«Սալահ ադ-Դին»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-books.google.com/ +books.google.am/)
չ Beko տեղափոխեց էջը «Սալահ ալ-Դին»-ից «Սալահ ադ-Դին» առանց վերահղում թողնելու
(Տարբերություն չկա)

11:24, 22 փետրվարի 2019-ի տարբերակ

Սալահ ադ-Դին Յուսուֆ
արաբ․՝ صلاح الدين يوسف بن أيوب‎‎
Ալ-մալիք ան-Նասիր
Իշխանություն1174 թվական-մարտի 4, 1193 թվական
Թագադրում1174 թվական, Կահիրե
Լրիվ անունԱն-Նասիր Սալահ ադ-Դին Յուսուֆ իբն Այյուբ
Ծնվել է՝1137 թվական
ԾննդավայրԹիքրիթ, Ջեզիրե, Աբբասյան խալիֆայություն
Մահացել է՝Մարտի 4, 1193 թվական
Վախճանի վայրԴամասկոս, Սիրիա, Այյուբյան սուլթանություն
Թաղվել է՝Օմայանների մզկիթ, Դամասկոս
Օմայանների մզկիթ
Ազգությունքուրդ
Հաջորդող
  • Ալ-Ազիզ Օսման (Եգիպտոս)
  • Ալ-Աֆդալ իբն Սալահ ադ-Դին (Սիրիա)
ՈւղեկիցԻսմաթ ադ-Դին խաթուն
ՏոհմԱյյուբյան սուլթանություն
ռազմական գործիչ և ռազմական հրամանատար
ՀայրՆաջմ ադ-Դին Այյուբ
ՄայրՍիթ ալ-Մուլկ-Խաթուն
Երեխաներալ-Աֆդալ իբն Սալահ ալ-Դին, ալ-Ազիզ Օսման և ալ-Զահիր Ղազի
ՀավատքՍուննի իսլամ(շաֆիականություն)[1][2][3]

Ան-Նասիր Սալահ ադ-Դին Յուսուֆ իբն Այյուբյան (արաբ․՝ صلاح الدين يوسف بن أيوب‎‎ (Ṣalāḥ ad-Dīn Yūsuf ibn Ayyūb), քրդ.՝ سەلاحەدینی ئەییووبی (Selahedînê Eyûbî), հայտնի է նաև որպես Սալահ ադ-Դին կամ Սալադին (/ˈsælədɪn/; 1137 թվական-1193 թվականի մարտի 4), Եգիպտոսի և Սիրիայի առաջին սուլթան[4] և Այյուբյան դինաստիայի հիմնադիր։ Քրդական ծագմամբ սուննի մուսուլման Սալադինը[5][6][7] ղեկավարել է Լևանտում խաչակրաց պետությունների դեմ ռազմական արշավանքը։ Իր իշխանության գագաթնակետին նրա սուլթանությունն ընդգրկել է Եգիպտոսը, Սիրիան, Ջեզիրեն (Վերին Միջագետք), Հիջազը, Եմենը և Հյուսիսային Աֆրիկայի այլ շրջաններ։

Սալադինը սկզբնապես 1164 թվականին իր հորեղբայր Շիրքուհի հետ, ով Զանգիների ամիրայության զորավարներից էր, ուղարկվել է Ֆաթիմյան խալիֆայություն Սելջուկյանների աթաբեկ Նուր ադ-Դինի հրամանով՝ աջակցելու Շավարին դեռահաս ֆաթիմյան խալիֆ ալ-Ադիդի հետ վեզիրի պաշտոնի համար պայքարում։ Սալադինը արագորեն բարձրացել է ֆաթիմյան կառավարության պաշտոններով խաչակիրների նկատմամբ ունեցած ռազմական հաջողությունների և ալ-Ադիդի հետ ունեցած անձնական կապերի շնորհիվ։ 1169 թվականի Շավարի սպանությունից և նույն տարում Շիրուքի բնական մահից հետո ալ-Ադիդը Սալադինին նշանակել է վեզիր․ սուննի մուսուլմանի նշանակումը նման պաշտոնում բացառիկ երևույթ էր շիա իսմայիլական խալիֆայության համար։ Որպես վեզիր պաշտոնավարման ընթացքում Սալադինը սկսել է թուլացնել ֆաթիմյան կառույցը և 1171 թվականին ալ-Ադիդի մահից հետո նա վերացրել է Ֆաթիմյան խալիֆայությունը և կրկին հարաբերություն հաստատել սուննիական Աբբասյան խալիֆայության հետ, որի կենտրոնը Բաղդադն էր։

