Ստեփան Եսայան (ֆիզիկոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստեփան Եսայան (այլ կիրառումներ)
Ստեփան Եսայան
Ծնվել էհուլիսի 18, 1947(1947-07-18) (72 տարեկան)
Եղեգնաձոր, Հայաստան, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունֆիզիկոս
Ալմա մատերԵղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոց և Երևանի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր

Ստեփան Եսայան (հուլիսի 18, 1947(1947-07-18), Եղեգնաձոր, Հայաստան, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի արտասահմանյան անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1947 թվականի հուլիսի 18-ին Հայաստանում՝ Եղեգնաձորում, գյուղացու ընտանիքում։ Մինչև 8-րդ դասարանը հաճախել է Եղեգնաձորի շրջանի Վերնաշեն գյուղի դպրոցը, այնուհետև տեղափոխվել է և կրթությունը շարունակել Երևանի թիվ 67 դպրոցում։ Հայրը՝ Խորեն Եսայանը, թեև կրթություն չէր ստացել, բայց ուսումնատենչ էր և խրախուսեց որդուն ստանալու բարձրագույն կրթություն։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Ստեփանը վճռել էր ընդունվել ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ,սակայն այդ տարի առաջին անգամ պոլիտեխնիկական ինստիտուտում բացվեց կիսահաղորդչային ֆիզիկայի և տեխնոլոգիայի ամբիոն։ Առավելությունն այն էր, որ ուսանողը միանգամից ստանում էր երկու կրթություն՝ ֆիզիկա և ինժեներիա։ Մոսկվայում կար նման ֆակուլտետ, իսկ Կովկասում ինժեներաֆիզիկական մասնագիտությամբ կրթօջախ չկար, և որոշվել էր այն առաջինը բացել Հայաստանում։ 1965 թվականին Ստեփան Եսայանն ընդունվեց պոլիտեխնիկական ինստիտուտի այդ ֆակուլտետը, որտեղ հավաքվել էր լուրջ պրոֆեսորա-դասախոսական կազմ։ Ստեփան Եսայանը մեծ երախտագիտությամբ է հիշում իր դասախոսներին։ Սիլվա Բալյանը, ում նա կոչում էր ֆանտաստիկ ֆիզիկոս, Ստեփանի մեջ տեսել էր իրական ներուժ և մեծ հույսեր էր կապում նրա հետ։ Ստեփան Եսայանը սովորելուն զուգընթաց աշխատել էր Սիլվա Բալյանի լաբորատորիայում, որտեղ ամրագրեց իր տեսական գիտելիքները։ Նրա մեկ այլ դասախոս՝ Էդուարդ Մելիքյանը, 3-րդ կուրսից Ստեփանին տարավ ֆիզիկայի ինստիտուտ՝ սովորելուն զուգահեռ աշխատելու։ Ավարտական թեզի նախապաշտպանությունից առաջ Ստեփան Եսայանը Էդուարդ Մելիքյանի առաջարկով, ով նաև նրա ավարտական թեզի ղեկավարն էր, մեկնեց Լենինգրադի Ա. Ֆ. Իոֆեի անվան ֆիզիկատեխնիկական ինստիտուտ՝ իրականացնելու պրակտիկ աշխատանքը։ Բուհ-ն ավարտելուց հետո՝ 1970 թվականին Ստեփան Եսայանն ընդունվեց Լենինգրադի Ա. Ֆ. Իոֆեի անվան ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրան՝ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Գեորգի Սմոլենսկիի ղեկավարությամբ, ով, ըստ Ստեփան Եսայանի, ուներ ասպիրանտի հետ աշխատելու փայլուն ունակություններ։ 1975 թվականին Ստեփան Եսայանը պաշտպանեց գիտական ատենախոսությունը «Սեգմետոէլեկտրական ազգային անցումների ուսումնասիրությունն ակուստաօպտիկ մեթոդներով» թեմայով։ Չնայած այն հանգամանքին, որ գիտական ղեկավարը հորդորում էր Ստեփանին մնալ Լենինգրադում, այնուամենայնիվ նա նախընտրեց վերադառնալ հայրենիք, սակայն խոստանալով իր ղեկավարին, որ եթե բավարար աշխատանքային պայմաններ չլինեն, կվերադառնա Լենինգրադ։

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1975-1991 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականից մինչև 1977 թվականը Ստեփան Եսայանը իր բուհ-ում՝ պոլիտեխնիկական ինստիտուտում, դասավանդեց տեսական ֆիզիկա։ Սակայն 1977 թվականին կրկին որոշեց վերադառնալ Լենինգրադ։ Նա աշխատանքի անցավ Լենինգրադի Ա.Ֆ. Իոֆեի անվան ֆիզիկատեխնիկական ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող։ 1980-ականներին նա Լենինգրադի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում որպես լավագույն ասպիրանտ շահեց մրցանակային 2-րդ տեղը։ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայում անց էր կացվում տարվա լավագույն աշխատանք մրցույթը, և 1982 թվականին Եսայանի ներկայացրած աշխատանքը համարվեց լավագույններից մեկը։ Ստեփանը շարունակեց իր գիտական գործունեությունը 1988 թվականին պաշտպանեց դոկտորական ատենախոսությունը և որպես խմբի ղեկավար սկսեց աշխատել նույն գիտահետազոտական ինստիտուտում։

