'''Բյոռնս Ռոբերտ''' շոտլանդացի [[բանաստեղծ]]։ Ձեռագիր վիճակում տարածված «Երկու հովիվ» ([[1784]]) և «Սուտ ճգնավոր Վիլլիի աղոթքը» ([[1785]]) երգիծական գործերում անողոք ծաղրի է ենթարկել եկեղեցու սպասավոր֊ ներին՝ վաստակելով ազատախոհ բանաստեղծի համբավ։ Բյոռնս ճանաչում է բերել «Բանաստեղծություններ՝ գրված առավելապես շոտլանդական բարբառով» ([[1786]]) անդրանիկ [[գիրք]]ը։ Առաջին գրքի հաջողությունից հետո Բյոռնսը տեղափոխվել է [[Էդինբուրգ]], հետագայում՝ Դամֆրիս կոմսություն, որտեղ ձեռնամուխ է եղել շոտլանդական ժողովրդական երաժշտական-երգային ստեղծագործությունների հավաքման ու հրատարակման գործին։ Բանահյուսության և շոտլանդական հին գրականության հիմքի վրա Բյոռնսը ստեղծել է ժամանակի ոգին արտահայտող ինքնատիպ պոեզիա։ Նրա երկերում իրենց արձագանքն են գտել ֆրանսիական մեծ հեղափոխությունը («Ազատության ծառը», «Բրյուսը շոտլանդացիներին») և հեղափոխական շարժման վերելքը [[Շոտլանդիա]]յում ու [[Անգլիա]]յում։ Իր ստեղծագործություններում Բյոռնսը ժողովրդին կոչ է արել պայքարել հանուն ազատության և երջանկության, հաստատել է մարդու արժանապատվությունը, որը վեր է դասել հարստությունից ու ամեն տեսակ տիտղոսներից, փառաբանել է աշխատանքը, անձնազոհ սերը, բարեկամության զգացմունքը, սարկազմով արտահայտվել իշխողների դեմ։ Բյոռնսի ստեղծագործություններին հատուկ են արտահայտչամիջոցների պարզությունը, անկեղծ հուզականությունը և ներքին դրամատիզմը, որը երևան է եկել նաև առանձին երկերի կոմպոզիցիայում («Ուրախ աղքատները», «Ֆինդլեյ», «Երկու շուն» և այլն)։ Նրա շատ բանաստեղծություններ վերածվել են երգի և [[Շոտլանդիա]]յում երգվում են ամենուր։ Բյոռնսի ծնընդյան օրը [[Շոտլանդիա]]յում նշվում է որպես ժողովրդական տոն։ [[Կառլ Մարքս]]ը, Պ․ Լաֆարգի վկայությամբ, սիրում էր Բյոռնսի երգիծական և քնարական գործերը։
== Արտաքին հղումներ ==
* [[Wikilivres:Robert Burns|Роберт Бёрнс на Викиливре]]
* [http://www.robertburns.org/ Robert Burns Country — «официальный» сайт Роберта Бёрнса] {{ref-en}}
* [http://www.burns-night.ru/ Фестиваль «Burns Night» — день рождения Роберта Бёрнса]
* [http://www.staroeradio.ru/audio/19496 «Старое радио»: Р. Бёрнс — Веселые нищие" (читает Сергей Юрский)]