Հաջորդ տարիներին նա խաչակիրների դեմ արշավանքներ է կատարել դեպի Պաղեստին, ապա գրավել է Եմենը, ճնշել պրոֆաթիմյան ապստամբությունը Վերին Եգիպտոսում։ 1174 թվականին Նուր ադ-Դինի մահից կարճ ժամանակ անց Սալադինը սկսել է Սիրիայի նվաճումը՝ խաղաղությամբ մտնելով Դամասկոս։ Մինչև 1175 թվականի կեսերը Սալադինը գրավել է Համան և Հոմսը՝ առաջացնելով Սիրիայի տարբեր շրջանների փաստացի ղեկավարների՝ Զանգիների զայրույթը։ Շուտով Սալադինը Համայի ճակատամարտում պարտության է մատնել Զանգիների զորքին, այնուհետև Աբբասյան խալիֆ ալ-Մուսթադին նրան հռչակել է «Եգիպտոսի և Սիրիայի սուլթան»։ Ապա Սալադինը գրավել է հյուսիսային Սիրիան և Ջեզիրեն՝ այդ ընթացքում խուսափելով Ասսասինների կողմից կազմակերպված երկու մահափորձից։ 1177 թվականին վերադարձել է Եգիպտոս՝ որոշ խնդիրներ լուծելու։ Մինչև 1182 թվականը Հալեպի գրավումից հետո Սալադինը ավարտին է հասցրել Սիրիայի նվաճումը, սակայն նրան չի հաջողվել գրավել Զանգիների ամիրայության հենակետերից Մոսուլը[8]։

Սալադինի հրամանատարությամբ Այյուբյան զորքը պարտության է մատնել խաչակիրներին 1187 թվականին Հաթթինի ճակատամարտում, դրանից հետո խաչակիրներից խլել է Պաղեստինի, այդ թվում Երուսաղեմ քաղաքի, վերահսկողությունը․ խաչակիրները այս տարածքները գրավել են 88 տարի առաջ։ Չնայած Երուսաղեմի խաչակրաց թագավորությունը պահպանվել է մինչև 13-րդ դարը՝ Հաթթինում կրած պարտությունը շրջադարձային պահ է եղել տարածաշրջանում մուսուլմանական ուժերի հետ ունեցած հակամարտության մեջ։ Սալադինը մահացել է Դամասկոսում 1193 թվականին՝ իր ունեցվածքի մեծ մասը թողնելով իր ենթականերին։ Նա թաղված է Օմայանների մզկիթի մոտակայքում գտնվող դամբարանում։ Սալադինը նշանավոր գործիչ է մուսուլմանական, արաբական, թուրքական և քրդական մշակույթներում[9], նրան նաև համարում են պատմության մեջ ամենահայտնի քուրդը[10][11][12][13]։

