Jump to content

Սպիտակազգեստ սիմֆոնիա № 2. Սպիտակազգեստ աղջիկը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիտակազգեստ սիմֆոնիա № 2. Սպիտակազգեստ աղջիկը
տեսակգեղանկար
նկարիչՋեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլեր[1]
տարի1864[2]
բարձրություն76,5 սանտիմետր[2]
լայնություն51,1 սանտիմետր[2]
ստեղծման երկիր ԱՄՆ
ժանրդիմապատկեր
նյություղաներկ[2] և կտավ[2]
գտնվում էԹեյթ[2]
հավաքածուԹեյթ[2] և Լոնդոնի ազգային պատկերասրահ
http://www.victorianweb.org/painting/whistler/paintings/4.html կայք
Ծանոթագրություններ
 Symphony in White, No. 2: The Little White Girl (N03418) by James McNeill Whistler Վիքիպահեստում

«Սպիտակազգեստ սիմֆոնիա № 2. Սպիտակազգեստ աղջիկը[3]» (անգլ.՝ Symphony in White, No. 2: The Little White Girl, Ռուսերեն մեկնաբանությամբ՝ Սպիտակ հագած երիտասարդ աղջիկ[4], Սպիտակազգեստ աղջիկ[5], Սպիտակազգեստ փոքրիկ աղջիկ [6], Փոքրիկ սպիտակ աղջիկ[7]), ամերիկացի նկարիչ Ջեյմս Ուիսթլերի նկարը, որը նկարված 1864 թվականին։ 1951 թվականից այն պահվում է բրիտանական Թեյթ պատկերասրահում։

Նկարի համար որպես մոդել հանդես է եկել Ուիստլերի սիրելին՝ Ջոաննա Հիֆերնան։ Սկզբում նկարը կոչվել է «Սպիտակազգեստ աղջիկը», սակայն Ուիսթլերը հետագայում փոխել է վերնագիրը՝ դարձնելով «Սպիտակազգեստ սիմֆոնիա № 2», քանի որ այն ավելի շատ արտացոլում էր «արվեստ արվեստի համար» հայեցակարգի իր տեսլականը։ Նկարում պատկերված է երեք քառորդ հասակով մի աղջիկ, որը կանգնած է բուխարու մոտ, որի վերևում կախված է հայելի[8][9][10]։ Աղջիկը սպիտակ զգեստ է հագել և ձեռքում ուչիվա է պահում[11]` ավանդական ճապոնական հովհար։ Չնայած նկարիչն ու նրա մոդելը ամուսնացած չէին, նա մատանի է կրում ձախ ձեռքի մատնեմատին՝ որպես քրիստոնեական ամուսնության խորհրդի ակնարկ։ Այս կերպ Ուիսթլերը շեշտել է իր աշխատանքի հիմքում ընկած գեղագիտական ​​փիլիսոփայությունը, որը հռչակում է արվեստի անկախությունը էթիկական, սոցիալական և պատմողական ասպեկտներից[12]։

Նկարի սկզբնական շրջանակին կցված էր ոսկե նրբաթերթ հուշատախտակ, որը պարունակում էր Ուիսթլերի ընկերոջ՝ բանաստեղծ Ալջերնոն Սվինբրնի «Հայելու առաջ» բանաստեղծությունը: Բանաստեղծությունը ոգեշնչված էր նկարով, և Ուիսթլերի համար այն նշանակում էր, որ կերպարվեստը պարտադիր չէ, ստորադասվի գրականությանը: Չնայած նկարի իմաստի և խորհրդանշականության վերաբերյալ ակնարկները քիչ են, քննադատները գտել են ակնարկներ Ժան Էնգրի աշխատանքներին և նաև նկատել են այդ ժամանակ տարածված գեղարվեստական ​​շարժման՝ ճապոնականության ազդեցությունը:

Ուիստլերը նկարը նկարել է 1864 թվականի ձմռանը, իսկ հաջորդ տարի նկարը ընդունվել է Արվեստի թագավորական ակադեմիայի ցուցահանդեսի համար, չնայած ավելի վաղ՝ 1862 թվականին, ցուցահանդեսի ժյուրին մերժել է «Սպիտակ սիմֆոնիա № 1» աշխատանքը[13] , «Սպիտակ սիմֆոնիա № 2»-ի նախորդը[14]։ Անգլիացի քննադատները բացասաբար են արձագանքել աշխատանքին, այն անվանելով «տարօրինակ»[15] և «ընդհանուր առմամբ կեղտոտ-մոխրագույն»[16]։ Սակայն շատ ավելի ուշ՝ 1900 թվականին, այն ցուցադրվել է Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսում, որտեղ Ուիսթլերը ստացել է Գրան պրի[17]։

