այդ ժամանակ Փարիզի քարհանքերի կատալոգավորումը, ամրացումը և լցոնումը: Ամենաանհետաձգելի կարիքները հոգալու համար ստեղծվել են երկու թիմ. առաջինը ուսումնասիրել և պեղել է խոռոչները՝ հին, մոռացված դատարկությունները փնտրելու համար, երկրորդը՝ լցոնել է վատ վիճակում գտնվողները: Դատարկություն հայտնաբերվելուն պես, այն քարտեզագրվել, ամրացվել կամ լցոնվել է: Աստիճանաբար ձևավորվել է քաղաքի իսկական ստորգետնյա ծածկույթ՝ իր փողոցներով, արգելապատնեշներով և սեփականության սահմաններով[11]:

Ցուցանակ, որի վրա նշաված է, որ վերևով անցնում է Բուրգինյոն փողոցը (այժմ՝ Պորտ-Ռոյալ բուլվար) Շանզ դը Կապուցինների քարհանքում, 2009

Հիմնվելով հին օրենքի վրա, որը սահմանում էր, որ հողի ցանկացած սեփականատեր նաև իր ընդերքի սեփականատերն է, Քարհանքերի ընդհանուր տեսչությունն արագորեն սահմանափակվել է հանրային ճանապարհների տակ գտնվող դատարկությունները լցնելով: Յուրաքանչյուր փողոցի տակ կառուցվել են հետազոտական ​​և ստուգիչ սրահներː Սրահների երկու կողմերում վտանգավոր քարհանքերը լցվել են հանքարդյունաբերական թափոններով և/կամ ներմուծված հողով։ Միայն այն քարհանքերը, որոնք դեռևս կայուն էին կամ հեշտությամբ կարող էին վերօգտագործվել, թողնվել են այնպես, ինչպես որ էին[11]։

Հատկապես խնդիրներ են առաջացրել ճանապարհները. երթուղու շուրջը հողը զոնդավորելու փոխարեն, տեսուչները թունելներ են փորել անմիջապես վտանգված ճանապարհի երկայնքով՝ լցնելով ճանապարհին հայտնաբերված ցանկացած խոռոչ և ամրացնելով իրենց փորած թունելների պատերն ամուր բետոնով՝ ապագայում պեղումների և աղետների հնարավորությունը բացառելու համար։ Ճանապարհի մի մասի միավորման աշխատանքների ավարտից հետո դրա տակ գտնվող թունելի վերևում գտնվող ճանապարհի անվան կողքին փորագրվել է աշխատանքի ավարտի ամսաթիվը[11]։ Փարիզի թունելների վերանորոգումները, որոնք թվագրվում են 1777 թվականին, այժմ դեռևս շարունակում են վկայել Փարիզի փողոցների և ճանապարհների հին անվանումների մասին։

Այսօր Փարիզի փողոցների և բուլվարների տակով անցնում է 250 կմ թունել։ Դրանց մուտք գործելու համար Քարհանքերի ընդհանուր տեսչությունը կառուցել է 276 մուտք՝ հանքահորերի և աստիճանների միջոցով։ Մի փոքր թիվ այժմ պահպանվել է քաղաքային ծառայությունների համար[11]։

Լքված հանքերի վերաօգտագործումը որպես քաղաքային դամբարան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձախ կողմի սև դարպասների՝ «Դժոխքի դարպասների» (ֆր.՝ Barrière d'Enfer) հետևում Փարիզի կատակոմբների մուտքն է Դենֆեր-Ռոշերո հրապարակից (14-րդ շրջան)

18-րդ դարում Փարիզում բնակչության աճի պատճառով արդեն իսկ գոյություն ունեցող գերեզմանատների լցված լինելը հանրային առողջության հետ կապված խնդիրներ է առաջացրել[15]: 18-րդ դարի վերջին որոշվել է ստեղծել երեք նոր մեծ գերեզմանոցներ և գոյություն ունեցող գերեզմանոցները տեղափոխել քաղաքի սահմաններից դուրս։ Մարդկային մնացորդները աստիճանաբար տեղափոխվել են լքված հանքերի ստորգետնյա վերանորոգված հատված, որն ի վերջո դարձել է լիարժեք ոսկրատուն, որի մուտքն այժմ գտնվում է ներկայիս Դենֆեր-Ռոշերո հրապարակում[16] ː