Կյանք

Սալադինը ծնվել է Թիքրիթում՝ ներկայիս Իրաքում։ Նրա անունը «Յուսուֆ» էր, իսկ «Սալադին» նրա մականունն էր, որը նշանակում է «Հավատքի արդարություն»[14]։ Նրա ընտանիքը թուրքական և քրդական խառը ծագում է ունեցել[5][15][16] և սկզբնավորվել է կենտրոնական Հայաստանի Դվին քաղաքում[17][18]։ Ռավադիյա ցեղը, որից նա ծագում էր, մասամբ ձուլվել էր՝ ապրելով արաբախոս աշխարհում[19]։ 1132 թվականին Մոսուլի կառավարիչ Իմադ ադ-Դին Զանգիի պարտված բանակը չի կարողացել նահաջել, քանի որ նահանջի ճանապարհը կտրում էր Թիքրիթ ամրոցի հակառակ կողմում գտնվող Տիգրիս գետը։ Հենց այս ամրոցում էլ Սալադինի հայրը՝ Նաջմ ադ-Դին Այյուբը ծառայում էր՝ իբրև պահակ։ Այյուբյանները զորքին ապահովել են լաստանավերով և ապաստարան տվել Թիքրիթում։ Մուջահեդ ադ-Դին Բիհրուզը, ով սելջուկներին ծառայություններ մատուցելու համար հյուսիսային Միջագետքի ռազմական կառավարիչ նշանակված հույն նախկին ծառա էր, հանդիմանել է Այյուբին Զանգիին ապաստարան տալու համար։ 1137 թվականին Այյուբը վտարվել է Թիքրիթից այն բանից հետո, երբ նրա եղբայր Ասադ ադ-Դին Շիրքուհը սպանել է Բիրհրուզի ընկերոջը պատվո սպանության ժամանակ։ Ըստ Բահա ադ-Դին իբն Շադադի Սալադինը ծնվել է Թիքրիթից նրա ընտանիքի հեռանալու գիշերը։ 1139 թվականին Այյուբն ու իր ընտանիքը տեղափոխվել են Մոսուլ, որտեղ Իմադ ադ-Դին Զանգին, հիշելով նրանց լավ արարքը տարիներ առաձ, Այյուբին նշանակել է Բաալբեկ ամրոցի կառավարիչ։ 1146 թվականին Զանգիի մահից հետո նրա որդին Նուր ադ-Դինը դարձել է Հալեպի ժամանակավոր կառավարիչը և Զանգիների առաջնորդը[20]։

Սալադինը, ով ծնվել է Դամասկոսում, ասում են, թե շատ է սիրել քաղաքը, սակայն նրա մանկության մասին տեղեկություն գրեթե չկա[21]։ Կրթության մասին Սալադինը գրել է․ «երեխաները դաստիարակվում են այնպես, ինչպես նրանց մեծերն են դաստիարակվել»։ Ըստ իր կենսագիրներ Աննա-Մարի Էդեի և ալ-Վահրանիի Սալադինը կարողացել է պատասխանել Էվկլիդեսի, Ալմագեստի, թվաբանության և իրավունքի մասին հարցերի, սակայն սա ակադեմիական իդեալ էր, իսկ նրան իր ժամանակակիցներին կապողը Ղուրանն ու «կրոնի գիտությունների» ուսումնասիրությունն էր[20]։ Որոշ աղբյուրների համաձայն ուսումնառության շրջանում Սալադինը շատ ավելի հետաքրքված է եղել կրոնով, քան զինվորական դառնալով[22]։ Կրոնով նրա հետաքրքրվածության մեկ այլ պատճառ կարող է լինել այն, որ Խաչակրաց առաջին արշավանքի ժամանակ քրիստոնյաները գրավել են Երուսաղեմը[22]։ Իսլամից բացի Սալադինը գիտելքիներ է ունեցել նաև արաբների ծագումնաբանության և պատմության մասին, ինչպես նաև լավ տեղեկացված է եղել արաբական ձիերի ծագումնաբանությունից։ Ավելին՝ նա անգիր է իմացել Աբու Թամմամի Համաշը[20]։ Խոսել է քրդերեն և արաբերեն[23]։

