Սուրբ Վլաս
Սուրբ Վլաս | |
---|---|
Ժամանակաշրջան | III-IV դարեր |
Ծնունդ | III դար |
Ծննդավայր | Սեբաստիա |
Վախճան | 316 թվական |
Վախճան վայր | Սեբաստիա |
Վախճան պատճառ | գլխատում |
Եկեղեցի | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Սրբացված կարգ | սուրբ նահատակ |
Հիշատակության օր | Փետրվարի 3[1], Feast of Saint Blaise? և Փետրվարի 3 |
Աշխատանք | քահանա, բժիշկ և մենակյաց |
Պաշտոն | Սեբաստիայի եպիսկոպոս |
Երկիր | Բյուզանդական կայսրություն |
Ստեղծագործություն | Blessing of the Throats? |
Սուրբ Վլաս, համաքրիստոնեական հայազգի սուրբ, Սեբաստիայի եպիսկոպոս III-IV դարերում։ Նահատակվել է 316 թվականին Լիկիանոս կայսեր օրոք։
Հայկական ծագումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ քննադատներ, ինչպես օրինակ Փարիզի Բենեդիկտյանները և Բրյուսելի Բոլանդիստները, վիճարկում են Սուրբ Վլասի հայկական ծագումը։ Բայց պետք է հիշել, որ Փոքր Հայքը, որի կազմում մտնում էր Սեբաստիա քաղաքը, այն ժամանակ դեռևս հայազրկված չէր։ Մյուս կողմից չպետք է մոռանալ, որ Սեբաստիայի Եպիսկոպոսական աթոռի առաջին «գահակալների» մեծ մասը, որոնց անունները պահպանվել են, հայեր էին։ Հատկապես արժե նշել Եվստաթեոսին, որը հավանաբար Բարսեղ Կեսարացու ուսուցիչն է եղել։ Իսկ Սուրբ Վլասի հայազգի լինելը վիճարկող փաստերի հիմքերն ավելի են թուլանում, երբ հաշվի ենք առնում, որ նա հայ է համարվել հույների, լատինների, բյուզանդացիների և հետո միայն հայերի կողմից։ Ընդ որում, հայ եկեղեցու ծիսակարգում շատ ավելի ուշ է մտել նրա հիշատակման օրը։
Կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայազգի սրբի առաջին հիշատակությանը, որպես պատմական անձ, հանդիպում ենք Եվսեբիոս Կեսարացու «Եկեղեցական պատմության» մեջ։ Իսկ արդեն VII դարում լատիներենով գրված «Հիերոնիմյան Մարտիրոլոգ» ձեռագրում, որը վկայաբանությունների ժողովածու է, պատմվում է նրա նահատակության մասին։ Վլասը, նախքան եկեղեցական դառնալը եղել է բժիշկ, իսկ հոգևոր ձեռնադրությունից հետո նա իր փիլիսոփայական և բժշկության մասին գիտելիքները դնում է ի սպաս քրիստոնեության։ Նա սրբակենցաղ ու քաջարի հովիվ էր և մշտապես օրինակ էր ծառայում քրիստոնյաներին, իր կյանքի օրինակով քաջալերում նրանց դիմանալու Լիկիանոս կայսեր և իշխանավորների հալածանքներին։ Երբ դրանք ուժգնանում են, Վլաս եպիսկոպոսը Սեբաստիայի քրիստոնյաներին խորհուրդ է տալիս հեռանալ քաղաքից, իսկ ինքն ապաստանում է Արգեոս լեռան մենաստաններում, որտեղ ապրում է ճգնությամբ ու աղոթական կյանքով։ Բայց շուտով նրա տեղը հայտնի է դառնում իշխանություններին, նրան բռնում են և ներկայացնում ատյանին։ Սուրբը, լցված Սուրբ Հոգով, հանդիմանում է հեթանոսներին և նրանց բարքերը, ինչի համար նրան տանջնանքերի են ենթարկում ու բանտարկում։ Ըստ ավանդության, բանտարկության այդ օրերին, երբ Վլաս եպիսկոպոսը սպասում էր իր մահապատժի իրագործմանը, մի կին որդուն բերում է նրա մոտ, որպեսզի բուժի նրա կոկորդը. տղան ձկան փուշ էր կուլ տվել։ Վլասը անմիջապես աղոթքով բուժում է երեխայի կոկորդը։ Դրանից օրեր անց, 316 թվականին Կապադովկիայի կառավարչի հրամանով գլխատում են Վլասին։ Հայտնի է, որ Սուրբ Վլասն առաջնորդվում էր «Ավելի շուտ լինել օգտակար, քան առաջնորդ» կարգախոսով։