Ի սկզբանե ոչ մեծ աճյունատունը դարձել է զբոսաշրջային տեսարժան վայր 19-րդ դարի սկզբից և պարբերաբար բաց է հանրության համար 1867 թվականից ի վեր։ Չնայած այն պաշտոնապես կոչվում է «Քաղաքային դամբարան» (Ossuaire Municipal), այն հայտնի է որպես «կատակոմբներ»։ Չնայած Փարիզի հանքերի ամբողջ ստորգետնյա ցանցը որպես այդպիսին թաղման վայր չէ, բայց «Փարիզի կատակոմբներ» տերմինը նույնպես լայնորեն օգտագործվում է ամբողջը նկատի ունենալով։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերեզմանների առաջացրած խնդիրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ոսկորներ նախկին Մադլենի գերեզմանատանը (Փարիզի 8-րդ շրջան), կատակոմբներ

Հին աշխարհում գերեզմանատները կառուցվել են քաղաքի ծայրամասերում՝ համաձայն հռոմեական սովորույթի, որը պահանջում էր, որ մահացածները հեռու մնան կենդանի մարդկանցից, բայց մայրաքաղաքն անընդհատ աճելով՝ ի վերջո հասել է նախկին գյուղական վայրերի գերեզմանատներինː 18-րդ դարում Փարիզի մոտ 200 գերեզմանատներն այլևս չեն բավարարել աճյունները պահելու համար։ Անկախ նրանից, թե քանի նոր գերեզման էր փորվում, նրանք անընդհատ հանդիպում էին արդեն լիքը եղբայրական գերեզմանների, իսկ մարմինները կույտ էին դառնում այնքան, որ շրջակա գերեզմանատներում փտող գարշահոտ էր տարածվում։ Ջրհորները տուժում էին։

Սակայն խնդիրը նոր չէր. դեռևս 1554 թվականի զեկույցում նշված են Փարիզի գերեզմանատների անմաքրությունը, որի եզրակացությունները մեծապես հաստատվել էին Բժշկության ֆակուլտետի և Գիտությունների թագավորական ակադեմիայի բժիշկների կողմից։ Գերեզմանոցներին հարակից եկեղեցիներում գերեզմանների վրա կառուցվել են նոր հարկեր, որոնց ավելացվել են նոր մարմիններ՝ անտեսելով ցանկացած սանիտարական պայմանները:

Անմեղների գերեզմանատան պատը նախքան փլուզումը (1780)

1780 թվականի մայիսի 7-ին փլուզվել են Անմեղների գերեզմանատան մոտ գտնվող ռեստորանատիրոջ նկուղի պատերը: Ոչ թե քարհանքի, այլ ոսկորների ու դիակների ծանրության պատճառով էր առաջացրել միջնապատի փլուզումը: «Շենքը աղտոտված, ստորին հարկերի պատերից բառացիորեն ծորում էր ջուրը». կա նույնիսկ մի որմնադիրի մասին հաղորդում, որը, պարզապես ձեռքով հենվել էր պատերից մեկին և մի քանի օր անց հիվանդացել էր գանգրենայով[17] ː

Այս միջադեպից հետո խորհրդարանը սեպտեմբերի 4-ին հրամանագիր է ընդունել Անմեղների գերեզմանատան փակման մասին: Այս որոշումը մնացել է անարդյունք, մարմինները շարունակել են կույտել արդեն չափազանց լիքը եղբայրական գերեզմանում։

1785 թվականի նոյեմբերի 9-ին, ոստիկանության լեյտենանտի առաջարկով, որոշվել է չոր մնացորդները (այսինքն՝ ոսկորները) տեղափոխել Թոմբ-Իսուար կոչվող վայրի տակ գտնվող հին քարհանքերը։ Որոշվել է աստիճանաբար վերացնել Փարիզի բոլոր փոքր գերեզմանատները՝ դրանք փոխարինելով երեք մեծ գերեզմանատներով՝ Մոնպառնասի, Պեր-Լաշեզ և Պասիի։ Ոսկորները, սակայն, տեղափոխվել են քարհանքեր։ Տեղափոխումը շարունակվել է 1785-ից մինչև 1814 թվականըː

Փարիզի կատակոմբներում գանգերի և ոսկորների կոմպոզիցիա
Ոսկորները թափվել են ջրհորները, տեղափոխվել են բահով, տեղափոխվել փայտե սայլերով, ապա կույտավորվել և դասակարգվել են ըստ տեսակի, որպեսզի վերջապես դարսվեն և պահվեն։ […] Այսպիսով, ավելի քան վեց միլիոն փարիզեցիների մնացորդներ տեղափոխվել են այն վայրը, որը դառնալու էր աշխարհի ամենամեծ դամբարանը[17]:

Ոսկորների հսկայական պահեստն ի վերջո վերածվել է այցելվող դամբարանի. կառուցվել են ոսկորների խրճիթներ (կույտ-կույտ ոսկորներից պատրաստված պատեր) և այլ կառույցներ, այդ թվում՝ փայտե սալիկներ, որոնց վրա կարելի էր կարդալ տարբեր հեղինակների տողեր կամ ասացվածքներ՝ հիշեցնելով այցելուներին կյանքի կարճատևության մասին։ Նման ամենահայտնի կառուցվածքը, հավանաբար, դամբարանի ստորգետնյա մուտքն է, որի վրա գրված է.

Կանգնե՛ք։ Սա Մահվան կայսրությունն է[18] ː
- Arrête ! C'est ici l'empire de la Mort

Աճյունատունը փակվել է 1833 թվականին և վերաբացվել 1874 թվականին։ Վերանորոգման պատճառով մի քանի փակումներից բացի, այն բաց է մինչ օրս և դեռևս Փարիզ քաղաքի համար եկամտի զգալի աղբյուր է։

Հանքաբանական կաբինետ

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Հանքաբանական կաբինետի» աստիճաններին ներկայացված են ապարի նմուշներ (հողի վերին շերտից մինչև կավճի շերտեր) (19-րդ դարի լուսանկար)

1809 թվականին Լուի Էրիկար դը Թյուրին նշանակվել է քարհանքի բաժնի ղեկավար։ Նրա օրոք քարհանքերի տեղամասի ղեկավարները կամ վարպետները կառուցել են հանքաբանական պահարաններ՝ սրահներ։ Միաժամանակ նրանք տեղադրել են ջրհորներ, աստիճաններ դեպի ջուրը և տեղադրել են աստիճանավորված չափիչներ՝ ջրի մակարդակի բարձրացումը չափելու համար։ Սրահները կառուցվել են մեծ խնամքով։ 1830 թվականին ինժեներ Տրեմերին այդ աշխատանքը հասցրեց բարձրագույն կատարելության։

Կատակոմբներում նեկայացված մի քանի հանքաբանական պահարանները եղել են որպես հազվագյուտ իրերի պահարանների ստորգետնյա տարբերակ: Այս պահարանները բաղկացած են մեկ կամ մի քանի (կեղծ) աստիճաններից. յուրաքանչյուր աստիճանի վրա կարելի էր գտնել խճաքար, որը ներկայացնում է Փարիզի տակ գտնվող երկրաբանական շերտերից մեկը: Նկարում նշված են երկրաբանական շերտի անվանումը և դրա իրական բարձրությունը, նաև ցուցադրված են հայտնաբերված բրածոներ, մանրամասներ և հին գործիքներː

1845 թվականին, երբ հանքարդյունաբերական ինժեներ Յունկերն է հանքերի աշխատանքները ղեկավարել, փոփոխել է ամրացման համակարգը՝ վերացնելով չափազանց թանկարժեք կրկնակի սրահների համակարգը։ Փորվել է միայն մեկ սրահ՝ այդ ժամանակ կառուցված կոյուղին պահելու համար։ Այս համակարգը գոյատևել է մինչև 20-րդ դարը[11]։

Մոնռուժի ջրամբար

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոնտրուժի ջրամբարի կառուցումը 1869 թվականին

1870 թվականից հետո այլևս չեն կառուցվել քարհանքերի սպասարկման սրահներ, այլ դրանց սյուների շարքը օգտագործվել է լցոնումների մեջ։ Ստորգետնա ամրացման ամենամեծ նախագծերից մեկը 14-րդ շրջանում Վան ջրամբարի (ներկայումս Մոնռուժի ջրամբար) կառուցումն է, 1868-1874 թվականներին, երբ քարհանքերի խորշերի տեղում կառուցվել է ավելի քան 1800 սյուն՝ ջրամբարի և դրա 203,000 մ3 ջրի քաշը, ինչպես նաև հինգ միավորված կարստային խոռոչները պահելու համար[11][19]։

Որպես ռմբապաստարան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիասքանչ ժամանակաշրջանում Փարիզում արտադրված և սպառվող ապրանքների, այդ թվում՝ սպիրտային խմիչքների պահանջարկը գագաթնակետին է հասել։ 14-րդ շրջանի տակ գտնվել են գարեջրատներ, որոնք տարեկան արտադրել են ավելի քան մեկ միլիոն հեկտոլիտր[20]ː83։

