Ստաս Նամին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստաս Նամին
Նաև հայտնի է որպեսСтас Намин
Ծնվել էնոյեմբերի 8, 1951(1951-11-08)[1] (72 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
Երկիր Ռուսաստան և  ԽՍՀՄ
Ժանրերարտ ռոք, բլյուզ ռոք, ֆոլկ ռոք, ջազ, սիմֆոնիկ երաժշտություն և սիմֆո ռոք
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժիշտ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, նկարիչ, կիթառահար, լուսանկարիչ, ռեժիսոր, կինոպրոդյուսեր, impresario, ռոք երաժիշտ և թատերական պրոդյուսեր
Գործիքներկիթառ, Սիտար և ստեղնաշարային գործիքներ
ԿրթությունՄոսկվայի Սուվորովի անվան ռազմական դպրոց, Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարան, Մոսկվայի պետական համալսարան (1978) և Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ (1983)
ԱնդամակցությունՍտաս Նամինի «Ծաղիկներ» խումբ
ԱմուսինԼյուդմիլա Սենչինա
Պարգևներ
Բարեկամության շքանշան[2] և Բարեկամության շքանշան
Կայքstasnamin.com
 Stas Namin Վիքիպահեստում

«Ստաս Նամինը արտակարգ բազմակողմանի անձնավորություն է, կարելի է ասել, Վերածնունդի դարաշրջանի մարդ։ Թատերական և կինոռեժիսոր։ Երաժիշտ և կոմպոզիտոր, նկարիչ և լուսանկարիչ, պրոդյուսեր և «աստղեր» հայտնաբերող, բազմաթիվ նորարարական ծրագրերի հեղինակ։» «Մոսկովսկիյ կոմսոմոլեց» օրաթերթ, 21.04.2000

Ստաս Նամին պաշտամունքային երևույթ է Ռուսաստանում։ Սովետական ռոք- հիմնադիրներից մեկը, լեգենդար «Ծաղիկներ» խմբի, որն իր համարյա հիսունամյա գործունեության ընթացքում վաճառել է ավելի քան 60 մլն ձայնապնակ Սովետական Միության և Արևելյան բլոկի երկրների տարածքում, ստեղծող և ղեկավար, բազմաթիվ հանրաճանաչ («Ամառային երեկո», «Իսկապես կարոտ», «Մենք ձեզ երջանկություն ենք ցանկանում» և այլ) երգերի հեղինակ։ Կազմակերպել է Ռուսաստանում առաջին անկախ պրոդյուսերական SNC կենտրոնը, որտեղից դուրս են եկել ռուսական «աստղերից» շատերը, որոնցից մեկն էլ Նամինի ստեղծած «Corky Park» խումբն էր։ Երկրում առաջին պոպ- և ռոք-փառատոնների, այդ թվում՝ «Միասնական աշխարհ», «Ռոք Կրեմլից», 1989 թ. Լուժնիկիում կայացած Խաղաղության փառատոնի և այլ փառատոնների կազմակերպիչն է, առաջին մասնավոր անտրեպրիզների հիմնադիր։ Ստեղծել է ձայնագրական ընկերություն, ռադիոկայան, հեռուստաընկերություն, համերգային գործակալություն, դիզայնի ստուդիա ևն, որոնք, կոտրելով պետոության մենաշնորհը, ռուսական շոու-բիզնեսի սկիզբն են դրել։ Կազմակերպել է առաջին ոչ պետական սիմֆոնիկ նվագախումբը և երկրում առաջին մյուզիքլի թատրոնը։

2000-ից ի վեր Նամինը զբաղվել է անհատական ստեղծագործությամբ։

Որպես թատերական ռեժիսոր ու պրոդյուսեր Նամինը իր 1999 թ. ստեղծած թատրոնում զբաղվում է ներկայացումների բեմադրությամբ, որոնցից առաջիններն էին ամերիկյան հանրահռչակ «Մազեր» մյուզիքլը և «Հիսուս Քրիստոս Սուպերաստղ» ռոք-օպերան. երկուսն էլ արդեն 18 տարի է բեմահարթակից չեն իջնում։ Նամինի թատրոնի վերջին ներկայացումներից է 1913 թվականի «Հաղթել արեգակին» ավանգարդային օպերայի վերականգնված բեմադրությունը, որը 2015-ին ներկայացվել է երեք հայտնի միջազգային բեմահարթակներին և քննադատների ու արվեստագետների բարձր գնահատականի է արժանացել՝ ժամանակակից արվեստի խոշորագույն «Արտ-Բազել» ցուցահանդեսում, Մոսկվայի ժամանակակից արվեստի բիեննալեում և փարիզյան ամենամյա FIAC ցուցահանդես-տոնավաճառում։

«Ծաղիկներ» խմբի հետ Abbey Road-ում ձայնագրել և լույս է ընծայել երկու նոր աուդիոալբոմ «Ետ դեպի ԽՍՀՄ» և «Լուսամուտդ դեպի ազատությունը բաց արա», ինչպես նաև երեք DVD՝ «Ծաղիկներ. 40 տարի», «Homo Sapiens» («Մարդ բանական») և «Flower Power» («Ծաղիկների իշխանությունը»)։ Նամինի նոր երգերից են՝ մարդկության միասնության խորհրդանիշ դարձած «Լույս և խնդություն» հորինվածքը, ռուսաստանյան ռոք-աստղերի հետ միասին որպես մեր ժամանակին ուղերձ կատարած «Խրախճանք ժանտախտի ժամանակ» Ուկրաինայում պատերազմի մասին երգը, ինչպես նաև աշխարհում ճանաչում ստացած «Another Brick in the Wall» և «Give Peace a Chance» երգերի վերակատարումը։

Լույս է ընծայվել «Աշունը Պետերբուրգում» սյուիտի համերգային տարբերակը, և 2016 թ. Գերմանիայում կատարվել ու ձայնագրվել է նրա դաշնամուրային տարբերակը։ Բացի այդ Նամինը ստեղծել է և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ 2016 թ. ձայնագրել Centuria S-Quark նոր սիմֆոնիան։ 2017 թ.այդ սիմֆոնիան Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում կատարեց Ռուսաստանի ազգային նվագախումբը դիրիժորի՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Պլետնյովի հեղինակային խմբագրությամբ։

Նամինը ձայնագրել է էթնիկ երաժշտության «One World Music Freedom» հեղինակային երկակի ալբոմը Հնդկաստանի, Հայաստանի, Իսրայելի, Պաղեստինի, Մեծ Բրիտանիայի, Աֆրիկայի և այլ երաժիշտների մասնակցությամբ։

Որպես սիթառահար նա համերգով հանդես է եկել Վրինդավանում (Հնդկաստան) ու ձայնագրել է «Մեդիտացիա» եռակի ալբոմը։

Որպես կինոռեժիսոր և պրոդյուսեր Նամինը ստեղծել է վավերագրական ֆիլմերի շարք՝ հարցազրույց-ֆիլմ Էրնստ Նեիզվեստնու հետ, «Կախարդական Հնդկաստան», «Հայաստանի հին տաճարները» Կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցությամբ, ռուս-ամերիկյան համատեղ «Իրական Կուբան» և «Free to Rock» ֆիլմերը։ Նա հանդես է եկել որպես պրոդյուսեր «Free to Rock» ֆիլմում, որը ներկայացվել է Վաշինգտոնի Կապիտոլիումում, Ռոքնռոլի փառքի դահլիճի թանգարանում (Սիեթլ) և Գրեմմի թանգարանում (Լոս Անջելես)։ Համաշխարհային հեռուստապրեմիերան տեղի է ունեցել PBS ալիքով (ԱՄՆ)։

Որպես լուսանկարիչ Նամինը վաղուց է ճանաչում գտել Ռուսաստանում և արտասահմանում։ Ռուսական պետական թանգարանը 2001 թ. լույս է ընծայել նրա առաջին ֆոտոալբոմը, իսկ վերջերս էլ նրա 15 տարվա աշխատանքը՝ «Վեներայի կախարդանքը» ալբոմը, նվիրված մարդու ծննդյան երևույթին։

