Սուրբ Աստվածածին վանք (Քռնա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրբ Աստվածածին վանք
Հիմնական տվյալներ
ՏեսակՎանք
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Տեղագրությունգյուղ Քռնա, Ջուղայի շրջան, Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, Ադրբեջան
ՀիմնադիրՀովհաննես Քռնեցի
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Հիմնադրված1330

Սուրբ Աստվածածին վանք, պատմական Երնջակ գավառում (այժմ՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանում), Օձասար լեռան հարավարևմտյան լանջին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1330 թվականին հիմնադրել է Գլաձորի համալսարանի սան Հովհաննես Քռնեցի վարդապետը։ Նա 1328 թվականին մեկնել է Մարաղայի Դոմինիկյան միաբանության առաջնորդ Բարդուղիմեոս Բոլոնիացու մոտ, կաթոլիկություն ընդունել, սովորել լատիներեն, Բարդուղիմեոսին և նրա գործընկերներին հայերեն սովորեցրել և նրանց հետ լատիներենից հայերեն մի շարք գրքեր թարգմանել։ Վերադառնալով Քռնա՝ ժողով է հրավիրել Երնջակ գավառի 12 վարդապետների մասնակցությամբ, որոնք որոշել են գավառի իրենց ենթակա համայնքներում կաթոլիկություն տարածել։ Քռնայի վանքի Ս. Աստվածածին («Կուսաբեր») եկեղեցին 1330 թվականին կառուցվել է Հովհաննես Քռնեցու քեռու՝ Քռնայի գյուղապետ Գորգի միջոցներով, ընդամենը 70 օրում։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքն ունի կենտրոնագմբեթ հորինվածք, սրբատաշ և կիսամշակ քարերով, իսկ վերին մասը՝ աղյուսով իրականացված։ Եկեղեցու պարսպապատ տարածքում եղել են երկու տասնյակի հասնող վանքապատկան շինություններ (հիմնովին ավերված են)։

Ս. Աստվածածին եկեղեցուց մոտ 600 մ հարավ-արևմուտք մինչև 1970-ական թվականները նշմարելի էին Քռնայի Ս. Հռիփսիմե եկեղեցու ավերակները։ Ունիթորական միաբանություն ունեցող վանքում գործել է բարձր տիպի կրթական հաստատություն, գրադարանում ընդօրինակվել են ձեռագրեր, թարգմանություններ ու մեկնողական աշխատություններ։

Քռնայի վանքի դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Քռնայի դպրոցի ուսուցիչներ են եղել Մարաղայից հրավիրված Բարդուղիմեոս Բոլոնիացին, Պետրոս Արագոնացին, Հովհաննես Անգլիացին, Հովհաննես Քռնեցին և Հակոբ Քռնեցին, Զաքարիան և ուրիշներ։

1333 թվականին Բարդուղիմեոս Բոլոնիացու մահից հետո դպրոցը, մինչև 1347 թվականը, ղեկավարել է Պետրոս Արագոնացին։ 1333 թվականին Հովհաննես Քռնեցին մեկնել է Հռոմի պապի մոտ և վերադարձից հետո դարձել Երնջակ գավառի ունիթորական եկեղեցու առաջնորդ։ Քռնայի դպրոցում հայերեն են թարգմանվել աստվածաբանական և դավանաբանական բնույթի, իմաստասիրական և բնագիտական թեմաներով գրքեր (հայտնի է ավելի քան 15-ը) կամ ինքնուրույն աշխատություններ շարադրվել։ Այս երկերը տարածվել են նաև Հայ առաքելական եկեղեցու կրթական կենտրոններում, ինչը հնարավորություն է տվել ծանոթանալու բնական ու հասարակական երևույթների մասին 13–14-րդ դարերում Եվրոպայում հայտնի գիտելիքներին։

Քռնայի Սուրբ Աստվածածին եկեղեցին գոյատևել է մինչև 18-րդ դարի կեսը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հասրաթյան Մուրադ (2002)։ Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան։ Երևան: 1 հատոր, Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ.։ էջ 1058 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սեդրակյան Ա., Հնութիւնք հայրենեաց ի գաւառին Երնջակու, Վաղարշապատ, 1872։
  • Ալիշան Ղևոնդ, Սիսական, Վենետիկ, 1893։
  • Այվազյան Ա., Նախիջևանի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, 1978։