Սուրբ Պողոսի ծոց
| Քաղաքային խորհուրդ | |||||
|---|---|---|---|---|---|
| Սուրբ Պողոսի ծոց Սան Պաուլ իլ Բահար | |||||
| San Pawl il-Baħar | |||||
| |||||
Սուրբ Պողոսի ծոցի համայնապատկերը | |||||
| 35°56′54″N 14°24′6″E / 35.94833°N 14.40167°E | |||||
| Երկիր | |||||
| Մարզ | Հյուսիսային մարզ | ||||
| Շրջան | Հյուսիսային շրջան | ||||
| Քաղաքային խորհուրդ | Սուրբ Պողոսի ծոց | ||||
| Մակերես | 14.47 կմ² | ||||
| ԲԾՄ | 0 մետր | ||||
| Խոսվող լեզուներ | մալթերեն | ||||
| Բնակչություն | ▲40 204 մարդ (դեկտեմբերի 31, 2024)[1] | ||||
|
| |||||
Սուրբ Պողոսի ծոց, պաշտոնական մալթերեն տարբերակով՝ Սան Պաուլ իլ Բահար (մալթ.՝ San Pawl il-Baħar), քաղաքային խորհրդի կարգավիճակ ունեցող բնակավայր Մալթայի հյուսիսարևելյան ափին՝ կղզի-պետության Հյուսիսային մարզում։ Համարվում է Մալթայի կարևորագույն բնակելի և առևտրային կենտրոններից մեկը, որը հայտնի է իր առևտրի, ժամանցի, ռեստորանների և սրճարանային մշակույթով։ 2021 թվականի մարդահամարի տվյալներով՝ Սուրբ Պողոսի ծոցը Մալթայի ամենաբնակեցված բնակավայրն է[2]։
Քաղաքի անվանումը կապվում է Սուրբ Պողոս առաքյալի նավաբեկության հետ (Սուրբ Պողոսի կղզիների մերձակայքում), որը նկարագրված է Աստվածաշնչի Նոր կտակարանի «Գործք առաքելոց» գրքում։ Ըստ ավանդության՝ Պողոս առաքյալը, Կեսարիայից դեպի Հռոմ իր ճանապարհորդության ընթացքում Մալթայի ափերի մոտ ենթարկվել է նավաբեկության ՝ դրանով իսկ հիմք դնելով քրիստոնեության տարածմանը կղզում[3]։
Բուրմառադ, Վարդիա, Կաուրա, Բուջիբբա, Շեմշիա և Սան Մարտին, ինչպես նաև Բիդնիայի և Միստրայի որոշ հատվածներ, վարչականորեն պատկանում են Սուրբ Պողոսի ծոցի տարածքային միավորին[4]։ Սուրբ Պողոսի ծոցը կազմում է 14,47 կմ քառ. տարածք։
2021 թվականին մշտական բնակչությունը կազմել է 32,042 մարդ։ Սեզոնային որոշ ամիսներին՝ հունիսից սեպտեմբեր միջակայքում, բնակավայրի փաստացի բնակչությունը գրեթե կրկնապատկվում է՝ հասնելով շուրջ 60,000-ի՝ պայմանավորված տեղացիների և զբոսաշրջիկների հոսքով։ Միստրայի ծոցը, իր հրվանդանով և Սուրբ Պողոսի կղզիներով, գտնվում է հյուսիսում, իսկ արևմուտքում՝ կղզին հատող ճանապարհի երկայնքով, մինչև Ջնեյնայի և Ոսկե ծոցերը, ձգվում է Վարդիայի գեղատեսիլ լեռնաշղթան։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Պողոսի ծոցի տարածքում հայտնաբերված հնագիտական բրածոները թվագրվում են մոտավորապես մ.թ.ա. 4000 թվականով։ Դրանց թվում են Բուջիբբայի և Շեմշիայի մեգալիթյան տաճարները։ Բացի այդ, Վարդիայի լեռնաշղթայում՝ Բուսևդիեն տարածքում, հայտնաբերվել են քարե սայլուղիներ[5], ինչպես նաև պունիկյան դամբարաններ և բրոնզի դարի այլ հնագիտական գտածոներ։
Հռոմեական ժամանակաշրջանում Սուրբ Պողոսի ծոցը ծառայել է որպես ռազմավարական նշանակություն ունեցող նավահանգիստ։ Շեմշիայում հայտնաբերվել են հռոմեական ճանապարհի, բաղնիքների և մեղվապահական կառույցների մնացորդներ, իսկ ծովի հատակում՝ հռոմեական խարիսխներ։
Ուշ միջնադարում տարածքը լքվել էր՝ ծովահենների հարձակումների պատճառով։ Տեղական աշխարհազորը պահպանում էր մի շարք դիտակետեր, որոնցից Թա Տաբիբուն պահպանվել է մինչև օրս և համարվում է տարածքի ամենահին շինությունը[6]։ Խաչակրաց արշավանքների ժամանակաշրջանում՝ 1530 թվականին՝ Հիվանդախնամների (Սուրբ Հովհաննեսի) միաբանության ժամանման պահին, այստեղ արդեն իսկ հիշատակվում էր նաև եկեղեցական կառույց[7]։ Սուրբ Հովհաննեսի միաբանության կառավարման տարիներին տարածքում կառուցվել են մի շարք պաշտպանական կառույցներ։ Առաջինը Վինյակուրի աշտարակն էր (հայտնի է նաև «Սուրբ Պողոսի ծոցի աշտարակ» անվանումով), որը ներկայումս Մալթայում պահպանված ամենահին դիտաշտարակն է։ Կաուրայի աշտարակը կառուցվել է 1638 թվականին մեծ վարպետ Լասկարիսի կողմից։ 1715 թվականին այս երկու աշտարակների շուրջ կառուցվել են մի շարք այլ պաշտպանական ամրություններ, որոնցից այսօր պահպանվել է միայն Արիասի մարտկոցը, քանի որ Դելիայի մարտկոցը և Պերելոսի ռեդուբտը քանդվել են 20-րդ դարում։