Գեղանկարչությամբ ու գծանկարչությամբ Նամինը զբաղվում է արդեն տասնհինգ տարուց ավելի։ Նրա աշխատանքները ցուցադրվել են Ռուսաստանի տարբեր պատկերասրահներում ու թանգարաններում։ Վերջին տարիների ընթացքում նա ստեղծել է «Անկեղծորեն» դիմանկարների շարք, իտալական շարք և Հայաստանին ու Երուսաղեմին նվիրված աշխատանքների շարք։ 2014 թ. Նամինը ստացել է Ռուսաստանի արվեստների ակադեմիայի պատվավոր անդամի կոչում։ 2016 թ. Ակադեմիան ներկայացրել է Նամինի «Անկեղծորեն» (Inside Out) անհատական ցուցահանդեսը, նվիրված նրա 65-ամյակին։

Վաղ տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստաս Նամինը ծնվել է 1951 թ. նոյեմբերի 8-ին Մոսկվայում։ Վաղ մանկությունը անց է կացրել ծնողների հետ կայազորերում, քանի որ հայրը ռազմական օդաչու էր, Մեծ հայրենական պատերազմի մասնակից։ Մայրը՝ երաժշտագետ և գրող, ու այդ պատճառով նրանց տանը լինում էին Դմիտրի Շոստակովիչը, Արամ Խաչատրյանը, Մստիսլավ Ռոստրապովիչը, Ալֆրեդ Շնիտկեն և ուրիշ հայտնի երաժիշտներ։ Ստասի առաջին երաժշտության ուսուցիչը Առնո Բաբաջանյանն էր։
Վեց տարեկանից Նամինը դպրոց է գնացել, իսկ չորս տարի անց ընդունվել է Մոսկվայի Սուվորովի անվան Ռազմական ուսումնարան և ստացել յոթնամյա ռազմական կրթություն։

1960-ները[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թ.
Ուսումնարանում սովորելու տարիներին Նամինը առաջին անգամ լսեց The Beatles և The Rolling Stones ու տարվեց ռոք-երաժշտությամբ։
  • 1964 Ռազմական ուսումնարանում կազմակերպում է իր առաջին «Չառոդեի»(«Կախարդներ») խումբը։
  • 1967 Կազմակերպում է «Պոլիտբյուրո» («Քաղբյուրո») խումբը։
  • 1969 Նամինը ընդունվում է Օտար լեզուների ինստիտուտ և դառնում է «Բլիկի» («Ցոլքեր») խմբի լիդեր-կիթառահար։ Նրան հետաքրքրում է հասարակության դեմ պայքարող հիպպիների «ծաղիկների երեխաներ» շարժումը, և 1969-ի վերջում, «Վուդստոկ»-ի լեգենդար հիպպի-ռոք-փառատոնից տպավորված, նա ստեղծուն է «Ծաղիկներ» նոր խումբը, որը հետագայում դառնում է ազգային առաջին սուպերխումբը և փաստորեն ռոք-շարժման սկիզբ դնում երկրի զանգվածային մշակույթում։

1970-ները[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թ.
  • 1973 «Մելոդիա» ֆիրմայի թողարկած ուսանողական «Ծաղիկներ» խմբի սինգլը անսպասելիորեն տարածվում է աննախընթաց յոթ միլիոն օրինակի քանակով։
  • 1974 Նույն հսկայական տպաքանակով լույս է տեսնում «Ծաղիկներ»-ի երկրորդ սինգլը։ Մոսկվայի մամուլը «Ծաղիկներ»-ն անվանում է «սովետական Beatles»: Նամինը իր խմբով սկսում է պրոֆեսիոնալ գործունեություն։
  • 1975 ՍՍՀՄ մշակույթի նախարարությունը արգելում է «Ծաղիկներ» խումբը և նույնիսկ նրա անվանումը որպես «արևմտյան գաղափարախոսության և հիպպիների գաղափարների քարոզչություն»։ Խմբի աշխատանքի հարկադրական ընդմիջումը Նամինը օգտագործում է Մոսկվայի պետական համալսարանում, որտեղ նա տեղափոխվել էր 1972 թ., ուսումը ավարտելու համար։ Այդ ժամանակ նա շատ է շփվում իշխանության կողմից արգելված այլախոհ պոետների, գրողների ու նոն-կոնֆորմիստ նկարիչների հետ՝ Անատոլի Զվերևի, Օլեգ Ցելկովի, Անատոլի Բրուսիլովսկու, Իոսիֆ Կիբլիցկու, Ալյոնա Բասիլովայի, Վենեդիկտ Երոֆեևի, Գենրիխ Սապգիրի, Յուզ Ալեշկովսկու և ուրիշների հետ։ Նույն ժամանակ՝ The Beatles-ի ազդեցության տակ, Բհակտիվեդանտա Սվամի ՊրաբհուպադայիՄոսկվա այցից հետո տարվում է հնդկական երաժշտությամբ ու վեդայական մշակույթով։
  • 1976 Նամինը նորից հավաքում է իր խումբը, և «Ծաղիկներ»-ը վերսկսում են գործունեությունը առանց արգելված անվանումի՝ որպես «Ստաս Նամինի խումբ»։
  • 1977 Լույս է տեսնում «Ստաս Նամինի խմբի» առաջին սինգլը, և այն դառնում է առաջվա պես պոպուլար, բայց և առաջվա պես պաշտոնապես արգելված։
  • 1978-79 Լույս են տեսնում այսօր դասական դարձած «Հրաժեշտ տալը շուտ է», «Ամառային երեկո» և այլ երգերով ձայնասկավառակներ։

