Սուշրուտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուշրուտա
Shushrut statue.jpg
Ծնվել էմ. թ. ա. 1200
ԾննդավայրՎարանասի
Վախճանվել էմ.թ.ա. 6-րդ դար
Մասնագիտությունբժիշկ և վիրաբույժ
Sushruta Վիքիպահեստում

Սուշրուտա (սանսկր.՝ सुश्रुत, Suśruta IAST, բառացի՝ լավ լսված, հանրաճանաչ[1]; մ. թ. ա. 1200, Վարանասի - մ.թ.ա. 6-րդ դար), հին հնդիկ բժիշկ, վիրաբույժ և գրող, որն այսօր գիտության պատմության մեջ հայտնի է որպես «Հնդկական վիրաբուժության հայր» և «պլաստիկ վիրաբուժության հայր»[Ն 1]։ Այս թեմայով նրա աշխատանքը՝ «Սուշրուտա սամհիտան» (Սուշրուտայի ամփոփագիր) համարվում է պլաստիկ վիրաբուժության վերաբերյալ աշխարհի ամենահին տրակտատը և Այուրվեդական բժշկության մեծ եռագրություններից երկրորդը․ առաջինը՝ Չարակա Սամհիտա, երրորդը՝ Աշտանգա Հրիդայա տրակտատներն են[7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակաշրջանի վերծանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուշրուտայի ապրած տարիները և վայրը հստակ հայտնի չեն։ Նրա անունը հիշատակվում է հին հնդկական Մահաբհարաթա էպոսում։ Նրա մասին տեղեկությունները քաղվում են «Սուշրուտա սամհիտա» տրակտատի հիման վրա։ Եվ ըստ այդմ, ենթադրվում է, որ Սուշրուտան ծնվել է Վարանասիում, քանի որ համարվում է, որ նա պատկանել է հին հնդկական բժշկության Կաշի դպրոցին (ներկայիս՝ Բենարես)։ Նա ապրել է մ․թ․ա․ 7-6 րդ դարերում[8], ոչ ուշ, քան 8-րդ դարի ավարտը, երբ նրա աշխատությունը թարգմանվել է արաբերեն։

Ըստ Ռուդոլֆ Հերնլեի (1841-1918), Սուշրուտա սամհիտա տրակտատի որոշ հասկացություններ կարելի է գտնել «Սատապատհա» (Śatapatha-Brāhmaṇa) վեդայական բրահմանում[9], որը թվագրվում է մինչև մ.թ.ա. 600 թվական[10]։ Սակայն նրանից հետո՝ հնդկական բժշկական գրականության պատմության վերաբերյալ ուսումնասիրությունների նշանակալիորեն առաջադիմելու արդյունքում, ապացուցվել է, որ Սուշրուտա Սամհիտան մի քանի պատմական շերտերի աշխատանք է։ Նրա կազմումը կարող է սկսվել մ.թ.ա. վերջին դարերում, և ներկայիս տեսքով այն լրացվել է մեկ այլ հեղինակի կողմից, որը վերափոխել է տրակտատի առաջին հինգ գլուխները և ավելացրել վերջին՝ «Ուտարատանտրան» (Uttaratantra) ծավալուն գլուխը։ Հավանաբար, Սուշրուտա Սամհիտհան հայտնի է եղել գիտնական Դրդհաբալային (Dṛḍhabala, մ. թ. 300-500 թթ.), որը Չարակա Սամհիտայում տալիս է այսօր մեզ հասած ստեղծագործության տարբերակի վերջին ամսաթիվը[11]։ Պատմական հետազոտությունների միջոցով պարզվել է նաև, որ կան մի քանի հնագույն հեղինակներ, որոնք կոչվում են «Suśruta»[11]։

Վկայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1907 թվականին հրատարակված Մահաբհարաթա հնդկական հնագույն էպիկական տեքստում թարգմանիչ Բհիշագրատնան Սուշրուտային ներկայացնում է որպես հնագույն իմաստուն Վիշվամիտրայի որդիներից մեկը[12]։ Բիշագրատնան նաև պնդում է, որ Սուշրուտան այն կլանի անունն էր, որին պատկանում էր Վիշվամիտրան[12]։ Բհիշագրատնայից հետո Սուշրուտայի և «Սուշրուտա սամհիթի» տրակտատի մասին տեղեկությունները փոխվել են ավելի նոր հայտնագործությունների և գիտելիքների շնորհիվ, որոնց մեծ մասը դիտարկվում է Մյուլենբելդի «Հնդկական բժշկական գրականության պատմության» IA հատորում (5 հատոր, 1999-2002)[13]։

