Ստեփանակերտի պաշարում և ռմբակոծում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստեփանակերտի ռմբակոծում (այլ կիրառումներ)
Ստեփանակերտի պաշարում և ռմբակոծում
Տեսակպաշարում
ՏեղադրանքԱրցախ Ստեփանակերտ, Արցախ
Տարեթիվնոյեմբեր 1991-մայիսի 9, 1992 1991 թվականի նոյեմբեր[1] – մայիսի 9, 1992[2][3]
Զոհվածներ169 (1991 թվականի հոկտեմբեր – 1992 թվականի ապրիլ)[4]
ԿազմակերպիչներԱդրբեջանի զինված ուժեր

Ստեփանակերտի պաշարումը և ռմբակոծումն ադրբեջանական ուժերի կողմից Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի խաղաղ բնակչությանն ուղղված հարվածներն են, որոնց առավել ակտիվ փուլը շարունակվեց 1991 թվականի նոյեմբերից մինչև 1992 թ. մայիսը[5]։ Ստեփանակերտի, ինչպես և հարակից հայկական քաղաքների ու գյուղերի ռմբակոծումն իրականացվում էր Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման պայմաններում։ (Արցախն Ադրբեջանի կողմից շրջափակված էր դեռևս 1989 թ. աշնանից)։

1991-1992 թթ. Ստեփանակերտում ադրբեջանական ուժերի գործողությունները հանգեցրին հսկայածավալ ավերածությունների և հարյուրավոր զոհերի խաղաղ բնակչության շրջանում[6][7]։ Ինչպես արձանագրում են իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպության դիտորդները, ադրբեջանական ուժերը Ստեփանակերտի ռմբակոծումն իրականացնում էին Խոջալուից և Շուշիից։ Քաղաքացիական բնակչության դեմ հակառակորդը կիրառում էր արգելված այնպիսի զինատեսակներ, ինչպիսին են համազարկային կրակի «Գրադ» և «Ալազան» կայանները։ Անկանոն ռմբակոծությունների, դիպուկահար կրակի և օդային հարձակումների հետևանքով զոհվեցին և վիրավորվեցին հարյուրավոր խաղաղ բնակիչներ, ավերվեցին տներ, հիվանդանոցներ, մանկապարտեզներ, դպրոցներ՝ կառույցներ, որոնք ռազմական թիրախ չեն կարող հանդիսանալ[8]։ Ադրբեջանի կողմից իրականացված գործողությունների հետևանքով ավելի քան 40 000 մարդ դարձավ անօթևան, ավերվեցին Ստեփանակերտի մերձակա տասնյակ բնակավայրեր[9]։

Բարեգործական, իրավապաշտպան «Мемориал» կազմակերպության զեկույցի համաձայն՝ Ստեփանակերտի և հարակից բնակավայրերի հրետակոծումը կանոնավոր բնույթ էր կրում, հակառակորդը կիրառում էր ինչպես գնդակոծիչներ, այնպես էլ համազարկային կայաններ։ Իրավապաշտպանները նշում են, որ մինչ այդ ադրբեջանական ուժերին հաջողվել էր վերահսկողություն հաստատել Աղդամի և մի շարք այլ բնակավայրերի՝ զենքի ու զինամթերքի խորհրդային պահոցների նկատմամբ, որոնցում պահվում էր արկերով լի ավելի քան 11 000 վագոն։ Արկերի մեծ մասը նախատեսված էր БМ-21 «Գրադ» կայանների համար[10][11]։

Քաղաքացիական բնակավայրերի ինտենսիվ ռմբակոծումը դադարեց միան հայկական ուժերի կողմից 1992 թ. մայիսի 8-9-ին Շուշիի ազատագրումից հետո[1][12]։

