Սուրբ Պետրոսի տաճար (Բովե)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրբ Պետրոսի տաճար
ֆր.՝ Cathédrale Saint-Pierre de Beauvais
Beauv kated od VJV DSCN4393.JPG
Հիմնական տվյալներ
Տեսակկաթոլիկ տաճար[1][2]
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՏեղագրությունԲովե[2][1]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմԲովեի թեմ
Ներկա վիճակգործող
Ժառանգության կարգավիճակդասակարգված պատմական հուշարձան[2]
ԱնվանվածՊետրոս առաքյալ
Ճարտարապետական նկարագրություն
ՃարտարապետՄարտին Շամբիժե
Ճարտարապետական ոճԳոթական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ1225
Կառուցման ավարտ1578
Հիմնադրված1225
Կոորդինատներ: 49°25′57.000000099991″ հս․ լ. 2°4′53.000000100039″ ավ. ե. / 49.43250000002777256° հս․. լ. 2.08138888891667762° ավ. ե. / 49.43250000002777256; 2.08138888891667762
cathedrale-beauvais.fr

Սուրբ Պետրոսի տաճար (ֆր.՝ Cathédrale Saint-Pierre de Beauvais), գոթական ամենաբարձր տաճարը Ֆրանսիայում (չնայած ավարտին չի հասցվել): Գտնվում է երկրի հյուսիսում` Բովե քաղաքում: Բովեի թեմի մայր տաճարն է:

Տաճարը նշանակալից դեր է ունեցել գոթական ճարտարապետության պատմության մեջ: Գոթական տաճարների մեջ այն ունի ամենաբարձր եկեղեցական դասն աշխարհում` 48.5 մ: Տաճարային համալիրը բաղկացած է տրանսեպտից (XVI դար), աբսիդներով դասից և կապելայի 7 աբսիդներից (XIII դար), որոնք հասանելի են խորանին մերձակա կիսաշրջանաձև սրահով: Ռոմանական Նոտր Դամ դե լա Բաս Էվր եկեղեցին (Basse Œuvre, 997—998 թվականներ) զբաղեցնում է ճարտարապետական նավի տեղը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարի` 1856 թվականին կազմած հատակագիծ: Սպիտակով նշված են երբևէ չկառուցված մասերը:

Տաճարի կառուցման աշխատանքները սկսվել են կոմս-եպիսկոպոս Միլոնի գլխավորությամբ 1225 թվականին` անմիջապես այն բանից հետո, երբ երրորդ հրդեհից այրվել է փայտե տանիքով հին բազիլիկը, և որի խորանը վերանորոգվել է հրդեհից երեք տարի անց[3]: Եկեղեցական դասերի կառուցումը ավարտին է հասցվել 1272 թվականին երկու փուլով` կապված տնտեսական ճգնաժամի հետ, որը փորձում էր վերացնել Լյուդովիկոս IX-ը: Երկու փուլերը բավականաչափ տարբերվում են իրենց աշխատանքնային ոճով[4]: Գիյոմ դե Գրե եպիսկոպոսի որոշման համաձայն` եկեղեցու բարձրությունը մեծացվում է 4.9 մ-ով, որպեսզի եկեղեցու սյուները ամենաբարձրը դառնան Եվրոպայում[5]: Եկեղեցական դասի սյուները 48 մ բարձրություն ունեն, որ զգալիորեն գերազանցում է նույն ժամանակաշրջանում կառուցված Ամյենի մայր տաճարի 42 մետրանոց նավը:

Շինարարական աշխատանքն ընդհատվել է 1284 թվականին մի քանի սյուների փլուզման պատճառով: Այդ փլուզումը հաճախ դիտարկվել է որպես աղետ, որ գոթական ոճով աշխատող ֆրանսիացի ճարտարապետների «ներվային պայթյուն» էր:

Տաճարի ներսույթ

Սթիվեն Մյուրեյը նշում է, որ փլուզումը ավելի փոքր կառույցների «նախակարապետն էր, ինչը համահունչ էր 13-րդ դարում Հարյուրամյա պատերազմի պատճառով ժողովրդագրական անկմանը»[6]:

Ինչևիցե, մեծածավալ շինարարությունը շուտով շարունակվում է: Տրանսեպտը կառուցվում է 1500-1548 թվականներին ուշ գոթիկայի ոճով, որ բնորոշ է ֆրանսիական վաղ շրջանի վերածննդին: 1573 թվականին բավական հավակնոտ 153 մ բարձրությամբ կենտրոնական աշտարակի փլուզումը կրկին շինարարական աշխատանքների ընդհատման պատճառ է դառնում: Տաճարը կարող էր դառնալ բարձրությամբ երկրորդ շինությունը այդ պահին Տալլինի Սուրբ Օլաֆի եկեղեցուց հետո:

Էժեն Էմանուել Վիոլե լը Դյուկը Բովեի տաճարի եկեղեցական դասերն անվանել է «ֆրանսիական գոթիկայի պարթենոն»:

