Ստեփանոս Ռոշքա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեփանոս Ռոշքա
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 12, 1670(1670-08-12) կամ 1670[1]
ԾննդավայրԿամենեց-Պոդոլսկի, Ռեչ Պոսպոլիտա
Մահացել էհոկտեմբերի 31, 1739(1739-10-31) կամ 1739[1]
Մահվան վայրԻվանո-Ֆրանկովսկ, Ռուսական վոեվոդություն, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա
Կրոնկաթոլիկություն
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր և աստվածաբանության դոկտոր
Մասնագիտությունգիտնական և կաթոլիկ եպիսկոպոս
 Stepanos Roshka Վիքիպահեստում

Ռոշքա Ստեփանոսի Ստեփանյան (Ռոշքյան, Ստեփանյան, Կամենիցացի, Կամենացի, Լեհացի (օգոստոսի 12, 1670(1670-08-12) կամ 1670[1], Կամենեց-Պոդոլսկի, Ռեչ Պոսպոլիտա - հոկտեմբերի 31, 1739(1739-10-31) կամ 1739[1], Իվանո-Ֆրանկովսկ, Ռուսական վոեվոդություն, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա), հայ բառարանագիր, եկեղեցական, մշակութային գործիչ։ 1713 թվականից եղել է եպիսկոպոս[2]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական կրթությունն ստացել է Կամենիցում և Լեոպոլսում (այժմ՝ Լվով1690 թվականին մեկնել է Հռոմ, 1691 թվականին ընդունվել տեղի Ուրբանյան դպրատունը, որն ավարտելով՝ ստացել է փիլիսոփայության և աստվածաբանության վարդապետի աստիճան, ձեռնադրվել է քահանա, այնուհետև անցել Կոստանդնու Պոլիս, այստեղից էլ վերադարձել Կամենից։ Անձամբ ծանոթ է եղել Խաչատուր Երզնկացու, Ներսես Երևանցու, Իսրայել Օրու հետ։ Որպես ավագերեց և կրոն, առաջնորդ պաշտոնավարել է լեհահայ եկեղեցիներում, զբաղվել հայ համայնքի լուսավորությամբ, նորոգել է Տրանսիլվանիայի և հայկական այլ բնակավայրերի եկեղեցիները։ 1715 թվականից եղել է լեհահայոց թեմի առաջնորդի տեղակալ։ Լեմբերգում, Կամենիցում, Ստանիսլավում ստեղծել է հայկական միություններ, հաստատել կանոններ։ Ռոշքա Ստեփանյանը հայերենից ու լեհերենից բացի, տիրապետել է հունարենին, լատիներենին, իտալերենին։ Պաշտոնավարմանը զուգընթաց զբաղվել է գիտության ու մշակույթի հարցերով։ Գրել է փիլիսոփայանկան, աստվածաբանական, բառարանագիտական, քերականական, ժամանակագրական, կենսագրական և այլ բնույթի աշխատություններ [«Փիլիսոփայության գիրք» (2 մասը՝ «Տրամաբանություն»), «Բարոյական աստվածաբանություն» (1725 թվական), «Մաշտոց հայոց», «Քերականություն» (1718 թվական), «Կենսագրություն հայոց եպիսկոպոսաց ի Լեհս», «ժամանակագրություն կամ տարեկանք եկեղեցականք» (1739 թվական, հրատարակութուն 1964 թվական)։ Ռոշքայի մատենագիտական ժառանգության մեջ առավել կարևոր է «Գանձ հայոց լեզու»-ի կամ «Բառարան Ստեփանյան»-ը, որի վրա հեղինակն աշխատել է ավելի քան 30 տարի։ Այդ աշխատությունը հայերենի բառապաշարի առաջին ծավալուն, մատենագիտության վրա հիմնված, հավաքածուն է։ Ունի երկու մաս՝ հայերեն-լատիներեն և լատիներեն-հայերեն։ Առաջին մասը, որ ավելի ստվար է, համատեղում է բացատրական և թարգմանական բառարանների հատկանիշները։ Հայերեն բառերի դիմաց նշվում են դրանց մատենագիտական աղբյուրները, լատիներեն հոմանիշները, բերվում են բառիմաստները ցուցադրող օրինակներ։ Երկրորդ մասի բառահոդվածներում տրվում է լատիներեն բառերի թարգմանությունները։ Բառարանը ցայժմ ձեռագիր վիճակում է։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 137
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփանոս Ռոշքա» հոդվածին։