Սուշրուտայի անունը հիշատակվում է ավելի ուշ գրականության մեջ՝ դեղորայքային սխտորի մասին տրակտատում, որը ներառված է «Բովեր ձեռագրերում» (Bower Manuscript, մ.թ. 6-րդ դար), որտեղ Սուշրուտան Հիմալայներում բնակվող տասը իմաստուններից մեկն է[14]։

Սուշրուտան հնդուական ավանդույթի մեջ ակնածանքով ընդունվում է որպես բժշկության առասպելական աստծո սերունդ։

Լեգենդի համաձայն, Սուշրուտան աշակերտել է բժշկության աստված Դհանվանտարիին[Ն 2], ով վերածնվել է Կաշի թագավորության Դիվոդասա թագավորի կերպարով[15]։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուշրուտա

Սուշրուտային է վերագրվում «Սուշրուտա Սամհիտա» տրակտատը, որը պարունակում է հին հնդկական բժշկության ամբողջական համակարգը։ Տրակտատը գրված է պարզ և հասկանալի լեզվով, և կարող է համեմատվել էպիկական պոեզիայի լեզվի հետ։ Թեև լեզվական ավելի հին ձևերի բացակայությունը վկայում է դրա ավելի ուշ ծագման մասին։ Սուշրուտան այն գրել է իր «համակուրսեցիների» խնդրանքով՝ այն գրելու համար թույլտվություն ստանալով հենց Դհանվանտարիից։

Սուշրուտայի տրակտատում մեծ տեղ է հատկացված դիահերձումների նկարագրությանը, որտեղ նկարագրվել է ավելի քան 500 մկան, 300 ոսկոր, 107 հոդակապեր, 70 արյունատար անոթ և մարմնի այլ օրգաններ[16]։ Նկարագրված են նաև անձնական հիգիենայի կանոնները, ավելի քան 700 դեղաբույսեր, կենդանական և հանքային ծագման դեղամիջոցներ, դրանց պատրաստման և օգտագործման եղանակները[17][18]։

Սուշրուտան նկարագրել է նաև մի շարք սուր և քրոնիկ հիվանդություններ, նշելով հիվանդությունների ախտանշանները, որոնք հետագայում հայտնի են դարձել ջրծաղիկ, խոլերա, շաքարախտ, էպիլեպսիա անվանումներով։ Լինելով ժամանակի ականավոր վիրաբույժ, ներկայացրել է ավելի քան 100 վիրաբուժական գործիք, տարատեսակ զոնդեր, մետաքսյա և վուշե թելեր։ Նա վիրահատության մեջ կիրառել է ուղիղ և կոր ասեղներ, բանգի և հաշիշ՝ որպես անզգայացնող միջոց։

Նկարագրել է 76 տեսակի աչքի հիվանդություններ, ընդուպ՝ կատարակտի հեռացման գործողությունը։ Նրան են վերագրում աչքից օտար մարմինները հեռացնելու համար մագնիս օգտագործելու հնարը[19]։

Ընդհանուր վիրաբուժության հետ կապված վնասվածքներից բացի, Սուշրուտան մանրամասն նկարագրել է կոտրվածքների 12 տեսակների և հոդախախտման 6 տեսակների բուժման մանրամասները, որով այսօր էլ հետաքրքրված են ժամանակակից օրթոպեդիկ մասնագետները։

Բացի այդ նա մանրամասն կերպով տվել է վիրակապերի 14 ձևերի նկարագրություն, կատարել է անդամահատումներ, պլաստիկ վիրաբուժական միջամտությունների, ծանր ծննդաբերության դեպքերում բժշկական ընթացակարգերի նկարագրություններ, կեսարյան հատում, որը կիրառում էր ծննդկանի մահվան դեպքում՝ պտղին փրկելու համար[20]։

«Սուշրուտա սամհիտա» տրակտատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուշրուտա Սամհիտա

