«Լվով»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտ․ Ավելացվել է 1256 թվականին հիմնադրված բնակավայրեր կատեգորիան
Տող 42. Տող 42.
[[Կատեգորիա:Լվով]]
[[Կատեգորիա:Լվով]]
[[Կատեգորիա:1256 թվականին հիմնադրված բնակավայրեր]]
[[Կատեգորիա:1256 թվականին հիմնադրված բնակավայրեր]]
[[Կատեգորիա:Եվրոպայի Համաշխարհային ժառանգություն]]

17:55, 16 Մարտի 2020-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լվով (այլ կիրառումներ)
Քաղաք
Լվով
Львів
Դրոշ Զինանշան

ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
Ներքին բաժանումHalych Raion?, Shevchenko Raion?, Lychakiv Raion?, Zaliznytsia Raion?, Franko Raion? և Sykhiv Raion?
Հիմնադրված է1256 թ.
Առաջին հիշատակում1256
Մակերես182 կմ²
ԲԾՄ296±1 մետր
Պաշտոնական լեզուուկրաիներեն
Բնակչություն717 273 մարդ (հունվարի 1, 2022)[1]
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ322
Փոստային դասիչ79000–79490
Ավտոմոբիլային կոդBC / 14
Պաշտոնական կայքcity-adm.lviv.ua
Լվով (Ուկրաինա)##
Լվով (Ուկրաինա)

Լվով (ուկրաիներեն՝ Львів, արտասանությունը ), Ուկրաինայում շրջանային ենթակայության քաղաք, Լվովի մարզի շրջկենտրոնն է, երկրի ազգամշակութային և գիտական, խոշոր արդյունաբերական և տրանսպորտային կենտրոն։

Համարվում է Գալիցիայի և Արևմտյան Ուկրաինայի մայրաքաղաքը։ Բնակչությունը 717 273 մարդ (հունվարի 1, 2022)[1]։

Անվանում

Հայտնի է 1256 թվականից։ Հիմնադրվել է Գալիցիա-Վոլինյան իշխան Դանիլ Ռոմավիչը և իր Լև որդու անունով կոչել Լվով․ -ով վերջածանցը ցույց է տալիս պատկանելիություն։

1772 թվականին Գալիցիայի կազմում անցել է Ավստրիային և կոչվել Լիմբերգ[2]։

Հայերը Լվովում

Լվով քաղաքը հիմնադրվել է 1256-ին՝ մինչ այդ գոյություն ունեցող Պոդզամչե ավանի տեղում, որտեղ, ըստ լեհական սկզբնաղբյուրների, 1183-ին հայերն արդեն ունեին իրենց փայտաշեն եկեղեցին: Հայերը Լվովի առաջին բնակիչներից էին: 1360-ական թթ. Լվովը դարձել է ամբողջ Հարավարևելյան Եվրոպայի հայության հոգևոր կենտրոնը: 1407-ին այստեղ ապրել է շուրջ 300, 1633-ին՝ 2000 հայ ընտանիք: 1356-ին հայերը Լեհաստանի թագավոր Կազիմեժ III-ից ստացել են ներքին ինքնավարության իրավունք: Համայնքում կիրառվել է ազգային դատաստանագիրք: 16-րդ դարի վերջին քաղաքի 38 հարուստ ու խոշոր խանութներից 22-ը, իսկ 24 միջին կարողության խանութներից 19-ը պատկանել է հայերին: Շնորհիվ հայ վաճառականների՝ Լվովը կապող օղակ է դարձել Արևելքի և Արևմուտքի միջև:

Հայկական առանձին տոհմեր (Բոգդան Դոնավակովիչը, Կժիշտոֆ Ավեդիկ Բեռնատովիչը և այլն) հռչակվել են ամբողջ Լեհաստանում և եղել են լեհ թագավորների վարկատուները: Քաղաքում մեծ թիվ են կազմել հայ արհեստավորները (ոսկերիչներ, կաշեգործներ, ջուլհակներ, վրանագործներ, ներկարարներ), որոնք միավորված էին առանձին համքարություններում: Հայերն ունեին նաև կալվածքներ: Կառուցել են վանք, եկեղեցիներ, դպրոցներ, հիվանդանոցներ: Գործել է «Կտրիճվորաց եղբայրություն» երիտասարդական կազմակերպությունը: Հայկական առաջին դպրոցը Լվովում հիշատակվում է 1590-ից (17-րդ դարի կեսին ունեցել է ավելի քան 80 աշակերտ): Հայկական եկեղեցիներին կից գործել են տարրական դպրոցներ, 17-րդ դարի 60-ական թթ. գործել է ևս մեկ հայկական և մեկ գիշերօթիկ հոգևոր դպրոց (որբերի համար): 1665-ին հիմնվել է հայ հոգևոր կաթոլիկ բարձրագույն սեմինարիումը (լեհահայերի մեջ կաթոլիկություն տարածելու և կաթոլիկ հոգևորականներ պատրաստելու նպատակով, փակվել է 1784-ին): 19-րդ դարի սկզբին հայկական կուսանոցին կից գործել է օրիորդաց դպրոց (1820-ին՝ 400 աշակերտուհի): 1865-ին Հովսեփ Թորոսովիչի միջոցներով հիմնվել է հայ կաթոլիկ գիշերօթիկ դպրոց (գործել է մինչև XX դ. սկիզբը): XVI-XVII դդ. Լվովի հայերը մեծ դեր են խաղացել Լեհաստանի պետական-քաղաքական, դիվանագիտական կյանքում (Քրիստափոր Սերեբկովիչ, Պյոտր Գրիգորովիչ, Իվան Նիկորովիչ, Սուլեյման Կոստանդին Կոմս դը Սիրի և ուրիշներ): Լվովի գաղթավայրը եղել է Ուկրաինայում և Լեհաստանում հայկական մշակույթի խոշոր կենտրոններից, որտեղ ստեղծվել են իրավագիտական, բժշկագիտական, բառարանագրության, մատենագրության (Ստեփանոս Լեհացի), պատմագրության (Հովհաննես Ավագերեց, Բարթլոմեյ, Զիմորովիչ Սիմեոն Լեհացի, Սադոկ Բարոնչ), տաղասացություն (Մինաս Թոխաթեցի, Պարսամ Տրապիզոնցի), ճարտարապետական, նկարչական (Պավել և Շիմոն Բոգուշներ), մանրանկարչական (Գրիգոր Լվովցի, Ղազար Բաբերդացի), ոսկերչական արվեստի (Բեդրոս Զախարիասևիչ) աշխատանքներ:

