Ստեփան Ղամբարյան (քիմիկոս)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստեփան Ղամբարյան (այլ կիրառումներ)
Ստեփան Ղամբարյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 6, 1879 |
Ծննդավայր | Կոջոր, Ախմետայի մունիցիպալիտետ, Վրաստան |
Մահացել է | մարտի 7, 1948 (68 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Երևան |
Կրթություն | Լայպցիգի համալսարան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր (1937) |
Մասնագիտություն | քիմիկոս |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Մարիա Ղամբարյան |
Ստեփան Պողոսի Ղամբարյան (հունիսի 6, 1879, Կոջոր, Ախմետայի մունիցիպալիտետ, Վրաստան - մարտի 7, 1948, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ խորհրդային քիմիկոս, խորհրդահայ քիմիկոսների գիտական դպրոցի հիմնադիրը։ Քիմիական գիտությունների դոկտոր (1937), պրոֆեսոր (1926), ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1944)[1], ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1935)։
Պետրոս Ղամբարյանի եղբայրը։ Մարիա Ղամբարյանի հայրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստեփան Ղամբարյանը ծնվել է 1879 թվականի հունիսի 23-ին, Կոջոր ավանում (Թիֆլիսի մերձակայքում), ծառայողի ընտանիքում։ 1898 թվականին ավարտել է Ռիգայի դասական գիմնազիան, ապա սովորել Մյունխենի, Լայպցիգի և Հայդելբերգի համալսարաններում (1899-1906)։ 1907-1911 թվականներին աշխատել է պրոֆեսորներ Թիլեի (Ստրասբուրգ), Վիլշտետերի, Վիլանդի (Մյունխեն) և Բյուխների (Բեռլին) հետ, 1911-1914 թվականներին Բաքվի ռուսական տեխնիկական ընկերության քիմիայի, 1914-1920 թվականներին՝ Թիֆլիսի երկրագործական դեպարտամենտի քիմիամանրէաբանության լաբորատորիաներում և դասախոսել Թիֆլիսի կանանց բարձրագույն դասընթացներում։ 1920 թվականին Ղամբարյանը հրավիրվել է Երևան, հիմնադրել և ղեկավարել Երևանի համալսարանի, պոլիտեխնիկական, բժշկական, գյուղատնտեսական և անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների օրգանական քիմիայի ամբիոնները և լաբորատորիաները։ Ղամբարյանը քիմիական պարբերականների առաջին գրադարանի հիմնադիրն է Հայաստանում։ 1935-1938 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի նախագահության անդամ և օրգանական քիմիայի բաժնի վարիչ։ 1938-1944 թվականներին աշխատել է Սեմիպալատինսկի մարզում, իսկ 1944 թվականից՝ ՀԽՍՀ ԳԱ քիմիայի ինստիտուտում։ Ստեփան Ղամբարյանը մահացել է 1948 թվականի մարտի 7-ին, Մոսկվայում, թաղված է Երևանում։
Անհիմն բռնադատվել է և աքսորվել (1938), հետագայում (1944) արդարացվել[2]։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ղամբարյանը առաջիններից էր, որ զբաղվեց օրգանական նյութերը գերօքսիդներով օքսիդացնելու ռեակցիաների հետազոտությամբ։ Ուսումնասիրելով դիֆենիլամինի ռեակցիաները բենզոիլ և ացետիլգերօքսիդների հետ՝ նա ցույց տվեց, որ առաջնային ակտում գոյացած գերօքսիդները տրոհվում են զուգաչափորեն 0-0 կապի տեղում՝ առաջացնելով ազատ ռադիկալներ (1905-1907)։ N - արիլ- N-ացիլօրթոամինաֆենոլի առաջացումն այդ ռեակցիաներում նա բացատրեց դիֆենիլհիդրօքսիլամինի հետագա վերախմբավորմամբ (1909)։ Ղամբարյանը հայտնաբերեց դիֆենիլամինի հեշտությամբ օքսիդանալու հատկությանը և առաջինն ստացավ տետրաֆենիլ հիդրազին։ Հետազոտելով վերջինիս փոխազդեցությունը թթուների հետ՝ Ղամբարյանը հաստատեց, որ տեղի է ունենում N-N կապի խզում։ Ավելի ուշ նա հիմնավորեց, որ ալկիլֆենիլամինի և բենզոիլպերօքսիդի փոխազդեցության դեպքում տեղի է ունենում ալկիլֆենիլ- հիդրօքսիլամինի վերախմբավորում։ Այդ հետազոտություններին զուգընթաց նա Հայաստանում զբաղվում է նաև տեղական այրվող թերթաքարերի, եթերայուղատու բույսերի ուսումնասիրությամբ, իսկ կարբիդի գործարանը գործարկելուց հետո՝ նաև ացետիլենի քիմիայով (քացախաթթվի, պլաստմասսաների, քլոր պարունակող օրգանական լուծիչների, գյուղատնտեսական կենդանիների պարազիտային հիվանդությունների դեմ պայքարի միջոցների՝ տետրաքլորէթիլենի և հեքսաքլորէթանի ստացումը և այլն), ացետիլենից քլորոպրենային կաուչուկի ստացման գիտական և տեխնոլոգիական չմշակված առանձին խնդիրների լուծմամբ։ Ղամբարյանի հետազոտությունները դարձան Հայաստանում օրգանական քիմիայի հետագա զարգացման հիմքը։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բատիկյան, Ս. Ա. (1969) Ստեփան Պողոսի Ղամբարյան (Մահվան 20-ամյակի առթիվ). Հայկական քիմիական ամսագիր. Армянский химический журнал, 22 (1). pp. 84-90. Archived 2019-08-06 at the Wayback Machine.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա»։ www.sci.am։ Վերցված է 2019-08-06
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
|
- Հունիսի 6 ծնունդներ
- 1879 ծնունդներ
- Վրաստանում ծնվածներ
- Մարտի 7 մահեր
- 1948 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Երևան քաղաքում թաղվածներ
- Լայպցիգի համալսարանի շրջանավարտներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ քիմիկոսներ
- Քիմիական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ
- Մյունխենի համալսարանի շրջանավարտներ