Սպիտակ ահաբեկչություն (Հունգարիա)
| Մասն է | • Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքներ • Revolutions and interventions in Hungary | |
|---|---|---|
| Երկիր | Հունգարիա | |
| Վայր | Հունգարիայի թագավորություն | |
| Սկսած | 1919 | |
| Ավարտված | 1921 | |
Սպիտակ ահաբեկչություն (անգլ.՝ The White Terror), Հունգարիայում 1919–1921 թվականներին տեղի ունեցած երկամյա ճնշող բռնության շրջան էր, որը իրականացվում էր հակահեղափոխական զինվորների կողմից՝ ուղղված Հունգարական Սովետական Հանրապետության իրական և ենթադրյալ կողմնակիցների, հատկապես հրեաների դեմ, որոնք ընկալվում էին որպես դրա հիմնական աջակցողներ[1][2]։ Տասնյակ հազարավոր մարդիկ կալանավորվեցին առանց դատավարության, և շուրջ 1,000 մարդ սպանվեց։ Բացի այդ, 1919-ից 1921 թվականների ընթացքում սպանվել է շուրջ 1,250-ից 2,500 հրեա, որոնք հատուկ թիրախ էին հանդիսանում, իսկ տասնյակ հազարավորները՝ վիրավորվել։ Ծայրահեղ աջակողմյան զինված խմբերը, հրեաներին համարելով դավաճաններ և կոմունիստներ, բռնաբարում էին, թալանում և կոտորում նրանց[3]։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին Հունգարական պետության քաղաքական կառուցվածքը ստիպված եղավ արագ և կտրուկ փոփոխությունների ենթարկվել։ Ավստրո-Հունգարական կայսրությունը, որի կազմում Հունգարիան կարևոր անդամ էր, փլուզվեց։ Հաղթանակած Անտանտի երկրները քայլեր ձեռնարկեցին Հունգարիայի էթնիկորեն խառը սահմանային տարածքներն առանձնացնելու և փոխանցելու Սերբերի, Խորվաթների և Սլովենների Թագավորությանը, Չեխոսլովակիային և Ռումինիային՝ ինչի հետևանքով Հունգարիան կորցրեց իր տարածքի երկու երրորդը և հունգարախոս ազգաբնակչության մոտ մեկ երրորդը։ Այս կորուստները, ինչպես նաև պատերազմից հետո առաջացած սոցիալ-տնտեսական ցնցումները, խոր վիրավորվածություն և դժգոհություն առաջացրեցին բազմաթիվ հունգարացիների շրջանում[1]։
Այս անկայուն մթնոլորտում երկրի նորանկախ ջանքերը՝ ձևավորելու մեկ միասնական և կայուն կառավարություն, ձախողվեցին։ 1919 թվականի մարտին կոմունիստական կառավարություն՝ փոխարինելով Սոցիալ-դեմոկրատական և կոմունիստական կոալիցիային, հռչակեց Հունգարական Սովետական Հանրապետությունը։ Կոմունիստների կուսակցությունը Հունգարիայում, որի առաջնորդն էր Բելա Կունը, ամենամեծ ազդեցությունն ուներ հանրապետությունում, թեև կառավարությունը, տեսականորեն, ղեկավարվում էր սոցիալ-դեմոկրատների և կոմունիստների կոալիցիայի կողմից[4]։ Կունի կառավարությունը տևեց պակաս քան չորս ամիս և ավարտվեց ռումինական ներխուժմամբ։ Այդ ժամանակահատվածում քաղաքական լարվածության և ճնշումների ուժեղացման արդյունքում սկսվեցին ձերբակալություններ և մահապատիժներ՝ հայտնի որպես Կարմիր ահաբեկչություն։ Այս հանգամանքը հանգեցրեց կառավարության հանդեպ աջակցության անկմանը։ Հունգարիան փորձեց պահպանել Սլովակիան և Տրանսիլվանիան, սակայն ռումինական զորքերը ներխուժեցին Հունգարիա և 1919 թվականի օգոստոսին հասան մինչև Բուդապեշտ։ Ներխուժումից հետո Հունգարացի կոմունիստների մեծ մասը, այդ թվում՝ Կունը, գնացին աքսորի։
Առաջին փուլ (1919)
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրի հարավում ձևավորվեց այլընտրանքային կառավարություն՝ Հունգարական Սովետական Հանրապետությանը փոխարինելու համար։ Նոր կառավարության զինված թևը՝ «Ազգային բանակը», գլխավորում էր ծովակալ Միկլոշ Հորթին՝ նախկին Ավստրո-Հունգարական նավատորմի վերջին հրամանատարը[5]։
Հորթիի կոչին արձագանքած սպաների թվում կային ծայրահեղ ազգայնական զինվորականներ, ովքեր վրժճողական արշավ սկսեցին Կարմիր ահաբեկչության դիմաց՝ կոմունիստների կողմնակիցներին ոչնչացնելու և բնակչությանը վախեցնելու համար՝ նոր կարգերին ենթարկվելու նպատակով[6]։
