Սուրբ Անտոնիոսի փորձությունը (Բոսխի եռապատկեր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Անտոնիոսի փորձությունը
տեսակգեղանկար
նկարիչՀիերոնիմոս Բոսխ[1]
տարի1501
բարձրություն131,5 սանտիմետր
լայնություն238 սանտիմետր
ուղղությունվաղ հոլանդական գեղանկարչության[2]
ժանրհոգևոր արվեստ[1]
նյություղաներկ
գտնվում էՀնամյա արվեստի ազգային թանգարան
հավաքածուՀնամյա արվեստի ազգային թանգարան
հիմնական թեմաTemptations of Saint Anthony?
կայք
Ծանոթագրություններ
 The Temptation of Saint Anthony by Hieronymus Bosch (Lisbon) Վիքիպահեստում

Սուրբ Անտոնիոսի փորձությունը, Հիերոնիմոս Բոսխի եռապատկեր, նրա կարևոր ստեղծագործություններից մեկը։ Եռապատկերի սյուժեն գերմարդկային փորձություններն են, որոնց ենթարկվել է սուրբ Անտոնիոսը եգիպտական անապատում։ Թեման լայն տարածում է ունեցել արևմտաեվրոպական միջնադարյան արվեստի ու գրականության մեջ։

1523 թվականին եռապատկերը ձեռք է բերել պորտուգալացի հումանիստ Դամյաո դե Գոիշը[3]։ Եռապատկերն այժմ ներկայացված է Լիսաբոնի Հնամյա արվեստի ազգային թանգարանի մշտական ցուցադրության մեջ։ Գոյություն ունի եռապատկերի մոտ 20 կրկնօրինակ` և' ամբողջական, և' հատվածային, որոնցից թերևս ամենից ամբողջականն ու ճշգրիտը (թվագրվում է 1520-30 թվականներին) գտնվում է Բրյուսելի Գեղեցիկ արվեստների թագավորական թանգարանում։

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիսաբոնյան եռապատկերը ներկայացնում է Բոսխի արվեստի հիմնական մոտիվները։ Ներկայացված է մարդկային ցեղը, որ ապականված է մեղքերի ու հիմարությանմեջ, իսկ դժոխային անվերջ տանջանքները, որոնք սպասում են նրան, ներկայացված են սրբի փորձությունների տեսքով։ Սրբի անսասան հավատը թույլ է տալիս դիմագրավել թշնամիներին` ցանկասիրությանը, սատանային։ Այդ ժամանակաշրջանում, երբ դժոխքի ու սատանայի գոյությունը դեռևս ընդունվում էր որպես անքննելի իրականություն, երբ Նեռի գալուստը սպասվում էր կրոնական լարվածությամբ, սրբի հավատի ամրությունը պետք է մարդկանց քաջալերեր ու հույս ներշնչեր։

Կենտրոնական հատված (Սուրբ Անտոնիոսի փորձությունը)[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարի տարածությունը լեցուն է երևակայական, ոչ իրական կերպարներով։ Սպիտակ թռչունը վերածվում է իսկական թևավոր նավի, որ սավառնում է դեպի երկինք։

Կենտրոնական տեսարանը` սև պատարագի արարողությունը, խոսուն վկայությունն է վարպետի փոթորկուն, հակասական ոգու։ Այստեղ անթերի հագնված կին հոգևորականները սրբապիղծ արարողություն են ձեռնարկել. նրանց շրջապատել է խայտաբղետ ամբոխը. անդամալույծի հետևից շտապում է մանդոլինով մարդը` սև անձրևանոցով, վարազի դնչով, բուն գլխին (բուն խորհրդանշում է հերետիկոսությունը, այլ մեկնաբանություններով բուն լուսավոր ուժերի խորհրդանիշն է, որ Աստծո ամենատես աչքի դերն է կատարում, որպեսզի ահեղ դատաստանի ժամանակ վկայություն տա ընդդեմ ալքիմիկոսների)։

Մեծ կարմիր պտղից (հղում է ալքիմիական գործընթացի փուլին) լույս աշխարհ է գալիս հրեշների խումբ` սատանայի գլխավորությամբ, որ տավիղ է նվագում. սա հրեշտակների համերգի բացահայտ ծաղրանմանություն է։ Գլխարկով մորուքավոր մարդը, որ պատկերված է հետին պլանում, սևգրքային է, որ գլխավորում է դևերի ամբոխն ու կառավարում նրանց գործողությունները։ Իսկ դև-երաժիշտը թամբել է կասկածելի տարօրինակ արարածի, որ փետրահան թռչուն է հիշեցնում` փայտե մաշիկներ հագած։