Առաջին արշավանքներ

Սալադինի դիմանկարը, գտնվել է Իսմայիլ ալ-Ջազարիի աշխատության մեջ, մոտ 1185 թվական

Սալադինի ռազմական գործունեությունը սկսվել է իր հորեղբոր՝ Ասադ ադ-Դին Շիրքուհի հովանավորության ներքո․ վերջինս հայտնի հրամանատար էր, ով գործում էր Դամասկոսի և Հալեպի հայտնի էմիր Նուր ադ-Դինի վերահսկողության տակ և Սալադինի ամենաազդեցիկ ուսուցիչն է եղել։ 1163 թվականին Ֆաթիմյան խալիֆ ալ-Ադիդի վեզիր Շավարը վտարվել է Եգիպտոսից նրա հակառակորդ Դիրգեմի կողմից, ով Բանու Ռուզաիք հզոր ցեղից էր։ Շավարը ռազմական օգնություն է խնդրել Նուր ադ-Դինից, ով համաձայնվել է և 1164 թվականին Շիրքուհին ուղարկել՝ օգնելու Շավարին Դիրգեմի դեմ արշավանքի ժամանակ։ Սալադինը, ով այդ ժամանակ 26 տարեկան է եղել, նույնպես միացել է այս արշավանքին[24]։ Այն բանից հետո, երբ Շավարը վերանշանակվել է վեզիրի պաշտոնում, նա պահանջել է Շիրքուհին դուրս հանել իր զորքին Եգիպտոսից և դրա համար խոստացել է 30,000 ոսկե դինար, սակայն Շիրքուհը հրաժարվել է՝ պնդելով, որ ինքը Եգիպտոսում է Նուր ադ-Դինի հրամանով։ Սալադինի դերակատարումն այդ արշավանքում չնչին էր, հայտնի է նաև, որ Շիրքուհը նրան հրամայել էր հավաքել Բիլբեյսի նախքան խաչակիրների և Շավարիի միասնական ուժերի կողմից դրա պաշարումը[25]։

Բիլբեյսի նվաճումից հետո խաչակրաց-եգիպտական ուժերը և Շիրքուհի զորքը ճակատամարտի են տվել Նեղոս գետի մոտակայքում գտնվող անապատում՝ Գիզայից արևմուտք։ Սալադինն այս ճակատամարտում կարևոր դեր է խաղացել՝ գլխավորելով Զանգիի զորքի աջ թևը, քրդական ուժերը ձախ թևոըմ էին, իսկ կենտրոնում տեղակայված էր Շիրքուհի զորքը։ Ժամանակի մուսուլմանական աղբյուրները, սակայն, Սալադինին տեղակայել են զորքի մեջտեղի մասում և նրա նպատակն է եղել կեղծ նահանջի միջոցով քաշել թշնամուն թակարդի մեջ։ Խաչակրաց ուժերը սկզբում Շիրքուհի զորքի նկատմամբ հաղթանակ են տարել, սակայն տարածքը թեք և ավազոտ է եղել նրանց ձիերի համար, արդյունքում Սալադինի ուժերի վրա հարձակման ժամանակ հրամանատար Հյու Կեսարացին գերի է ընկել։ Հիմնական վայրից հարավ ընկած հարթավայրերում տեղի ունեցած ցաքուցրիվ կռիվներից հետո Զանգիների կենտրոնական ուժերը վերադարձել են հարձակմանը, իսկ Սալադինը միացել է թիկունքից[26]։