Տաճարի ճակատային մասերը (հատկապես հարավային ճակատը) ցուցադրում են ուշ գոթիկայի ողջ հարստությունը: Հյուսիսային և հարավային մասերի փայտե դռները գոթիկայի և վերածննդի գլուխգործոցներ են: Տաճարն ունի աստղագիտական ժամացույց (1866) ր 15-17-րդ դարերի գոբելեններ, սակայն նրա գեղարվեստական գլուխգործոցը վիտրաժներն են, որոնցից ամենագեղեցիկը պատրաստված է Վերածննդի նշանավոր վարպետ Էնգրանդ լե Փրինսի կողմից, ով ծնունդով Բովեից է եղել: Նրա ձեռքի գործերից են նաև Բովեի մեկ այլ եկեղեցու` Սենտ Էտիենի վիտրաժները, որոնք ռոմանական ոճից գոթական ոճի անցման փայլուն օրինակներ են:

Միջնադարում հունվարի 14-ին Բովեի տաճարում անցկացվել է Ավանակի տոնը (լատ.՝ festum asinorum)` ի նշանավորումն սուրբ ընտանիքի Եգիպտոս փախուստի[7]:

Կառույցի վիճակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արկբուտանները միացնող մետաղյա ձգաններ

Փորձելով կառուցել 13-րդ դարի ամենաբարձր կառույցը` Բովեի տաճարի շինարարության ժամանակ օգտագործել են ժամանակի առաջավոր տեխնոլոգիաները: Չնայած կառույցը պետք է բարձր լիներ, սակայն որմահեցերը եղել են բարակ, որպեսզի լույսը առավելագույնս թափանցի տաճար: 1284 թվականին` կառույցի ավարտից ընդամենը 12 տարի անց, եկեղեցական դասի սյուների մի մասը հարակից արկբուտանների հետ փլուզվել է: Ներկայումս համարվում է, որ դա ռեզոնանսային տատանումների հետևանք է եղել, որ առաջացել է ուժգին քամուց[8]: Նկարում երևում են արկբուտանները պրկող երկաթյա ձգանները: Հայտնի չէ, թե դրանք երբ են տեղադրվել: Այդ տեխնոլոգիան կարող էր հասանելի լինել սկզբնական շինարարության ժամանակ, սակայն լրացուցիչ ամրության կարիչը կարող էր առաջանալ 1284 թվականի փլուզումից հետո և նույնիսկ ավելի ուշ: 1960-ական թվականներին գեղագիտական տեսանկյունից անհարիր ձգանները հեռացվել են, ինչից հետո տատանումներն ուժեղացել են: Դրա հետևանքով եկեղեցական դասերը մասամբ հեռացել են տրանսեպտից: Արդյունքում ձգանները նորից տեղադրվել են, սակայն այս անգամ` արդեն պողպատից: Քանի որ պողպատը պակաս ճկուն է, քան երկաթը, կառույցը ավելի կարծր է դարձել, ինչի հետևանքով լրացուցիչ ճաքեր են առաջացել[9]:

Տաճարի կառուցման նախնական ծրագրով այն պետք է ունենար ճարտարապետական նավ, որ երբեք չի կառուցվել: Այդ պատճառով էլ կենտրոնական նավի կողմից հենարանի բացակայությունը նպաստել է տաճարի ճարտարապետական թույլ կառույցին:

Ժամանակի հետ ի հայտ են եկել այլ խնդիրներ, որոնք ավելի համարձակ լուծումների կարիք են ունեցել: Հյուսիսային տրանսեպտն այժմ ունի տարբեր բարձրությունների փայտե և երկաթե լրացուցիչ չորս հենարաններ, որոնք տեղադրվել են 1990-ական թվականներին, որպեսզի տրանսեպտը պահպանեն փլուզման վտանգից: Որպես պաշտպանական հատուկ միջոց տեղադրվել է հենարան, որ լրացուցիչ ամրություն է հաղորդում սյուներին, որոնք իրենց վրա են պահում ամենաբարձր գերաններն աշխարհում:

Այս ժամանակավոր լուծումները կգործեն այնքան, մինչև հիմնական լուծում տրվի հարցին: Անցկացվում են տարաբնույթ հետազոտություններ կառույցը լավագույնս պահպանելու ուղղությամբ: Կոլումբիայի համալսարանը կատարում է հետազոտություններ` օգտագործելով կառույցի լազերային եռաչափ մոդելներ, որպեսզի հայտնաբերվեն նրա խոցելի տեղերը[10]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 archINFORM — 1994.
  2. 2,0 2,1 2,2 base Mériméeministère de la Culture, 1978.
  3. Ранее часто цитируемая дата 1247 была основана на ошибке, сделанной ранним историком Бове. (Murray 1980:533 note 5.
  4. Murray 1980:547.
  5. William of Grès (Guillaume de Grès, Guillaume de Grez) — был первым епископом, похороненным в осевой часовне Lady Chapel, в 1267 году.
  6. «ushers in the age of smaller structures associated with demographic decline, the Hundred Years War, and of the thirteenth century.» Murray 1980:533.
  7. Журнальный зал | Вопросы литературы, 2007 N1 | И. ПОПОВА - Другая вера как социальное безумие частного человека
  8. Découvrir la Cathedrale Saint-Pierre de Beauvais, Philippe Bonnet-Laborderie, 2000
  9. «Beauvais Cathedral, Architecture of Transcendence», Princeton University Press, 1989
  10. The Beauvais Cathedral Project

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Murray, Stephen: «The Choir of the Church of St.-Pierre, Cathedral of Beauvais: A Study of Gothic Architectural Planning and Constructional Chronology in Its Historical Context» in The Art Bulletin 62.4 (December 1980), pp. 533–551

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]