Սուշրուտա Սամհիտան վիրաբուժական տեխնիկայի կարևոր և անգնահատելի աշխատություն է, որի 184 գլուխներում ներկայացվում է ավելի քան 120 վիրաբուժական գործիքներ, ավելի քան 650 դեղամիջոց, 64 հանքային և 57 կենդանական հիմքով պատրաստուկներ, 1120 հիվանդագին վիճակ, 700 դեղաբույսեր, ավելի քան 300 վիրահատություն, 14 տեսակի վիրակապ։ Սուշրուտայի աշխատություններում կան տվյալներ անատոմիայի վերաբերյալ. նկարագրված են 500 մկաններ, 300 ոսկորներ, 107 հոդեր, 700 արյունատար անոթներ և այլ օրգաններ[8]։

Հիվանդի նկատմամբ անհատական մոտեցման ուսմունքում մարմնի կառուցվածքային երեք սուբստանցին՝ դոշային (օդ, լորձ, լեղի), ավելացրել է չորրորդը՝ արյունը[21][8]։

Խորհուրդ է տվել ֆիզիկական վարժություններ՝ որպես հիվանդության բուժման և կանխարգելման մեթոդ։

Հետաքրքրական է, որ ո՛չ Սուշրուտան, ո՛չ Չարական ոչինչ չեն հայտնում զարկերակային ուսումնասիրությունների մասին։ Միևնույն ժամանակ, Սուշրուտան նկարագրում է նույնիսկ հին հույներին անհայտ շաքարային դիաբետը, որը նա որոշում էր մեզի համով[20]։ Տարբերակել է շաքարային դիաբետի 2 տեսակ՝ ժառանգական (անբուժելի) և առաջացած «ուտելու խանգարումներով», որը նա բուժում էր դիետայով, դեղաբույսերով, սպորտով զբաղվելով[8]։

Որոշ գիտնականներ՝ (Վիգլիանի, Իթոն) ենթադրվում են, որ վիրաբուժությունը բուժման վերջին միջոցն է, քանի որ շատերը փորձում են խուսափել մարդու մարմինը կտրելուց և հաճախ ուսումնասիրելով բուժման այլ մեթոդներ։ Սուշրուտան վիրաբուժությունը համարել է «բշկական գիտություններից առաջինը և լավագույնը»[20] և կիրառել է այն որպես տառապանքը մեղմացնելու լավագույն միջոց։

Գրքի մի շարք գլուխներում նկարագրվում են որոշակի իրավիճակներ առաջարկելով համապատասխան բուժում։ Ներառվում են մանրամասներ այն մասին, թե ինչպես պետք է բժիշկը սկզբից մինչև վերջ կատարի վիրահատություն։ Սուշրուտան նկարագրել է գլխի 8 վիրաբուժական միջամտություն, պլաստիկ վիրաբուժության բոլոր հիմնական սկզբունքներով։ Բացի այդ, նկարագրվել է տարբեր տեսակի արատների վերականգնողական տարբեր մեթոդներ, ինչպիսիք են՝ պեդիկուլայի ճարմանդները, մաշկի օգտագործումը փոքր արատները ծածկելու համար, փեղկերի ռոտացիան՝ մասնակի կորուստը փոխհատուցելու և վնասվածքի մաշկի ամբողջական կորուստը ծածկելու համար[22]։ Այս մեթոդները կիրառվել են տարբեր դեպքերի՝ սկսած քթի և այտի պլաստիկ վիրաբուժությունից մինչև ճողվածքի վիրահատություն, կեսարյան հատում, շագանակագեղձի, ատամի, կատարակտի հեռացում, վերքերի և ներքին արյունահոսության բուժում և այլն։

Հետագայում սահմանեց նաև աչքերի և ականջների հիվանդությունները, օգտագործման համար ներկայացվեցին աչքի և ականջի կաթիլներ, ստեղծեց սաղմնագիտական դպրոցը, զարգացրեց պրոթեզային վերջույթների ստեղծման մի շարք մեթոդներ, կուտակվեցին մարդու մարմնի մասերի մասնատման մասին առաջատար գիտելիքներ և մարդու անատոմիայի արդյունքում դրանք հասկանալու պրակտիկա։

