Սսի Գ ժողով
| Հայ Առաքելական եկեղեցու ժողովներ |
|---|
| Աշտիշատի ժողովներ |
| Աշտիշատի Ա ժողով • Աշտիշատի Բ ժողով Աշտիշատի Գ ժողով |
| Դվինի ժողովներ |
| Դվինի Ա Ժողով • Դվինի Բ ժողով Դվինի Գ ժողով • Դվինի Դ ժողով Դվինի Ե ժողով • Դվինի Զ ժողով |
| Հարքի ժողովներ |
| Հարքի Ա ժողով • Հարքի Բ ժողով |
| Սսի ժողովներ |
| Սսի Ա ժողով • Սսի Բ ժողով • Սսի Գ ժողով Սսի Դ ժողով • Սսի Ե ժողով • Սսի Զ ժողով Սսի Է ժողով • Սսի Ը ժողով |
| Պարտավի ժողովներ |
| Պարտավի Ա ժողով • Պարտավի Բ ժողով |
| Այլ վայրերում |
| Աղվենի ժողով • Անիի ժողով Շահապիվանի ժողով • Արտաշատի ժողով Կարնո ժողով • Մանազկերտի ժողով Շիրակավանի ժողով • Սև Լեռան ժողով Հռոմկլայի ժողով • Տարսոնի ժողով Ադանայի ժողով • էջմիածնի ժողով |
Սսի Գ ժողով, տեղի է ունեցել 1251 թ. Կիլիկիայի Սիս քաղաքում։
1248 թ. Իննոկենտիոս IV պապը Կիլիկիա ուղարկեց Տիմանջ եպիսկոպոսին, որը պետք է համոզեր հայերին, որ քաղաքական տեսանկյունից հայերի համար երկու եկեղեցիների միությունը շահեկան է։ Հեթում Ա արքան պապի նամակը ուղարկում է Հռոմկլա Կոստանդին Բարձրբերդցի կաթողիկոսին՝ խնդրելով պատասխանել։ Հայոց կաթողիկոսը, որքան էլ որ նախկինում հարգանք էր տածում Հռոմի աթոռի նկատմամբ, չէր կարող ընդունել այն պայմանները, որ առաջարկում էր պապը[1]։ Ուստի նա 15 հատվածից բաղկացած մի գրություն ուղարկեց Հեթում Ա թագավորին՝ հերքելով կաթոլիկ եկեղեցու վարդապետությունը, հորդորելով՝ թագավորին հավատ չընծայել պապի ներկայացուցչի խոսքերին։ Հեթում Ա արքան պաշտպանեց հայոց կաթողիկոսարանի դիրքորոշումը և թույլ չտվեց ճնշումներ գործադրել կաթողիկոսարանի վրա։
Ժողովի ընթացք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հռոմի պապական աթոռը, ստանալով նման պատասխան, սահմանափակում է առաջարկները և 1250 թ. գրած նամակում առաջարկում էր միայն ընդունել Ֆիլիոքվեի վարդապետությունը, ըստ որի՝ Ս. Հոգին բխում է ոչ միայն Հայր Աստծուց, այլև Որդի Աստծուց։ Այս առաջարկին պատասխանելու համար Կոստանդին կաթողիկոսը Սիս քաղաքում 1251 թ. գումարում է մի նոր եկեղեցական ժողով։ Լսելով առաջարկվող խնդիրը և չկարողանալով վերջնական եզրակացության գալ՝ ժողովը դիմում է Արևելյան վարդապետներին՝ Վանական վարդապետին, Վարդան Արևելցուն և Ս. Թադեի վանքի առաջնորդ Հովսեփ վարդապետին[1]։ Վերջիններիս պատասխանը մերժում էր կաթոլիկ եկեղեցու վերը նշված դավանաբանական դոգման։ Այս փաստը ցույց է տալիս, որ Կիլիկիայի հայկական եկեղեցու ղեկավարությունը դավանաբանական հարցերում համամիտ էր Հայաստանի հոգևորականության հետ։ Այս դեպքերից որոշ ժամանակ անց Կիլիկիայի հայկական թագավորության պատվիրակությունը ուղևորվեց մոնղոլական կայսրություն՝ Հեթում Ա արքայի գլխավորությամբ, նպատակն էր դաշնակցային պայմանագիր կնքել օրեցօր հզորացող մոնղոլական պետության հետ։