«Ազգային բանակի» ստորաբաժանումները, որոնցից որոշները հրամայվում էին Միհայ Հորթիի կողմից, իրականացրին ջարդեր և զանգվածային սպանություններ․ սպանություններ իրականացրին նաև զինված այլ խմբավորումներ՝ հատկապես «Հունգարական Արշալույսի» ժամանակ[7]։
Այս ստորաբաժանումները, որոնք սովորաբար հայտնի էին որպես «Սպիտակ գվարդիա», կիրառում էին սպանություններ, խոշտանգումներ և նվաստացումներ։ Կոմունիստների կողմնակից լինելու մեջ կասկածվող մարդկանց՝ առանց դատաքննության, հաճախ գնդակահարում էին և կախաղան բարձրացնում հրապարակներում՝ որպես զգուշացում մյուսների համար։ Սակայն «Սպիտակ գվարդիայի» պատկերացումը՝ ով էր համարվում պետության թշնամի, շատ լայն էր, նրանք զոհ դարձնում էին գյուղացիներին, քաղաքականապես լիբերալներին, և հատկապես հրեաներին, որոնց մեղադրում էին հեղափոխության մեջ, քանի որ կոմունիստական ճնշումների առաջնորդների զգալի մասը հրեա էր[8][6]։
Ամենավախեցնող ստորաբաժանման հրամանատարը Պալ Պրոնայն էր, որի գումարտակը առանձնանում էր սադիստական դաժանությամբ[9]։ Այլ հրամանատարների թվում էին Գյուլա Օստենբուրգ-Մորավեկը, Անտոն Լեհարը և Իվան Հեյյաշը, որը կենտրոնացել էր Հունգարական դաշտավայրում՝ Կեչկեմետ քաղաքի շրջակայքում։ Թեև այս խմբերը համարվում էին Ազգային բանակի մաս, հաճախ գործում էին որպես անձնական ջոկատներ՝ իրենց հրամանատարներին անմնացորդ նվիրվածությամբ[6]։ Նրանց կողմից իրականացված հանցագործությունները ներառում էին խոշտանգումներ, բռնաբարություններ, առանց դատի մահապատիժներ և դիակների պղծում՝ հասարակական ցուցադրության համար[10]։
Ամենածանր հարվածները հասցվեցին Տրանսդանուբիային, Սիոֆոկում Հորթիի շտաբի լայն շրջակայքին և Դանուբի ու Տիսայի միջև ընկած հարթավայրերին, որտեղ Կեչկեմետում և Օրգովանում իրականացվեցին զանգվածային սպանություններ, որոնք միջազգային արձագանք ստացան[7]։
Երկրորդ փուլ (1919-ից հետո)
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային բանակը 1919 թվականի նոյեմբերին ներխուժեց Բուդապեշտ, և չորս ամիս անց Հորթին դարձավ նորաստեղծ Հունգարիայի թագավորության ռեգենտ։ Սակայն, հեռու այն մտքից, թե հետադարձ ուժերն այսուհետ դադարեցնելու էին իրենց արշավները, հակառակը՝ նրանք ընդլայնվեցին և գրեթե երկու տարի շարունակ շարունակեցին ահաբեկել իրենց թիրախները։ Քաղաքական դրդապատճառներով բռնությունները վերածվեցին անձնական վրեժխնդիր սպանությունների և շահի նպատակով առևանգումների։ «Սպիտակ գվարդիայի» սպաները սկսեցին միմյանց հետ մրցակցել իշխանության համար և դավեր մշակել միմյանց սպանելու նպատակով[6]։ Հորթիի կենսագիր Թոմաս Լ. Սակմեստերը եզրակացնում է, որ 1919 թվականին Հորթին դիտմամբ աչք էր փակում այն ժամանակ, երբ «Սպիտակ գվարդիայի» սպաները սանձարձակաբար գործում էին գյուղերում[11]։
Սպիտակ ահաբեկչության ավարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]1920 թվականին ահաբեկչությունը նկատելիորեն թուլացավ[7]։ 1921 թվականին Պալ Պրոնային ենթարկվեց պատասխանատվության Սպիտակ ահաբեկչության հետ կապված հանցագործությունների համար։ Երբ Պրոնան միացավ Ավստրիայի կայսր Կառլոս I-ին Հունգարիայի գահը վերականգնելու անհաջող փորձին, նրա գումարտակը ցրվեց[12]։
Չնայած Պրոնայի գումարտակի լուծարմանը՝ հաջորդ տարիներին առանձին բռնություններ և հարձակումներ շարունակվեցին[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Randolph L. Braham (2002). The Nazis' Last Victims: The Holocaust in Hungary. Wayne State University Press. էջեր 30–31. ISBN 978-0-8143-3095-1.