Նկարի առաջին սեփականատերը եղել է պաստառների արտադրող Ջոն Փոթթերը, Ուիսլերի ընկերը և հովանավորը[18], որը այն գնել է 1865 թվականին 150 ֆունտ ստեռլինգով։ 1893 թվականին Փոթթերը նկարը 1400 ֆունտ ստեռլինգով վաճառել է նկարիչ Արթուր Ստադին (1863–1919 թվականներ)։ Ավելի ուշ հավաքորդ Չարլզ Ֆրիրը Ստադին առաջարկել է 250,000 ֆունտ ստեռլինգ երեք նկարների համար՝ «Սպիտակ սիմֆոնիաներ № 2», «Կապույտ և արծաթագույն նոկտյուրն՝ Կրեմորնի լույսերը» և «Սև և ոսկեգույն նոկտյուրն՝ Կրակի անիվը»։ Սակայն նա մերժել է առաջարկը՝ Ուիսթլերի կամքին հակառակ բոլոր երեք նկարները[19] փոխանցվել են Լոնդոնի Ազգային պատկերասրահ, որտեղ դրանք տեղափոխվել են նրա մահից հետո՝ 1919 թվականին։ 1951 թվականից ի վեր նկարը պահվում է Թեյթ պատկերասրահում[20][21][22]։

Սվինբրնի բանաստեղծություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1862 թվականին Ուիսթլերը հանդիպել է անգլիացի բանաստեղծ Ալջերնոն Սվինբրնին, որի հետ հետագայում ընկերացել է[23]։ «Սպիտակ սիմֆոնիա № 2»-ից ոգեշնչված՝ Սվինբրնը գրել է «Հայելու առաջ» բանաստեղծությունը[17], որը, նրբաթերթ ոսկե սալիկի վրա փորագրված, նկարի շրջանակին ամրացրել է հենց Ուիսթլերը[24]։ Ուիսթլերը գաղափարը փոխառել է Ռոսսետիից, ով իր «Կույս Մարիամի երիտասարդությունը» (1849) նկարի շրջանակին կպցրել է իր բանաստեղծությամբ ոսկե հուշատախտակ[25]։ Ուիստլերի համար այս բանաստեղծությունը ևս մեկ անգամ հաստատել է նրա պատկերացումը նկարչության ինքնավար բնույթի մասին, որ նկարիչները ոչ միայն նկարազարդողներ են, այլև նկարչությունը կարող է դառնալ պոեզիայի ոգեշնչման աղբյուր, և ոչ թե պարզապես հակառակը[24]։

Սակայն այդ ժամանակ տարածվել է մի սխալ կարծիք, որ նկարը ոգեշնչված է եղել Սվինբրնի բանաստեղծությունից։ Թերթին նամակ գրելով՝ հերքելով այդ փաստը, Ուիսթլերը, այնուամենայնիվ, հարգանքով է խոսել բանաստեղծի ստեղծագործության մասին. «Այս տողերը, որոնք նա գրել է, գրվել են իմ արվեստանոցում միայն նկարն ավարտվելուց հետո։ Եվ դրանց գրությունը բանաստեղծի կողմից նկարչին արված հազվագյուտ և բարի հարգանքի տուրք էր՝ ստեղծագործության ազնիվ ճանաչում՝ ավելի ազնիվ ստեղծագործության ստեղծմամբ»[26]։ Սվինբրնն իր հերթին պատասխանել է գովասանքին. «... անկախ իմ երգի արժանիքներից, այն այնքան կատարյալ չէ գեղեցկությամբ, քնքշությամբ և բովանդակությամբ, կատարման նրբագեղությամբ և փխրուն ուժով, որքան Ուիսլերի նկարը...»[27]

Ուիսլերը, հատկապես իր կյանքի վերջին տարիներին, դժգոհել է այն մտքից, որ իր նկարները պետք է ունենան որևէ իմաստ՝ կտավի վրա տեսանելիից այն կողմ։ Նա հայտնի է որպես «արվեստ արվեստի համար» փիլիսոփայության առաջատար կողմնակիցներից մեկը[28]։ Այս փիլիսոփայության զարգացման մեծ մասը նա պարտական ​​է Սվինբրնին, ով առաջին անգամ նկարագրել է այն իր 1868 թվականի «Ուիլյամ Բլեյք. Քննադատական ​​ակնարկ» գրքում[17]։ Ուիսթլերը հետագայում սկսել է «Սպիտակազգեստ աղջիկը» անվանել «Սպիտակազգեստ սիմֆոնիա, № 2»[29]։ Երաժշտության հետ համեմատությամբ նա ցանկանում էր ընդգծել իր փիլիսոփայությունը, որ գլխավորը կոմպոզիցիան է, այլ ոչ թե պատկերված առարկան[30]։