Նախադրյալները[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջափակում[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականից Ադրբեջանը շրջափակել էր Հայաստանի ու Արցախի երկաթուղային հաղորդակցությունը, արգելափակել՝ բնական գազի ու նավթի մատակարարումը։ 1991 թ. աշնանից Հայաստանն ու Արցախը հայտնվեցին լիակատար շրջափակման մեջ, ինչի հետևանքով լիովին խաթարվեց նորանկախ Հայաստանի տնտեսությունը՝ հանգեցնելով հումանիտար աղետի[13]։ 1992 թ. գարնանը Ստեփանակերտը, որի բնակչությունը շուրջ 70 հազարի էր հասնում՝ Բաքվից և Ադրբեջանի այլ բնակավայրերից հայերի տեղահանության հետևանքով, պաշարման մեջ էր։ Ադրբեջանն ամբողջովին արգելափակել էր Արցախի ու Հայաստանի միջև ցամաքային կապը։ Շրջափակման հետևանքով Ստեփանակերտի բնակչությունը զրկված էր սննդից, նաև ջրից, էլեկտրաէներգիայից, դեղորայքից։ Հաղորդակցության միակ միջոցը ուղղաթիռներն էին, որոնցով Հայաստանից Արցախ էին տեղափոխվում առաջին անհրաժեշտության ապրանքներ՝ վառելիք, սննդամթերք, դեղորայք[14]։ Բնակիչները ստիպված էին ապաստանել նկուղներում գրեթե ողջ օրը։

Human Rights Watch-ի տվյալներով[9].

1991-1992թթ. ձմռանն Ադրբեջանի եռամյա տնտեսական և տրանսպորտային շրջափակման հետևանքով Արցախն ամբողջովին զուրկ էր վառելիքից, հոսանքից, հոսող ջրից, գործող սանիտարահիգիենիկ հանգույցներից և սպառողական ապրանքների հիմնական մասից։

Այս պայմաններում էլ Ադրբեջանը թիրախավորել էր Ստեփանակերտը՝ որպես հրետակոծության ու ռմբակոծության օբյեկտ[15]։

Ռմբակոծություն և հրետակոծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1991-1992 թթ. ձմռանը իրավիճակը Ստեփանակերտում աղետալի էր, ողջ քաղաքը շարունակական հրետակոծության թիրախ էր։ 1992 թ. մայիսին, երբ Helsinki Watch-ի ներկայացուցիչները ժամանեցին Ստեփանակերտ, քաղաքի մեծ մասն ավերված էր։ Միայն 1991 թ. օգոստոսի 22-24-ն ընկած ժամանակահատվածում ռմբակոծությունների հետևանքով զոհվել էր 40 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 100-ը։

Helsinki Watch-ի զեկույցն արձանագրում է ադրբեջանական ռմբակոծությունների անկանոն և չարդարացված բնույթը, որոնց նպատակը «հայազգի բնակչությանն ահաբեկելը և դուրս մղելն էր»։ Փաստաթուղթն արձանագրում է, որ հրետակոծությունների հետևանքով ոչնչացվել են տասնյակ տներ, նույնիսկ գյուղեր[16]։ Ինչպես նշում է Քերոլայն Քոքսը. «Յուրաքանչյուր օր Ստեփանակերտի գլխին էր թափվում «Գրադի» շուրջ 400 արկ»[17]։ Նպատակը Արցախից հայկական բնակչությանը դուրս մղելը և տարածքի նկատմամբ վերահսկողություն հաստատելն էր։

1992 թ. Ադրբեջանի արտգործնախարար Լալա-Շովքեթ Գաջիևան նշել էր. «Ավելի քան 100 օր մենք ռմբակոծում էինք Ստեփանակերտը, բայց հայերը չէին լքում իրենց հողը»[18]։

Եվրոպայի Խորհրդի անդամ Դեյվիդ Աթկինսոնը 2005 թ. հունվարի 25-ին ԵԽԽՎ-ում ներկայացնելով իր զեկույցը հիշեցնում է, որ 1990-ականների սկզբին այցելել է Ղարաբաղ և ավելացնում, որ «երբեք չի մոռանա Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի ռմբակոծությունը»[19]։