1980-ները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1980 Օլիմպիական խաղերի կապակցությամբ տեղի է ունենում վարչակարգի ճնշման թուլացում, և «Ստաս Նամինի խմբին» հաջողվում է տաս տարվա ընթացքում առաջին անգամ լույս ընծայել «Օրհներգ արևին» ալբոմը և առաջին անգամ ելույթ ունենալ հեռուստատեսությամբ։
  • 1981 Նամինը Մոսկվայում ծանոթանում է ու ելույթ է ունենում Հարրի Բելաֆոնտեի հետ և վերջինիս հրավերով դառնում է «Արվեստի մարդիկ խաղաղության համար» համաշխարհային ասոցիացիայի անդամ։ Ամբողջ երկիրը երգում է նրա «Յուրմալա» երգը։
Նամինը Երևանում կազմակերպում է ռոք-երաժշտության առաջին փառատոնը, որի մասին հիացմունքով գրում են «Time» (ԱՄՆ) և «Stern» (ԳՖՀ) հանդեսները, որից հետո ՊԱԿ-ը Նամինին զրկում է աշխատանքի իրավունքից ու անձնագրից, իսկ դատախազությունն սկսում է հետապնդել խումբը, առիթ փնտրելով քրեական գործ հարուցելու համար։
  • 1982 Բախվելով վարչակարգի լուրջ ճնշմանը՝ Նամինը գրում է սոցիալական և քաղաքական ուղղվածության երգեր, որոնք, բնական է, գրաքննությունն արգելում է, և Սովետական Միությունում դրանք չեն հրատարակվում։ Նամինի անունն իսկ իշխանության համար այլախողություն է խորհրդանշում, ինչ էլ որ նա չգրի։ Նույնիսկ նրա՝ այսօր դասական և ազգային հիթ դարձած «Մենք ձեզ երջանկություն ենք մաղթում» երգը, որը 30 տարի երգում է ամբողջ երկիրը, երեք տարի արգելքի տակ էր գտնվում։
Նամինը ծանոթանում է կոմպոզիտոր Գեորգի Սվիրիդովի հետ և ցույց է տալիս նրան իր գրած երաժշտությունը։ Սվիրիդովը նշում է Նամինի վառ արտահայտիչ մեղեդիները և նրանց անսպասելի զարգացումը, նա խորհուրդ է տալիս շարունակել երգեր գրել և անտեսել իշխանության հետ ունեցած խնդիրները։
Արգելքների պատճառով, որ բոլորովին անհնարին էին դարձրել երաժշտությամբ զբաղվելը, Նամինը որոշում է այնուամենայնիվ մասնագիտությունը փոխել և ընդունվում է Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ։ Նրա ուսուցիչներն են եղել Լև Գումիլյովը, Պաոլա Վոլկովան, Անատոլի Վասիլյևը, Ալեքսանդր Միտտան և ուրիշ նշանավոր անձինք։ Դասընթացները ավարտելուց հետո էլ նրանք երկար ժամանակ բարեկամական կապեր են պահպանում։
  • 1983 Քննական հանձնաժողովը չի ընդունում Նամինի կուրսային աշխատանքը, մեղադրելով նրան արևմտյան գաղափարախոսության ազդեցության մեջ։
Այդ ժամանակ Նամինը կիսաարգելված պոետներ Եվգենի Եվտուշենկոյի, Անդրեյ Վոզնեսենսկու, Դավիդ Սամոյլովի, Նիկոլայ Ռուբցովի, Անդրեյ Բիտովի և ուրիշների հետ գրում է երգերի շարք։ «Ծաղիկների» այդ նոր երգացանկը արգելվում է նույնիսկ համերգային կատարմամբ։ Մեկ անգամ միայն հաջողվում է ապօրինի կատարել այն և նկարահանել Ալմա Աթայի հեռուստաստուդիայում։
  • 1984 Ավարտում է ԽՍՀՄ Պետկինոյի Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացները, ուր որպես կուրսային աշխատանքներ իր առաջին բեմական փորձերն էր ներկայացրել, որոնք սակայն հանձնաժողովի կողմից չէին ընդունվել գաղափարախոսական նկատառումներով։
Որպես դիպլոմային աշխատանք նկարահանում է ԽՍՀՄ-ում առաջին տեսահոլովակը իր «Հին Նոր տարի» (խոսք՝ Ա.Վոզնեսենսկու) երգի համար, որն ուներ ակնհայտորեն քաղաքական ենթատեքստ։ Այս աշխատանքը նույնպես չի ընդունվում, և նա դիպլոմ չի ստանում։ Տեսահոլովակը արգելվեց ԽՍՀՄ-ում, և առաջին անգամ այն եթեր արձակեց ԱՄՆ-ում MTV ալիքը միայն 1986-ին։
  • 1985 Երիտասարդության և ուսանողների մոսկովյան փառատոնի օրերին առանց ՊԱԿ-ի թույլատվության Նամինի տուն հյուր են գալիս Միշել Լեգրանը, Միկիս Թեոդորակիսը, Ուդո Լինդենբերգը, Դեվիդ Վուլկոմբը, Դին Ռիդը և այլ արտասահմանյան երաժիշտներ, որոնց հետ նա առանց Մշակույթի նախարարության թույլտվության ստեղծում է համատեղ ստեղծագործական ծրագրեր և ձայնագրում է «Մենք ձեզ երջանկություն ենք մաղթում» երկակի ալբոմը, որը ԽՍՀՄ-ում իսկույն արգելում են։ Մշակույթի նախարարությունը հատուկ հրավիրված ժողովին պաշտոնապես Նամինին և նրա խմբին մեղադրում են «Պենտագոնի քաղաքականությանը օժանդակելու մեջ»։
Անդրեյ Վոզնեսենսկին Նամինին հրավիրում է Պերեդելկինո իր ամառանոցը և ծանոթացնում է բիթ սերնդի լեգենդ՝ պոետ Ալլեն Գինսբերգի հետ։
1989 թ.
  • 1986 Միայն Միխայիլ Գորբաչովի իշխանության գալուց հետո, երբ սկսվեց «վերակառուցումը», Ստաս Նամինի խումբը կես տարի տևած սկանդալից հետո առաջին անգամ կարողացավ արտասահման գնալ։ Մեկ ու կես ամսվա ընթացքում խումբն այցելում է ԱՄՆ-ի ու Կանադայի 18 քաղաքներ, ելույթներով հանդես գալով ամերիկյան հանդիսատեսի առջև։
Այնտեղ Նամինը ծանոթանում և նվագում է աշխարհահռչակ ռոք-աստղերի հետ՝ ՄԱԿ-ում (Նյու Յորք), Քենեդի Կենտրոնում (Վաշինգտոն) և այլ հեղինակավոր համերգասրահներում։
Մանհեթենի «Lime Light» դահլիճում Ջոն Լենոնի ծննդյան օրը կայացած համերգից ու Hard Rock Cafe-ում մամլո ասուլիսից հետո Յոկո Օնոն Նամինին հրավիրում է իր և Ջոն Լենոնի բնակարանը «Դակոտա»-ում, որտեղ նրանք անց են կացնում մի քանի ժամ, զրուցելով Ջոնի կյանքի ու ստեղծագործության մասին։
Դեկտեմբերին Պիտեր Գեբրիելի հրավերով Նամինը մասնակցում է Ճապոնիայի Japan Aid փառատոնին՝ Գեբրիելի, Լիթլ Սթիվենի, Լու Ռիդի, Ջեկսոն Բրաունի և աշխարհի ռոք մշակույթի մյուս աստծերի հետ։
Այնուհետև արդեն խումբը ազատորեն շրջագայում է համերգներով Եվրոպայում, Աֆրիկայում, Ավստրալիայում, Հարավային և Հյուսիսային Ամերիկայում, Ճապոնիայում, և այսպես՝ չորս տարվա ընթացքում կատարում է շուրջերկրյա ճամփորդություն։
Դեռևս Ճապոնիայում եղած ժամանակ Նամինը և Գեբրիելը որոշում են կազմակերպել ալտերնատիվ երաժշտական ընկերություններ։ Գեբրիելը ստեղծում է «Real World Records» ընկերությունը աշխարհի էթնիկ երաժիշտներին օգնելու համար, իսկ Նամինը՝ SNC կենտրոնը սովետական վարչակարգի կողմից արգելված երաժիշտներին, նկարիչներին ու պոետներին օժանդակելու համար։
  • 1987 SNC ալտերնատիվ մշակութային կենտրոնը առանց պաշտոնական թույլատվության ու առանց փաստաթղթերի սկսում է աշխատել Գորկու անվան զբոսայգում (Մոսկվա)։ Այստեղ Նամինը հավաքում է արգելված տաղանդավոր երաժիշտներին, առաջադեմ բանաստեղծներին, նկարիչներին ու դիզայներներին։ SNC-ը դառնում է մեր երկրում միակ նոր ազատ արվեստի օջախը, որ կարելի է համեմատել Էնդի Ուորհոլի Նյու Յորքի ստուդիայի հետ։ Ֆրենկ Զապպան այն կոչում է նոր ազատ մշակույթը ներկայացնող «ռուսական Բաուհաուս»։ Կենտրոնի հյուրերն են եղել Pink Floyd, U-2, Քվինսի Ջոնսը, Պիտեր Գեբրիելը, Էննի Լեննոքսը, Բրայան Մեյը, Ռինգո Սթարը, Ռոբերտ Դե Նիրոն, Առնոլդ Շվարցենեգերը և շատ ուրիշներ։ Scorpions խումբը, ոգեշնչված Գորկու զբոսայգու Կենտրոնի նորարարական կյանքով, 1990-ների սկզբին SNC-ի համար գրում է իր «Փոփոխումների քամին» հիթը, իսկ Նամինը խմբի խնդրանքով գրում է երգի ռուսերեն տեքստը։ Այստեղ է Նամինը ստեղծում իր նոր «Парк Горького» («Գորկի Պարկ») խումբը, որը դառնում է համաշխարհային ճանաչում ստացած առաջին և միակ ռուսական ռոք-խումբը։
  • 1988 Ֆրենկ Զապպան Ռուսաստան է գալիս Նամինի հետ ծանոթանալու համար։ Նրանք մտերիմ ընկերներ են դառնում, և Զապպան ևս մի քանի անգամ այցելում է Ռուսւստանը։ Նամինը Զապպային ծանոթացնում է Ալֆրեդ Շնիտկեի հետ, երիտասարդ երաժիշտների ու նկարիչների հետ։ Զապպան ֆիլմ է նկարահանում Ստաս Նամինի Կենտրոնի մասին։ ՌԳԱ ակադեմիկոս Եվգենի Վելիխովի հրավերով Նամինը դառնում է 1987 թ-ին սովետական և ամերիկյան գիտնականների և մշակույթի գործիչների համատեղ նախաձեռնությամբ կազմակերպած «Մարդկության գոյատևման և զարգացման համար» Միջազգային հասարակական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ։
Նյու Յորքում հյուրախաղերի ժամանակ Նամինը Կիտ Ռիչարդսի հրավերով մասնակցում է նրա Talk is Cheap մենաալբոմի ձայնագրությանը։
  • 1989 Նամինի նախաձեռնությամբ կազմակերպվում է պատմության մեջ առաջին սովետական մշակութա-քաղաքական պատգամավորություն Ալյասկա, որից հետո կանոնավոր չվերթներ են բացվում Ռուսւստանից դեպի Անկորիջ։ Ստաս Նամինը Էդդի Մանիի (ԱՄՆ) հետ համատեղ շրջագայություն են կատարում Ալյասկայով։
Օգոստոսին Նամինը ԽՍՀՄ-ում ռոքի առաջին միջազգային փառատոնն է կազմակերպում՝ Մոսկովյան խաղաղության փառատոն Լենինի անվան մարզադաշտում (200 հազար հանդիսատես), Bon Jovi, Motley Crue, Scorpions, Ozzy Osbourne, Skid Row, Cinderella, Նանինիի և նոր «Գորկի Պարկ» խմբի մասնակցությամբ։ Արևմտյան մամուլը փառատոնը անվանում է «ռուսական Վուդստոկ», որն ազատ Ռուսաստանի համար նոր դարաշրջան է ազդարարում։
Փառատոնը հեռարձակվում է աշխարհի 59 երկրներում և մրցանակաբաշխության է արժանանում որպես տարվա կարևորագույն իրադարձություն։
Նույն թվականին Նամինն ստեղծում է Մոսկվայի սիմֆոնիկ նվագախումբը և մի շարք համերգներ կազմակերպում Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում և Պ.Ի.Չայկովսկու անվան համերգային դահլիճում (Մոսկվա)։


