Սուրեն Խուդոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրեն Կարապետի Խուդոյան
Դիմանկար
Ծնվել է1912 մայիսի 28
ԾննդավայրԴվին
Մահացել էհուլիսի 10, 1992(1992-07-10) (տարիքը 80)
Մահվան վայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Մասնագիտությունմանկավարժ, վաստակավոր ուսուցիչ
ԱշխատանքՄանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն

Սուրեն Կարապետի Խուդոյան (մայիսի 28, 1912(1912-05-28), Դվին Ներքին, Երևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հուլիսի 10, 1992(1992-07-10), Երևան, Հայաստան), հայ մանկավարժ, ՀԽՍՀ դպրոցի վաստակավոր ուսուցիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրեն Խուդոյանը ծնվել է Արտաշատի շրջանի Դվին գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում, միջնակարգ կրթությունը՝ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան 2-րդ աստիճանի դպրոցում։ 1930 թվականին ավարտել է դպրոցը և աշխատել ՀԽՍՀ Կոտայքի շրջանի Էլար և Գառնի գյուղերում որպես ուսուցիչ և դպրոցի տնօրեն։ 1933 թվականին ընդունվել է Լենինգրադի Ն. Կ. Կրուպսկայայի անվան Կոմունիստական դաստիարակության ակադեմիայի դպրոցական ֆակուլտետ, որտեղ դասախոսում էին այնպիսի խոշոր գիտնականներ, ինչպիսիք էին Լ. Վիգոտսկին, Ս. Ռուբինշտեյնը, Բ. Անանևը և ուրիշներ։ Ակադեմիան ավարտելուց հետո Ս. Խուդոյանը որպես դպրոցի տնօրեն է աշխատել ՀԽՍՀ տարբեր շրջաններում, ապա աշխատանքի է անցել Լուսժողկոմատում որպես դպրոցական տեսուչ, ավելի ուշ՝ Երևանի մանկավարժական կաբինետում որպես փոխտնօրեն է աշխատել։ 1940 թվականից աշխատանքի է անցել ՀԽՍՀ Լուսավորության նախարարության Մանկավարժական գիտական գիտահետազոտական ինստիտուտում որպես գիտաշխատող, սեկտորի վարիչ, փոխտնօրեն։ 1942-1947 թվականներին 89-րդ հայկական Թամանյան հրաձգային դիվիզիայի կազմում մասնակցում է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողություններին՝ հասնելով մինչև Բեռլին։

1950-1955 թվականներին խմբագրել է «Սովետական դպրոց» թերթը և «Սովետական մանկավարժ» հանդեսը, որից հետո, մինչև 1972 թվականը, աշխատել է որպես Մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն։ 1972 թվականից աշխատել է ՀԽՍՀ Լուսավորության նախարարությունում որպես բուհերի վարչության պետ։ 1974-1987 թվականներին ղեկավարել է Ուսուցիչների կատարելագործման ինստիտուտի Մանկավարժության և հոգեբանության ամբիոնը։

Գիտական ներդրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրեն Կարապետի Խուդոյանը մանկավարժության տարբեր հարցերի նվիրված շուրջ 350 գիտական աշխատությունների հեղինակ է։ Նրա մեծագույն ներդրումներից մեկը կարելի է համարել արևելահայ դպրոցների պատմությունը մոռացումից փրկելը։ Տասնյակ տարիներ ուսումնասիրելով Խորհրդային միության տարբեր քաղաքների արխիվները՝ նա համակարգել է Հայաստանի և Ռուսաստանի տարածքներում գործող հայկական դպրոցներին վերաբերող նյութերը՝ ներկայացնելով դրանք բազմաթիվ հոդվածների և երկու խոշոր աշխատությունների՝ 1973 թվականին «Սովետահայ դպրոցի պատմությունը», 1987 թվականին «Արևելահայ դպոցները 1830-1920 թվականներին» մեջ (դպրոցների մասին փաստաթղթերի արխիվային պատճենները գտնվում են Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ գրադարանում)։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կարմիր աստղի» շքանշան
  • «Հայրենական պատերազմի առաջին աստիճանի» շքանշան
  • «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշան
  • «Արիության համար» մեդալ
  • «Մարտական վաստակի համար» մեդալ
  • «Բեռլինի գրավման համար» մեդալ
  • «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
  • «Վարշավայի գրավման համար» մեդալ
  • «Հաղթանակի համար» մեդալ
  • «Բարեխիղճ աշխատանքի համար» մեդալ
  • «Խաչատուր Աբովյան» մեդալ
  • «Ն. Կ. Կրուպսկայայի» մեդալ
  • ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգիր
  • ՀՀ դպրոցի վաստակավոր ուսուցչի կոչում

Հիմնական աշխատությունները և նրա հիշատակին նվիրված գիտաժողովի նյութերը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խաչատուր Աբովյանը մանկավարժ, Եր. 1941 թ.
  • Խրախուսանքն ու պատիժը դպրոցում, Եր. 1950 թ.
  • Միքայել Նալբանդյանը դաստիարակության մասին, Եր. 1955 թ.
  • Վ. Գ. Բելինսկու մանկավարժական գաղափարները, Եր. 1957 թ.
  • Սովետահայ դպրոցի պատմություն, Եր. 1973 թ.
  • Մանկավարժական գիտությունը և սովորողների կոմունիստական դաստիարակության խնդիրները, Եր. 1986 թ.
  • Արևելահայ դպրոցները 1830-1920 թվականներին, Եր. 1987 թ.
  • Ռազմի ճամփաներով, Եր. 1988 թ.
  • Մեծանուն մանկավարժ-գիտնական Սուրեն Խուդոյանի 100-ամյակին նվիրված՝ «Հայ մանկավարժության պատմությունը և դպրոցի արդի հիմնախնդիրները» թեմայով գիտաժողովի նյութեր, Եր. «Զանգակ» հրատ. 2013 թ.