Jump to content

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Կահիրե)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԵգիպտոս Եգիպտոս
ՏեղագրությունԿահիրե
Հասցե179 Ramsis St., Cairo
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԵգիպտոսի հայոց թեմ
Հիմնական ամսաթվերը1928
ԱնվանվածԳրիգոր Լուսավորիչ
Ճարտարապետական ոճՀայկական եկեղեցական ճարտարապետություն
Հիմնադրված1928
Քարտեզ
Քարտեզ
30°03′49″N 31°15′13″E / 30.063733°N 31.253724°E / 30.063733; 31.253724
 Church of Gregory the Illuminator in Cairo Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Կահիրե քաղաքում գտնվող կրոնական կառույց։ Պատկանում է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Եգիպտոսի հայոց թեմին։ Կազմակերպում է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում բնակվող առաքելական եգիպտահայության հոգևոր կյանքը։ Նույն քաղաքում՝ 2.5 կիլոմետր հեռավորության վրա, գտնվում է նաև Սուրբ Աստվածածնի Ավետման հայ կաթողիկե եկեղեցին, որը ենթարկվում է Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ալեքսանդրիայի թեմին։

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում հայերը սկսել են հաստատվել զարգացած միջնադարից՝ քաղաքի հիմնադրման ժամանակներից, երբ այն դարձել է Ֆաթիմյան խալիֆայության հոգևոր-մշակութային և հասարակական-քաղաքական կենտրոնը։ Եգիպտական արքունիքում ծառայող հայ վեզիրները խրախուսել են հայերի մուտքը Կահիրե, օժանդակել նրանց առևտրական գործունեությանը, հովանավորել արհեստավորներին ու վարպետներին։ Քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաների շարքերում շատ էին իսլամ ընդունած հայ զինվորականներ, որոնք մամլուքներ էին դարձել և շարունակում էին իրենց գործունեությունը ընդհուպ մինչև մամլուքյան սուլթանության ավարտը՝ ուշ միջնադար։ Հայ քաղաքական գործիչներ էին Բադր ալ-Ջամալին, Ալ-Աֆդալը, Բահա ադ-Դին Կարակուշը, Բահրամ ալ-Արմանին, Աբուլ Ղարաթ Թալային և ուրիշներ։ 14-րդ դարում Կահիրեում եղել է հայկական երեք թաղամաս։ Կահիրեի ամենահայտնի Խան ալ Խալխի շուկայում այսօր պահպանվել են հայ ոսկերիչների արհեստանոցները։

Հայ գաղութը բուռն ծաղկում է ապրել Եգիպտոսի փաշա Մուհամմադ Ալիի կառավարման տարիներին։ 1825 թվականին հիմնադրվում է Եգիպտոսի հայոց թեմը։ Կառուցվել են սուրբ Աստվածածին (1839) և սուրբ Մինաս (1843) եկեղեցիները, կույս Մարիամի մատուռը։ Բացվել է առաջին՝ Գալուստյան (Եղիազարյան) ազգային վարժարանը, ինչպես նաև՝ հիվանդանոց և հյուրանոց։ 1865 թվականից Կահիրեում սկսել է հրատարակվել եգիպտահայ առաջին՝ «Արմավենի» պարբերականը։ 1880-1884 թթվականներին գործել է Ուսումնասիրաց ընկերությունը։ Եգիպտոսում քաղաքական պաշտոններ էին զբաղեցնում նշանավոր հայազգի գործիչներ՝ Պողոս Յուսուֆյանը, Նուբար Փաշան, Պողոս Նուբար Փաշան և ուրիշներ։ Ներկայումս գործում է հայ առաքելական երեք՝ առաջնորդանիստ սուրբ Գրիգոր Լուսավորիչ, և երկու մատուռ ամենայն սրբոց և սուրբ Մինաս, հայ կաթողիկե երեք եկեղեցի՝ սուրբ Աստվածածնի ավետման, սուրբ Թերեզա և սուրբ Պետրոս։

Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդանիստ եկեղեցու կառուցումն սկսել է հայոց ցեղասպանության հետևանքով համայնքի ստվարանալուց հետո՝ 1924 թվականին, տևել է երեք տարի[1]։ Այլ տվյալով՝ 1928 թվականին դրվել է եկեղեցու հիմքը, իսկ շինարարությունն ամբողջությամբ ավարտվել է 1932 թվականին[2]։

Եկեղեցին բնորոշ է հայկական եկեղեցական ճարտարապետությանը, պատված է զարդանախշերով և խաչերով, ունի առանձնացված զանգակատուն։ Շինության նախագիծը ղեկավարել է ճարտարապետ Լևոն Նաֆիլյանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Armenian Orthodox Patriarchate, Cairo». archiqoo.com.
  2. «Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին». alphanews.am. 2024 թ․ հունվարի 2.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։