Արևմտահայ ազգային-ազատագրական շարժումներ (1890-ականներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արևմտահայ ազգային ազատագրական շարժումների վերելքը 1890-ական թվականներին. Արևմտահայությունը սուլթանական կառավարության ազգահալած քաղաքականությանը պատասխանել է ազատագրական պայքարի նոր վերելքով։ 1890 թվականի հունիսին Կարինում (Էրզրում) կեղծ լուրեր են տարածվել հայերի՝ ապստամբության պատրաստվելու մասին։ Խուզարկելու նպատակով թուրք ոստիկանները պատարագի ժամին ներխուժել են եկեղեցի։ Ժողովուրդը հնչակյանների գլխավորությամբ դիմագրավել է նրանց, սպանվել ու վիրավորվել է ավելի քան 20 հայ։ 2 օր անց իշխանությունները նոր ջարդեր են կազմակերպել քաղաքի հայկական թաղամասերում։

Ազատագրական պայքարի սկզբնավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբդուլ Համիդ Երկրորդ

1890 թվականի հուլիսին հնչակյանները Կ. Պոլսի Գում Գափու թաղամասում ցույց են կազմակերպել, պատռել են Աբդուլ Համիդ Երկրորդի նկարն ու օսմանյան տերության պետական զինանշանը և ստիպել Խորեն Աշըգյան պատրիարքին իրենց հետ շարժվել դեպի սուլթանի պալատը՝ Էրզրումի հանցագործության մեղավորներին պատժելու և Բեռլինի 61-րդ հոդվածի դրույթներն իրագործելու պահանջով։ Ոստիկանները կրակ են բացել, սպանվել են մի քանի ցուցարարներ, իսկ ղեկավարները բանտարկվել են։ Սանկտ Պետերբուրգի բուհերից Թիֆլիս եկած հայ ուսանողների մի խումբ, 1890 թվականի սեպտեմբերին Սարգիս Կուկունյանի գլխավորությամբ համալրվելով Ալեքսանդրապոլում ու Կարսում, փորձել են անցնել ռուս-թուրքական սահմանը՝ Արևմտյան Հայաստանում համահայկական ապստամբություն սկսելու նպատակով։

Ապստամբության ծավալումը և ռուսական կողմի կողմնորոշումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Չաուշ
Հրայր Դժոխք

Սակայն ռուսական իշխանությունները հայերի ծրագրի մասին տեղեկացրել էին թուրքերին։ Սահմանագլխին Ս. Կուկունյանի խումբը հակահարված է ստացել սուլթանական զորամասերից ու քրդական հեծյալ ջոկատներից, նահանջել և ընկել ռուս սահմանապահների ձեռքը։ Ցարական դատարանը 27 հոգու դատապարտել է 3-20 տարվա տաժանակրության։ Ս. Կուկունյանը Սիբիրի ու Սախալինի բանտերից ազատվել է միայն 1905 թվականին՝ կառավարության ընդհանուր ներումով։ 1890-ական թվականներին Սասունի գավառը (Բիթլիսի վիլայեթում էր՝ 35 հազար հայ բնակչությամբ) դարձել է ֆիդայական շարժման կենտրոն։ Միհրան Տամատյանը, Մեծն Մուրադը (Համբարձում Պոյաջյան), Հրայրը (Արմենակ Ղազարյան), Գևորգ Չաուշը (Գևորգ Ղազարյան) պայքարի և հարկերը չվճարելու կոչ էին անում։ Իշխանությունները Սասունի դեմ հրահրել են քրդերին, ձերբակալել Մ. Տամատյանին ու 25 սասունցիների։ Շարժման գլուխ են անցել Մեծն Մուրադը, Հրայրը և Չաուշը։ Դեպի Սասուն է շարժվել Զեքի փաշայի զորքը։ Հայերը մերժել են 7 տարվա չվճարված հարկերը մուծելու նրա պահանջը։ 1894 թվականի հուլիսի 27-ին հայերն ուժեղ հակահարված են հասցրել թշնամուն։ Թուրքերը բանակցություններ են առաջարկել, սակայն նենգաբար շրջապատել ու կոտորել են 148 հայի։

Սասունի ապստամբությունը և մեծ տերությունների վերաբերմունքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձան նվիրված Զեյթունի հայերին

