Սպանությունների մասին նամակների դատավարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպանությունների մասին նամակների դատավարություն
Երկիր Իսլանդիա

Սպանությունների մասին նամակների դատավարություն (իսլ.՝ Morðbréfamálið), 16-րդ դարի վերջին Իսլանդիայում տեղի ունեցած աղմուկ հանած և երկարատև դատավարություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատավարության կենտրոնում չորս նամակներ են եղել, որոնք ներկայացվել են 1590 թվականին և վերագրվել են վաղուց մահացած Յոուն Սիգմունդսոնին՝ որպես նրա կողմից մի քանի սպանությունների կատարման ապացույցներ։ Նամակները պետք է լրացուցիչ հիմնավորում դառնային այն բանի համար, որ Յոունի հետնորդները չկարողանան որևէ պահանջ ներկայացնել նրա ունեցվածքի նկատմամբ, որը դարասկզբին վերցվել էր դատարանով (պաշտոնապես եկեղեցու տասանորդը չվճարելու համար) եպիսկոպոս Գոթսկաուլկ Նիկուլաուսոնի կողմից[1]։ Այդ դատական գործընթացում Յոունի և նրա կնոջ ամուսնությունն անվավեր է ճանաչվել՝ նրանց միջև ազգակցության անթույլատրելի աստիճանի պատճառով (իսլ.՝ fjórmenningar, երբ ամուսիններն ընդհանուր նախապապ կամ նախատատ ունեն[2]), և այդ պատճառով էլ նրանց երեխաները անօրինական են հայտարարվել։

Իսլանդիայում ռեֆորմացիայից հետո եկեղեցական գույքի մեծ մասը, որին ոչ ոք չէր կարող հավակնել, դարձել էր Դանիայի թագավորի սեփականությունը (քանի որ Իսլանդիան այն ժամանակ Դանիայի կազմում էր), սակայն նրանց, ովքեր կարող էին ապացուցել եկեղեցու կողմից խլված գույքի նկատմամբ իրենց իրավունքները, թույլատրվում էր հայց ներկայացնել։ Դրանից օգտվել է Յոուն Սիգմունդսոնի թոռը՝ ապագա եպիսկոպոս Գուդբրանդուր Տորլակսոնը, որը նույնիսկ իր մոր օրհնությունն է ստացել պապի ունեցվածքը վերադարձնելու համար, որի մի մասն այն ժամանակ պատկանում էին Գոթսկաուլկի ժառանգներ՝ Օուլավյուր Յոունսոնին և նրա դուստրը՝ Հյուդրունար Օուլավսդոություրին։

Սկզբում Գուդբրանդուրը հաջողել է այս գործում, մինչև 1571 թվականը կարողանալով ձեռք բերել քսան ֆերմա, սակայն 1590 թվականին, երբ Գուդբրանդուրը ծրագրում էր ապացուցել Հոլս և Բեսասթադ տնտեսությունների նկատմամբ իր իրավունքների օրինականությունը, ալտինգին ներկայացվեցին չորս նամակներ, որոնցում կային ոչ միայն Նիկուլաուսոնի՝ Սիգմյունդսոնի հանդեպ կասկածների հիմնավորվածության ապացույցներ, այլև վերջինիս իբր վայրագ սպանությունների մասին տեղեկություններ, որոնք ստվեր էին գցում նրա ողջ հարստությունն ունենալու օրինականության վրա։ Գուդբրանդուրն ի պատասխան նրանց՝ երեք, այսպես կոչված, «նամակների մասին բրոշյուրներ» է թողարկել (1592, 1594 և 1608 թվականներին), որոնցում ամեն կերպ փորձել է ապացուցել նրանց կեղծ լինելը[3] և զրպարտության մեջ է մեղադրել գործը վարող փաստաբան Յոուն Յոունսոնին։ 1606 թվականին վերջինիս մահից հետո նա շարունակել է հարձակումները իր իրավահաջորդի՝ Յոուն Սիգյուրդսոնի վրա, որին 1611 թվականին հրապարակայնորեն մեղադրել է շնության մեջ։

Դատավարության մասին լուրը հասել է Դանիայի թագավորին, և Գուդբրանդուրը 1620 թվականին մեկ տարով հեռացվել է պաշտոնից և զրպարտության համար դատապարտվել է հազար ռիկիսդալիրի չափով տուգանքի[4], ինչը նրան չի խանգարել 1624 թվականին հողի նկատմամբ իրավունքի հասնելու վերջին (ավարտված անհաջողությամբ) փորձը ձեռնարկելու համար։ Գուդբրանդուրին հաջողվել է ոչնչացնել տպագրված «նամակների մասին բրոշյուրների» մեծ մասը, և ներկայումս պահպանվել են դրանց ընդամենը մի քանի օրինակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Scandinavia 1400—1517 by Sanderson Beck
  2. Vísindavefurinn: Hvað gildir um skyldleika hjónaefna, mega til dæmis fjórmenningar giftast?
  3. VOPNIÐ SEM SNERIST Í HÖNDUM BISKUPS — Mbl
  4. «Guðbrandur Þorláksson biskup» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 7-ին.

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Einar Arnórsson, «Gottskálk biskup Nikulásson og Jón lögmaður Sigmundsson», Safn til sögu Íslands, 2, Reykjavík, Hið íslenzka bókmenntafélag, 1953: s. 1-264.