Սուփրա սեղան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկո Փիրոսմանիի «Բեգոյի ընկերները» ստեղծագործությունը, որտեղ ներկայացված է սուփրա խնջույքի դասական օրինակ։ Նկարում՝ թամադան բաժակածառ է ասում գինով լեցուն ղանծիյով (ավանդական բաժակ):

Սուփրա, հայկական իրականության մեջ հայտնի որպես Սուփրա սեղան (վրաց.՝ სუფრა), ավանդական խնջույքի տեսակ, որը մինչ օրս վրացական և հայկական սոցիալական մշակույթի կարևորագույն մասերից է։ Պայմանականորեն սուփրաները լինում են երկու տեսակի՝ տոնական և հիշատակի օրերի։ Առաջինը, որը հայտնի են «քեյփի» անվամբ, անցկացվում է ուրախության, տոն օրերին՝ ազգային ուտեստների համտեսմամբ և գինարբուքով, իսկ երկրորդը, որը ավանդաբար կոչվում է «քելեխի» (հոգեհաց), տեղի է ունենում հոգեհանգստի արարողություններից հետո։

Սուպայի ավանդույթները, որպես վրացական սոցիալական մշակույթի կարևորագույն մաս, 2017 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից ընդգրկվել են Վրաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում[1][2]։

Անվան ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրացերենում սուփրա բառը նշանակում է սեղանի ծածկոց, որը փոխառություն է պարսկերեն «սոֆրե» (سفره) և արաբերեն «սուֆրա» (سفرة) բառերից։ Միևնույն արմատային հիմքն ունի նաև հայերեն «սբրոց» բառը։

Ավանդույթի համաձայն, վրացական խնջույքները կոչվում են «սուփրա» այն պարզ պատճառով, որ վրացական ընտանիքներում, որպես կանոն, երբեք տաք ուտեստը չեն մատուցում անծածկ սեղանին։

Կանոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուփրա սեղանի շուրջ հավաքվածները պետք է պահեն արարողակարգային որոշակի կանոններ, որոնցից են

  • Յուրաքանչյուր սուփրա, անկախ հյուրերի քանակից և հավաքույթի բնույթից, պետք է ունենա թամադա, որին էլ վերապահված է բաժակաճառեր ասելու պարտավորությունը։ Թամադային ընտրում են սեղանի շուրջ նստածները կամ հյուրընկալողը։ Այսպիսով, թամադան պետք է ունենա հռետորական հմտություններ և մեծ քանակությամբ ալկոհոլ խմելու (և ուշ արբելու կամ ցույց չտալու) բացառիկ ունակություն[3]։
  • Խնջույքի ժամանակ թամադան առաջարկում է կենացը և խոսում այդ թեմայի շուրջ։ Այդ ընթացքում, որպես հարգանքի նշան, հյուրերը բարձրացնում են իրենց բաժակները, սակայն չեն խմում։ Թամադայի խոսքից հետո սեղանակիցները ևս կարող են միանալ սեղանավարի բաժակաճառին՝ հավելելով վերջինիս խոսքը։
  • Բաժակաճառի հետ զուգահեռ ուտելը հյուրերի կողմից լրիվ նորմալ է, մինչդեռ զուգահեռաբար խոսելը կարող է դիտարկվել անարգանքի նշան։
  • Բաժակաճառերը (կենացները) սովորաբար նվիրված են լինում Աստծոն, հայրենիքին, ընտանիքին, Աստվածամորը, տարբեր սրբերի, ընկերներին, նախնիներին և այլն։ Այնուամենայնիվ, կենացի թեմատիկ ընտրությունը կախված է թամադայից, որը պետք է հարմարացնի իր խոսքը հավաքույթի առիթի հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «არამატერიალური კულტურული მემკვიდრეობა» [Intangible Cultural Heritage] (PDF) (վրացերեն). National Agency for Cultural Heritage Preservation of Georgia. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 25-ին.
  2. «UNESCO Culture for development indicators for Georgia (Analytical and Technical Report)» (PDF). EU-Eastern Partnership Culture & Creativity Programme. October 2017. էջեր 82–88. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 25-ին.
  3. «Sharing the same blood – culture and cuisine in the Republic of Georgia». Վերցված է 2008 թ․ օգոստոսի 9-ին.