1914 թվականին պատերազմի ժամանակ քարհանքային խոռոչների օգտագործումը դիտարկվել է ռազմական տեսանկյունից։ 1917-1918 թվականներին Փարիզի ռազմական նահանգապետը, Հանրային օգնության գործակալությունը և տարբեր կազմակերպություններ առաջարկել են քարհանքերը վերածել ապաստարանների։ Ի պատասխան՝ Միջազգային խորհրդաժողովը բացասական կարծիք է հայտնել. խոռոչները չափազանց փոքր էին կամ չափազանց խորը՝ պատճառաբանելով, որ դրանք պասիվ պաշտպանությանը հարմար դարձնելու համար անհրաժեշտ աշխատանքները չափազանց թանկ կլինեին։

Փարիզի Դենֆեր Ռոշերո հրապարակում գտնվող հակաօդային պաշտպանության ապաստարանի աստիճանը, որը կառուցվել է 1938 թվականին նախկին քարհանքերում, հասանելի է Փարիզի Ազատագրման թանգարանից։ Թանգարանը պատմական վայրում է և առաջինն է, որն առաջարկում է բացառիկ հնարավորություն՝ զգալու 1944 թվականի վիճակի խառը իրականությունը, նաև առաջին թանգարանն է, որն իր մշտական ​​հավաքածուներում ներկայացնում է խառը իրականության վիրտուալ ներկայություն[2]։

Ապաստարան ծառայեցնելու միտքը կրկին վերսկսվել է 1930-ական թվականներին՝ աճող մտահոգությամբ, որը համամասն էր Նացիստական ​​Գերմանիայի իշխանության աճին։ Այս անգամ կառուցվել են մի քանի պասիվ պաշտպանության ապաստարաններ։ Օգտագործվել են արդեն իսկ գոյություն ունեցող դատարկ տարածքները, հիմնականում՝ մետրոն և նկուղները, ինչպես նաև քարհանքերը։ Այս դեպքում քարհանքային դատարկ տարածքներից կառուցված ապաստարանները նախատեսված էին ավելի շատ պետական ​​անձնակազմի (վարչական կամ ռազմական) համար, քան քաղաքացիական անձանց։ Դրանց թվում էր նաև Ֆրոիդովո հրապարակի տակ, Դենֆեր-Ռոշերոյի հրապարակի մոտ կառուցված թիվ 2 հրամանատարական կետը։

Տեղանքի բնութագրերը իդեալականորեն համապատասխանում էին նման զարգացմանը. «19 մետր խորություն, 2.40 մետր բարձրություն երկնքի տակ, 600 մ² զարգացվող մակերես, որը կարող է տեղավորել հազար երկու հարյուր մարդ»[20]ː94-95։ 1937 թվականի նոյեմբերին ապաստարանի հիմնական աշխատանքներն ավարտվել են, իսկ ապաստարանն ինքնին վերջնական պատրաստ է եղել 1938 թվականի մարտին։

1943 թվականին՝ օկուպացիայի ժամանակ, գերմանացիներն արգելել են քարհանքերի տեսչությանը շրջայցեր կատարել ցանցի որոշակի հատվածներում: Սենատի մոտ գտնվող Մոնտենի ավագ դպրոցի տակ նրանք կառուցել են բունկեր՝ բետոնե պատերով՝ քարհանքերի ցանցից մեկուսացված պատերով: Պատերի մեծ մասն ամրացվել է բետոնով կամ շաղախով. տեղադրվել են զրահապատ դռներ, էլեկտրականություն, ջուր և հեռախոս: Հակառակ բունկեր նկարագրությանը՝ այս գերմանական ապաստարանը չի ծառայել որպես զինամթերքի պահեստ կամ ամրոց, այլ, կարծես, օգտագործվել է միայն պասիվ պաշտպանության նպատակներով: Այն գաղտնի է մնացել մինչև պատերազմի ավարտըː Ինժեներներից մեկը, ով տեղյակ էր դրա գոյության մասին, 1942 թվականի դեկտեմբերից ի վեր անդամակցել էր Դիմադրության շարժմանը։ Հենց նրա շնորհիվ էր, որ դիմադրության շարժման առաջնորդ գնդապետ Անրի Ռոլ-Տանգին, FFI-ի շտաբի հետ միասին, կարողացել է այնտեղ տեղակայվել 1944 թվականի օգոստոսի 20-ին։ Օգոստոսի 20-ից 25-ը ապաստարանն օգտագործվել է որպես ռազմական հրամանատարական կետ։ Օգոստոսի 24-ի երեկոյան Ռոլ-Տանգին տեղեկացվել է դաշնակից զորքերի քաղաքապետարան ժամանելու մասին, որտեղ նա անմիջապես գնացել է։ Օգոստոսի 25-ին Փարիզն ամբողջությամբ ազատագրվել է, և գլխավոր շտաբը, այլևս գաղտնի ապաստարանում թաքնվելու կարիք չունենալով, հեռացել է տարածքիցվ[20]ː100-101:

Միևնույն ժամանակ, 1944 թվականի հունվարին, Վիշիի կառավարության ղեկավար Պիեռ Լավալի համար ապաստարան է կառուցվել Ֆոյանտին փողոցի տակ։ Կատարված աշխատանքների մասշտաբները, կարծես, ցույց են տալիս, որ նա պլանավորում էր այնտեղ ապաստան գտնել, հնարավոր է՝ երկար ժամանակով։ Կատարվել են ամրացումներ, որոշ տարածքներ վերածվել են սենյակների (խոհանոց, գրասենյակ, հյուրասենյակ, լոգարան և այլն), որոնց առաստաղները ծածկվել են ասբեստե թերթերով, իսկ հատակը՝ տարբեր սալահատակով՝ կախված յուրաքանչյուր սենյակի նախատեսված գործառույթից։ Տեղադրվել են էլեկտրաէներգիա, հեռախոս և ջուր, ինչպես նաև կենտրոնական ջեռուցում, սանիտարական հարմարություններ և օդափոխության համակարգ։ Նման աշխատանքները պահանջում էին զգալի ռեսուրսներ. դա ապահովելու համար տեսչությունը Վալ-դե-Գրասի տակ տեղադրել է գեներատոր՝ օգտագործելով հին օդափոխման հորանը որպես ծխնելույզ՝ արտանետվող գազերը դուրս մղելու համար[20]ː98-99: Շինարարությունն ավարտվել է 1944 թվականի օգոստոսին՝ ազատագրումից անմիջապես առաջ, և ապաստարանը երբեք չի օգտագործվել որպես այդպիսին։ Այնտեղ մի քանի շաբաթով բանտարկվել են միայն մի քանի համագործակիցներ, որից հետո այն վերջնականապես լքվել է։

Երեկույթների վայր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անբարեխիղճ այցելուների թողած թափոնները Կապուչինների քարհանքում

1960-ականներին մեծ հարավային ցանցը դարձել է հաճախակի այցելության վայր, մասնավորապես՝ Հանքերի դպրոցի և Դեղագործության ֆակուլտետի շենքերի տակ գտնվող հանքատեղեր իջնելու հնարավորություն ունեին ուսանողները։ Ոմանք կարդում էին այս թեմայով գրքեր, որոնք գտնվում էին համալսարանական գրադարաններում, կամ նկարում էին առաջին կատաֆիլական հատակագծերը։ Լուսապատճենահանման բացակայության պատճառով այս հազվադեպ քարտեզները փոխանցվել են միայն ձեռնադրված ընկերներին։

Վալ դը Գրաս եկեղեցու անմիջապես տակը գտնվող տարածքը չի լցոնվել և դեռևս պահպանում էր իր սկզբնական բարձրությունը՝ շնորհիվ Ֆրանսուա Մանսարի կողմից կառուցված ամրացումների։ Մեծ տարածքը, որի առաստաղի բարձրությունը երբեմն հասնում է յոթ մետրի, սկսվել է օգտագործել բազմաթիվ երեկույթների համար։ Այսպես ծնվել է Z սենյակը[21][22]։

Նախկինում նույնպես ցանցը ծառայել է որպես երեկույթների վայր. օրինակ, 1897 թվականի ապրիլի 2-ի գիշերը հարյուր մարդ է ներկա եղել դասական նվագախմբի համերգին պաշտոնական դամբարանում[23]։

Մի քանի տասնամյակ անց երեկույթները ստացել են այլ մթնոլորտ. այստեղ կատարվել են սարսափազդու ստեղծագործություններ՝ համապատասխան վայրին, տեղի են ունեցել ջազային, ռոք համերգներ, անդերգրաունդ ռեյվ երեկույթներː