Նկարի ամենաակնառու տարրերից մեկը մոդելի մատնեմատի վրա եղած մատանին է[13], որը միտումնավոր ավելացրել էր Ուիստլերը. այն չի եղել «Սպիտակ սիմֆոնիա № 1»-ում։ Չնայած նա և Հիֆերնանը ամուսնացած չէին, մատանին ցույց էր տալիս, թե ինչպես է նկարչի պատկերացումը իր մոդելի մասին ժամանակի ընթացքում փոխվել. Ուոպինգի «մարմնավաճառից» մինչև «Սիրուհի» «Սպիտակ սիմֆոնիա № 1»-ում և վերջապես «կին» «Սպիտակ սիմֆոնիա № 2»-ում։ Միևնույն ժամանակ, այդ զարգացումը արտացոլում էր Ուիստլերի ըմբռնումը անգլիական արվեստի աշխարհում իր դիրքի վերաբերյալ. քայլ դեպի ավելի մեծ լեգիտիմություն[13]։ Մատանին նաև ակնարկ է քրիստոնեական ամուսնության խորհրդին, կրոնական երանգ հաղորդելով այն գեղագիտությանը, որը նա և Սվինբուրնը փորձում էին զարգացնել[31]։

«Սպիտակով սիմֆոնիա № 2»-ում Ուիստլերը հստակորեն հեռանում է ֆրանսիացի նկարիչ Գյուստավ Կուրբեի ռեալիզմից, ով նախկինում մեծ ազդեցություն էր ունեցել նրա վրա: Աշխատանքում օգտագործվում են «մեղմ, թափանցիկ հարվածներ և խիտ, էներգետիկ վրձնահարվածներ»՝ մեղմ, կլոր ձևերը համեմատելու ավելի կոշտ, երկրաչափական ձևերի հետ[32]։

Նկարի ոգեշնչման աղբյուրներ փնտրելիս քննադատները առաջ են քաշել տարբեր տարբերակներ։ Այն համեմատվել է Ժան Էնգրի ստեղծագործությունների հետ։ Չնայած Ուիստլերի նկարը շատ առումներով տարբերվում էր Էնգրի աշխատանքներից, նա, այնուամենայնիվ, ֆրանսիացի նկարչի երկրպագու էր և ոգեշնչվում էր նրա արվեստով[33]։ Ուչիվան՝ մոդելի ձեռքում գտնվող ավանդական ճապոնական հովհարը, և բուխարու վրա արևելյան տարրերով ծաղկամանը վկայում են ճապոնականության՝ այդ ժամանակվա եվրոպական արվեստում տարածված շարժման ազդեցության մասին[34]։The Times-ի ժամանակակից ակնարկներից մեկում ասվում է. «Պարզության հետևում թաքնված է միտք և կիրք, որն անսահման գրավչություն է հաղորդում դրան»[20]։ Արվեստի պատմաբան Հիլթոն Քրամերը Ուիսթլերի դիմանկարներում տեսնում է հմայք և արհեստագործության ու դիտարկման հմտությունների համադրություն, որը բացակայում է նրա բնանկարներում[35]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Art UKArt UK.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 http://www.tate.org.uk/art/artworks/whistler-symphony-in-white-no-2-the-little-white-girl-n03418
  3. Чегодаев, 1976
  4. Майкапар, 2012, էջ 49
  5. МирМузея, 2007, էջ 9
  6. Андреева, 2006, էջ 1629
  7. Тугендхольд, 1987, էջ 84
  8. Russell, 2017, էջ 25
  9. Eddy, 1904, էջ 185
  10. Vinet, 2017, էջ 127
  11. NUNOKAWA, 2015, էջ 845
  12. Prettejohn, 1999, էջ 64
  13. 13,0 13,1 13,2 Spencer, 1998, p. 309
  14. Craven, 2003, p. 342-3
  15. Laver, 1951, p. 107
  16. Anderson & Koval, 1994, p. 353
  17. 17,0 17,1 17,2 Spencer, 2004
  18. Prettejohn, 1999, p. 66
  19. Pennell, 1911, p. vi
  20. 20,0 20,1 Wilton, 1997, p. 116-117
  21. Tinterow, 1994, էջ 465
  22. «Whistler Etchings:: Biography». etchings.arts.gla.ac.uk. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.
  23. Taylor, 1978, p. 32
  24. 24,0 24,1 Spencer, 1998, p. 311
  25. Horowitz, 1979, p. 125
  26. Prettejohn, 1999, p. 89
  27. Weintraub, 1974, p. 98
  28. Batchelor, 2002, p. 219
  29. Craven, 2003, p. 342-343
  30. Spencer, 1998, p. 300
  31. Prettejohn, 1999, p. 64
  32. Taylor, 1978, p. 30
  33. Sutton, 1960, p. 460-461
  34. Merrill, 1994, p. 687
  35. Kramer, 1974, p. 72-73