Կոմպոզիցիայի ներքևի հատվածը լցված է տարօրինակ դատաստաններով։ Դևերի երգի հնչյունների ներքո լողում է անգլուխ բադը, իսկ մյուս դևը դիտում է բադի վզին բացված լուսամուտից։

Ձախ հատված (Սուրբ Անտոնիոսի թռիչքն ու անկումը)[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս թեմային նկարիչն իր ստեղծագործական կյանքում ոչ մեկ անգամ է անդրադարձել։ Սուրբ Անտոնիոսը ուսանելի օրինակ է այն բանի, թե ինչպես կարելի է հակադրվել երկրային գայթակղություններին, ամբողջ ժամանակ զգոն լինել, որպես իրականություն չընդունել այն, ինչ թվում է, և իմանալ, որ գայթակությունը կարող է հանգեցնել Աստծո անեծքին։ Երբ Անտոնիոսն աղոթում է, նրա վրա հարձակվում են դևերը, ծեծում, բարձրացնում վեր երկինք ու այնտեղից վար նետում։

Եռապատկերի ձախ հատվածի գլխավոր գործող անձը ինքը սուրբն է, որին Սուրբ Անտոնիոսի օրդենի հոգևորականները բարձրացնում են նրա` երկնքից ընկնելուց հետո։ Այս խմբի չորրորդ մարդը, ըստ որոշ ենթադրությունների, հենց ինքը նկարիչն է։ Սյուժեն ներկայացված է Աթանաս Ալեքսանդրացու «Սուրբ Անտոնիոսի կյանքի» և Ոսկե լեգենդի համաձայն։

Փեղկի վերին մասում սուրբ Անտոնիոսը պատկերված է աղոթող ձեռքերով, որը նրա հավատի անսասանությունն է վկայում։ Նրան երկինք են գրավում թևավոր դևերի ամպերը, որոնց մեջ նկատելի են թռչող գորտը, ճիպոտով աղվեսը։ Սուրբն այլևս ուշադրություն չի դարձնում իրեն տանջողներին և չի տեսնում, որ նրան սպառնում է ջրային ոգին` ձկով զինված. ձուկը խորհրդանշում է մեղք։

Բնապատկերի միջին հատվածում երևակայականը միաձուլված է իրականությանը. լեռան լանջը, պարզվում է, չորեքթաթ արարածի մեջքն է, իսկ խոտը` նրա անձրևանոցը։ Նրա հետույքը կախված է անձավի մուտքի վրա. որոշ հետազոտողներ համարում են, որ այն սրբի ապաստարանն է, իսկ մյուսներն էլ կարծում են, որ այն հասարակաց տուն է։

Դեպի երկիմաստ անձավ է սլանում դևերի խումբը, որն ակնհայտորեն կրոնական արշավանքի ծաղրանմանություն է։ Խումբն առաջնորդում է խույրով ու կապայով հոգևորականը, իսկ նրա կողքին կարմիր անձրևանոցով եջերուն է, որը քրիստոնեության մեջ ավանդաբար հոգու հավատարմության խորհրդանշանն է. եղջերուի պատկերումն այստեղ դիտավորյալ սրբապղծություն է։

Ներքևի հատվածում` սառցապատ գետակի վրայով անցնող կամրջի տակ, դևերի ոհմակը լսում է հոգևորականին, որ կարդում է անընթեռնելի նամակը։ Այս խմբին մոտենում է չմուշկներով թռչունը, որի կտուցին գրություն կա` յուղոտ. դա ակնարկ է հոգևորականներին, որոնք զբաղված են ինդուլգենցիաների վաճառքով։

Աջ հատված (Սուրբ Անտոնիոսի տեսիլքը)[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ սուրբ Անտոնիոսը ճգնում էր անապատում, նրան հետապնդում էր բոլոր փորձություններից ամենագայթակղիչը։ Եդեմի այգում մարդու մեղսավորությունը սկսվել էր Եվայից և սեքսուալ գրավչության գիտակցումից։ Սատանան սրբին ներկայանում է մերկ կնոջ կերպարանքով` ձեռքերով ամոթխածորեն ծածկելով մերկությունը։ Գայթակղություններին անհաղորդ Անտոնիոսը ներկայանում է որպես հավատի ասպետ, որ հաղթանակ է տանում չար ուժերի նկատմամբ։ Նա թեքում է հայացքը, սակայն նրա տեսադաշտում հայտնվում են զվարճացող սատանաներ, որոնք շարժումներով կանչում են ճգնավորին։ Հետին պլանում սատանայական քաղաքը պատրաստ է սրբին կանչելու. հարկ է միայն, որ նա թեքվի դեպի քաղաք։ Դևը պայքարում է մարդու դեմ, կլորավուն աշտարակից կրակ է ժայթքում. քաղաքը քողարկված դժոխքն է, որտեղից եկել է կին սատանան։ Հոլանդական ջրաղացը, որը նկարում դիսոնանս է առաջացնում, մատնանշում է երկրային կյանքի խաբուսիկ հնարավորությունները` հիշեցնելով էրգոտիզմի մասին. այս հիվանդությունը թյուրիմացաբար անվանել են «անտոնիոսյան կրակ»[4]։