«Յուրաքանչյուրս կարող էր արթնանալ խումար վիճակում գիշերը հարբելուց հետո, մոտենալ «Գրադին» ու կրակել, կրակել, կրակել Ստեփանակերտին առանց որևէ կոորդինատի»։

 —Ադրբեջանցի զինծառայող Այազ Քերիմով[14]

Քաղաքը հակառակորդի «ափում» էր. արևելքում՝ 25 կմ հեռավորությամբ Աղդամն էր, հյուսիսում՝ Խոջալուն, հարավում՝ Շուշին։ Ազերիների վերահսկողության ներքո գտնվող Խոջալուն և Շուշին «հարմար» հենակետեր էին Արցախի մայրաքաղաքը թիրախավորելու համար։ Ինչպես նշում է Helsinki Watch-ը. «Քանի դեռ ադրբեջանական ուժերը վերահսկում էին Շուշին, որը նայում էր Ստեփանակերտին, վերջինս հրետակոծում էին «Գրադից» և ծանր հրետանուց, հարվածում էին խաղաղ բնակչությանը, բնակելի տարածքների, հիվանդանոցների և նման այլ օբյեկտների…

Ռուս օդաչու Անատոլի Չիստյակովը հայտնում է, որ Ադրբեջանը վարձկան օդաչուներից մշտապես պահանջում էր արտասվաբեր գազ նետել՝ բնակիչների շրջանում խուճապ առաջացնելու նպատակով»[9]։ Հենարանային հրետանային հարթակները, որոնցից 1992 թ. հունվարի 10-ից չորս ամիս շարունակ իրականացվում էր հրետակոծությունը, Խորհրդային արտադրության BM-21 «Գրադ» համազարկային կրակի կայաններ էին, որոնք կարող էին միաժամանակ 40 արկ արձակել։ Դրանք II աշխարհամարտի ընթացքում լայն կիրառություն ունեցող «Կատյուշա» -ների ժամանակակից տարբերակն են։ Ե՛վ «Գրադը», և՛ «Կատյուշան» չունեն ճշգրիտ թիրախավորման համակարգ, հետևաբար դժվար է կանխատեսել հարվածի կոորդինատը։ Հիմնականում «Գրադը» մշակվել է բաց մարտադաշտում հակառակորդի կենդանի ուժին զգալի կորուստներ պատճառելու նպատակով։ Սակայն ադրբեջանական բանակն այն կիրառում էր Արցախի՝ խիտ բնակեցված մայրաքաղաքում խաղաղ բնակչությանը հրետակոծելու նպատակով։ «Թռչող հեռախոսասյուներ» անվանված այս արկերն Արցախի մայրաքաղաքը վերածել էին փլատակների. ավերվել էին բազմաթիվ բնակելի շենքեր, դպրոցներ, քաղաքի մետաքսի գործարանը, ծննդատունը, մանկապարտեզը[20]։

1992 թ. մայիսի 31-ին Chicago Tribune-ը գրում է[1].

Ադրբեջանի կողմից վեցամսյա հրետակոծությունների պատճառած վնասը շուրջ 70 հազ. հայերով բնակեցված մեկուսի այս քաղաքում սահմռկեցուցիչ է։ Գրեթե բոլոր շենքերի վրա ատամնավոր, սևացած անցքեր են։ Չկա ջուր, էլեկտրականություն, սնունդ և վառելիք։

Արցախի ինքնապաշտպանական ուժերի պատասխանը[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թ. մայիսին Շուշին արդեն Ստեփանակերտին մոտ գտնվող միակ բնակավայրն էր, որը վերահսկվում է ադրբեջանցիների կողմից, որտեղից շարունակվում էին մայրաքաղաքի ու նրա մերձակայքի հրետակոծությունները[21]։ Արցախի խաղաղ բնակչության մեծ մասը մարտադաշտի վերածված բնակավայրերը լքելուց հետո կենտրոնացել էր Ստեփանակերտում։ Եվ ադրբեջանական օդուժի կողմից նույնիսկ վատ կոորդինացված հարվածները խաղաղ բնակչության շրջանում մեծ կորուստների պատճառ էին դառնում[22]։ Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը հակահարված տվեցին և երկօրյա մարտերի արդյունքում գրավեցին Շուշին՝ Ստեփանակերտի մերձակա վերջին ադրբեջանական հենակետը։ Այսպիսով նրանք վերահսկողություն հաստատեցին մայրաքաղաքի մերձակայքի նկատմամբ՝ վերջ դնելով Ստեփանակերտի հրետակոծություններին[23][24]։ Ադրբեջանական ուժերի կողմից «Գրադ» կայաններով Գորիսի և Կապանի ամենօրյա հրետակոծությունները հազարավոր խաղաղ բնակիչների և զինծառայողների կյանք էին խլել, անշարժ գույքի հսկայական ավերածություններ պատճառել[25][26]։