1991-1996 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին Ստեփան Եսայանը հրավեր ստացավ Միացյալ Նահանգների Նյու Ջերսիի Ռադկերս պետական համալսարանից՝ երեք ամիս դասավանդելու համալսարանում։ Այդ ընթացքում տեղի ունեցավ ԽՍՀՄ փլուզումը։ Ստեփան Եսայանին առաջարկեցին ևս վեց ամիս մնալ և դասախոսություն կարդալ համալսարանում։ Վեց ամիս անց նրան առաջարկեցին որպես հիմնական պրոֆեսոր աշխատել Նյու Ջերսիում. Ստեփան Եսայանը համաձայնվեց։ 1996 թվականին նա ստացավ մեկ այլ առաջարկ՝ աշխատել աշխարհի ամենամեծ ընկերություններից մեկում՝ National Semiconductor-ում։ Բնականաբար Ստեփան Եսայանը համաձայնվեց և ստանձնեց գիտահետազոտական խմբի ղեկավարի պաշտոնը։

Եղեգնաձոր (Ստեփան Եսայանի ծննդավայրը)

1981-2008 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1981-1999 թվականներին Ստեփան Եսայանը ժամանակ առ ժամանակ աշխատել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում որպես հրավիրյալ դասախոս։ Ստեփան Եսայանը բավական մասնագիտացել էր օպտիկայի ոլորտում, իսկ նույն ժամանակահատվածում Սիլիկոնային հովտում նոր ընկերություններ էին բացվում։ Իր հնդիկ գործընկերոջ հետ 2000 թվականին նա հիմնեց օպտիկական անջատիչ մի ընկերություն, որի նպատակն էր զբաղվել մաքուր օպտիկայով՝ առանց էլեկտրական տեղափոխությունների։ 2002 թվականին ԱՄՆ-ում տեխնոլոգիաների բնագավառում տեղի ունեցած մեծ աղետից հետո, երբ Միացյալ Նահանգներում հասկացան, որ այն ներդրումները, որ արվել էին այս ոլորտում, շատ քիչ արդյունք են տվել. մի շարք մեծ ընկերություններ փակվեցին։ Փակվեց նաև այն ընկերությունը, որին մատակարարում էր Եսայանի ստեղծած ընկերությունը։ Սակայն նա չընկրկեց դժվարությունների առջև և 2003 թվականին ստեղծեց իր սեփական ընկերությունը՝ Spectralus անվամբ, որի հիմնադիր տնօրենն է ինքը, և այն մինչև այժմ էլ գործում է։ Միացյալ Նահանգներում գործող այս ընկերությունում աշխատում են 8 մասնագետներ, որոնց հիմնական խնդիրն է գիտահետազոտական նոր լազերների պատրաստումը։ Միաժամանակ նրա ընկերությունը ունի մասնաճյուղ Երևանում, որտեղ աշխատում են 25 մասնագետներ, և որոնց խնդիրն է փոքրիկ օպտիկական չիպերի կոմպոնենտների ստեղծումը։ Եսայանի շնորհիվ օպտիկայի շատ բարձրակարգ մասնագետներ, որ պատրաստվում էին լքել Հայաստանը, փոխել մասնագիտությունը և դառնալ ծրագրավորող, մնացին հայրենիքում և այսօր աշխատում են այդ ընկերությունում։ Ստեփան Եսայանը հույս ունի, որ այս ընկերությունն անպայման կընդարձակվի Հայաստանում և կներգրավի այլ մասնագետների։ Ստեփան Եսայանը եղել է տասը ատենախոսի գիտական ղեկավար, նա 12 միջազգային արտոնագրի հեղինակ է և այժմ էլ ներկայացրել է 4 արտոնագրի հայտ։ Նրա որդին՝ Ալեքսան Եսայանը, գնում է հոր հետքերով, և այժմ աշխատում է ընկերությունում՝ որպես ծրագրի ղեկավար, իսկ դուստրը՝ Ռուզաննա Եսայանը, աշխատում է Նյու Յորքում, իր սեփական ընկերությունում՝ որպես ֆոտոլրագրող։ Հաշվի առնելով Ստեփան Եսայանի գիտական և մանկավարժական մեծ վաստակը, ինչպես նաև մայր հայրենիքի հետ սերտ կապերը՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2008 թվականին նրան ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ։ Ստեփան Եսայանը այսօր ևս սերտորեն համագործակցում է Հայաստանի գիտական հաստատությունների հետ և ջանում մեծացնել իր կազմակերպությունը՝ առավել շատ երիտասարդ գիտնականների մայր հայրենիքում պահելու ակնկալիքով [1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գիտությունների Ազգային Ակադեմիա