Սվյատոպոլկ I (Մեծ Մորավիայի իշխան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox prétendant à un trône.png
Սվյատոպոլկ I
Svatopluk Dalimil.jpg
Ծնվել է՝ մոտ. 840
Մահացել է՝ 894
Տոհմ House of Mojmír
միապետ
Երեխաներ Svatopluk II, Mojmir II և Predslav[1]

Սվյատոպոլկ Ա, ((լատիներեն՝ Zuentepulc, Zuentibald, Sventopulch, հին սլավոներեն՝ Свѧтопълкъ և գրադարձված՝ Svętopъłkъ, հունարեն՝ Sphendoplokos)[2], մահացել է 894 թվականին), 850-ականներից մինչև 871 թվականը՝ Նիտրայի իշխան, իսկ 871-894 թվականներին՝ Մեծ Մորավիայի երրորդ իշխանը, այս շրջանում Մեծ Մորավիան հասել է առավելագույն ծավալի[3][4]։ Սերում է Մոյմիրների տոհմից:


Ճանապարհ դեպի իշխանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվյատոպոլկը Մեծ Մորավիայի իշխան Ռոստիսլավի ազգականն էր: 850-ական թվականներից նա անցավ Նիտրայի իշխանության գլուխ, որը Մեծ Մորավիայի մի մասն էր: Արևելյան ֆրանկների հարձակումից հետո 867 թվականին Ռոստիսլավը բարձրացրեց Սվյատոպոլկի պատվաստիճանը՝ նրան հռչակելով սյուզերեն՝ հուսալով, որ այդ կերպ կբարելավվի պետության սահմանների պաշտպանության վիճակը: Սակայն Սվյատոպոլկի իշխանության ավելացման արդյունքում, փաստորեն, Մեծ Մորավիան բաժանվեց երկու մասի: Ինչպես Ռոստիսլավը, այնպես էլ Սվյատոպոլկը ստիպված եղան դիմագրավել ներխուժումներին 868 և 869 թվականներին: 870 թվականին Ռոստիսլավը պահանջեց հնազանդություն, սակայն Սվյատոպոլկը մերժեց և, դեռ ավելին, Նիտրայի իշխանության վրա ընդունեց Արևելյան Ֆրանկյան թագավորության հովանավորությունը: Ի պատասխան Ռոստիսլավը փորձեց սպանել նրան և վերականգնել իր իշխանությունը Նիտրայի վրա: Սակայն Սվյատոպոլկին հաջողվեց գերի վերցնել նրան և հանձնել Արևելյան ֆրանկներին՝ վերջինիս վաղեմի թշնամիներին: Դատարանի որոշմամբ Ռոստիսլավին կուրացրին, որից հետո նա մահացավ բավարական մենաստաններից մեկում:

Ռոստիսլավի փոխարեն Արևելյան ֆրանկներն ուղարկեցին իրենց թեկնածուներին՝ կոմս Վիլհելմ II-ին և Էնգելշակ I-ին, որոնք պետք է կառավարեին Մեծ Մորավիայի արևմտյան մասը: Իսկ Սվյատոպոլկը, որ իշխում էր արևելյան մասում, հույս ուներ իր իշխանությունը տարածել իշխանության ամբողջ տարածքի վրա և հրաժարվեց ընդունել Արևելյան ֆրանկների կատարած օկուպացիան, ինչի համար էլ վերջիններս նրան բանտարկեցին Մեթոդիուս Մորավացու հետ: Սակայն մեկ տարի անց Մեծ Մորավիայի ժողսովուրդը, Սլավոմիրի գլխավորությամբ, ապստամբություն բարձրացրին Արևելյան ֆրանկների դեմ: Ապստամբությունը ճնշելու նպատակով Լյուդովիկոս II Գերմանացու ուղարկած զորքերը պարտվեցին: Լյուդովիկոսը գլխավորեց երկրորդ արշավանքն ապստամբների դեմ, որոնց այժմ ղեկավարում էր բանտից ազատված Սվյատոպոլկը: Նա թեև խոստացել էր ճնշել ապստամբությունը, սակայն երբ ֆրանկյան զորքերը մտան Մեծ Մորավիա, Սվյատոպոլկն անցավ ապստամբների կողմը և ստանձնեց նրանց ղեկավարումը: Այս երկրորդ արշավանքում ֆրանկյան զորքերը գլխովին ջախջախվեցին:

Իշխանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Մորավիայի սահմանները՝ Սվյատոպոլկ I-ի իշխանության տարիներին:

