Ստեփան Տեր-Սահակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեփան Տեր-Սահակյան
ԾննդավայրԵրևան
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Ստեփան Տեր-Սահակյան (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), 18-րդ դարի վերջին քառորդի հայ ազատագրական շարժման գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Երևանում, մեծահարուստի ընտանիքում։ Մասնակցել է 1783 թվականին Էջմիածնում Հայոց կաթողիկոս Ղուկաս Ա Կարնեցու գլխավորությամբ գումարված գաղտնի խորհրդակցությանը, որը որոշել է ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից՝ Հայաստանը թուրք-պարսկական տիրապետությունից ազատագրելու համար։ Այրարատ և Արցախ նահանգների ազատագրական շարժումները փոխհամաձայնեցնելու և գործելակերպի միասնական ծրագիր մշակելու նպատակով Տեր-Սահակյանը 1783 թվականի աշնանը Երևանից մեկնել է Արցախ, ծանոթացել հայ մելիքների ռազմական ու տնտեսական կարողություններին։ Վերջիններս, հավաքագրելով 5 հազար զինվոր և կուտակելով պարենի անհրաժեշտ պաշար, պատրաստվել են Հյուսիսային Կովկասում (Գեորգիևսկ ամրոցում) հաստատված ռուսական զորքերին դիմավորել Գանձակի մոտակայքում։ Հայաստանի ազատագրության շուրջ ցարական արքունիքի հետ բանակցելու համար, 1784 թվականի ամռանը Տեր-Սահակյանը, որպես Երևանի կամ «Արարատյան դեսպան», մեկնել է Պետերբուրգ։ Այնտեղ նա ստացել է արքեպիսկոպոս Հովսեփ Արղությանի կազմած հայ-ռուսական պայմանագրի նախագիծը, որով պետք է առաջնորդվեր բանակցություններում։ Իր նամակներից մեկում Հ․ Արղությանը Տեր-Սահակյանին անվանում է ամբողջ հայության դեսպան։ Նա իր հետ Պետերբուրգ է տարել Եկատերինա 2-րդ կայսրուհուն և իշխան Գ․ Ա․ Պոտյոմկինին հասցեագրված նամակներ (կաթողիկոսի և Երևանի երևելիների անուններից), որոնցով նրանք խնդրել են ռազմական շուտափույթ օգնություն։ Սակայն խոստացված օգնությունը չի ցուցաբերվել՝ ռուս զորքերի պարսկական արշավանքը հետաձգելու պատճառով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Иоаннисян А. Р., Россия и армянское освободительное движение в 80-х годах 18 столетия, Е., 1990.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 685