Guests of The Stas Namin Centre
Guests of The Stas Namin Centre


1990-ները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1990 Նամինը ընդհատում է «Ծաղիկներ» խմբի ելույթները և զբաղվում է սոցիալական ծրագրերով։
Գարնանը ստեղծում է ԽՍՀՄ-ում առաջին մասնավոր անկախ «SNC Records» ձայնագրման ընկերությունը, որը կոտրում է «Մելոդիա» ընկերության բազմամյա մենաշնորհը և արագորեն նվաճում է սովետական շուկան։ «SNC Records»-ը լույս է ընծայում առաջներում արգելված ռուսաստանյան երիտասարդ պոպ- և ռոք-երաժիշտների ձայնագրությունները, ինչպես նաև արևմտյան երաժիշտների գործերը Castle Communications (Մեծ Բրիտանիա) ընկերության լիցենզիայով, ինչի համար «Ոսկե սկավառակի» է արժանանում։
Ամռանը Նամինը Մոսկվայում անց է կացնում առաջին «Միասնական աշխարհ» միջազգային փառատոնը։ Եւ միաժամանակ նրա խմբերը Փարիզում մասնակցում են SOS Racisme փառատոնին։
«Միասնական աշխարհ» փառատոնի հիմնական գաղափարը մի բեմի վրա տարբեր ազգերի, մարդացեղերի ու կրոնների կատարողներին համախմբելն է։ Փառատոնի գլխավոր նպատակը երկրագնդի մարդկանց ազգային, սոցիալական և կրոնական մեկուսացումը հաղթահարելն է, մարդկանց իրական միասնությանն ու եղբայրությանը հասնելու ճանապարհների որոնումը։
Vanderbilt համալսարանը (ք.Նեշվիլ, ԱՄՆ) սահմանում է Ստաս Նամինի անվան թոշակ։
Նամինի ստեղծած Stanbet Sport գործակալությունը կազմակերպում է սովետական մարզիկների (թենիսիստ Անդրեյ Չեսնոկովի, հոկեիստներ Վյաչեսլավ Ֆետիսովի և Ալեքսեյ Կասատոնովի) և արևմտյան պրոդյուսերների միջև պայմանագրերի անմիջական ստորագրում, դրանով իսկ քանդելով Սպորտի պետկոմիտեի մենաշնորհը։ Այդ պայմանագրերը բոլոր ռուսաստանյան մարզիկների համար ճանապարհ են բացում դեպի համաշխարհային սպորտը։
Հռչակավոր բռնցքամարտիկ Վիկտոր Ագեևի հետ միասին մասնակցում է Ռուսաստանի պրոֆեսիոնալ բռնցքամարտի ֆեդերացիայի ստեղծմանը։
  • 1991 Անց է կացնում սիմֆոնիկ, կամերային և օպերային երաժշտության համերգների շարք Մոսկվայի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում և Պ.Ի.Չայկովսկու անվան համերգային դահլիճում (Մոսկվա)։ Կազմակերպում է Մոսկվայի սիմֆոնիկ նվագախմբի և Electric Light Orchestra Part II-ի համատեղ հյուրախաղեր Մեծ Բրիտանիայում։
Օգոստոսին, երբ Մոսկվայում հեղաշրջման փորձ կատարվեց, Նամինը, վերադառնալով Լոնդոնից, որտեղ նա կազմակերպել էր BBC-ի Սիմֆոնիկ նվագախմբի և Պոլյանսկու երգչախմբի համերգը Royal Albert Hall-ում, միանում է Սպիտակ տան (Ռուսաստանի Դաշնության կառավարության շենքի) պաշտպաններին։ Նա անձամբ բանակցություններ է վարում Մոսկվա մտած տանկերի հրամանատարների հետ և համոզում է նրանց ժողովրդավարության կողմն անցնել։
Աշնանը իր բարեկամի՝ նկարիչ Պիտեր Մաքսի (ԱՄՆ) և երաժիշտ Բոբ Դիլանի խնդրանքով Նամինը սովետական կառավարության հետ բանակցություններ է սկսում Շնեերսոնի գրադարանը Լյուբավիչի քասիդներին վերադարձնելու վերաբերյալ։
Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամ Կրեմլում կազմակերպում է հրեական Խանուկա տոնը և երկրով թատերապտույտ կատարում։
Կազմակերպում է Պիտեր Մաքսի ցուցահանդեսը Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայում (Մոսկվա) և Պետական Էրմիտաժում (Սանկտ-Պետերբուրգ)։ Պիտեր Մաքսը իր հերթին Ռուսաստանի ժամանակակից նկարիչներին ներկայացնում է ԱՄՆ-ում։
Նամինը առաջարկում է նոր Ռուսաստանի նախագահի պաշտոն ստանձնած Ելցինին աշխարհի շուրջ Լենինի մարմնի շրջագայության միջազգային ծրագիր։ Ծրագրի ամբողջ եկամուտն առաջարկվում էր բաժանել այն թոշակառուներին, որոնք հավատում էին Լենինին, բայց ամեն ինչից զրկվեցին։ Այդ ծրագրի մասին տեղեկությունները հրապարակվեցին աշխարհի խոշորագույն լրատվամիջոցներում, իսկ Ֆրենկ Զապպան այն բնորոշեց որպես վերջին ժամանակի ամենասրամիտը։
  • 1992 Գարնանը Նամինը կազմակերպում է «Ռոք Կրեմլից» փառատոնը։ Առաջին անգամ մինչ այդ արգելված ռոք-երաժիշտները ելույթ են ունենում Կրեմլի Պալատի բեմում, որտեղ առաջ տեղի էին ունենում միայն պաշտոնական համերգներ ու Կոմունիստական կուսակցության համագումարներ։
Ամռանը Կարմիր հրապարակում և Գորկու անվան զբոսայգում կազմակերպում է Ռուսաստանում առաջին օդապարիկների փառատոնը։
Նույն թվականին Նամինը Սիմոն Վիզենտալի հրավերով որպես խոսնակ ելույթ է ունենում «Հանդուրժողականությունը և հասարակությունը» թեմայով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնֆերանսում (Փարիզ, Ֆրանսիա)։
Նամինը ստեղծում է Stanbet Publishing հրատարակչությունը սահմանափակ տպաքանակներով էքսկլյուզիվ հրատարակություններ լույս ընծայելու համար։
Դրանց թվում են՝ Ռուսաստանում առաջին «Ռուսաստանի բիզնեսը» գրացուցակը Ռուսաստանի փոխվարչապետ Եգոր Գայդարի ներածական խոսքով, մինչ օրս նմանօրինակը չունեցող «XX դարի 100 ֆիլմերը և 50 ռեժիսորները» գիրքը, ինչպես նաև գեղանկարչության ու լուսանկարչության արտակարգ ալբոմներ, հանդեսներ և գեղարվեստական գրքեր։
  • 1993 Ամռանը Նամինը ռուս-ճապոնական «Hello Russia!» շոու է կազմակերպում Կարմիր հրապարակում, որտեղ մինչ այդ անց են կացվել միայն պետական միջոցառումներ։