871 և 872 թվականներին Սվյատոպոլկը ստիպված եղավ կրկին պաշտպանվել ֆրանկների հարձակումից: 874 թվականին Սվյատոպոլկի և Լյուդովիկոս Գերմանացու դեսպանների միջև կնքվեց հաշտության պայմանագիր, որով Սվյատոպոլկը պարտավորվում էր հարկ վճարել Արևելյան Ֆրանկյան թագավորությանը և ձևականորեն ճանաչում էր վերջինիս գերիշխանությունը: Փոխարենը նա ստացավ կարճատև դադար՝ իր ամենահզոր թշնամու դեմ պայքարում, ինչպես նաև նոր հողեր գրավելու և Մեծ Մորավիան զորեղ պետություն դարձնելու հնարավորություն: Մեծ Մորավիայի ընդլայնումը նպաստեց նրա մշակութային գերազանցությանը հարևան պետությունների նկատմամբ: Արդեն 874 թվականին Սվյատոպոլկն իր իշխանությունն էր հաստատել նաև Վիսլա գետի վերին հոսանքում: Իսկ ավելի ուշ նա զբաղեցրեց նաև ժամանակակից Մորավիայի հյուսիսը՝ չեխական Օպավա քաղաքն՝ իր շրջակայքով:

Արդեն 880 թվականին Մեծ Մորավիային կցվեց Սիլեզիան և ժամանակակից Հունգարիայի արևելքը՝ Տիսա գետի միջին հոսանքում, որ այն ժամանակ պատկանում էր բուլղարներին: 882 թվականին Սվյատոպոլկը, որպես Արևելյան Ֆրանկյան պետության թագավոր Կարլ III-ի դաշնակից, ներխուժեց իր վաղեմի թշնամիների՝ մարկիզներ Վիլհելմ II-ին և Էնգելշակ I-ին հանձնված տիրույթներ (այսինքն՝ Մեծ Մորավիայի արևմտյան հատվածը) և վտարեց նրանց: Սրանք էլ իրենց հերթին Պանոնիայում դաշինք կնքեցին Առնուլֆ Կարինտացու հետ, որը բուլղարներին հանեց Սվյատոպոլկի դեմ: Սվյատոպոլկը կոտորեց բուլղարներին և իր պետությանը կցեց նույնիսկ Պանոնիան, որ մտնում էր Առնուլֆի պետության կազմի մեջ: 890 թվականից Սվյատոպոլկի պետության մաս կազմեցին Բոհեմիան և Լուժիցան:

Եկեղեցական քաղաքականությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվյատոպոլկ I-ի արձանը Բրատիսլավում:

Սվյատոպոլկն անցկացրեց սոցիալական և ռազմական խիստ կարևոր բարեփոխումներ՝ պահպանելով Մեծ Մորավիայի ազդեցիկ դիրքը Կենտրոնական Եվրոպայում: այդ բարեփոխումները վերաբերում էին նաև 880 թվականին ստեղծված տեղի եկեղեցական իշխանությանը: Նիտրայում հաստատվեց եպիսկոպոսական աթոռ, որը ենթարկվում էր արքեպիսկոպոս Մեթոդիուս Մորավացուն: Նույն տարում Հռոմի Պապի նստավայրը տեղափոխվեց Մեծ Մորավիա, ինչը նշանակում էր հավասար դիրք՝ Արևմտյան Ֆրանկյան թագավորության հետ: Սվյատոպոլկը դե-յուրե դարձավ թագավոր, չնայած որ մինչ այդ էլ հաճախ կոչվում էր Rex (թագավոր): Մեկ տարի անց Նիտրայում հիմնադրվեց առաջին վանքը (ներկայիս Սլովակիայի տարածքում): Սվյատոպոլկի իշխանության վերջին տարիներին, Մեթոդիուսի մահից հետո ելնելով ստեղծված բարդ հարաբերություններից, Հռոմի Պապն արգելեց Պատարագ մատուցել հին սլավոներենով, ապա Պապի հրահանգով վտարվեցին Մեթոդիուսի աշակերտները:

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվյատոպոլկը մահացավ 894 թվականին: Մահից առաջ նա որդիներին կոչ արեց դիմադրել Արևմտյան ֆրանկներին և ամրապնդել Մեծ Մորավիայի պետությունը: Սվյատոպոլկի մահից հետո Մեծ Մորավիայի իշխանը դարձավ նրա ավագ որդին՝ Մոյմիր II-ը: Երկրորդ որդին՝ Սվյատոպոլկ II-ը ստացավ Նիտրայի իշխանությունը, իսկ կրտսեր որդին՝ Պրեդսլավը՝ տիրեց Բրատիսլավին: Ավելի ուշ Մոյմիր II-ի և Սվյատոպոլկ II-ի միջև գժտություն ծագեց, որի արդյունքում էլ սկսվեց Մեծ Մորավիայի անկումը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Predslav
  2. Havlík 2013, էջ. 362
  3. Kirschbaum 2007, pp. 5., 278.
  4. Bartl 2002, pp. 17., 336.