Jump to content

Սսի Դ ժողով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սսի Դ ժողով, տեղի է ունեցել 1289 թվականին, Հեթում Բ-ի գլխավորությամբ Սիս քաղաքում։ 1286 թվականին Կոստանդին Բ Կատուկեցին Ստեփանոս Օրբելյանին ձեռնադրեց եպիսկոպոս, նշանակեց «Սյունյաց մեծ աթոռի մետրոպոլիտ» և հատուկ շրջաբերականով հաստատեց Սյունյաց մետրոպոլիտական աթոռը և վերջինիս առաջատար դիրքը արևելահայ եպիսկոպոսների նկատմամբ[1]։ Բացի այդ, Ստեփանոս Օրբելյանն Ամենայն հայոց կաթողիկոսի փոխանորդն էր Հայաստանում և լիազորություն ուներ նրա անունից կատարելու եպիսկոպոսական ձեռնադրություններ։

1289 թվականին Հեթում Բ-ն լատինամետ հոգևորականների հետ ժողով է գումարում մայրաքաղաք Սսում։ Ժողովին չի հրավիրվում հայոց կաթողիկոս Կոստանդին Բ Կատուկեցին, քանզի վերջինս դեմ էր հայ և կաթոլիկ եկեղեցիների միավորմանը[1]։ Ժողովականները կաթողիկոսի վրա բարդում են մտացածին մեղադրանքներ, կանոնազանցումներ, աշխարհիկ գայթակղություններ, ուստի Կոստանդին Բ Կատուկեցին կամովին հրաժարվում է կաթողիկոսական աստիճանից։ Նա չի դիմադրում կամ պաշտպանվում, այլ հոժարակամ նախ օրհնություն է մաղթում հայոց աշխարհին, իսկ հետո կամավոր հանձնում է հայրապետական բոլոր տարբերանշանները։ Դրանից հետո լատինամոլ կղերականները նրան նետում են Լամբրոն բերդաքաղաքի բանտը[1]։ Ինչպես հավաստում է պատմիչ Ստեփանոս Օրբելյանը, Կիլիկիայի լատինամետ հոգևորականները վախենում էին, որ Կոստանդին Բ Կատուկեցին կարող է հաստատվել Հայաստանում և օժանդակություն գտնել։ Նույն հեղինակի վկայությամբ՝ բանտարկվելուց առաջ կաթողիկոսը վերցրել է Լուսավորչի աջը և օրհնել հայոց թագավորությունն ու հայ ժողովրդին։ Այս դեպքերից հետո հոգևորականության շրջանում ուժեղացավ Գրիգոր Անավարզեցու դերը, նրան կաթողիկոս դարձնելու փորձեր էին արել դեռ 1286 թ., սակայն դա տեղի չունեցավ Լևոն Բ թագավորի միջամտության հետևանքով։ Չորս տարի բանտում անցկացնելուց հետո Կոստանդին Բ Կատուկեցին Հեթում Բ արքայի կամքով 1293 թ. ազատ է արձակվում և նշանակվում Սկևռա վանքի առաջնորդ[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Հովհաննիսյան, Արամ (2020). Հայոց եկեղեցին Կիլիկյան շրջանում. Երևան. էջեր էջ՝ 135-136.