Օգոստոսի 22-ին, հեղաշրջման փորձից երկու տարի անց, SNC-ն կազմակերպում է «Ռոք բարիկադների վրա» համերգը Սպիտակ տան (Ռուսաստանի Դաշնության կառավարության շենքի) առջև ի պաշտպանություն ժողովրդավարության պաշտպանների։
Դասախոսություններ է կարդում ԱՄՆ-ի համալսարաններում Ռուսաստանի մշակույթի մասին և Լոս Անջելեսում այցելում է իր բարեկամ Ֆրենկ Զապպային նրա մահից մի քանի ամիս առաջ։ Նրանք լսում և քննարկում են Զապպայի վերջին սիմֆոնիկ ալբոմը։
Նամինը ստեղծում է Stanbet Development ընկերությունը՝ համատեղ ձեռնարկություն ԱՄՆ-ում անշարժ գույքի զարգացման խոշորագույն ընկերություններից մեկի՝ Fuller Development-ի հետ։ Ընկերության ծրագրերի թվում էին Մոսկվա-Սիթի թաղամասում «Ռոսսիա» աշտարակի ճարտարապետական նախագծի մշակումը, Մոսկվայի կենտրոնում երկու բազմահարկ շենքերի կառուցումը, Ռուբլյովսկի մայրուղում «Խնձորի այգի» ակումբի կառուցումը։
  • 1994 Նամինն օդապարիկ է ստեղծում լեգենդար «Դեղին սուզանավի» տեսքով։ Այդ օդապարիկը Ալբուկերկի (ԱՄՆ) Օդապարիկների համաշխարհային փառատոնում ամենապոպուլարն է դառնում և գրանցվում է աշխարհի լավագույն օդապարիկների հանրագիտարանում։
  • 1995 Հունվարին Ստաս Նամինը հանդիպում է Ջոն Քեննեդի-կրտսերի հետ ( նրանք ծանոթացել էին դեռևս 1980-ների վերջին)։ Նրանք որոշում են հրատարակել և նույն տարվա ընթացքում հրատարակում են սեփական հանդեսներ՝ Ստասը Ռուսաստանում, իսկ Ջոնը ԱՄՆ-ում։
  • 1996 Ստաս Նամինի կենտրոնը 20-ից ավելի ռուսաստանյան թատրոնի ու կինոյի, պոպ- և ռոք-երաժշտության ամենահայտնի աստղերի համար «Հանուն ազատ Ռուսաստանի ապագայի» թատերապտույտ է կազմակերպում 16 քաղաքների մարզական համալիրներում համերգներով։
Ստաս Նամինի կենտրոնում առաջին անգամ Ռուսաստանում ելույթով հանդես են գալիս Պոլ Յանգը և ZZ Top-ը։
  • 1997 Հունիսին Նամինը Սերգեյ Սոլովյովի և Ալեքսանդր Աբդուլովի հետ կազմակերպում է XX Մոսկովյան միջազգային կինոփառատոնը, այն տեղափոխում է «Պուշկինսկի» կինոթատրոն և Ռուսաստանում մտցնում է աշխարհի կինոփառատոնների «կարմիր գորգի» ավանդույթը, կինոթատրոնի սանդուղքը դարձնելով կինոաստղերի և VIP-հյուրերի շքերթի տեղ։ Փառատոնին մասնակցելու է հրավիրում համաշխարհային ճանաչում ունեցող Ջինա Լոլոբրիջիտային, Սոֆի Լորենին, Ալբերտո Սորդիին, Օռնելա Մոտիին, Բրիջիտ Նիլսենին, Ջեֆրի Ռաշին, Ռոբերտ Դե Նիրոյին։
Հրավիրում է իր բարեկամներ Միշել Լեգրանին և Չակ Բերրիին և կազմակերպում է նրանց համերգները Մոսկվայում։
Նույն թվականին Ստաս Նամինը Դմիտրի Մուրատովի հետ միասին ստեղծում է այժմյան Ռուսաստանի ամենաառաջադեմ թերթը՝ «Նովայա գազետա»-ն, հրավիրելով Միխայիլ Գորբաչովին նրա համահիմնադիրը դառնալ։
Նույն թվականին Թուր Հեերդալի, Յուրի Սենկեվիչի և ընկերների հետ կազմակերպում ու շուրջերկրյա ճանապարհորդություն է կատարում, այցելելով Զատիկի կղզին։
  • 1998 Ստաս Նամինը ստեղծում է նոր ռեստորանի դիզայն և գաղափար՝ Ռիթմ-Բլյուզ սրճարան։ Բացմանը Մոսկվայում ելույթ ունեցան ռուսական ռոքի և ջազի աստղերը, ինչպես նաև Նոել Ռեդդինգը (Jimi Hendrix Experience) և Էրիկ Բելլը (Thin Lizzy), ովքեր եկել էին Ստաս Նամինի մենաալբոմին մասնակցելու։ Ռիթմ-Բլյուզ սրճարանը Ռուսաստանում առաջինն էր, որ ուներ սեփական երաժշտական ռեստորանային բրենդ։ Սրճարանի ճակատի պատը զարդարված է ռոք-աստղերի դիմանկարներով, և նրանցից ոմանք սրճարանի հյուրերն են եղել և պատերին թողել իրենց ինքնագրերը՝ The Rolling Stones, Ռինգո Սթարը, Սթինգը, Procol Harum, Բրայան Մեյը և ուրիշներ։ Արդեն 20 տարի է, ինչ Ռիթմ-Բլյուզ սրճարանում ամեն օր կարելի է կենդանի երաժշտություն լսել։ 2017 թ. Նյու Յորքում Ռիթմ-Բլյուզ սրճարանը ներկայացվել եր International Quality Summit (IQS) մրցանակի՝ «Ոսկի առաջադիմության, որակի և նորույթների համար» կարգում։
Նամինը իր բարեկամների՝ Լեոնարդո Դի Կապրիոյի, Ալանիս Մորիսետտի, Ջեֆրի Սաքսի, Սերգեյ Սոլովյովի և ուրիշների հետ ոչ պաշտոնապես այցելում է Կուբա, որտեղ ստեղծում է լուսանկարների շարք, որը հետագայում ներկայացվել է Պետական ռուսական թանգարանում և կազմել «Հենակետ» ալբոմի հիմքը։
  • 1999 «Մազեր» Բրոդվեի հանրահայտ հիպպի-ռոք-մյուզիքլի պրոդյուսեր Մայքլ Բաթլերի հրավերով Նամինը գալիս է Լոս Անջելես՝ ներկայացման նոր կալիֆորնյան բեմադրությունը դիտելու։ Նրանք որոշում են Մոսկվայում ստեղծել մյուզիքլի ռուսական տարբերակը։ Սեպտեմբերին Նամինը թատերախումբ է հավաքում ամերիկացի դերասանների մասնակցությամբ և նոյեմբերին տեղի է ունենում «Մազեր»-ի պրեմիերան ռուսերեն։ Դա կատարվում է Երկրորդ չեչենական պատերազմի ժամանակ, և պաշտոնական իշխանությունը Նամինին մեղադրում է պացիֆիզմի ու հայրենասիրության բացակայության մեջ։
«Մազեր» մյուզիքլի համար հավաքված թատերախումբը հիմք է դառնում Ստաս Նամինի թատրոնի համար, որն այսօր Ռուսաստանի ամենահայտնի թատրոններից մեկն է։ «Մազեր»-ը Լոս Անջելեսում ու Նյու Յորքում ներկայացնելուց հետո այն ճանաչվել է լավագույն բեմադրություններից մեկը։ «Մազեր» մյուզիքլում, «Հիսուս Քրիստոս Սուպերաստղ» ռոք-օպերայում և այլ ներկայացումներում աշխատելու համար Նամինը նորից հավաքում է «Ծաղիկներ» Խումբը։