Երեկույթների արդյունքում ցանցը գնալով ավելի մարդաշատ է դարձել։ Ցանցի ուսումնասիրությունները հաճախակի են դարձել, և նորաձև կենսակերպը (ռոքեր, հիպիներ, սկա) տարածվել է ստորգետնյա Փարիզում։ Որոշ աղբյուրներ խոսում են սքինհեդների մասին, որոնք թափառում էին ելքի աստիճանների մոտ և թալանում ու ծեծում էին ցանցի հետազոտողներինː

Այցելությունների սահմանափակումներ, բետոնալցոնում և պահպանման միջոցառումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հատված 2018 թվականի հունվարի 31-ին հեռարձակված «Արմատներ և թևեր» (Des racines et des ailes) ռեպորտաժից. մուտքը Դենֆեր-Ռոշերո հրապարակից (Մոնպառնաս թաղամաս)

1955 թվականից ի վեր քաղաքային որոշմամբ արգելվել է իրավասու մարմինների կողմից չլիազորված անձանց մուտքը Փարիզի տակ գտնվող քարհանքեր[24] ː Քարհանքերի տեսչությունը որոշել է կարգի բերել իրավիճակը, և 1981 թվականին ստեղծվել է Քարհանքերի հետազոտման և միջամտության խումբը (դատական ​​ոստիկանության 2-րդ ստորաբաժանման քարհանքերի խումբ) կամ ERIC-ը, որը պատասխանատու էր կատաֆիլների գործունեության մոնիթորինգի և դրա ճնշման համար[25]: Այն ստեղծվել է ոստիկանության հրամանատար Ժան-Կլոդ Սարատի կողմից, ով կրքոտ քարանձավագետ էր և Ֆրանսիայի առաջին «կատաֆիլը», որը ղեկավարել է խումբը մինչև 2000 թվականին իր թոշակի անցնելը[26]:

Տեսչությունը նաև փորձել է խզել ցանցը՝ ամենաշատ այցելվող սրահներում բետոնե բլոկներով պատեր կառուցելով: Ցանցի որոշակի հատվածների համախմբման և մեկուսացման այս աշխատանքը հանգեցրել է նրան, որ որոշ հատվածներ լիովին անհասանելի են դարձել, նույնիսկ տարածքի համար պատասխանատու Քարհանքերի ընդհանուր տեսչության՝ IGC(2)[27] համար:

Փոքր Սենտուր երկաթուղային գիծը («Փոքր գոտի» երկաթուղի), որն անցնում է Մոնսուրի պարկով
(Փարիզի 14-րդ շրջան, Ֆրանսիա)

Ամուր բետոնե բլոկները հաղթահարելու համար կատաֆիլները սկսել են փորել ոչ կարծր ամբարտակները կամ հարևան հատակները: Այսպես առաջացել են բազմաթիվ «կատվի սողանցք» (ֆր.՝ une chatière)՝ նեղ տարածություններ, որոնց միջով անցնելու համար անհրաժեշտ է սողալ[28]:

Տեսչությունը նաև ծածկել է մոտ 300 մետր երկարությունը, որը գտնվում է քաղաքային երկաթուղու փոքր գոտու (Petite Ceinture, 13) անմիջապես վերևում, որպեսզի կանխի կատաֆիլների կողմից այդ վայրերի և հին երկաթուղու միջև մոտիկության օգտագործումը՝ հանքեր մուտք գործելու համար[29]: Սակայն, դրանք մի քանի կիլոմետր ձգվում են երկաթուղու երկայնքով. հետևաբար, կատաֆիլների համար դժվար չէ փորել նոր մուտք, մի փոքր ավելի հեռու, չնայած նախկինում օգտագործվող տարածքը վերանորոգելու համար անհրաժեշտ գումարին[28]:

Բացի հարավային մեծ ցանցի չափսերի կրճատումից, բենտոնապատումն ու լցոնումը տարիների ընթացքում լուրջ անվտանգության խնդիրներ են ստեղծել: Բացի այն, որ հանքահորերի հիմնական գործառույթը քարհանքի և մակերեսի միջև կապը ապահովելն է, դրանք նաև ծառայում են քարհանքը օդափոխելուն, այդպիսով խուսափելով ավելորդ խոնավությունից, որը կդարձնի ապարը փխրուն և կմեծացնի փլուզման ռիսկը: Իսկ բետոնածածկման արդյունքում օդի և քարի միջև շփման մակերեսը նվազեով՝ բարձրանում է միջավայրի խոնավությունը:

Իրականացվում են Փարիզի կատակոմբների արհեստական ​​օդափոխությունն ապահովելու միջոցառումներ, քանի որ ոսկրաբլուրների վրա խոնավությունից առաջանում են սնկերի և քարաքոսերի բազմացում: Այնուամենայնիվ, շարունակվում են բետոնի ներարկման աշխատանքները, ոչ թե իրականացվում են ամրացումներ: 2001 թվականին Մոնսուրիի 4-րդ գծի, ինչպես նաև շրջանի մի քանի սրահների կառուցման ընթացքում բետոնապատվել և ներարկվել են ջրով լցված և հենասյուներով պահված սենյակ, որը կոչվում էր «Կորսիկական լողափ» (plage corse)։ 2009 թվականին՝ 4-րդ գծի հարավային ուղղությամբ երկարացման ժամանակ, բետոնով ներարկվել են ցածր սրահները։

Այս բոլոր միջոցառումներին չնայած, կատաֆիլները շարունակում են գոյություն ունենալ: Էնտուզիաստները փորում են փոսորակները՝ շրջանցելով իրենց ճանապարհները փակելու համար կանգնեցված պատերը, սալերը հանվում են եռակցման միջոցով, ստեղծվում են նոր տեղեր։ Մի կողմից տեսչությունն անընդհատ փակում է մուտքերը,մյուս կողմից որոշ կատաֆիլներ շարունակաբար վերաբացում են դրանք, ինչը հանգեցնում է իսկական մուկն ու կատվի խաղի։

Քարհանքերով հետաքրքրված համայնքը միավորում է տասնյակ, նույնիսկ հարյուրավոր մշտական ​​այցելուների, ովքեր պարբերաբար այցելում են քարհանքեր: Նրանցից ոմանք շատ մտահոգված են այն ժառանգության ապագայով, որի մեջ նրանք շրջում են. երբեմն կազմակերպվում են քարհանքերի մաքրման գործողություններ՝ անբարեխիղճ այցելուների թողած թափոնները հավաքելու համար: 2004 թվականի մայիսին Ֆրանսիայի քարանձավագիտության ֆեդերացիան մաքրման ակցիա է առաջարկել Երիտասարդության և սպորտի նախարարությանը, որն այն ընտրել է իր «Մաքուր մոլորակ» գործողության համար. Ակցիան իրականացվել է հարյուր քարանձավագետների կողմից ձախ ափին գտնվող քարհանքերում[30]:

Պաշտոնական դամբարանը մի ժամանակ մեծ հարավային ցանցի մաս է կազմել և մեկուսացվել է դրանից՝ Փարիզի քաղաքային թանգարանի հավաքածուներն ու հարմարությունները կատաֆիլների հետախուզումներից պահպանելու համար: Շեմին դը Պորտ-Մաոնի քարհանքը այցելության մաս է եղել, բայց այսօր այլևս բաց չէ հանրության համար: Այս տեղից բացի, հանրության համար բաց վայրերից են.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Hammel, Katie (2009 թ․ սեպտեմբերի 22). «Paris catacombs vandalized, closed for repair». Gadling. Վերցված է 2011 թ․ փետրվարի 9-ին.
  2. 2,0 2,1 «Insurrection 1944: la visite en réalité mixte du PC de commandement Rol-Tanguy | Musée de la Libération Leclerc Moulin» [1944 թվականի ապստամբություն. Ռոլ-Տանգի հրամանատարական կետի խառը իրականության շրջագայություն | Լեկլերկ Մուլենի ազատագրման թանգարան]. www.museeliberation-leclerc-moulin.paris.fr (ֆրանսերեն). 2019 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2025 թ․ հուլիսի 1-ին.
  3. Association des sédimentologistes français (1998). Dynamics and Methods of Study of Sedimentary Basins. Editions TECHNIP. էջեր 147–. ISBN 978-2-7108-0739-1.
  4. 4,0 4,1 Donald R. Prothero (2006 թ․ հուլիսի 13). After the Dinosaurs: The Age of Mammals. Indiana University Press. էջեր 129–. ISBN 0-253-00055-6.
  5. International Association for the Advancement of Science, Arts, and Education (1900). Guide to Paris: the exhibition and the assembly. Paris International Assembly.
  6. «Charterhouse». archive.wikiwix.com. Վերցված է 2025 թ․ հունիսի 25-ին.
  7. Hentie Louw (2003). The windows of Perrault's Observatory in Paris (1667-1683): The legacy of a proto-modern architectural inventor
  8. Shea, Neil. «Under Paris». National Geographic. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 2-ին.
  9. «Life Below The City Of Light: Paris Underground». NPR.org.
  10. «World Timeline of Facts #3 ~ 1750 - 1780».
  11. 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 «Historique de l'Inspection Générale des Carrières» [Քարհանքերի գլխավոր տեսչության պատմությունը]. geos1777.free.fr. Վերցված է 2025 թ․ հունիսի 30-ին.
  12. 12,0 12,1 Elzas, Sara (2011 թ․ մարտի 31). «The man who saved Paris from sinking». Radio France International. Վերցված է 2016 թ․ մայիսի 2-ին.
  13. 13,0 13,1 «Inspection Générale des Carrières: tout savoir sur les sous sols». www.paris.fr (ֆրանսերեն). Վերցված է 2025 թ․ հունիսի 25-ին.
  14. 14,0 14,1 National Geographic Learning (2012 թ․ հոկտեմբերի 15). National Geographic Reader: Travel and Tourism. Cengage Learning. էջեր 118–. ISBN 978-1-285-53155-7.
  15. «Urban legends and black masses: The eerie secrets of the Paris Catacombs». thejournal.ie. Վերցված է 2016 թ․ մայիսի 2-ին.
  16. Michelin Travel & Lifestyle (2011 թ․ ապրիլի 1). Michelin Green Guide Paris. Michelin Travel & Lifestyle. էջեր 354–. ISBN 978-2-06-718220-2.
  17. 17,0 17,1 «[Carrieres et Catacombes de Paris]». exploration.urban.free.fr. Վերցված է 2025 թ․ հունիսի 25-ին.
  18. Élodie Maurot (2018 թ․ հոկտեմբերի 30). «Les catacombes, la part d'ombre de la ville Lumière». La Croix.
  19. «À la découverte du trésor caché du réservoir Montsouris». www.paris.fr (ֆրանսերեն). Վերցված է 2025 թ․ հունիսի 30-ին.
  20. 20,0 20,1 20,2 20,3 Alain Clément et Gilles Thomas, Atlas du Paris souterrain. La doublure sombre de la ville lumière, Parigramme, 2001
  21. Paris catacombs - Salle Z (Sitescape) - Download Free 3D model by Emm (@edemaistre) (անգլերեն), 2021 թ․ մայիսի 11, Վերցված է 2025 թ․ հունիսի 26-ին
  22. «La Salle Z». catacombes.web.free.fr. Վերցված է 2025 թ․ հունիսի 26-ին.
  23. «Le Journal 3 avril 1897». thetunnel.free.fr. Վերցված է 2025 թ․ հունիսի 26-ին.
  24. «Bulletin municipal officiel de la Ville de Paris - année disponible1885 - Gallica». gallica.bnf.fr. 2 novembre 1955, p. 1845. Վերցված է 2025 թ․ հունիսի 26-ին.
  25. «Le Gros Pipeau - La 2° D.P.J.». archive.wikiwix.com. Վերցված է 2025 թ․ հունիսի 26-ին.
  26. «Soirée d'adieux dans le ventre de Paris». Libération.fr (ֆրանսերեն). 2000 թ․ հունիսի 13. Վերցված է 2025 թ․ հունիսի 26-ին.
  27. «Histoire des carrières et catacombes de Paris - Philibert Aspairt - Carrières des Chartreux - Val de Grâce - Cabinet Minéralogique - Fontaine des Chartreux - Cataphilie - Inspéction générale des carrières - Guillaumot - Héricart de thury - Plaques de rue - Indications des nivellement - Fontaine des chartreux - catacombes.info». www.catacombes.info. Վերցված է 2025 թ․ հունիսի 26-ին.
  28. 28,0 28,1 Lazar Kunstmann, La Culture en clandestins. L'UX, avril 2009
  29. Anido, Julien (2013 թ․ սեպտեմբերի 17). «Les sentiers natures de la Petite Ceinture» (ֆրանսերեն). Վերցված է 2025 թ․ հունիսի 26-ին.
  30. à 00h00, Par F. H. Le 9 mai 2004 (2004 թ․ մայիսի 8). «Grand ménage dans les souterrains parisiens». leparisien.fr (ֆրանսերեն). Վերցված է 2025 թ․ հունիսի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստորգետնյա Փարիզ» հոդվածին։