Ծոցը կարևոր նշանակություն է ձեռք բերել նաև Նապոլեոնյան պատերազմների ժամանակահատվածում, առավելապես՝ 1798 թվականին, երբ ֆրանսիական զորքերը ներխուժել են կղզի։ Մալթացիների ապստամբությունից հետո այն դարձել է երկրի գլխավոր նավահանգիստը, քանի որ Մեծ նավահանգիստը և Մերսամշետը դեռևս գտնվում էին ֆրանսիացիների վերահսկողության տակ[8]։ 19-րդ դարում այստեղ սկսել են կառուցվել մի շարք առանձնատներ, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում օգտագործվել են բրիտանական զորքերի կողմից։ 1943 թվականին՝ Իտալիայի կապիտուլյացիայից հետո, Իտալիայի թագավորության ռազմածովային ուժերի 76 նավեր խարսխել են այստեղ՝ հանձնվելով բրիտանացիներին։
Պատերազմից հետո տարածքը սկսել է արագորեն զարգանալ։ Ներկայումս Սուրբ Պողոսի ծոցը, Կաուրան, Բուջիբբան, Շեմշիան և Բուրմառադը միասին կազմում են Մալթայի Հանրապետության Հյուսիսային մարզի կազմում գտնվող խոշոր տարածքային միավոր։ Տարածքը համարվում է Մալթայի ամենահայտնի ժամանցային կենտրոններից մեկը։
Հանցավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի տվյալներով՝ Սուրբ Պողոսի ծոցում գրանցվել է Մալթայում գողությունների ամենամեծ թիվը՝ 4,037 դեպքից 423-ը, ինչպես նաև ընտանեկան բռնության դեպքերի ամենաբարձր ցուցանիշը՝ 1,409-ից 93-ը[9][10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://nso.gov.mt/population/world-population-day-11-july-2025/
- ↑ «Then and Now: St. Paul's Bay – from fishing village to most populous locality in Malta». The Malta Independent. Արխիվացված օրիգինալից 2022-04-08-ին. Վերցված է 2025-12-29-ին.
- ↑ «Geography and History». San Pawl il-Baħar Local Council (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2025-12-29-ին. Վերցված է 2025-12-29-ին.
- ↑ S. Formosa; S. Scicluna; J. Azzopardi (2013 թ․ հունվար). Saviour Formosa; Sandra Scicluna; Jacqueline Azzopardi (eds.). Realities of Crime, Society and Landuse in the Mediterranean: JANUS I (PDF). Msida: Department of Criminology, University of Malta. էջեր 96–98. doi:10.13140/2.1.1230.4322. ISBN 978-99957-834-0-2. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 15-ին.
- ↑ Dillon, Paddy Walking in Malta Cicerone Press (1 October 2004) 978-1-85284-422-6 p.107
- ↑ «Development near oldest building in St Paul's Bay refused». Times of Malta. 2010 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2015 թ․ մայիսի 25-ին.
- ↑ Leopardi, E. R. (1949). «The First Printed Description of Malta : Lyons 1536» (PDF). Scientia. 15 (2): 56, 58. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 17.
{{cite journal}}: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ Spiteri, Stephen C. (2008 թ․ մայիս). «Maltese 'siege' batteries of the blockade 1798-1800» (PDF). Arx - Online Journal of Military Architecture and Fortification (6): 15. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «More police for St Paul's Bay – Graziella Galea». Times of Malta (բրիտանական անգլերեն). 2021 թ․ մայիսի 6. Վերցված է 2021-05-07-ին.
- ↑ «St Paul's Bay with highest number of domestic violence, theft reports in 2020 - The Malta Independent». www.independent.com.mt. Վերցված է 2021-05-07-ին.
