Սուպերհետերոդինային ռադիոընդունիչ
Սուպերհետերոդինային ռադիոընդունիչ, (սուպեր․․․ և հետերոդին), ռադիոընդունիչ, որում մինչև ընդունվող ռադիոազդանշանի դետեկտումը կատարվում է նրա կրող հաճախականության՝ մոդուլացման օրենքը չփոխող փոխակերպում (նվազեցում)։ Սուպերհետերոդինային ռադիոընդունիչների ամենատարածված տեսակն է և լայնորեն կիրառվում է էլեկտրակապում, ռադիոհաղորդման, ռադիոաստղագիտության մեջ և այլուր։ Սուպերհետերոդինային ռադիոընդունիչներում համեմատաբար պարզ և հուսալի կառուցվածքի պայմաններում ապահովվում է ազդանշանների բարձրորակ ընդունում։ Սուպերհետերոդինային ռադիոընդունման եղանակը առաջարկել են միաժամանակ է․ Արմսթրոնգը (ԱՄՆ) և Լ․ Լևին (Ֆրանսիա), 1918-ին։ Հաճախականության միակի փոխակերպումով սուպերհետերոդինային ռադիոընդունիչում ընդունվող հաճախականությամբ ազդանշանը ելքի շղթայից և ռադիոհաճախականության ուժեղացուցիչից հետո հասնում է հաճախականության փոխակերպիչին, որին տրվում են նաև հետերոդինից եկող հաճախականությամբ տատանումները։
Հաճախականության միակի փոխակերպումով սուպերհետերոդինային ռադիոընդունիչի սխեմա․ Անտենա, ելքի շղթա, ռադիոհաճախականության ուժեղացուցիչ, խառնիչ, հետերոդին, միջանկյալ հաճախականության ուժեղացուցիչ, դետեկտոր, ցածր (ձայնային) հաճախականության ուժեղացուցիչ, վերջին սարք (օրինակ բարձրախոս)
Փոխակերպման հետևանքով ստացված, այսպես կոչված, միջանկյալ հաճախականությամբ ազդանշանը, որ հավասար է և հաճախականությունների տարբերությանը, ուժեղացվում է միջանկյալ հաճախականության ուժեղացուցիչով (ՄՀՈւ) և դետեկտվում։ Կիրառվում են նաև հաճախականության բազմակի փոխակերպումով սուպերհետերոդինային ռադիոընդունիչներ։ Սուպերհետերոդինային ռադիոընդունիչների կարևոր առավելությունն այն է, որ նրանցում չի պահանջվում վերափոխել ՄՀՈԻ–ն, քանի որ ընդունվող ազդանշանի ցանկացած հաճախականության դեպքում կարելի է սահմանել հետերոդինի այնպիսի հաճախականություն, որ -ը լինի, անփոփոխ։ Սուպերհետերոդինային ռադիոընդունիչի թերությունը հաճախականության փոխակերպման ժամանակ ընդունման կողմնակի կանալների առաջացումն է, որը կարելի է վերացնել սուպերհետերոդինային ռադիոընդունիչի բարձր հաճախականության տրակտի ընտրողականությունը բարձրացնելով, ընդունվող հաճախականությունների տիրույթից դուրս միջանկյալ հաճախականություն ընտրելով։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 196)։ |