Ստանիսլավ Ժդանկո
| Ծնվել է | հուլիսի 12, 1953 |
|---|---|
| Ծննդավայր | Չերեպանովո, Նովոսիբիրսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Մահացել է | ապրիլի 13, 1978 (24 տարեկան) |
| Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
| Գերեզման | Նովոսիբիրսկի մարզ |
| Կրթություն | Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասան |
| Ամուսին(ներ) | Valentina Malyavina? |
Ստանիսլավ Ալեքսեևիչ Ժդանկո (ռուս.՝ Станислав Алексеевич Жданько, հուլիսի 12, 1953, Չերեպանովո, Նովոսիբիրսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 13, 1978, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային թատրոնի և կինոյի դերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստանիսլավ Ժդանկոն ծնվել է 1953 թվականի հուլիսի 12-ին Նովոսիբիրսկի մարզի Չերեպանովո քաղաքում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Նովոսիբիրսկի թատերական ուսումնարան, սակայն հետագայում տեղափոխվել է Մոսկվայի Բորիս Շչուկինի անվան թատերական ուսումնարան։
1976-1978 թվականներին եղել է Եվգենի Վախթանգովի անվան թատրոնի դերասաններից։
Քաղաքացիական ամուսնական հարաբերությունների մեջ է եղել դերասանուհի Վալենտինա Մալյավինայի հետ։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1978 թվականի ապրիլի 13-ին 24-ամյա Ստանիսլավ Ժդանկոն մահացավ խոհանոցի դանակով՝ կրծքավանդակին հասցված հարվածից։ Վալենտինա Մալյավինան պնդում էր, որ Ժդանկոն ինքն իրեն դանակով հարվածել է հոգեկան խանգարման վիճակում։ Սակայն Ստանիսլավի ընկերը՝ դերասան Նիկոլայ Պոպկովը (Գլինսկի), լսելով Մալյավինայի պատմածը, եզրակացրեց, որ նա ստում է և դիմեց փաստաբանի։
1978 թվականի նոյեմբերին գործը կասեցվեց, և դեպքը համարվեց ինքնասպանություն։ Սակայն, Պոպկովի տեղեկություններով, դրանից հետո գործից անհետացավ Մալյավինայի առաջին հարցաքննության արձանագրությունը։ Բացի այդ, Մալյավինան քննիչներին ներկայացրել էր մի գրություն, որը, իբր, Ստանիսլավը գրել էր մահվանից առաջ, սակայն ձեռագիրը Ժդանկոյինը չէր։ Փաստաբանի միջամտությամբ գործը կրկին վերաբացվեց։
Հետագայում գործը մի քանի անգամ փակվեց և վերաբացվեց։ Կարճ ժամանակ անց անհետացան նաև սպանության գործիքը՝ դանակը, վկաների հարցաքննությունների արձանագրությունները, ինչպես նաև այն հագուստը, որը Ստանիսլավը կրել էր սպանության օրը։ Մալյավինայի պաշտպանությամբ հանդես եկան հայտնի արվեստագետներ՝ Ռոլան Բիկովը, Օլեգ Ստրիժենովը, Ելենա Սանաևան և ուրիշներ։
1982 թվականի նոյեմբերին՝ Լեոնիդ Բրեժնևի մահից և նույն թվականի դեկտեմբերին Ներքին գործերի նախարար Նիկոլայ Շչոլոկովի պաշտոնաթողությունից հետո, Յուրի Անդրոպովի նախաձեռնությամբ ոստիկանությունում և դատախազությունում սկսվեցին լայնածավալ ստուգումներ։ Դրանց արդյունքում բացահայտվեցին բազմաթիվ խախտումներ։ Մալյավինայի գործով զբաղվող քննիչ Ստանիսլավ Միշինը հեռացվեց պաշտոնից և քրեական պատասխանատվության ենթարկվեց՝ փաստաթղթերի կեղծման համար։
1983 թվականին հետաքննությունը նոր թափ ստացավ։ Նշանակվեց փորձաքննություն, որը ժխտեց ինքնասպանության վարկածը։ Վալենտինա Մալյավինան մեղավոր ճանաչվեց սպանության մեջ և դատապարտվեց 9 տարվա ազատազրկման։ 5 տարի բանտում անցկացնելուց հետո Մալյավինան ազատ արձակվեց 1988 թվականին՝ Հոկտեմբերյան հեղափոխության 70-ամյակի կապակցությամբ հայտարարված համաներման արդյունքում[1][2]։
Ստանիսլավ Ժդանկոն թաղված է Նովոսիբիրսկի մարզի Չերեպանովսկի շրջանի Յարկի գյուղում։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նովոսիբիրսկի մարզի Չերեպանովսկի շրջանի Մշակույթի պալատը կրում է Ստանիսլավ Ժդանկոյի անունը։ Շենքի վրա տեղադրված է նաև դերասանին նվիրված հուշատախտակ։
Ստեղծագործական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերերը թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Հեղինակ | Ներկայացում | Դեր |
|---|---|---|
| Ալեքսանդր Գլադկով | Թատրոնի երիտասարդությունը | Պանտելեյմոն Իգնատովիչ |
| Ալեքսանդր Կոռնեյչուկ | Ռազմաճակատ | Սվեչկա |
| Իսահակ Բաբել | Հեծյալ բանակը | Լյովկա Կոզին |
| - | Սպասում | Վալերիկ |
| Ալեքսանդր Միշարին, Անդրեյ Վեյցլեր | Օրնիբուն | Ալեքսեյ Տեմերին |
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Ֆիլմ | Դեր |
|---|---|---|
| 1976 | Անչափահասները | Կոստյա Սիլա |
| 1976 | Ժամանակն ընտրել է մեզ | լեյտենանտ Նեբիլովիչ |
| 1977 | Հրացանավոր մարդը | Ստամեսկին |
| 1978 | Երիտասարդության սխալներ | Միտյա Գուրյանով |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Журнал «Караван историй», сентябрь 2012. Николай Попков (Глинский), «Уходящие от вас».
- ↑ «Воспоминания ветерана московской прокуратуры Виталия Рябова». Комсомольская правда. 2008 թ․ փետրվարի 1. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հուլիսի 12 ծնունդներ
- 1953 ծնունդներ
- Չերեպանովո քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 13 մահեր
- 1978 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի դերասաններ
- Ե․ Վախթանգովի անվան թատրոնի անձինք
- ԽՍՀՄ-ում սպանվածներ
- Խորհրդային դերասաններ
- Նովոսիբիրսկի մարզում թաղվածներ