Քաջվարդ նեղատերև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
10:40, 25 Դեկտեմբերի 2018 տարբերակ, Susanna Nahapetyan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Քաջվարդ նեղատերև
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Քաջվարդազգիներ
Տեսակ Քաջվարդ նեղատերև
Լատիներեն անվանում
Paeonia tenuifolia


Քաջվարդ նեղատերև (լատին․՝ Paeonia tenuifolia), քաջվարդազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն

Կոնաձև հաստացած արմատներով բազմամյա, գեղազարդային խոտաբույս է։ Ցողունի բարձրությունը հասնում է 60 (90) սմ–ի։ Կրկնակի փետրաձև տերևները նեղ գծային են, մինչև 2 մմ լայնության մասերով։ Վերին տերևները շրջապատում են ծաղիկը։ 6-8 սմ տրամագծով, մուգ կարմիր պսակաթերթերով ծաղիկները ցողունների գագաթներին միայնակ են։ Առէջները դեղին են։ 2 սմ երկարությամբ պտղատերևիկները շիկավուն թավոտություն ունեն և երեքն են, հազվադեպ՝ երկուսը։ Արիլուսով սերմերն ունեն սերմնաթիկնոց[1]։

Տարածվածություն

Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Կապանի շրջակայք)[1]։

Էկոլոգիա

Բույսը աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 700-800 մ բարձրությունների վրա, շիբլյակում: Ծաղկում է ապրիլ ամսին, պտղաբերում՝ մայիսին[1]:

Պահպանություն

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է: Հայտնի է մեկ ոչ մեծ պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.