Միայն օգոստոսի վերջին թշնամին կարողացել է ներխուժել Սասուն և սրի քաշել մոտ 7 հազար մարդու։ Ձերբակալվել են Մեծն Մուրադը, Գևորգ Չաուշը, որոնք հետագայում փախուստի են դիմել։ Սասունի 1894 թվականի ապստամբությունը Բեռլինի վեհաժողովից (1878) հետո արևմտահայերի առաջին զինված ելույթն էր։ Մեծ տերությունները Սասունի դեպքերով զբաղվեցին միայն այն ժամանակ, երբ սուլթանն արդեն կատարել էր իր գործը։ Ոճրագործությունն ուսումնասիրելու համար 1894 թվականի նոյեմբերին նրանց կազմած ստուգիչ հանձնաժողովը եզրակացրել է, որ Սասունում անմեղ բնակչության նկատմամբ կատարվել է եղեռնագործություն։ Հանձնաժողովի նյութերի հիման վրա Կ. Պոլսում Անգլիայի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի դեսպանները 1895 թվականի մայիսի 11-ին Թուրքիային ներկայացրել են բարենորոգումների ծրագիր, որը կոչվել է Մայիսյան։ Վերջինս ձևական փաստաթուղթ էր, քանզի գլխավոր պաշտոնյաների նշանակման իրավունքը վերապահվում էր սուլթանին։ Նախատեսվում էր Արևմտյան Հայաստանում նաև հողային, հարկային ու դատական գործերի բարելավում։ Սակայն տարբեր պատճառաբանություններով սուլթանական կառավարությունը չի ընդունել բարենորոգումների անգամ խիստ չափավոր այդ ծրագիրը։

Բաբը Ալիի ցույցը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաբը Ալի

Մեծ տերությունների ուշադրությունը գրավելու և նրանց օգնությամբ Մայիսյան բարենորոգումների ծրագիրն իրականացնելու համար 1895 թվականի սեպտեմբերին Կ. Պոլսում հնչակյանները դարձյալ կազմակերպել են խաղաղ ցույց (շուրջ 4-հազարանոց) ու շարժվել դեպի կառավարության նստավայրը՝ Բաբը Ալի։ Ցուցարարների վրա կրակ են բացել, մայրաքաղաքում սկսվել են նոր ջարդեր, զոհվել է շուրջ 2 հազար մարդ։ Մեծ տերությունները բողոք են ներկայացրել՝ պահանջելով իրագործել բարեփոխումները, սակայն ապարդյուն։

Զեյթունի ապստամբություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծն Մուրադ

Մեկ ամիս անց հնչակյանների նախաձեռնությամբ ապստամբություն է սկսվել Զեյթունում։ 75-ամյա Ղազար Շովրոյանի և Աղասու (Գարուն Աղասի) ղեկավարությամբ զեյթունցիները զինաթափել են թուրքական կայազորը, գրավել 600 հրացան, 2 հրանոթ և այլ զենք ու զինամթերք։ Հարկադրել են գերի ընկած 700 օսմանյանանցի զինվորներին բնակիչների ներկայությամբ անցնել ապստամբների սրերի տակով։ Զորանոցի վրա բարձրացվել է կարմիր դրոշ՝ «Զեյթունի անկախ իշխանություն» վերտառությամբ։ 1895 թվականի նոյեմբերին թուրքական 2 բանակ՝ Ալի և Ռեմզի փաշաների հրամանատարությամբ, շարժվել է դեպի Զեյթուն։ Մինչև դեկտեմբերի 13-ը մղված մարտերում կրելով ծանր կորուստներ՝ թուրքերը նահանջել են։ Ռեմզի փաշային փոխարինել է նոր հրամանատար՝ Էդհեմ փաշան, որը հայտնի էր իբրև հույն ժողովրդի դահիճ։

Մեծ տերությունների միջամտումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սակայն Զեյթունը գրավելու վերջինիս ջանքերը նույնպես անհաջողության են մատնվել։ 1896 թվականի հունվարի 26-իև գործին միջամտել են մեծ տերությունները։ Հալեպում կնքվել է հաշտություն, թուրքերը պարտավորվել են զորքերը հետ քաշել Զեյթունից, ներում շնորհել հայերին, երաշխավորել նրանց կյանքի ու գույքի անվտանգությունը։ Զեյթունում պետք է նշանակվեր եվրոպացի կառավարիչ, տեղական պաշտոնյաները լինելու էին հայեր։ Այս զիջումների դիմաց թուրքերը հնչակյան գործիչներից պահանջել են հանձնել զենքը և հեռանալ (պետության ծախսերով) Թուրքիայից։ Զեյթունի ապստամբությունը նշանավոր էր իր կազմակերպվածությամբ և ձեռքբերումներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։