Տեքստը ներկայացնում է շնչափողի զոնդավորման, օրգանիզմից օտար մարմիններ հեռացնելու վիրահատական կտրվածքներ, ալկալիական և ջերմային խարանման, ատամների հեռացման, վիրահատման վիրաբուժական մեթոդներ կատարելու և թրոքարների (անգլ.՝ trocar) տեղադրման տեխնիկան՝ թարախի արտահոսքի, հիդրոցելի և ասցիտային հեղուկի հեռացման, շագանակագեղձի հեռացման, միզուկի նեղացման, վեզիկոլիթոտոմիայի, ճողվածքի վիրահատության, կեսարյան հատման, թութքի բուժման, ֆիստուլաների, լապարոտոմիայի և աղիքային անանցանելիության բուժման, ծակված աղիների և պատահական վնասվածքից օմենտումի՝ որովայնի խոռոչ ներթափանցելու և ոսկրային կոտրվածքների բուժման հնարքներ, այսինքն՝ ձգում, մանիպուլյացիա, տեղադրում և կայունացում, ներառյալ պրոթեզի վերականգնման և տեղադրման որոշ միջոցառումներ։

Այն թվարկում է վեց տեսակի հոդախախտումներ, տասներկու տեսակի կոտրվածքներ և ոսկորների դասակարգում և դրանց արձագանքը վնասվածքներին, և տալիս է աչքի հիվանդությունների դասակարգում, ներառյալ կատարակտի վիրահատությունը։

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն Սուշրուտա սամհիտա շարադրանքի մի քանի հրատարակություններ (հրապարակված՝ Կալկաթայում 1836, 1873, 1885 թվականներին)։

Սանսկրիտյան այլ տեքստերի նման, Սուշրուտա Սամահիտան նույնպես Հնդկաստանից տարածվել է աշխարհի տարբեր ծայրեր։ 8-րդ դարի սկզբին Մանկահ անունով հնդիկ բժիշկը Բաղդադի խալիֆ Հարուն-ալ-Ռաշիդի հզոր նախարար Յահյա Բարմակիդի հրամանով տեքստը թարգմանել է արաբերեն՝ որպես «Քիթաբ Շահ Շուն ալ-Հինդի»։ Տեքստի մասին պատմական հիշատակում կա նաև Քմերական կայսրության թագավոր Յասովարման I- ի (մ. թ. 889 - մ. թ․ 900) արքունիքում, ինչպես նաև Տիբեթի վանքերում։ Սուշրուտա սամհիտայի առաջին եվրոպական թարգմանությունը լատիներենով հրատարակել է Հեսլերը, 19 -րդ դարի սկզբին (Էռլանգեն, 1845-1854 թվականներ)։ Եղել են անգլերեն անավարտ թարգմանություններ (Կալկաթա, «Biblioth. Indica», 1883-1891 և 1897 թվականներ), իսկ առաջին ամբողջական անգլերեն թարգմանությունը կատարել է Կավիրաջ Կունջա Լալ Բիշագրատնան երեք հատորով՝ 1907 թվականին, Կալկաթայում[23]։

Սուշրուտան բժիշկների և բժշկության մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սուշրուտա սամհիտա» տրակտատի հեղինակ․ պլաստիկ վիրաբուժության «հայր» Սուշրուտայի արձանը (մ.թ.ա. 800 թ.) Ավստրալիայի Մելբուռն քաղաքի Վիրաբույժների ավստալաասիական Թագավորական քոլեջում (RACS)

Սուշրուտա սամհիտան հիվանդներին լիարժեք ուշադրություն ցուցաբերելու մասին ուղեցույց է բժիշկներին։ Նրա խոսքով, հիվանդությունը (հետևելով Չարակայի պատվիրաններին) առաջանում է մարմնի անհավասարակշռությունից, և բժշկի պարտքն է օգնել վերականգնելու և պահպանելու հավասարակշռությունը[24]։ Այդ նպատակով յուրաքանչյուր ոք, ով զբաղվում է բժշկական պրակտիկայով, պետք է ինքը նախ լինի հավասարակշռված[16]։ Սուշրուտան անդրադառնում է իդեալական բժշկական պրակտիկային՝ կենտրոնանալով բուժքրոջ գործունեության վրա, հետևյալ կերպ.