Սուրբ Վլասի պաշտամունքի տարածումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիշելով մահից առաջ այդ տղայի կոկորդը բուժելու դեպքը, ժողովուրդը սկսում է նրան ընկալել որպես կոկորդի հիվանդություններ բուժող սուրբ։ Վլաս եպիսկոպոսի մասունքները ցրված են տարբեր եկեղեցիներում։ Իսկ գերեզմանը դեռևս 1940-ական թվականներին պահպանվում էր հայրենի Սեբաստիայում, մի թուրք կնոջ պատկանող պարտեզում, որը խնամում էր այն։ Նրա գերեզմանը սրբատեղի էր և՛ քրիստոնյաների, և՛ մուսուլմանների համար։ Սեբաստիայում հայտնի է Բողազ Էվլիյասը անունով։ Բողազ, որ հայերենի խոսակցական լեզվի մեջ նույնպես թափանցած բառ է, նշանակում է կոկորդ։ Իսկ Էվլիասը Վլաս անվան աղավաղումն է։
Սուրբ Վլասի պաշտամունքի տարածումը կապվում է երկու պատճառների հետ. ոմանք կարծում են, որ հարգված լինելով Բենեդիկտյան միաբանների շարքում, նրանց շնորհիվ է լայն տարածում գտել։ Որոշ ուսումնասիրողներ էլ համոզված են, որ նրա պաշտամունքի տարածմանը նպաստել են Արևմուտքում բնակություն հաստատած Արևելքի քրիստոնյաները, հատկապես հայերը։ Սուրբ Վլասի համբավը Բյուզանդական կայսրությունից տարածվել է նախ դեպի Գերմանիա և Իսպանիա, ապա մյուս երկրներ՝ արքայադուստր Թեոփանոյի շնորհիվ, որն աջակցում էր արևելաքրիստոնեական սրբերի պաշտամունքի տարածմանը։
Ըստ ավանդության, Սուրբ Վլասը 971 թվականին խորվաթական Դուբրովնիկ քաղաքի բնակիչներին փրկել է վենետիկցիների բռնազավթումից, որոնք օրեր շարունակ աղոթքով դիմել էին իրեն։ Դուբրովնիկի Սուրբ Վլաս եկեղեցում են այսօր պահվում սրբի գլուխը, կոկորդը, աջ և ձախ ձեռքերն ու ոտքը, նրա պատկերը կարելի է տեսնել նաև քաղաքի դրոշի վրա։
Սուրբ Վլասի պաշտամունքն այսօր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեբաստացի հայ բժշկի ու եպիսկոպոսի պաշտամունքն այսօր տարածված է կաթողիկե Չիլիից ու Բրազիլիայից մինչև ուղղափառ Ռուսաստան, Իսլանդիայից մինչև Հնդկաստան, բայց առավել զգալի է Եվրոպայում և Բալկանյան երկրներում։ Նրա անունով բազմաթիվ եկեղեցիներ կան աշխարհում։ Ինչպես տեսանք, Սուրբ Վլասն իր երկրային կյանքում, նախքան եկեղեցական դառնալը բժիշկ էր, և հետագայում համարվեց կոկորդի հիվանդությունները բուժող սուրբ։ Հայտնի է, որ Հովհաննես Պողոս II պապի կոկորդի հիվանդության սրման ժամանակ Ջեմելլի պոլիկլինիկայի մի քանի տասնյակ ծառայողներ, որտեղ խնամվում էր պապը, մասնակցել են հենց Սուրբ Վլասին նվիրված Պատարագին, որպեսզի հայ սրբի ողորմածությունն իջնի Պապի վրա, և նա բուժվի այդ հիվանդությունից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Calendarium Romanum (լատ.): Ex decreto Sacrosancti Œcumenici Concilii Vaticani II instauratum auctoritate Pauli PP. VI promulgatum. Editio typica — Civitas Vaticana: Typis Polyglottis Vaticanis, 1969. — P. 24.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մաքսիմ Եվադյան, Սուրբ Վլաս սեբաստացին՝ բոլորի կողմից մեծարված հայ, 2005 թ.: http://echmiadzin.asj-oa.am/14022/1/124.pdf(չաշխատող հղում)