Jump to content

Սուրիս (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրիս
Բնութագիր
Երկարություն1240 ± 10 կմ
Ավազանի մակերես46 000 կմ²
Գետաբերանի տեղակայումAssiniboine River?
Կոորդինատներ
Հոսող հոսքերAntler River?, Des Lacs River?, Long Creek? և Plum Creek?
ԵրկրամասՍասկաչևան, Մանիթոբա և Հյուսիսային Դակոտա
ՋրահավաքLake Winnipeg basin?

Սուրիս (անգլ.՝ Souris River, ֆր.՝ Souris), գետ Կանադայում։ Հոսում է Սասկաչևան և Մանիտոբա նահանգներով, նաև ԱՄՆ-ի տարածքում գտնվող Հյուսիսային Դակոտա նահանգով։ Սկիզբ է առնում Սասկաչևանի հարավ-արևելքից, թափվում է Մանիտոբայի Ասինիբոյն գետը[1]։

Աշխարհագրություն և ջրագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ասինիբոյն և Սուրիս գետերի ավազան

Ըստ տարբեր աղբյուրների՝ գետի ընդհանուր երկարությունը կազմում է 700, 720 կամ 966 կիլոմետր, որից ավելի քան 570 կիլոմետրը գտնվում է Հյուսիսային Դակոտայի տարածքում[1][2][3]։ Գետը սկիզբ է առնում Վեյբերնից հյուսիս գտնվող Յելլոու Գրաս ճահճացած հարթավայրերից, հոսում է դեպի հարավ-արևելք՝ Էստևանի կողքով, ապա դեպի հարավ[3]՝ հատելով կանադա-ամերիկյան սահմանը Շերվուդայից (Հյուսիսային Դակոտա) ոչ հեռու։ Այն Հյուսիսային Դակոտայի տարածքում կրում է Մաուս անվանումը։ Հյուսիսային Դակոտայում հոսում է Մայնոտ քաղաքի միջով[1], ինչպես նաև Բերլինգտոն և Սոյեր քաղաքների կողքով[4]։ Իր ծայր հարավային կետին հասնում է Վելվայի մոտ, ապա շրջվում է դեպի հյուսիս՝ անցնելով Տաուների մոտով, վերադառնում է Կանադա՝ Մանիտոբում (Վետոուպի մոտ)[1][4]։ Սուրի քաղաքի մոտ շրջանցում է բազմաթիվ խորը կիրճեր, որից հետո կտրուկ թեքվում է դեպի հյուսիս-արևելք, որտեղ թափվում է Ասինիբոինի մեջ՝ Բրանդոնից ոչ հեռու[3][5]։

Գետի ոլորապտույտ հունը որոշակի դիրքից հիշեցնում է մկան ոտնահետք, որտեղից էլ ստացել է անվանումը՝ Սուրիս (ֆր.՝ Souris - «մուկ», Հյուսիսային Դակոտայում գետի պաշտոնական անվանումն է՝ Մաուս, անգլ.՝ Mouse, ֆրանսիական անվան բառացի թարգմանությունը[4]): Իր երկարության մեծ մասում գետը հետևում է սառցադաշտային լճի հոսքի ուրվագծերին, որը ստացել է նույն անունը[3]։ Գետը վերին հոսանքում սնվում է Մուզ լեռնաշղթայի լեռներից և Միսուրիի սարահարթից։ Գետի ջրահավաք ավազանը, ըստ տարբեր աղբյուրների, 22 000-23 600 քառակուսի մղոն է (57-61 հազար կմ²)։ Գետը հաճախ է վարարում։ Վարարման ամենախոշոր դեպքերը գրանցվել են 1969, 1976 և 2011 թվականներին (վերջինս համարվում է պատմության մեջ ամենամասշտաբայինը)[1]։

Տնտեսական նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետի հունի զգալի մասը անցնում է հարուստ հողերով տարածքներով, որոնք ձևավորվել են սառցադաշտային լճի կավային նստվածքների և տիղմի շնորհիվ[3]։ Դրա արդյունքում տարածաշրջանում գետի երկայնքով զարգանում է գյուղատնտեսությունը[2]։ Հատկապես հայտնի է տեղական ձմեռային ցորենի տեսակը։ Գետի շրջակայքը հարուստ է նաև օգտակար հանածոներով։ Էստևանի, Բյենֆետի (Սասկաչևան) և Մայնոտի մոտ արդյունահանում են քարածուխ, իսկ Մայդեյլի (Սասկաչևան) և Վերդենի (Մանիտոբա) մոտ՝ նավթ[6]։

Տարածաշրջանի զարգացման ամբողջ պատմության ընթացքում գետը կարևոր տրանսպորտային դեր է խաղացել։ Սկզբում այն օգտագործվում էր որպես աջակցող երթուղի մորթու առևտրականների համար, և 1785-1832 թվականներին նրա ափերին հիմնադրվել է մորթու առևտրի շուրջ յոթ գործարան[3]։ 1890-ականներին գետի միջով տեղափոխում էին ածուխ՝ Ռոշ Պերսեից Վինիպեգ, իսկ ավելի ուշ այն ծառայել է ցորեն տեղափոխելու համար[5]։

Գետի հաճախակի վարարումները դրա վրա ջրհեղեղները կանխող հիդրոտեխնիկական կառույցների շինարարության պատճառ են դարձել։ 1990-ականներին ձեռնարկվել է Սասկաչևանի Ռաֆերտի-Ալամեդա պատնեշի կառուցումը, առավել վաղ՝ 1957 թվականին, կառուցվել էր պատնեշ նրա վտակ Սուրիսա Լոնգ-Կրիկի վրա, այս կառույցի օգնությամբ ջուր է հատկացվում Բաունդարի-Դամի ջերմային էլեկտրակայանի սառեցման համար։ Լոնգ-Կրիկի և Սուրիսի ջրամբարները ևս ջուր են մատակարարում ավելի նորագույն Շանդ էլեկտրակայանին[5]։ Կանադայի և ԱՄՆ-ի միջև գործում է համաձայնություն Սուրիսի ջրավազանի ջրի բաշխման վերաբերյալ[2], համաձայն որի՝ Սասկաչևանն իրավունք ունի օգտագործել ընդհանուր ծավալի մինչև 50%-ը իր կարիքների համար[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Mouse/Souris River Basin». North Dakota State Water Commission (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 11-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Souris River». International Joint Commission (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 11-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 James H. Marsh (2006 թ․ հուլիսի 2). «Souris River». The Canadian Encyclopedia (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 11-ին.
  4. 4,0 4,1 4,2 Dale Wetzel (2011 թ․ հուլիսի 8). «It's the law: Official North Dakota name for Souris River is Mouse». Bismarck Tribune (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 11-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Gregory Salmers. «Souris River». The Encyclopedia of Saskatchewan (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 11-ին.
  6. «Souris River | river, North America». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրիս (գետ)» հոդվածին։