Միջազգային արձագանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ Կոնգրեսը դատապարտեց ադրբեջանական ագրեսիան, Ադրբեջանի կողմից Հայաստանի ու Արցախի շրջափակումը։ Կոնգրեսում ընդունվեց «Ազատության աջակցության ակտի» (1992) #907 ուղղումը, որով արգելափակվում էր ԱՄՆ ուղղակի աջակցությունն Ադրբեջանի կառավարությանը։ Բանաձևում մասնավորապես նշվում էր.

Այս կամ որևէ այլ Ակտով Միացյալ Նահանգները չի կարող աջակցություն տրամադրվել Ադրբեջանի կառավարությանը, քանի դեռ Նախագահը չի արձանագրել, որ Ադրբեջանի կառավարությունն ակնառու քայլեր է ձեռնարկում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը և նրանց նկատմամբ հարձակողական ուժի կիրառմանը վերջ դնելու ուղղությամբ[27]։

Իրավապաշտպան Christian Solidarity International (CSI) կազմակերպությունն Արցախի մասին զեկույցում եզրակացնում է, որ Ղարաբաղյան պատերազմի սանձազերծողը և առաջնային ագրեսորն Ադրբեջանն է, քանի որ Ադրբեջանն է.

1) կազմակերպել Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանությունը,

2) շրջափակել է Ղարաբաղը և Հայաստանը

3) ծանր զինուժ է կիրառել և ռմբակոծել խաղաղ բնակչությանը։

Զեկույցում նաև նշվում է.

Ադրբեջանն ի սկզբանե փորձել է իր նպատակներն իրականացնել՝ ուժի միջոցով, ավելի ու ավելի ծավալելով ուժի կիրառումը։ Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքն այս ողբերգական հակամարտության առաջնային զոհն է[15]։

Helsinki Watch[խմբագրել | խմբագրել կոդը]

Helsinki Watch իրավապաշտպան կազմակերպության պատվիրակությունը Ստեփանակերտ էր այցելել երկու օրով։ «Հայերը նշում են, որ 1991 թ. հոկտեմբերից ադրբեջանցիները մշտապես հրետակոծել են Ստեփանակերտը։ Helsinki Watch-ի ներկայացուցիչները շրջել են քաղաքով և լայնածավալ ավերածությունների ականատեսը դարձել, լուսանկարել են բազմաթիվ վնասված քաղաքացիական օբյեկտներ»։

Պատվիարկությունը նաև նշում է, որ Ստեփանակերտի արևմտյան մասում գրեթե բոլոր բնակելի շենքերը վնասված են հրետակոծությունից[9]։ Իրավապաշտպանները լուսանկարել էին նաև լիովին ավերված հիվանդանոցը, դպրոցական շենքերը քաղաքի տարբեր հատվածներում[9]։

Ինչպես «Ամենամյա զեկույցում» նշում են իրավապաշտպանները, ադրբեջանական ուժերը «հարվածներ են հասցրել Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտին և հայկական մյուս բնակավայրերին արկերով և ռումբերով։ Չթիրախավորված ռմբակոծությունների և դիպուկահար կրակի հետևանքով զոհվել և վիրավորվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ, ավերվել են տներ, հիվանդանոցներ և այլ օբյեկտներ, որոնք չեն կարող ռազմական թիրախ համարվել»[28]։

Լրագրողական գրառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերոնա Բենեթ, Բրիտանացի լրագրող.

