Սուրբ խաչ (խաչքար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ խաչ
Սուրբ Խաչ խաչքարը
Տեսակխաչքար
Շինության ձևխաչքար
Ներկա վիճակկանգուն

Սուրբ խաչ, VI դարի հայկական խաչքար, որը Ղրիմում համանուն վանքի հիմք է հանդիսացել։ Այնուհետև խաչքարը տեղափոխվել է Դոն գետի շրջան։ Այժմ այն գտնվում է Դոնի Ռոստովի Սուրբ Խաչ վանքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XI-XIII դարերում, հայկական թագավորության մայրաքաղաք Անիի անկումից հետո, սկզբում թուրք-սելջուկների, ապա՝ մոնղոլ-թաթարների կողմից հետապնդվող հայերը լքեցին իրենց քաղաքն ու հայրենիքը։ Տեղահանվածների մեծ մասը հաստատվեց Ղրիմում։ Անիից բերված Սուրբ խաչ խաչքարը 1385 թվականին Հին Ղրիմ քաղաքի շրջակայքում կառուցված համանուն վանքի հիմքը հանդիսացավ։ Հինգ դար այն գտնվել է Ղրիմի հայկական Սուրբ Խաչ վանքում։

1778 թվականին սկսվեց Ղրիմի հայերի վերաբնակեցումը Դոն գետի շրջան։ Հեռանալիս հայ վերաբնակներն իրենց հետ վերցնում էին ամենաանհրաժեշտ իրերը, այդ թվում՝ եկեղեցական գույքը, որոնց թվում էր 800 խաչքար, ներառյալ Սուրբ խաչը։ Նոր հայրենիքում, Դոնի ափին կառուցվող եկեղեցիներում, Ղրիմի նախկին բնակիչները փորձում էին պահպանել այնտեղ թողած տաճարների տեսքն ու անվանումները։ Բերված նախշազարդ խաչքարերը դառնում էին կառուցված եկեղեցիների գեղարվեստական ձևավորման անբաժանելի մասը։ Դրանք տեղադրվում էին տաճարների ճակատներին և ներսում։ 

Հատուկ խորհրդանշական դեր է խաղացել Անիի խաչքարը, որը տեղադրվել է Սուրբ Խաչ արական վանքի եկեղեցում, որն իր անունը ստացել է Ղրիմի մենաստանի պատվին[1]։

1924 թվականին վանական եկեղեցին կողոպտվեց։ Խաչքարը տեղափոխվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճար։ Սակայն երբ 1930-ական թվականներին այն ևս փակվեց, Սուրբ խաչ խաչքարը տեղափոխվեց հայկական գերեզմանատան Սուրբ Կարապետ եկեղեցի։ Դրանից հետո խաչքարը տեղափոխվեց ռուս-հայկական բարեկամության թանգարան, որը գտնվում էր Սուրբ Խաչ փակված եկեղեցու շենքում։

2007 թվականին վանքը վերադարձվեց Հայ Առաքելական Եկեղեցուն։ Նախատեսվում էր թանգարանը նոր շենք տեղափոխելուց հետո խաչքարը ևս տեղափոխել։ Սակայն հավատացյալ համայնքի խնդրանքով Սուրբ խաչ խաչքարը մնաց համանուն եկեղեցում, որտեղ և գտնվում է մինչ օրս[2]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի վերջում Սուրբ խաչ խաչքարը երիզված էր ոսկեզօծ ապակե շրջանակով, որը հավելվում էր երկու խաչով՝ մեծ պղնձե և փոքր արծաթե, որոնք անհետացան 1920-ական թվականներին եկեղեցին թալանելուց հետո։ Ոչ շատ շքեղ խաչքարը պատրաստված է բազալտից։ Հուշարձանի վրա արձանագրություններ չեն եղել։ Խաչքարի դիմերեսին կա հին խաչքարերին բնորոշ երկու պատկեր. քարի վերևում արևը խորհրդանշող դեկորատիվ զարդանախշով վարդակ է, որն իր հերթին հավերժական կյանք խորհրդանշող հավերժության նշանն է, իսկ վարդակի տակ գտնվում է քրիստոնեության խորհրդանիշ մեծ խաչը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Светлана Хачикян. «Хачкар Сурб Хач вновь в Сурб Хаче» (ռուսերեն). Нахичеванские вести. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 15-ին.
  2. «Монастырь Сурб-Хач в Ростове-на-Дону возвращён Армянской Церкви». Патриархия.ru. Վերցված է 2009 թ․ հուլիսի 16-ին.
  3. «Хачкар - камень-крест». Музеи России. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 15-ին.