Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Կուզգունջուկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունՍկյուտար և Ստամբուլի մարզ
ՆվիրվածԳրիգոր Լուսավորիչ
Քարտեզ
Քարտեզ
 Surp Krikor Lusavoriç Church (Üsküdar) Վիքիպահեստում

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի (թուրքերեն՝ Surp Krikor Lusavoriç Ermeni Kilisesi), Սուրբ Գրիգոր Լուսավորչին նվիրված հայ առաքելական եկեղեցի Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Սկյուտարի շրջանի Կուզգունջուկ թաղամասում։ Այն վերակառուցվել է 1861 թվականին[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերեն մակագրություն գլխավոր մուտքի վերևում

Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Ստեփանոս III-ի օրոք (1831–1839) Կուզգունջուկի հայ համայնքի համար արքունիքի ճարտարապետ Հովհաննես Ամիրա Սերվերյանի կողմից կառուցվել է փայտե եկեղեցական շենք, որը բացվել է 1835 թվականի մայիսի 11-ին։ Ըստ մի արձանագրության, ներկայիս եկեղեցին, որը ֆինանսավորել է Պետրոս Աղա Շալճյանը, վերակառուցվել է 1861 թվականին՝ փոխարինելով փայտե շինությանը[1][3][4]։ Եկեղեցին գտնվում է Ստամբուլի ասիական ափին գտնվող Սկյուտար շրջանի Կուզգունջուկ թաղամասում[1][3]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստամբուլի հայկական եկեղեցիների ճարտարապետական գեղագիտության պակասի պատճառ դիտարկվում է որպես Օսմանյան կայսրության կողմից պարտադրված շինարարության և վերանորոգման խիստ կանոնները։ Բացառություն է կազմում Կուզգունջուկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին՝ իր խաչաձև հատակագծով, բյուզանդական ոճի գմբեթով և ռելիեֆներով[3]։

Ուղղանկյուն հատակագծով եկեղեցական շենքը՝ անտաշ քարով և երկշարք աղյուսե պատերով, բաղկացած է երեք բաժիններից և գավիթից։ Գմբեթը պահում են չորս սյուները։ Եկեղեցին ունի հինգ դուռ, մեկ գլխավոր մուտք և երկու դուռ յուրաքանչյուր կողմից։ Շենքի յուրաքանչյուր կողմում և գլխավոր մուտքի վրայի երեք մեծ պատուհանները լուսավորում են ինտերիերը։ Հյուսիսային և հարավային պատերին բյուզանդական ոճի կեղծ պատուհաններ են՝ զարդարված սրբերի նկարներով։ Շենքը լուսավորված է նաև արևելյան կիսագմբեթի լուսարձակներով։ Թաղածածկ գլխավոր մուտքը յուրաքանչյուր կողմից շրջապատված է աբսիդով սենյակով։ Աբսիդը ծածկված է կիսագմբեթով։ Գլխավոր մուտքի վրա հինգ տողով հայերեն արձանագրություն է, իսկ մեծ կամարի վրա գրված է հայերեն աղոթք։ Սուրբ Գրիգոր Լուսավորչի նկարը պատկերված է գլխավոր մուտքի հետևի ձախ ներքին պատին[3]։ Խորանի վերին մասը ոսկեզօծ է[1][3]։ Խորանի դիմացի փայտյա ցանկապատը զարդարված է ծաղիկների և տերևների արձանիկներով, որոնք պատրաստել է Գալուստ Աղա Խեմհաչյանը, ով փայտ էր մատակարարում սուլթանի արքունիքին[1]։ 1944 թվականին կառուցվել է սանդուղք, որը տանում է դեպի հյուսիս-արևելյան կողմում գտնվող աղոթարան[3]։

Գմբեթով պսակված բրգաձև տանիքով երկհարկանի զանգակատունը գտնվում է արևելյան աբսիդից անմիջապես հետո[1][3]։ 1910 թվականին եկեղեցու բակում տեղադրվել է շատրվան[1][4], իսկ 1967 թվականին ինտերիերին ավելացվել են զարդեր[1][4]։

Արձանագրության համաձայն՝ եկեղեցին վերականգնվել է 2003-2004 թվականներին[3]։ Այն վերաբացվել է 2005 թվականին Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանի կողմից օծվելուց հետո[1]։

Հյուսիսային պատի մոտ թաղված է եկեղեցու քարոզիչ Հովհաննես եպիսկոպոս Սեթյանը (1800-1875)[1]։

Դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

1853 թվականին Եկեղեցու հետ նույն հողատարածքի վրա գտնվող շենքում հիմնվել է «Լուսավորիչյան» անունով համակրթարանը՝ Կուզգունջուկի շրջանում աճող հայ բնակչության կրթական կարիքները բավարարելու համար[4]։

Սոցիալական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուզգունջուկ փոքր թաղամասում ապրում է բազմակրոն համայնք[2][5]։ Մի խումբ քրիստոնյա, հրեա և մուսուլման ուսանողներ և մեծահասակներ տեղի երեք կրոնների կանանց կողմից կազմակերպված սոցիալական միջոցառման շրջանակներում 2008 թվականի փետրվարին այցելել են եկեղեցի[3]։

Եկեղեցին հաճախ այցելում են դպրոցականներ, ինչպես նաև տեղական և օտարերկրյա զբոսաշրջիկներ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 "Surp Krikor Lusavoriç Ermeni Kilisesi, Kuxguncuk - 3. Bölge" (in Turkish). Türkiye Ermenileri Patrikliği. Retrieved 11 July 2020.
  2. 2,0 2,1 "Cami, kilise ve sinagogun aynı sokakta olduğu Kuzguncuk havadan görüntülendi".
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 "The History of Surp Krikor Lusavoriç Armenian Church - Kuzguncuk" Արխիվացված 2012-02-28 Wayback Machine.
  4. 4,0 4,1 4,2 4,3 "Surp Krikor Lusavoriç Ermeni Kilisesi" (in Turkish). Üsküdar İstanbul.
  5. "Gerçek mahalleli, gerçek İstanbullu: Kuzguncuk".