Այստեղ քիչ չեն նաև սև մոգության հիշատակումները։ Այսպես, եռապատկերի կենտրոնական հատվածում` տառապյալ սրբի տանջանքների մեջ, առկա են սև պատարագն ու խրախճանքը, դեպի որը շտապում են երկու կերպար` ձկան վրա թռչող։ Համարվում է, որ սատանան օգնում է կախարդներին` թռչելու դևերի հավաքատեղի։

Մերկ կինը, որ երևում է վարագույրի հետևից, որ քաշում է գորտը, «Հարանց վարքի» համաձայն` սատանա է, որ ստացել է թագուհու կերպարանք։ Չոր ծառը, որի հետևում կանգնած է նա, ալքիմիայի խորհրդանիշն է, որն առատորեն ներկայացված է եռապատկերի ամեն հատվածում։

Հրեշավոր տեսիլքներից է կարմիր գլխանոցով ծեր թզուկը, որի ողջ մարմինը, բացի աչքերից ու կեռ քթից, ծածկված է։ Նա քայլում է մանկաքայլակով, իսկ գլխին պտուտակ է. դրանք խորհրդանշում են մանկական անմեղությունը, որ պահպանվում է ոչ միայն մանուկ հասակում, այլ նաև ողջ կյանքում։

Լիքը սեղանը, որոնք պահել են մերկ դևերը, ներկայացնում են սրբի վերջին փորձությունը` որկրամոլությունը։ Սեղանի հացն ու սափորը մատնանշում են հաղորդության խորհրդանշանները (ընդ որում, սափորի բերանից խոզի ոտք է երևում)։

Արտաքին հատվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եռապատկերի արտաքին փեղկերը գրիզայլ տեխնիկայով են արված։ Դրանցում պատկերված են Քրիստոսի տառապանքի տեսարաններ։ Մինչ Հուդան երեսուն արծաթով լքում է Գեթսեմանի այգին, տաճարի հսկիչներն ու սպասավորները հարձակվում են Հիսուսի վրա այնպես կատաղի, ինչպես եռապատկերի ձախ փեղկում` սատանաները։

Աջում պատկերված է Հիսուսը, որն ընկել է խաչի ծանրության տակ և կանգնեցրել Գողգոթա շարժվող թափորը։ Վերոնիկան ձգտում է դեպի Փրկիչը, որպեսզի մաքրի նա ճակատի քրտինքը։ Դահիճներին այս դանդաղումը բարկացնում է, մինչդեռ տեղաբնակները կատարվող իրադարձություններին հետևում են ավելի շատ հետաքրքրասիրությունից դրդված և ոչ կարեկցանքից։ Ավելի ներքևում ավազակները խոստովանում են վեղարավոր եկեղեցականներին, ընդ որում Բոսխը վարպետորեն է ներկայացրել այս ծառայողների վանող կերպարները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://rkd.nl/explore/images/56552
  2. Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  3. Varallo, Franca N (2004). Bosch. Milan: Skira.
  4. A similar symbol appears also in Bosch's Hermit Saints.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Тревин Коплстоун. Хиеронимус Босх. Жизнь и творчество. — М.: «Лабиринт-К», 1998.
  • Девитини А. Босх: Пер. с итал. / А.Девитини. — М.: ООО «Издательство АСТ»: ООО «Издательство Астрель», 2002.
  • Баттилотти Д. Босх: Пер. с итал. / Д.Баттилотти. — М.: «Белый город», 2000.
  • Вальтер Бозинг. Босх: Пер. с нем. / В.Бозинг. — М.: Арт-Родник, 2001.
  • История искусства зарубежных стран. Средние века, Возрождение / Под ред. Ц. Г. Нессельштраус. — М., 1982.
  • Фомин Г. И. Иероним Босх. — М., 1974.