- ↑ Spencer Tucker; Laura Matysek Wood (1996). The European powers in the First World War: an encyclopedia. Taylor & Francis. էջեր 349–350. ISBN 978-0-8153-0399-2.
- ↑ Rozenblit, Marsha L. (2021 թ․ դեկտեմբեր). «The White Terror: Antisemitic and Political Violence in Hungary, 1919–1921. By Béla Bodó. Mass Violence in Modern History. London: Routledge, 2019. xxv, 333 pp. Notes. Bibliography. Index. Illustrations. Figures. Maps. $124.00, hard bound». Slavic Review (անգլերեն). 80 (4): 916–917. doi:10.1017/slr.2022.32. ISSN 0037-6779.
- ↑ Balogh, Eva, Istvan Friedrich and the Hungarian Coup d'Etat of 1919: A Reevaluation, Slavic Review, Vol. 35, No. 2 (Jun., 1976), pp. 269-286
- ↑ Bodo, Bela, Paramilitary Violence in Hungary After the First World War, East European Quarterly, June 22, 2004
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Bodo, Paramilitary Violence
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Strauss, Herbert A. (1993 թ․ հունվարի 1). Austria - Hungary - Poland - Russia (անգլերեն). Walter de Gruyter. էջ 887. ISBN 9783110883299.
- ↑ McCagg, William (1972 թ․ սեպտեմբերի 1). «Jews in revolutions: the Hungarian experience». Journal of Social History. 6 (1): 78–105. doi:10.1353/jsh/6.1.78. JSTOR 3786436. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ Bodo, Bela (2011). «The White Terror in Hungary, 1919-1921: The Social Worlds of Paramilitary Groups». Austrian History Yearbook. 42: 156. doi:10.1017/S0067237811000099.
- ↑ Bodo, "The White Terror in Hungary," 156.
- ↑ Sakmyster, Thomas L. (2000). Miklos Horthy: Hungary's Admiral on Horseback. Columbia University Press.
- ↑ Bodo, Political Violence
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Gerwarth, Robert (2008). «The central European counter-revolution: Paramilitary violence in Germany, Austria and Hungary after the great war | Past & Present (200.1)» (PDF). ceulearning.ceu.edu. էջեր 175–209.
- 1919 Եվրոպայում
- 1919 Հունգարիայում
- 1920 Հունգարիայում
- 1920 իրադարձություններ
- 1920-ականներ Հունգարիայում
- 1921 Հունգարիայում
- 20-րդ դարը Հունգարիայում
- Ահաբեկչություն
- Եվրոպայի քաղաքական շարժումներ
- Իրադարձություններ Հունգարիայում
- Հակակապիտալիզմ
- Հակակոմունիզմ
- Հակասեմականություն
- Հեղափոխություն
- Հունգարիա
- Հունգարիայի կաթոլիկ եկեղեցիներ
- Հունգարիայի պատմություն
- Հունգարիայի ռազմական պատմություն
- Տոտալիտարիզմ
- Քաղաքական բռնաճնշումներ
- Քաղաքական և մշակութային մաքրագործում