Սվեաբորգի ապստամբություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հելսինկեցիները հետևում են գործողություններին

Սվեաբորգի ապստամբություն, 1905—1907 թվականներիի Ռուսական հեղափոխության շրջանում Բալթիկ ծովի Սվեաբորգ ամրոցի (այժմ՝ Սուսմենլինա քաղաքը Ֆինլանդիայում) կայազորի նավաստիների և զինվորների զինված ելույթը։ Որպես Բալթիական ընդհանուր ապստամբության բաղկացուցիչ մաս նախապատրաստվել է Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության ֆինլանդական զինվորական կազմակերպության կողմից։

Սվեաբորգի ապստամբությունն անմիջականորեն գլխավորել է տեղի զինվորական սոցիալ–դեմոկրատական կազմակերպությունը բոլշևիկներ Արկադի Եմելյանովի և Եվգենի Կոխանսկու մասնակցությամբ։ ԷսԷռների տեղական կազմակերպությունն առաջարկել է ապստամբությունը նախապատրաստել համատեղ, սակայն նրանց հետ համաձայնության գալ չի հաջողվել։ էսէռները պնդել են անմիջապես սկսել ապստամբությունը, սոցիալ-դեմոկրատները գտել են, որ ապստամբության նախապատրաստումը դեռևս չի ավարտվել։ Հուլիսի 15-ին տարերայնորեն սկսվել է ամրոցի ականային վաշտի նավաստիների խռովությունը։ Օգտվելով դրանից, էսէռները ապստամբության կոչ են արել։ Հուլիսի 17-ին Սվեաբորգ ամրոցի պարետի հրամանով ձերբակալվել են ականային վաշտի նավաստիները, որի պատճառով հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերն ապստամբել է ողջ կայազորը (ավելի քան 2 հազար մարդ)։ Սոցիալ-դեմոկրատական կազմակերպությունը ձգտել է ապստամբությանը տալ կազմակերպված բնույթ, առաջ է քաշվել ինքնակալության տապալման, ժողովրդի ազատության, հողը գյուղացիներին հանձնելու և այլ լոզունգներ։ Ապստամբները գրավել են կարևոր նշանակություն ունեցող մի քանի կղզիներ, սկսել գնդակոծել ցարին հավատարիմ կայազոր ունեցող կղզիները։ Սվեաբորգի ապստամբությանն աջակցելու համար Հելսինգֆորսի (Հելսինկի) բանվորները համընդհանուր գործադուլ են հայտարարել։ Ֆինլանդիայի Կարմիր գվարդիայի ջոկատները (մոտ 200 մարդ) միացել են ապստամբներին։ Սակայն, սպասելով Բալթիական նավատորմի հեղափոխական նավերին, իմանալով, որ Կրոնշտադտում նույնպես ապստամբություն է նախապատրաստվում, ապստամբները չեն անցել հետագա հարձակողական գործողությունների։ Օգտվելով դրանից Բալթիական նավատորմի ղեկավարությունը կարողացել է միջոցներ ձեռնարկել, և շրջապատելով ամրոցը, անցել հարձակման։ Հուլիսի 20-ին, ուրիշ ելք չգտնելով, ապստամբների զինվորական խորհուրդը պայքարը դադարեցնելու որոշում է ընդունել։ Մոտ 1000 զինվոր և նավաստի ռազմական դատարանի կողմից դատապարտվել է զանազան պատիժների՝ 43 մարդ գնդակահարվել է, մյուսներն՝ աքսորվել, բանտարկվել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 90