Արիստակես Բ Աթոռակալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արիստակես Բ Աթոռակալ
Ծնվել էանհայտ[1]
Մահացել էմոտ 1470[1]
Մահվան վայրՎաղարշապատ[1]
ԳերեզմանՎաղարշապատ[1]
Մասնագիտությունքահանա
Զբաղեցրած պաշտոններԱմենայն Հայոց Կաթողիկոս

Արիստակես Բ Աթոռակալ (կառավարման տարիներ՝ 1465-1469), Ամենայն Հայոց կաթողիկոս 1465-ից։ Հաջորդել է Գրիգոր Ժ Ջալալբեկյանցին։ Ծննդյան թիվն ու տեղն անհայտ են։ Մահացել է 1469-ին Վաղարշապատում։

Նախընթաց գործունեության մասին տեղեկություններ չեն պահպանվել։ Եղել է Վասպուրականի հոգևորականներից։ 1455-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գրիգոր Ժ Ջալալբեկյանցի կողմից նշանակվել է աթոռակից կաթողիկոս, որն առաջին դեպքն է Հայոց եկեղեցու պատմության մեջ, երբ գործող կաթողիկոսի կողմից լիազոր փոխանորդի կամ գործակից օգնականի իրավունքներով նշանակվում է աթոռակից կաթողիկոս։ Վերջինս անվանվել է նաև կաթողիկոսակից, աթոռակալ։

1460-ին Աղթամարի Զաքարիա Գ կաթողիկոսը կարա-կոյունլու թուրքմենների տիրակալ Ջհանշահի օժանդակությամբ հափշտակել է Ամենայն Հայոց կաթողիկոսական գահը և զրկել Արիստակես Բ Աթոռակալին իր իրավասություններից, սակայն մեկ տարի անց Զաքարիան վտարվել է Էջմիածնից, իսկ Արիստակես Բ Աթոռակալը շարունակել է իր պարտականությունների կատարումը։

1465-ի նոյեմբերին ընտրվել է Ամենայն Հայոց կաթողիկոս և իրեն աթոռակից նշանակել Սարգիս եպիսկոպոսին (հետագայում՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Սարգիս Բ Աջատար

Աշխատել է բարելավել Մայր Աթոռի տնտեսության անմխիթար վիճակը։ 1467-ին Խաչատուր եպիսկոպոսին նշանակել է Լեհաստանի հայոց թեմակալ առաջնորդ՝ հղելով կոնդակ լեհահայ համայնքին։

Կաթողիկոսական գահին Արիստակես Բ Աթոռակալին հաջորդել է Սարգիս Բ Աջատարը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սիմեոն Երևանցի, Ջամբռ, Վաղարշապատ, 1873
  • Առաքել Դավրիժեցի, Գիրք պատմութեանց, Երևան, 1990
  • Օրմանյան Մ., Ազգապատում, հատ. Բ, Ս. Էջմիածին, 2001
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 61
Նախորդող՝
Գրիգոր Ժ Ջալալբեկյանց
Կաթողիկոս
1465–1469
Հաջորդող՝
Սարգիս Բ Աջատար