Ճակատամարտն ավարտվել է Զանգիների հաղթանակով և Սալադինը պատիվ է ունեցել օգնելու Շիրքուհին «պատմության մեջ ամենանշանավոր հաղթանակներից մեկը տանելու մեջ»՝ չնայած, ինչպես հայտնում է Իբն ալ-Աթիրին, Շիրքուհի զորքի մեծ մասը սպանվել է, իսկ ճակատամարտը շատ աղբյուրներում չի համարվում հաղթական։ Սալադինն ու Շիրքուհը շարժվել են դեպի Ալեքսանդրիա, որտեղ նրանց ընդունել են մեծ ոգևորությամբ, փող և զորք են տվել[27]։ Քաղաքը պաշարել փորձող խաչակրաց-եգիպտական ուժերի հետ առերեսվելով՝ Շիրքուհը բաժանել է իր զորքը։ Նա իր զորքի մեծ մասի հետ հեռացել է Ալեքսանդրիայից, մինչդեռ Սալադինը մնացել է՝ պաշտպանելու քաղաքը[28]։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Spevack, Aaron (2014) [2008]. The Archetypal Sunni Scholar: Law, Theology, and Mysticism in the Synthesis of Al-Bajuri. State University of New York Press. էջ 44. ISBN 978-1-4384-5371-2.
  2. Lēv, Yaacov (1999). Saladin in Egypt. Brill. էջ 131. ISBN 9004112219.
  3. Halverson, Jeffry R.; Corman, Steven R.; Goodall Jr., H. L. (2011). Master Narratives of Islamist Extremism. Palgrave Macmillan. էջ 201. ISBN 0230117236.
  4. Eddé, Anne-Marie "Saladin" trans. Jean Marie Todd Harvard University Press, 2011, p. 17, 978-0-674-28397-8, "Syria, all the territory of present day Syria, Lebanon, Jordan, Palestine and Israel".
  5. 5,0 5,1 A number of contemporary sources make note of this. The biographer Ibn Khallikan writes, "Historians agree in stating that [Saladin's] father and family belonged to Duwin [Dvin (ancient city)]. ... They were Kurds and belonged to the Rawādiya (sic), which is a branch of the great tribe al-Hadāniya": Minorsky (1953), p. 124. The medieval historian Ibn Athir, also a Kurd, relates a passage from another commander: "... both you and Saladin are Kurds and you will not let power pass into the hands of the Turks": Minorsky (1953), p. 138.
  6. Humphreys, R. Stephen (1977). From Saladin to the Mongols: The Ayyubids of Damascus, 1193–1260. State University of New York Press. էջ 29. ISBN 0-87395-263-4. «Among the free-born amirs the Kurds would seem the most dependent on Saladin's success for the progress of their own fortunes. He too was a Kurd, after all ...»
  7. «Encyclopedia of World Biography on Saladin». Վերցված է 20 August 2008-ին.
  8. Eddé, Anne-Marie, "Saladin" trans. Jean Marie Todd Harvard University Press, 2011, p. 382, 978-0-674-05559-9.
  9. Moors' Islamic Cultural Home souvenir III, 1970–1976 Islamic Cultural Home, 1978, p. 7.
  10. Carole Hillenbrand (1999). The Crusades: Islamic Perspectives (illustrated ed.). Psychology Press. էջ 594. ISBN 9781579582104.
  11. Michael M. Gunter (2010). Historical Dictionary of the Kurds (2 ed.). Scarecrow Press. էջ xxiii. ISBN 9780810875074.
  12. Christopher Catherwood (2008). Making War In The Name Of God. Kensington Publishing Corp. էջ 36. ISBN 9780806531670.
  13. Jim Dunnigan (1991). A Quick & Dirty Guide to War: Briefings on Present and Potential Wars (3, illustrated, revised ed.). Quill/W. Morrow. էջ 174. ISBN 9780688100339.
  14. H. A. R. Gibb, "The Rise of Saladin", in A History of the Crusades, vol. 1: The First Hundred Years, ed. Kenneth M. Setton (University of Wisconsin Press, 1969). p. 563.
  15. Abdallah 2017
  16. Wise Bauer 2013
  17. Bahā' al-Dīn (2002), p. 17.
  18. Ter-Ghevondyan 1965, էջ. 218
  19. Tabbaa, 1997, p. 31.
  20. 20,0 20,1 20,2 Lyons & Jackson 1982, էջ. 3
  21. Lyons, Malcolm Cameron. Jackson, E. P. "Saladin. The Politics of the Holy War" Cambridge University Press. 0 521 58562 7, p. 3.
  22. 22,0 22,1 «Who2 Biography: Saladin, Sultan / Military Leader». Answers.com. Վերցված է 20 August 2008-ին.
  23. Northen, 1998, p. 809.
  24. Lyons & Jackson 1982, էջեր. 6–7
  25. Lyons & Jackson 1982, էջ. 8
  26. Lyons & Jackson 1982, էջ. 14
  27. Lyons & Jackson 1982, էջ. 15
  28. Lyons & Jackson 1982, էջ. 16

Աղբյուրներ

Գրականություն


Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալահ ադ-Դին» հոդվածին։