2000-ները[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թ.
Վարանասի, 2009 թ.
  • 2000 Նշված ծրագրերից բացի Նամինը լրջորեն զբաղվում է գեղանկարչությամբ, գծանկարչությամբ, լուսանկարչությամբ ու սիմֆոնիկ և էթնիկ երաժշտությամբ, վավերագրական ֆիլմեր է նկարահանում և նոր բեմադրություններ ներկայացնում իր թատրոնում։
  • 2001 Ստաս Նամինի «Ծաղիկներ» խումբը նշում է իր 30-ամյակը, մեծ համերգ տալով Մոսկվայում, Ռուսաստանի սուպերաստղեր Լեոնիդ Ագուտինի, Տատյանա Անցիֆերովայի, Ալեքսանդր Գրադսկու, Միխայիլ Չերնովի (ԴԴՏ խումբ), Սերգեյ Մազաևի («Բարոյական կոդեթս» խումբ), Վալերի Մելաձեի, Նիկոլայ Նոսկովի, Լյուդմիլա Սենչինայի, Յուրիյ Շեվչուկի, Անդրեյ Մակարևիչի («Ժամանակի մեքենա» խումբ) և ուրիշների մասնակցությամբ։
  • 2002 «Ծաղիկներ» խումբը ձայնագրում է հին ռուսական գյուղական երգերի ռոք-տարբերակների ալբոմը։ Սեպտեմբերին Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում SNC նվագախումբը համերգ է տալիս ահաբեկչության զոհերի հիշատակին. դիրիժոր՝ Օհան Դուրյան (ծրագրում՝ Հ.Բերլիոզ «Ֆանտաստիկ սիմֆոնիա», Մ.Ռավել «Բոլերո»)։
Բացման խոսքով հանդես եկավ Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանը։
  • 2003 Նամինը Հոլիվուդում (Կալիֆորնիա, ԱՄՆ) անց է կացնում Russian International Film Festival (RIFF) ռուսական կինոյի փառատոնը, և Լեոնարդո դի Կապրիոն դառնում է փառատոնի մրցանակի՝ «Համաշխարհային կինեմատոգրաֆում խոշոր ներդրման համար» Tower Award-ի առաջին դափնեկիրը։ Փառատոնին ներկայացվել են սովետական ժամանակաշրջանի քառասունից ավելի գեղարվեստական, մուլտիպլիկացիոն ու վավերագրական ֆիլմեր։ Ամերիկյան խոշորագույն լրատվամիջոցները գրեցին փառատոնի մասին։
  • 2004 Նամինի ստեղծած ռուսական միջազգային կինոյի Russian International Film Festival (RIFF) փառատոնը ընդլայնվում է և վեր է ածվում Ռուսաստանի մշակույթի Russian Nights փառատոնի։ Ապրիլին այն անց է կացվում Լոս Անջելեսի Racific Design Center-ում, իսկ հոկտեմբերին՝ Մանհեթենի խոշորագույն բեմահարթակներում։ Երեք տարվա ընթացքում Նամինը Russian Nights փառատոնների շարք է անցկացնում ԱՄՆ-ում, Գերմանիայում, Չինաստանում, Հարավային Կորեայում ևն։ Tower Award մրցանակի են արժանանում գրողներ Ռեյ Բրեդբերին և Գոր Վիդալը, նկարիչ Պիտեր Մաքսը, ռեժիսորներ Oլիվեր Սթոունը, Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան և Վիլյամ Ֆրիդկինը, պրոդյուսերներ Պիտեր Հոֆմանը և Ռոջեր Կորմանը, դերասաններ Շիրլի Մաքլեյնը, Շարոն Սթոունը, Նաստասյա Կինսկին, Դաստին Հոֆմանը, Լեոնարդո դի Կապրիոն, Հարիսոն Ֆորդը, Բեն Քինգսլին և ուրիշներ։
Լոս Անջելեսում Նամինը ծանոթացնում է բանաստեղծ Անդրեյ Վոզնեսենսկուն դերասանուհի Շարոն Սթոունի հետ, և Վոզնեսենսկին նրան բանաստեղծություն ե նվիրում։
Ստաս Նամինի կենտրոնը մասնակցում է «Կրակի Ոգին» կինոփառատոնի մշակութային ծրագրի կազմակերպմանը Խանտի-Մանսիյսկում։
Նամինը կազմակերպում է Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառի (Frankfurter Buchmesse) մշակութային ծրագիրը. քաղաքի տարբեր բեմահարթակտերին ելույթ են ունենում Ռուսաստանի տասնյակ «ալտերնատիվ», էթնիկ և ջազային երաժիշտներ։
Նամինը անց է կացնում Russian International Film Festival (RIFF) ռուսական կինոյի փառատոնը Մայնի Ֆրանկֆուրտում (Գերմանիա)։ Փառատոնին ներկայացվել են քսանից ավելի գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր։
  • 2005 Նամինի կազմակերպած «Ռուսական երեկոներ» երրորդ Ռուսաստանի մշակույթի փառատոնը տեղի է ունենում Լոս Անջելեսում։ Փառատոնի շրջանակներում կազմակերպվում է ռուսական մշակույթի մասին դասախոսությունների շարք, որին մասնակցում են Ռուսաստանի հայտնի կինեմատոգրաֆիստներ, նկարիչներ, գրողներ։
Ստաս Նամինի կենտրոնը Մոսկվայում անց է կացնում «Ամերիկյան աշուն» ամերիկյան մշակույթի փառատոնը և անկախ ամերիկյան կինոյի «ИндиВид» փառատոնը։
SNC-ն անց է կացնում Ռռւսաստանի մշակույթի փառատոն Միջազգային արդյունաբերական տոնավաճառի շրջանակներում Հանովերում (Գերմանիա)։
Մոսկվայի սիմֆոնիկ նվագախումբը Երաժշտության տանը համերգ է տալիս ահաբեկչության զոհերի հիշատակին. դիրիժոր՝ Օհան Դուրյան (ծրագրում՝ Մոցարտի «Ռեքվիեմ»)։
  • 2006 Ստաս Նամինի թատրոնը ներկայացնում է «Մազեր»-ի բեմադրության ռուսական տարբերակը Հոլիվուդում (ԱՄՆ, Լոս Անջելես)։
Լոս Անջելեսում անց է կացվում չորրորդ «Ռուսական երեկոներ» Ռուսաստանի մշակույթի փառատոնը, ինչպես նաև Ռուսաստանի մշակույթի տարին Չինաստանում և «Ռուսական երեկոներ» Ռուսաստանի մշակույթի փառատոնը Սեուլում (Հարավային Կորեա)։
  • 2007 Ստաս Նամինի կենտրոնը անց է կացնում միջպետական փառատոն՝ Չինաստանի մշակույթի տարին Ռուսաստանում։ Մասնակցում է Մոսկվայում ամերիկյան կինոյի երկրորդ փառատոնի և Ռուսաստանում կորեական մշակույթի փառատոնի կազմակերպմանը։
  • 2008 Մոսկվայում Գորկու անվան զբոսայգու Ստաս Նամինի կենտրոնի բացօդյա բեմում անց է կացվում «Բիթլզ և Հնդկաստան» փառատոնը (30 000 հանդիսատես)։
SNC-ն անց է կացնում Ռուսաստանի մշակույթի տարին Բուլղարիայում։
Ռուսաստանի անկախության օրը նշվում է Բեռլինում և Փարիզում։
Ստաս Նամինի թատրոնը մասնակցում է Նյու Յորքում «Մազեր»-ի բրոդվեյան բեմադրության 40-ամյակի տոնակատարությանը, և այդ հանրաճանաչ բեմադրության մասին ֆիլմում Նամինի թատերախումբը ճանաչվում է աշխարհում լավագույնների հնգյակում։
  • 2009 «Ծաղիկներ» խմբի քառասունամյակի առթիվ Նամինը Abbey Road ստուդիայում (Լոնդոն, Մեծ Բրիտանիա) ձայնագրում է «Ետ դեպի ԽՍՀՄ» երկակի ալբոմը։ Ալբոմը կազմված է խմբի 1969-ից 1982-ը գրված ամենահայտնի հիթերից։