Aquote1.png Միայն այն մարդը կարող է զբաղվել հիվանդի խնամքով զբաղվել կամ անկողնում բուժել նրան, ով սառնասիրտ է և բարեհամբույր, որ ոքի մասին չի չարախոսում, ուժեղ է և ուշադիր հիվանդի կարիքներին, ինչպես նաև՝ խստորեն և ջանադրաբար հետևում է բժշկի ցուցումներին[24]։
- Սուշրուտա սամհիտա, I.34
Aquote2.png


Բժիշկը միշտ պետք է կենտրոնացած լինի մարմնում հիվանդությունը կանխելու վրա, և դա կարող է իրականացվել միայն այն դեպքում, եթե հասկանա, թե ինչպես է օրգանիզմն աշխատում բոլոր առումներով։ Սուշրուտայի համար բժշկության պրակտիկան ըմբռնման ճանապարհ է, որի համար բժիշկից խելացի ու գիտական մոտեցում է պահանջվում՝ ճանաչելու, թե ինչն է անհրաժեշտ առողջության համար և ինչպես օգտագործել այդ գիտելիքները ցանկացած իրավիճակում[20]։

Aquote1.png Բժշկական գիտությունը նույնքան անհասկանալի է, որքան օվկիանոսը։ Այն չի կարող ամբողջությամբ նկարագրվել նույնիսկ հարյուրավոր և հազարավոր ձևերով։ Ձանձրալի մարդիկ, ովքեր ի վիճակի չեն ընկալելու բանականության և գիտության իրական միաձուլումը, չէին կարողանա պատշաճ պատկերացնել բժշկության և գիտության կապը։ Միայն փորձառու և հմուտ բժիշկը կփորձի հասկանալ այն բոլոր սկզբունքները՝ պատշաճ զգուշությամբ և այլ գիտություններին հղումով։ Aquote2.png


Մարդու վրա բժշկություն կիրառելու համար, անհրաժեշտ էր ճանաչել շրջապատի տարբեր ազդեցությունները, որոնք կարող են հետք թողնել մարդու առողջությանը։ Ընդգծելով հիվանդության բուժման համար շրջակա միջավայրի և գենետիկական խնդիրների ըմբռնման կարևորությունը, և Սուշրուտան խրախուսում է ուսանողներին հիվանդին հարցեր տալ և ճանաչելով այն բոլոր ազդեցությունները, որոնք կարող են որոշակիորեն հետք թողնել մարդու առողջության վրա[25]։

Եթե հիվանդությունը գենետիկ չի և ոչ մի կապ չկա շրջակա միջավայրի հետ, ապա դա, ամենայն հավանականությամբ, պայմանավորված էր մարդու կենսակերպով, որն առաջ է եկել կենսակերպի, բորբոքումի, սննդակարգի անհավասարակշռության պայմաններում՝/օդի դոշա/[21]: Դոշան արտադրվում էր այն ժամանակ, երբ օրգանիզմը աշխատում է կերած սննդի վրա։ Հետևաբար, մարդու Դիետան կարևոր նշանակություն ունի առողջության պահպանման գործում, որտեղ խրախուսվում է բուսական սնունդը։ Սուշրուտան առաջարկում է հիվանդին տալ դիետիկ դեղատոմսեր, ինչպես նաև վարժությունների հետ կապված այլ միջոցներ, կարևորելով նույնիսկ մտքերն ու վերաբերմունքը, քանի որ դրանք կարող են նաև ազդել մարդու առողջության վրա։

Սուշրուտան գիտակցում է, որ հիվանդը օպտիմալ առողջության կարող է հասնել միայն մտքի և մարմնի ներդաշնակության միջոցով՝ պատշաճ սնման, վարժությունների, դրսևորած վարքի և այլնի միջոցով։ Սակայն որոշ դեպքերում, երբ հիվանդի անհավասարակշռությունը խիստ է արտահայտված, վիրահատությունը համարվում է լավագույն ընթացքը։ Իրականում Սուշրուտայի համար վիրաբուժությունը բժշկության մեջ ամենաբարձրն է, որովհետև այն կարող է ավելի արագ արդյունքներ տալ, քան բուժման այլ մեթոդները։

Aquote1.png Մարդ, ով քաջություն և մտքի զորություն ունի, քրտինքից զերծ ձեռք, սուր և լավ գործիքների պակաս, իր գործողությունները տանում է դեպի իր հաջողությունն ու առավելությունը։ Վիրաբույժը պետք է հարգի այն բացարձակ հանձնումը և իր հիվանդին վերաբերվի որպես իր սեփական որդու, ով առանց տատանվելու իր կյանքը վստահել է վիրաբույժին։ Aquote2.png


Վիրաբուժական ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քթի վերականգնման հնդկական մեթոդ. քթի վիրահատության համար ճակատից վերցվող մաշկի հատվածը կոչվում է հնդկական ծալք (Indian flap)[26][23]
Սուշրուտայի նկարագրած վիրահատական գործիքները Սուշրուտա սամհիտա տրակտատից
Բժշկական գործիքներ