Հայկական այս պավիրակության կազմում եղել են նաև հայ եկեղեցու մի շարք ներկայացուցիչներ, որոնցից էին Ստեփանոս եպիսկոպոսը, Մխիթար վարդապետ Սկևռացին, Բարսեղ քահանան և ուրիշներ։ Պատվիրակությունը հայոց արքայի գլխավորությամբ կարողացավ հաջող բանակցություններ վարել մոնղոլական պետության ղեկավարության հետ, որի արդյունքում 1254 թ. Հեթում Ա արքան Մանգու մեծ խանի հետ կնքեց մի կարևոր պայմանագիր, որի բովանդակային դրույթներից մի քանիսը վերաբերում էին Հայ Առաքելական Եկեղեցուն, հոգևորականներին և ընդհանրապես քրիստոնեությանը[1]։ Ըստ այդ պայմանագրի մոնղոլները համաձայնվում էին քրիստոնյա դառնալ, սակայն դա պետք է կատարվեր յուրաքանչյուրի կամքով։ Մյուս կարևոր համաձայնությունն այն էր, որ քրիստոնեական բոլոր եկեղեցիներն ու եկեղեցու պաշտոնյաները ազատ էին լինելու ամեն տեսակ հարկերից։
Եվ վերջապես մեծ խանի եղբայր Հուլավուի գլխավորությամբ մոնղոլներն ազատագրելու էին քրիստոնյաների Սուրբ երկիրը՝ Պաղեստինը։ Փաստորեն 1254 թ. կնքված պայմանագիրը բավականին շահեկան էր նաև հայոց եկեղեցու համար։ Պետք է նշել, որ 13-րդ դարի երկրորդ կեսին Կիլիկիայի հայ եկեղեցու հետ մերձեցմամբ շահագրգիռ էր Հռոմի պապական աթոռը, քանի որ Կիլիկիայի հայկական թագավորության դիրքը նշյալ տարածաշրջանում շատ նպաստավոր էր։ Իրոք, 13-րդ դարի սկզբներից մինչև թագավորության անկումը սկիզբ են առնում նաև հայ-հռոմեական եկեղեցական հարաբերությունները, սակայն դրանք արդյունք չեն տալիս։ 1259 թ. կաթողիկոսը Հեթում Ա արքայի հետ մեկնել է Միջագետք, հանդիպել մոնղոլ իլխան Հուլավուի հետ, ամրապնդել հայ-մոնղոլական դաշինքը և բարելավել քրիստոնյաների կացությունը։ 1262 թ. Արևելք է գալիս Ուրբանոս IV պապի (1261- 1264) նվիրակ Գուլիելմոս եպիսկոպոսը[1]։ Նվիրակին պատվելու համար Հեթում թագավորը ուղարկում է իր Օշին եղբորը, իսկ Կոստանդին կաթողիկոսը՝ Մխիթար Սկևռացի վարդապետին։ Այս առիթով մի վիճաբանություն է տեղի ունենում Հռոմի նվիրակի և Մխիթար Սկևռացու միջև, հիմնականում պապի՝ եկեղեցու գլուխ լինելու հարցի շուրջ։
Մխիթար Սկևռացին փաստերով ցույց է տալիս, որ եկեղեցու գլուխ ոչ թե Հռոմի պապն է, այլ Քրիստոսը։ Երկկողմ եկեղեցաքաղաքական հարաբերությունները շարունակվեցին նաև հետագա տարիներին։ 1264 թ. Կոստանդին Ա Բարձրբերդցին և Հեթում Ա արքան մերժել են նաև Հռոմի պապի նվիրակի դավանաբանական առաջարկությունները և ամուր պահպանել Հայ Առաքելական Եկեղեցու ավանդույթները։ Մի քանի տարի անց էլ Ուրբանոս IV-ին հաջորդած Կղեմես IV-ի առաջարկը նույնպես մերժվում է հայոց արքայի և հայ հոգևորականության կողմից[1]։ 13-րդ դարի երկրորդ կեսին, տարածաշրջանում կարևոր քաղաքական դեր ունեին մոնղոլները և Եգիպտոսի սուլթանությունը։ Մերժելով բյուզանդացիներին ու Հռոմի պապական աթոռին՝ Կիլիկիայի աշխարհիկ և հոգևոր իշխանությունները շատ մեծ կորուստներ չունեցան։ Ավելին, հաճախ հենց կաթոլիկ հոգևորականության հետ հարաբերությունների խորացման