Ստեփանակերտը գարնանային մաքրման աշխատանքների մոլուցքի մեջ էր։ Արևի վառ շողերի ներքո պստլիկ տատիկներն ավլում էին խճաքարերը` մի կողմ հրելով պատերի մնացորդները։ Կոտրված մայթեզրից հավաքվող կոտրված ապակու ճռճռոցն ամենաբարձր ձայնն էր։ Շուրջբոլորն ավերված շենքեր էին։ Յուրաքանչյուր տան վրա պատերազմի հասցրած վնասի որևէ հետք կար. փլուզված տանիք, գնդակների հետքեր, ճեղքեր, պատուհաններ՝ առանց ապակու։ Չկային խանութներ, չկար գազ, էլեկտրականություն, հեռախոս կամ փոստ, չկար կանխիկ գումար[14]։

Լրագրող Վադիմ Բիրկին.

Ես մի հուշ ունեմ. ցուրտն է։ Երբ քնում ես գնդակոծվող կացարանի նկուղում և երբ վառարանն ավելի շուտ է դուրս թռչում, քան կբացվի լույսը, անտանելի ցուրտ է տիրում։ Առավոտյան, երբ բարձրանում ես աստիճաններով, վստահ չես՝ արդյոք բնակարանդ կա, թե՝ ոչ[14]։

Montreal Gazette-ը գրում է.

Երեկ առավոտյան, «Սուխոյ-25» գրոհիչները Ստեփանակերտի բնակելի թաղամասերի ռեյդ իրականացրին։ Ռմբակոծեցին եկեղեցու մերձակայքը ճիշտ այն պահին, երբ սրբազան պատարագ էր մատուցվում[29]։

Անժելիկա Չեչինա, ռուս լրագրող, իրավապաշտպան.

Հունվարի 21-25-ը Ստեփանակերտում էի։ Քաղաքը շարունակում է զուրկ լինել ջրամատակարարումից ու հոսանքից։ Ջուրը բերվում է դրսից այնպիսի դժվարությամբ, որ ամոթ է նույնիսկ թեյ խմել։ Սննդի խանութներում վաճառվող որևէ ապրանք չկա։ Սովից փքվելու դեպքեր կան քաղաքում։ Ստեփանակերտը նացիստների կողմից շրջափակված Լենինգրադի մասին վավերագրությունն է ինձ հիշեցնում[30]։

Los Angeles Times-ի թղթակից Ջոն-Թոր Դալբուրգ.

Երրորդ ամիսն է, ինչ մարդիկ ապրում են գետնադամբաններում, շատերը հուսալքված են…

Ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ պատերազմական վիճակում գտնվող և շրջափակված մայրաքաղաքում կյանքը վերադարձել է քարե դարի սղությանն ու անապահովությանը։ Վերցնենք, օրինակ, խմելու ջուրը, որի ձեռք բերումը մեծագույն հոգսի է վերածվել այն բանից հետո, ինչ Ադրբեջանն էլեկտրամատակարարումից զրկել է հիմնականում հայերով բնակեցված 70 հազարանոց քաղաքի պոմպերը… Ստորգետնյա ապաստարանում Լիդիա Հայրապետյանը մի գիշեր արթնացավ գլխավերևում լսվող ուժեղ աղմուկից. «Երեք ամիս շարունակ մենք չէինք լվացվում, մոռացել էինք՝ ինչ բան է լոգանքը»,-նշում է երեք երեխաների մայրը։ Նա, ինչպես և շենքի նկուղում ապաստանող ևս 36 ընտանիք զուրկ են նույնիսկ հացից, քանի որ հացատները ռմբակոծված են, փոխարենը նրանք մաքրում են ցորենի հատիկներն ու խաշում։ «Հիմնականում կարողանում ենք գոյատևել թեյի հաշվին»,- նշում է Հայրապետյանը։ - «Այլևս չկա արիշտա, չկա բրինձ»[31]։