Guests of festival Russian Nights. Los Angeles, Hollywood, 2003-2006
Guests of festival Russian Nights. Los Angeles, Hollywood, 2003-2006


2010 -ները[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թ.
2011 թ.
2014 թ.
2014 թ.
2016 թ.
  • 2010 Նամինը «Ծաղիկներ» խմբի հետ ձայնագրում է «Լուսամուտդ դեպի ազատությունը բաց արա» ալբոմը Abbey Road ստուդիայում (Լոնդոն, Մեծ Բրիտանիա)։ Ալբոմը բովանդակում է «Ծաղիկներ»-ի 1980-ներին արգելված երգերը, ինչպես նաև բանտում գտնվող Պլատոն Լեբեդևին և Միխայիլ Խոդորկովսկուն նվիրված «Արևը ծագում ու մայր է մտնում» ռուսական ժողովրդական երգը։ «Լուսամուտդ դեպի ազատութունը բաց արա» ալբոմը Պիտեր Գեբրիելի “Society of Sound” կազմակերպության կողմից ճանաչվել է լավագույնը 2010 թ-ին։ Խումբն իր քառասունամյակը նշում է Մոսկվայում մեծ համերգ տալով Կրոկուս Սիթի Հոլում (6000 տեղ), կատարելով իր բոլոր հայտնի հիթերը, ինչպես նաև առաջին անգամ կատարում է «Լույս և խնդություն» հորինվածքն ու «Փոփոխությունների քամին» երգի վերամշակումը, որը նվիրում է դահլիճում գտնվող Միխայիլ Գորբաչովին։
Նամինը դառնում է Մ.Ա.Շոլոխովի անվան համալսարանի (МГГУ) պրոֆեսոր, իսկ Ռուսաստանի թատերական արվեստի ակադեմիան (ГИТИС) նրան հրավիրում է որպես պրոֆեսոր և երաժշտական թատրոնի կուրսի գեղարվեստական ղեկավար։
  • 2011 Նամինի «Լույս և խնդություն» հորինվածքը կատարվում է Մշակութային բազմազանության հռչակագրի տասնամյակին նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր խորհրդաժողովի հատուկ լիագումար նիստի ժամանակ (Փարիզ, Ֆրանսիա)։
«Լույս և խնդություն» հորինվածքը ակներևաբար մարմնավորում է Միացյալ աշխարհի գաղափարը, որը Նամինը քարոզում է դեռևս 1990-ից սկսած։ Ռոք- և պոպ-երաժշտության աստղերի ու էթնիկ երաժիշտների հետ այն կատարոմ են՝ երգում և աղոթքներ են կարդում, աշխարհի հինգ հիմնական կրոնական դավանանքների՝ հինդուիզմի, բուդդայականության, հուդայականության, քրիստոնեության և իսլամի բարձրաստիճան քահանայապետության ներկայացուցիչները։ «Լույսը, խնդությունը և սերը» միացմում են բոլորին. սա է աշխարհի մարդկանց բազմազանության միասնության օրհներգը։
Մոսկվայում Միջազգային երաժշտության տանը կատարվում և ձայնագրվում է Նամինի «Աշունը Պետերբուրգում» սիմֆոնիկ սյուիտը։ Նույն դահլիճում Ստաս Նամինը սիթառով՝ հնդիկ և այլ երաժիշտների ու սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ առաջին անգամ կատարում է իր նոր «Ֆյուժն Ռագա» հորինվածքը՝ նվիրված Ջորջ Հարրիսոնի հիշատակին։
  • 2012 մարտին Նամինը ուղևորություն է կատարում հյուսիսային Հնդկաստան՝ The Beatles-ի ուխտագնացության վայրերով, այցելում է բուդդայական ու հինդուիստական հին տաճարներ ու մենաստաններ, մտակենտրոնանում Հիմալայներում և սիթառով համերգ է տալիս Վրինդավանի Կրիշնա-Բալառամայի տաճարում։ Մոսկվա վերադառնալուց հետո Նամինը աշխարհի տարբեր երկրներից հատուկ հրավիրված մասնակիցների հետ (Ջիվան Գասպարյան, Կրիշնա Պրեվա ևն) ձայնագրում է «Մեդիտացիա» (Մտակենտրոնացում) եռակի ալբոմը՝ հանդես գալով որպես սիթառահար։
Օգոստոսին Գորկու զբոսայգում Ստաս Նամինի կենտրոնում տեղի է ունենում SNC կենտրոնի 25-ամյակին նվիրված «Ռուսաստանյան ռոքի լեգենդներ» փառատոնը Ռուսաստանի բոլոր ռոք-աստղերի մասնակցությամբ։
Նամինը և «Ծաղիկներ» խումբը թատրոնի դերասանների և հատուկ հրավիրված հյուրերի հետ միասին կատարում են Pink Floyd-ի «Another Brick in the Wall» երգի վերամշակումը ի պաշտպանություն ժողովրդավարության և ազատության Ռուսաստանում։
  • 2013 Մալևիչի «Սև քառակուսի»-ի 100-ամյակի կապակցությամբ Ռուսական պետական թանգարանի հետ համատեղ Նամինը իր թատրոնում վերականգնում է Կազիմիր Մալևիչի, Միխայիլ Մատյուշինի, Ալեքսեյ Կրուչոնիխի և Վելիմիր Խլեբնիկովի «Հաղթել արեգակին» պատմության մեջ առաջին ֆուտուրիստական ավանգարդային օպերայի բեմադրությունը։
Ստաս Նամինի թատրոնում կայանում են Նամինի նոր մյուզիքլների պրեմիերաներ՝ «Փոքրիկ իշխանը», «Ձյունե թագուհին» և «Underground»:
Նյու Յորքում Նամինը որպես հեղինակակից և կոպրոդյուսեր ընդգրկվում է «Free to Rock» ֆիլմի վրա աշխատանքի մեջ ՝ պրոդյուսեր Նիկ Բինքլիի և Էմմիի քառակի դափնեկիր ռեժիսոր Ջիմ Բրաունի հետ։ Նյու Յորքում իր հին բարեկամ Պիտեր Յարրոուի (Peter, Paul and Mary) համերգին ծանոթանում է իր երիտասարդական տարիների կուռք Պիտ Սիգերի հետ։
  • 2014 Arena Moscow-ում ( 5000 հանդիսատես) Ուկրաինայում տեղի ունեցող կոնֆլիկտի առիթով կայանում է Նամինի և «Ծաղիկներ» խմբի համերգը քաղաքական բողոքի երգերով։ Կատարվում է Նամինի «Խրախճանք ժանտախտի ժամանակ» նոր երգը և Լեննոնի «Give Peace a Chance» երգը՝ անգլերեն, ռուսերեն և ուկրաիներեն։ Լսելով այս կատարումը Յոկո Օնոն ասաց, որ Ջոնը ուրախությամբ կմասնակցեր այդ համերգին։
Ստաս Նամինի որդին՝ Արտյոմ Միկոյանը, ավարտելով New York University (NYU) և փորձուսումը Tribeca-ում, հոր հետ միասին Նյու Յորքում նկարահանում է հայտնի քանդակագործ Էրնստ Նեիզվեստնու մասին ֆիլմը։
Tribeca Bar-ում (Նյու Յորք) ընթրիքի ժամանակ Ռոբերտ Դե Նիրոն Նամինին ծանոթացնում է Շոն Պեննի հետ։ Նրանք խոսում են կյանքի և քաղաքականության մասին։
Ռուսաստանի արվեստի ակադեմիայի Նախագահության որոշումով Նամինը ընտրվում է Ակադեմիայի պատվավոր անդամ։
  • 2015 Վաշինգտոնում՝ Ջորջթաունի համալսարանում և Կապիտոլիումում, կայանում է «Free to Rock» ֆիլմի պրեմիերան (ռեժիսոր` Ջիմ Բրաուն, կոպրոդյուսեր և հեղինակակից՝ Ստաս Նամին)։
Հունիսին Ստաս Նամինի թատրոնը ներկայացնում է «Հաղթել արեգակին» օպերան ժամանակակից արվեստի ամենահայտնի «Արտ-Բազել» ցուցահանդեսում (Շվեյցարիա), սեպտեմբերին՝ Մոսկվայի ժամանակակից արվեստի բիեննալեում, հոկտեմբերին՝ Louis Vuitton-ի հիմնադրամի թանգարանում Փարիզում (Ֆրանսիա), նոյեմբերին՝ Հավանայի XVI թատերական փառատոնում (Կուբա)։
Հոկտեմբերի 1-ին Մոսկվայում բացվում է «Ճենապակյա երազներ» ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվում է Ստաս Նամինի և նրա որդու էսքիզներով Կայսերական ճենապակու գործարանում (Սանկտ-Պետերբուրգ) պատրաստած ճենապակյա գործերի շարքը և բացի այդ՝ Կազիմիր Մալևիչի էսքիզով պատրաստած թեյի սուպրեմատիստական սպասքակազմը, որը ձեռքով ներկազարդել է Նամինը։
Դեկտեմբերին Ստաս Նամինի թատրոնում կայանում է «Նյու Յորք. 80-ներ. Մենք» ներկայացման պրեմիերան։ Համատեղ աշխատանք նկարիչ Միխայիլ Շեմյակինի հետ՝ մի ներկայացում ռուս տարագիրների ուրախ և տրագիկ ժամանակի մասին, սովետական վտարանդների՝ գրողների, պարողների, նկարիչների ու դերասանների (ինչպիսիք էին Ռուդոլֆ Նուրեևը, Էրնստ Նեիզվեստնին, Միխայիլ Բարիշնիկովը, Էդուարդ Լիմոնովը ևն.) զարմանալի ընկերակցության մասին։
Նամինի էսքիզով Գուս-Խրուստալնիի բյուրեղապակու գործարանը թողարկում է «Չորս կապիկները» գործը։ Դրա հիմքում ընկած է աշխարհում հայտնի պայծառացման և չարին դիմադրելու խորհդանիշը. երեք կապիկներ, որոնցից մեկը փակել է աչքերը, մյուսը՝ ականջները, իսկ երրորդը՝ բերանը։ Ավելացնելով չորրորդ կապիկը՝ մտքերի մեջ խորասուզված, Նամինը դրանով վերաիմաստավորում և ընդլայնում է խորհրդանիշի իմաստը։


