Սուրբ Գրիգոր Կաթողիկե եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Գրիգոր Կաթողիկե եկեղեցի
Հիմնական տվյալներ
Դվին, կենտրոնում բազիլիկան

Արարատի մարզի՝ մայրաքաղաք Դվինի պատմաճարտարապետական կառույցների շարքում իր յուրահատուկ տեղն է զբաղեցնում կաթողիկոսական պալատից հարավ գտնվող Սուրբ Գրիգոր եկեղեցին։ Հուշարձանը մասնակի ավերված է։ Այն վաղ միջնադարյան եռանավ բազիլիկ կառույց է։ Հուշարձանից պահպանվել են արևմտյան, հարավային և հյուսիսային պատերը։ 1907 թվականին Խաչիկ վարդապետ Դադյանի գլխավորությամբ հուշարձանը մասնակիորոն պեղվել է, իսկ ավելի ուշ՝ 1937-1950 թվականների ընթացքում անց են կացվել կանոնավոր պեղումներ, որի արդյունքում Դվինի կենտրոնական թաղամասում հայտնաբերվել է Կաթողիկե մեծ եկեղեցին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին կառուցվել է հեթանոսական տաճարի տեղում։ 4-րդ դարի երկրորդ կեսին այն վերածվել է եռանավ բազիլիկ եկեղեցու։ Ժամանակագրական առումով եկեղեցին համապատասխանում է Քասախի, Երերույքի, Տեկորի բազիլիկներին։ 5-րդ դարի 70- ական թվականներին եկեղեցին երեք կողմերից համալրվել է արտաքին սյունասրահներով։ 7-րդ դարի պատմիչ Սեբեոսի վկայության համաձայն՝ 572 թվականին ապստամբության ժամանակ պարսիկները այրել և ավերել են եկեղեցին։ Սուրբ Գրիգոր տաճարը հայոց իշխան Սմբատ Բագրատունու]] և Ամենայն Հայոց կաթողիկոս Աբրահամ Ռշտունու գահակալության ժամանակ (608-628 թվականներ) վերակառուցվել է ՝ կրելով կառուցվածքային փոփոխություններ ՝ եռանավ բազիլիկ եկեղեցուց վերածվել է խաչաձև հատակագծով գմբեթավոր սրահի։ Եկեղեցին իր հատակագծով հիշեցնում է երկարաձիգ համաչափություն ունեցող դահլիճ։ Բեմին մետ գտնվող չորս հզոր մույթերն իրենց վրա են պահել գմբեթը։ Սուրբ Գրիգոր կաթողիկե եկեղեցին իր մեծության շնորհիվ համարվել է ժամանակի ինքնատիպ հոգևոր կառույցներց մեկը։ Այն ունեցել է 22․54 մ լայնություն և 44․ 07 մ երկարություն։ Այն ունեցել է շքեղ հարդարանք․ հատակը ծածկված է եղել գույնզգույն քարերի և ապակու մանր խորանարդիկներով, որի մի հատվածը Տիրամոր պատկերով։ Եկեղեցին ունեցել է կղմինդրածածկ։

893 թվականի երկրաշարժի հետևանքով տաճարը փլվել է և այլևս չի վերականգնվել։

Նշանակալից իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

485 թվականին Վահան Մամիկոնյանին պարսից արքունիքի կողմից մարզպան ճանաչելու կապակցությամբ Սուրբ Գրիգոր տաճարում տեղի է ունենում պատարագ։ Ներկաների մեծաթիվ բազմությունը ստիպված է լինում հետևել ծիսակատարությանը արտաքին սրահից և նրան հարակից հրապարակից։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1. Ղաֆադարյան Կ., Դվին քաղաքը և նրա պեղումները, Երևան, 1982։

2. Քալանթարյան Ա., Դվին, Երևան, 1986։

3. Դվինի V-VII դարերի ճարտարապետական հուշարձանները, Երևան, 1950։