Chicago Tribune-ի թղթակից Մայքլ ՄաքԳայար։

Մայրաքաղաք Ստեփանակերտն ամենօրյա հրետակոծության ներքո է։ Ջեռուցվող կամ էլեկտրականություն ունեցող ոչ մի տուն չկա։ Շրջափակման հետևանքով արգելափակված է ցանկացած տիպի վառելիքի մուտքը … Յուրաքանչյուր գյուղ ինքնապաշտպանական իր ուժերն ունի, քանի որ յուրաքանչյուր գյուղ պատերազմի գոտի է[32]։

Daily Telegraph:

Ադրբեջանական օդուժը կիրակի ռմբակոծել է հայկական անկլավ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքը՝ ոչնչացնելով փախստականների հանրակացարանը, 10 զոհ պատճառելով, հաղորդում է մամուլը։ Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի խոսնակը նշում է, որ երկու Սու-25 գրոհիչներ 500 կիլոգրամանոց ռումբեր են նետել Ստեփանակերտի հանրակացարանի վրա՝ տասնյակ կյանքեր խլելով։

ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը հայտնում է, որ խաղաղ բնակիչները թաղված են իրենց տների փլատակներում, նման դեպքերի քանակը հայտնի չէ[33]։

Ռուս գրող, իրավապաշտպան Ինեսսա Բուրկովա.

Ադրբեջանական հրետանին բոլոր կողմերից գնդակոծում էր Արցախը երկու տարի շարունակ։ Նրանք հրետակոծում էին ոչ թե Ղարաբաղի ինքնապաշտպանական բանակի հենակետերը, այլ բնակելի տարածքները։ Իսկ փետրվարի կեսից քաղաքի ու Արցախի գյուղերի բնակչության դեմ նրանք կիրառում էին զանգվածային ոչնչացման զենքեր՝ համազարկային կրակի «Գրադ» կայաններ, ինչն արգելված զինատեսակ է։

Ինչպես միջազգային հանրությունն, այնպես էլ Ռուսաստանի նորընտիր ժողովրդավար առաջնորդները լուռ են, ոչ ոք Ադրբեջանին պատասխանատվության չի ենթարկում միջազգային իրավունքը ոտնահարելու համար[34]։