  • 2016 Սկսվում է Նամինի և «Ծաղիկներ»-ի լավագույն երգերի երկակի ալբոմի ձայնագրումը։ Մասնակցում են աշխարհի ռոք-երաժշտության աստղերը՝ Kenny Aronoff (հարվածայիններ), Marco Mendoza (բաս կիթառ, վոկալ) և ուրիշներ։ Ալբոմի թողարկումը նախատեսվում է «Ծաղիկներ» խմբի 50-ամյակին։
Հունիսին Քլիվլենդի (ԱՄՆ) Ռոքնռոլի փառքի թանգարանում ներկայացվում է «Free to Rock» ֆիլմը։
Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը Abbey Road ստուդիայում (Լոնդոն, Մեծ Բրիտանիա) ձայնագրում է Նամինի «Centuria S – Quark» սիմֆոնիան։
Ռուսական պետական թանգարանը հրատարակում է Նամինի լուսանկարների «Վեներայի կախարդանքը» ալբոմը՝ Մարդու ծննդյան ֆենոմենի 15 տարվա «լուսանկարչական» ուսումնասիրության արդյունքը։
Մոսկվայի Վավերագրական կինոյի կենտրոնում ցուցադրվում է Նամինի վավերագրական ֆիլմերի շարքը. «Զրույց Նեիզվեստնու հետ» (հարցազրույց քանդակագործ Էրնստ Նեիզվեստնու հետ, որը նրա կյանքում վերջինը դարձավ) և այլ։
Նոյեմբերին Յարոսլավլի նահանգապետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը Պուշկինի թանգարանում կատարում է Նամինի «Centuria S – Quark» նոր սիմֆոնիան բարեկամների սահմանափակ շրջանի համար։
Նամինը ստեղծում և բեմադրում է «Գագաթների բնակիչը» ջազ-բալետ-օպերան ըստ Վելիմիր Խլեբնիկովի բանաստեղծությունների և ըստ Վիլյամ Սարոյանի երկերի «Իմ սիրտը լեռներում է» ներկայացումը։
Դեկտեմբերին կայացավ Նամինի սիմֆոնիայի պրեմիերան Երևանում (Հայաստան)՝ Արամ Խաչատրյանի անվան Համերգային մեծ դահլիճում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, դիրիժոր և գեղարվեստական ղեկավար՝ Սերգեյ Սմբատյան։
Հայաստանում տեղի ունեցավ Ստաս Նամինի թատրոնի «Իմ սիրտը լեռներում է» ներկայացման համաշխարհային պրեմիերան ըստ Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների։
Երևանում ցուցադրվում են Նամինի «Օհան Դուրյան», «Հայաստանի հին տաճարները» և այլ ֆիլմեր։
  • 2017 Նամինը ռեժիսոր Ջիմ Բրաունի հետ շրջագայում է Կուբայով և համատեղ ռուս-ամերիկյան ֆիլմ նկարահանում («Իրական Կուբա»)։
Հայաստանի նկարիչների միությունում անց է կացվում Ստաս Նամինի գեղանկարչության ու գծանկարչության անհատական ցուցահանդեսը։ Ցուցադրվում է 80 կտավ։ Նամինը դառնում է Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ։
Ապրիլի 22-ին Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում SNC-ն հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին համերգ է անցկացնում։ Ռուսաստանի ազգային նվագախումբը Միխայիլ Պլետնյովի ղեկավարությամբ կատարում է Արամ Խաչատրյանի թիվ 3 սիմֆոնիան և Ստաս Նամինի Centuria S-Quark սիմֆոնիան Միխայիլ Պլետնյովի հեղինակային խմբագրությամբ։ Դա Նամինի սիմֆոնիայի առաջին հրապարակային կատարումն է Ռուսաստանում։
Ապրիլի 23-ին Մոսկվայում՝ Հայկական թեմի տաճարային համալիրում անց է կացվում Ստաս Նամինի «Հայաստանի հին տաճարները» ֆիլմի (որին մասնակցել է Համենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն) համաշխարհային պրեմիերան։
Ապրիլի 24-ին Հայկական թեմի տաճարային համալիրում տեղի է ունենում Ստաս Նամինի թատրոնի ըստ Վիլյամ Սարոյանի ստեղծագործության «Իմ սիրտը լեռներում է» ներկայացման ռուսաստանյան պրեմիերան։
Ապրիլի 28-ին «Ծաղիկներ» խումբը ելույթ է ունենում հանրահայտ Գրեմմի թանգարանում (Լոս Անջելես)։

Հասարակական-քաղաքական հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թ․ Արցախյան պատերազմի ժամանակ աջակցել է հայ ժողովրդին, հանդես եկել հրապարակային հայտարարություններով և հարցազրույցներով[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստաս Նամին» հոդվածին։