Սպիտակի վիմափոր բնակավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սպիտակի վիմափոր բնակավայր, ժայռափոր բնակատեղի ՀՀ Լոռու մարզում։ Հայտնաբերվել է 1977 թվականին՝ շինարարական աշխատանքների ժամանակ, Փամբակ գետի ձախ ափին, Գեղասար գյուղի տարածքում։

1977-1980 թվականներին պեղել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի հնագիտության ինստիտուտի արշավախումբը։

Բնակավայրն առաջացել է 12-13-րդ դարերում, առևտրական բանուկ ճանապարհների վրա և ապրել տնտեսական աշխույժ կյանքով։ Անձավները փորված են սև տուֆի հսկայածավալ զանգվածի մեջ։ Շուրջ 300 մետր երկարությամբ բնակավայրը ոչ խորը կիրճով բաժանվում է երկու թաղամաս-հատվածի։ Խանդակների վրա բացվել են 4-5 սենյականոց մոտ 40 համալիր։ Քարանձավների մի մասը կրկնահարկ ու եռահարկ են։ Դրանք միմյանց հետ հաղորդակցվել են գաղտնուղիներով և քարե (հավանաբար՝ նաև փայտե) աստիճաններով։ Ճարտարապետական հղացմամբ, հատակագծային հորինվածքով ու ներքին հարդարանքով բնակավայրն աղերսվում է Անիի ստորգետնյա «քաղաքի» և Վրաստանի ժամանակամերձ նույնտատիպ հուշարձանների (Վարձիա և այլն) հետ։ Հստակ առանձնանում են շինությունների 4 տիպեր՝ պաշտամունքային, հասարակական, բնակելի և արտադրական։ Արևելյան թաղամասի կենտրոնում, երրորդ խանդակի վրա փորված է ոչ մեծ եկեղեցի (պահպանվել է միայն կեսը՝ երկայնական կտրվածքով), որից արևմտյանը գտնվում է վիմափոր տապանատունը՝ մի շարք դամբարաններով։ Տապանատան հատակի ձևն ու կեղծ կամարներն ստեղծում են հայկական ավանդական զավիթների տպավորություն։ Բնակավայրի արևելյան ծայրամասում բացվել է մի քանի բաժանմունքներից բաղկացած քարավանատունը։ Ներքին պարզ հարդարանքով բնակելի սենյակներում կան թոնիրներ և ոչ լայն հարթակներ (ծառայել են որպես ննջարաններ)։ Շինությունների հիմնական խումբը կազմում են արտադրական համալիրները, որոնց հատակներին փորված են վառարաններ և փոքրիկ առվակներով միմյանց միացած զանազան տեսակի հորեր ու փոսեր։ Քարանձավների առաստաղները թաղաձև են, ունեն կեղծ կամարներ, պատուհաններ, պատերի մեջ՝ ճրագներ դնելու և այլ նպատակների ծառայող զանազան փորվածքներ։ Պատերի վրա և առաստաղի կենտրոնում կան փոքրիկ օդանցքներ։ Մուտքերը փակվել են փայտե դռներով կամ մեծ տախտակներով։ Պեղումների ընթացքում գտնվել են ջնարակած ու հասարակ խեցեղեն, աշխատանքային երկաթե գործիքներ ու զենքեր, պղնձե ու ոսկրե զարդեր, երկաթի ու սիլիկատային մնացորդների խարամ, արտադրության հետ կապված տարբեր բնույթի հարմարանքներ, մոնղոլական, վրացական, բյուզանդական դրամներ և այլ առարկաներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 78