Ռուս լրագրող Գալինա Կովալսկայա

Ադրբեջանական կողմն ավելի շատ զինծառայող է կորցրել, բայց հայկական կողմն անհամեմատ առավել մեծ կորուստներ ունի խաղաղ բնակչության շրջանում, քանի որ պատերազմական գործողությունները հիմնականում ծավալվում են հայաբնակ շրջաններում (հայերը մեծամասնություն են կազմում Ղարաբաղում)։ Դրանից բացի Ղարաբաղի հայերը պարզապես հյուծվել են առօրյայի ռազմականացման հետևանքով։ Վառելիքը բավարար չէ, գազատարը մշտապես պայթեցված է, ցուրտ է, շրջափակված քաղաքում սով է…[35]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Witt, Howard (1992 թ․ մայիսի 31). «Besieged Armenians Live In Daze». Chicago Tribute. Վերցված է 2013 թ․ հունիսի 19-ին.
  2. Taylor & Francis (2004). The Europa World yearbook 2004 (45. ed.). London: Europa. էջեր 554–555. ISBN 9781857432541.
  3. Eastern Europe, Russia and Central Asia (3rd ed.). London: Europa Publications Limited. 2002. էջ 130. ISBN 9781857431377.
  4. Denber, Rachel (July 1993). Bloodshed in the Caucasus: Indiscriminate Bombing and Shelling by Azerbaijani Forces in Nagorno Karabakh (PDF). Human Rights Watch/Helsinki. էջեր 11, 5.
  5. Human rights and democratization in the newly independent states of the former Soviet Union, Volume 4; Volume 85. United States. Congress. Commission on Security and Cooperation in Europe. էջ 125.
  6. The Daily Telegraph, Azeri jets bomb capital of enclave - Aug 23, 1992
  7. Bloodshed in the Caucasus: escalation of the armed conflict in Nagorno Karabakh. Human Rights Watch, 1992. ISBN 1-56432-081-2, 9781564320810, p. 32
  8. «Human Rights Watch World Report - The Former Soviet Union». Human Rights Watch.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Bloodshed in the Caucasus: escalation of the armed conflict in Nagorno Karabakh. 1992, page 12; 34
  10. «Report of Memorial Human rights center (In Russian)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
  11. «Группа Российских Войск в Закавказье (ГРВЗ». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
  12. Irredentism: ethnic conflict and international politics By Thomas Ambrosio - page 148
  13. Denber, Rachel (July 1993). Bloodshed in the Caucasus: Indiscriminate Bombing and Shelling by Azerbaijani Forces in Nagorno Karabakh (PDF). Human Rights Watch/Helsinki. էջեր 11, 5.
  14. 14,0 14,1 14,2 14,3 De Waal, Thomas. Black garden: Armenia and Azerbaijan through peace and war. էջ 175.
  15. 15,0 15,1 Caroline Cox and John Eibner (1993). Ethnic Cleansing in Progress: War in Nagorno Karabakh Zürich; Washington: Institute for Religious Minorities in the Islamic World.
  16. Denber, Rachel (July 1993). Bloodshed in the Caucasus: Indiscriminate Bombing and Shelling by Azerbaijani Forces in Nagorno Karabakh (PDF). Human Rights Watch/Helsinki. էջ 11.
  17. Cox's book of modern saints and martyrs By Caroline Cox, Catherine Butcher - page 100
  18. Azerbaijani State Television, 24, July 1994
  19. Analysis: Council Of Europe Calls For Talks Between Azerbaijan, Karabakh Leadership
  20. Wines, Michael (2001 թ․ մայիսի 27). «Trying to Tell a Truce From a War». The New York Times. էջ 1.8. Վերցված է 2007 թ․ մարտի 14-ին.
  21. Azerbaijan Diary: A Rogue Reporter's Adventures in an Oil-Rich, War-Torn, Post-Soviet Republic By Thomas Goltz -page 184
  22. JPRS report: Central Eurasia. Military affairs: Issue 35; Issue 35 - United States. Foreign Broadcast Information Service - page 23
  23. Conflicts in the OSCE area - Ole Berthelsen, Sven Gunnar Simonsen, International Peace Research Institute, page 12
  24. The Armenia-Azerbaijan conflict: causes and implications By Michael P. Croissant - page 79
  25. Conflict, Cleavage, and Change in Central Asia and the Caucasus By Karen Dawisha, Bruce Parrott - page 82
  26. Armenia: portraits of survival and hope By Donald Earl Miller, Lorna Touryan Miller, Jerry Berndt - page 74
  27. Freedom Support Act (1992) Section 907: Restrictions on the Assistance to Azerbaijan. Public Law 102-511, Washington DC, 24 Oct. 1992
  28. Helsinki Watch (1992). Annual Helsinki Watch report. էջ 231.
  29. The global dynamics of news. Abbas Malek, Anandam P. Kavoori. էջ 193.
  30. Журнал “Новое Время”, #8, 1992 (Russia)
  31. Life Goes Underground in a Capital Under Siege : Nagorno-Karabakh: Frightened citizens find refuge in cramped spaces beneath buildings as battles continue. February 25, 1992 by John-Thor Dahlburg, Los Angeles Times
  32. Armenia, Azerbaijan Battle On. Hopes Slim For Ending Bloody Conflict Over Disputed Area by Michael McGuire, Chicago Tribune. May 31, 1992
  33. The Daily Telegraph, Azeri jets bomb capital of enclave - Aug 23, 1992
  34. Голос Армении, 21 сент., 1993 Инесса Буркова. Кто же агрессор?
  35. Галина Ковальская, "Новое время", N 7, февраль, 1992 Galina Kovalskaya “Nagorno-Karabakh: there are no righteous, there are the killed” in Novoye Vremya No: 7, Feb 1992

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]