արդյունքում էլ հայոց կաթողիկոսարանը և թագավորությունը ունենում էր բավականին լուրջ խնդիրներ թշնամիների կողմից (մասնավորապես Եգիպտոսի մամլուքյան սուլթանության և թուրքմեն-կարամանների)։ 1266 թ. Եգիպտոսի սուլթանության զորքերը ավերիչ արշավանք ձեռնարկեցին Կիլիկիայի հայկական թագավորության դեմ։ Մառի կոչված վայրում տեղի ունեցած ճակատամարտում հայկական բանակը ցավալի պարտություն կրեց։ Հեթում Ա արքայի մի որդին՝ Թորոսը սպանվեց, իսկ երկրորդը՝ Լևոնը, շատերի հետ գերի տարվեց Եգիպտոս։ Եվ գրեթե մեկ տարի հայոց արքան անընդհատ բանակցում էր Եգիպտոսի սուլթանի հետ՝ իր որդուն պատանդությունից ազատելու համար։ Կիլիկիայի հայկական թագավորության համար այս ծանր շրջանում, 1267 թ. ապրիլին մահացավ կաթողիկոս Կոստանդին Ա Բարձրբերդցին[1]։
Հետագա ընթացք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոր կաթողիկոսի ընտրությունը ձգձգվեց։ Եվ միայն 1268 թ. պայմանագրի կնքումից և Լևոն արքայազնի վերադարձից հետո գումարվում է եկեղեցական ժողով, որին մասնակցում էին ոչ միայն Հռոմկլայի կաթողիկոսարանի և Կիլիկիայի հոգևորականները, այլև մի շարք արևելյան վարդապետներ։ Ժողովը որոշում է կաթողիկոս ընտրել արժանի հոգևորական Հակոբ Կլայեցուն, որը կաթողիկոսական գահին բազմեց մինչև 1286 թ.։ Ըստ Սամուել Անեցու՝ նա «սուրբ առաքինի այր էր, որը մեկնաբանում էր դժվար լուծելի խնդիրներ պարունակող գրքեր»[1]։ Հակոբ Կլայեցու մասին մեծ գովեստով է խոսում նաև Վահրամ Րաբունին։ Մինչ կաթողիկոս դառնալը նա երկու անգամ՝ (1242 և 1254 թթ.) մեկնել է Կոստանդնուպոլիս, ապա Նիկիա՝ կայսրության վերնախավի հետ հայ և բյուզանդական եկեղեցիների միավորման շուրջ բանակցություններ վարելու։ Երկար տարիներ եղել է նաև Մեծքարի ուխտի առաջնորդը։ Պետք է նաև նշել, որ կաթողիկոսի ընտրությունից մի քանի ամիս անց մահացավ հայոց արքան՝ Հեթում Ա-ն, որի մասին դրվատանքով են խոսում ոչ միայն հայ, այլև օտարազգի հեղինակները։
Հեթում Ա արքան իր կառավարման շրջանում մեծ հարգանքով է միշտ վերաբերվել հայ առաքելական եկեղեցու ղեկավարությանը։ Նրա օրոք հայոց եկեղեցին զարգացավ ու ընդլայնեց իր տիրույթները։ 1269 թ. Կիլիկիայի նոր արքա դարձավ Լևոն Բ-ն (1269- 1289), որին թագավոր օծեց Հակոբ Կլայեցին։ Նոր տիրակալի օրոք Կիլիկյան Հայաստանում ջանցլերի (կանցլեր) կարևոր պաշտոնը շնորհվում է հոգևորական Վահրամ Րաբունուն, որը երկար ժամանակ իրականացրել է երկրի արտաքին քաղաքականության ղեկավարումը։ Սա խոսուն փաստ է այն մասին, որ Լևոն Բ արքայի օրոք ևս հոգևորականները լուրջ մասնակցություն են ունեցել պետական-քաղաքական կառավարմանը և հատկապես արտաքին քաղաքականությանը։ Մեկ կարևոր հանգամանք ևս. նշյալ ժամանակաշըրջանում չեն եղել լուրջ տարաձայնություններ Կիլիկիայի հայկական պետության և եկեղեցու ղեկավարության միջև և Հռոմկլայի կաթողիկոսարանը գործել է համեմատաբար խաղաղ իրադրության մեջ[1]։