18-րդ դարի վերջի Լեհաստանի բաժանման, Լվովի տնտեսական անկման, հայերի նկատմամբ կիրառված տնտեսական և կրոնական անհանդուրժողականության պատճառով, ինչպես նաև Լեհաստանի վերաբաժանման հետևանքով Լվովի հայ համայնքն անկում է ապրել: 1782-ին Լվովում մնացել էր շուրջ 200 տուն հայ: Լվովը գրաված ավստրիացիները 1787-ին վերացրել են հայկական ինքնավարությունը: Շարունակել է գոյատևել միայն հայ կաթոլիկ արքեպիսկոպոսությունը: Լեհաստանի անկախության վերականգնումը (1918) էական ազդեցություն չի ունեցել Լվովի հայ համայնքի համար: 1939-ին Լվովը միացվել է Խորհրդային Ուկրաինային: 18-19-րդ դդ. Լվովում են գործել հայ պատմաբաններ Յան Տոմաշ Յուզեֆովիչը (1663-1729), Կղեմենս Խոդիկևիչը (1715-97), քանդակագործ Տ. Բարոնչը (1842-1905), արվեստաբան Յան Բոլոզ Անտոնևիչը (1858-1922) և ուրիշներ: 1930-ական թթ. Լվովի հայերը հրատարակել են լեհերեն պարբերականներ: Հայկական եկեղեցիներն ու այլ կազմակերպություններն իրենց գործունեությունը դադարեցրել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:

Լվովի հայկական թաղամասը գտնվում էր հին քաղաքի հյոաիս-արևելքում՝ Կրակովյան դարպասների և կենտրոնի՝ Ռընեկ կոչվող հրապարակի միջև՝ ընդգրկված Հայկական (Ներքին և Վերին), Սկարբկովյան (այժմ՝ Լեսյա Ուկրաինկայի), Կրակովյան փողոցներով: 14-15-րդ դդ. բնակելի տները 3-4-հարկանի էին (երբեմն՝ միջնահարկով): Պատերազմների և հաճախակի հրդեհների պատճառով թաղամասը կառուցապատվել է քարաշեն տներով, որոնց բնորոշ են հայկական ճարտարապետության ավանդների առանձնահատկություններ:

Լվովի գաղթավայրը եղել է Լեհաստանի և Հարավարևելյան Եվրոպայի հայության ճանաչված հոգևոր կենտրոն: 15-16-րդ դդ. Լվովի արվարձաններում գործել են 5-ից ավելի, իսկ քաղաքի կենտրոնում՝ 4 հայկական եկեղեցիներ՝ Ս. Աստվածածնի Վերափոխման, Ս. Աննա եկեղեցին՝ իր վանքով, Ս. Հակոբ և Ս. Խաչ եկեղեցիները: 12-րդ դարի վերջին գոյություն ունեցող փայտաշեն, ապա աղյուսաշեն եկեղեցու տեղում կառուցվել է (շինարարությունն ավարտվել է 1363-ին) Օձունի եկեղեցին հիշեցնող մայր տաճարը, որը դարձել է աթոռանիստ եկեղեցի: 1381-ին մեծ հրդեհի ժամանակ մայր եկեղեցին այրվել է. վերակառուցվել է Անիի մայր տաճարի նմանակությամբ (աշխատանքներն ավարտվել են 1437-ին): 1364-ից Լվովը Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսության կենտրոնն էր, իսկ լեհահայերի կաթոլիկացումից հետո՝ Հայ կաթողիկե արքեպիսկոպոսության կենտրոնը:

Հայերն ունեցել են դպրոցներ, գրադարաններ, տպարան (գործել է 1616-18-ին): 1666-1783-ին գործել է Լվովի պապական հայկական սեմինարիումը՝ բարձրագույն ուսումնական հաստատություն, որը պատրաստում էր հոգևորականներ Հայ կաթողիկե եկեղեցու համար: Լվովում տարբեր ժամանակաշրջաններում ապրել և ստեղծագործել են ժամանակագիր Սիմեոն Լեհացին, պատմաբան Սադոկ Բարոնչը, բանաստեղծ Մինաս Թոխաթեցին, մշակույթի և գիտության այլ գործիչներ:

1988-ից Լվովում գործում է հայկական մշակութային «Աղբյուր» ընկերությունը: Նպատակն է Լվովի հայ մշակութային ժառանգության պահպանումը, հայ և ուկրաինական ժողովուրդների բարեկամության ամրապնդումը[3]:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 State Statistics Service of Ukraine Чисельність наявного населення України на 1 січня 2022 рокуKyiv: SSC.
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
  3. Հայ սփյուռք հանրագիտարան, Ե., 2003, էջ 590-591:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 865
ռուս..անգլ..ֆր.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լվով» հոդվածին։