Սուշրուտայի վիրաբուժական միջամտության կարևորագույն մասը քթի վերակառուցման կամ ռինոպլաստիկա կոչվող վիրահատությունն է (այլանդակված քթի վերականգնում ճակատի մաշկի կտորով), որը նա օգտագործում էր վերականգնելու համար այն քթերը, որոնք անդամահատվում էին որպես հանցագործության համար պատիժ։ Տեխնիկան կիրառվում է գրեթե անփոփոխ առ այսօր։ Իսկ ճակատից վերցվող մաշկի հատվածը կոչվում է հնդկական ծալք (Indian flap)։

Պլաստիկ վիրաբուժության վերաբերյալ այս գիտելիքները գոյություն են ունեցել Հնդկաստանում մինչև 18-րդ դարի վերջ[27]։

Սուշրուտայի համար առողջությունը ոչ միայն ֆիզիկական բարեկեցիկ վիճակ է, այլև հոգեկան, որն առաջացել և պահպանվել է հավասարակշռված հումորի ապահովմամբ, նորմալ սնվելով, սննդի արգասիքների պատշաճ հեռացմամբ, մարմնի ու մտքի ներդաշնակ վիճակով։

Հաջող վիրահատության համար Սուշրուտան անզգայացնում է՝ օգտագործելով շատ գինի և կանեփ (Cannabis indica), որոնց բարձր չափաբաժինները ապահովում էին էյֆորիկ էֆեկտներ՝ այն դարձնելով օգտագործման համար արդյունավետ և՛ որպես հանգստացնող, և՛ որպես բուժական միջոց[28][29]։

Վիրաբուժությունը համարում էր բժշկության առաջին և ամենագլխավոր ճյուղ, որը վիրաբուժական գործիքների և սարքերի միջոցով առաջացնում է ակնթարթային ազդեցություն, հնարավորինս երկարացնում է մարդկության գոյության տևողությունը երկրի վրա և օգնում է հիվանդներին հաջողությամբ հաղթահարել մի շարք հիվանդություններ և շարունակել իրենց բնականոն կյանքը։

Պլաստիկ վիրաբուժություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանում Վիրաբուժության պրակտիկան հաստատվել է Սուշրուտայի ժամանակաշրջանում, բայց համեմատաբար պակաս առաջադեմ ձևերով[30]։ Մշակվել են տարբեր վիրաբուժական մեթոդներ[Ն 3] և մասնավորապես՝ կոսմետիկ վիրաբուժության պրակտիկա։

Ռինոպլաստիկան Սուշրուտայի վիրաբուժության գագաթն է։ Այն զարգացել է Հնդկաստանում ռինոտոմիայի (քթի անդամահատում) վաղեմի ավանդույթի շնորհիվ, որը կիրառվում էր որպես պատիժ։ Քթի անդամահատումը նաև հաճախ կիրառվում էր կանանց նկատմամբ՝ անբարոյականության մեղադրանքի դեպքում։ Ռինոպլաստիկայի շնորհիվ քթերը վերականգնելու հնարավորւթյուն էին ունենում դատապարտյալները։

Aquote1.png Քթի հատվածը, որը ծածկվելու է, նախ պետք է չափել տերևով, այնուհետև կտրել ճակատի մաշկից և հետ շրջել քիթը ծածկելու համար։ Քթի հատվածը, որին պետք է ամրացվի մաշկը, պետք է հում լինի՝ դանակով կտրելով քթի կոճղը։ Բժիշկն այնուհետև պետք է մաշկը դնի քթի վրա և արագորեն կարի երկու մասերը՝ պահելով մաշկը պատշաճ կերպով բարձրացված՝ երկու հատ խողովակ ներդնելով (գերչակի յուղի բույս) քթանցքերի մեջ, որպեսզի նոր քիթը ստանա պատշաճ ձև։ Այսպիսով, մաշկը պատշաճ կերպով հարմարեցված է, այնուհետև այն պետք է ցանել լիկյորի փոշու, կարմիր սանդալ-փայտի և ծորենու բույսի փոշի։ Վերջապես, այն պետք է ծածկել բամբակով և մաքուր քնջութի յուղով պետք է անընդհատ քսել։ Եթե մաշկը միավորվում է և հատիկավորվում է, եթե քիթը չափազանց կարճ է կամ չափազանց երկար, ապա քթանցքի միջինը պետք է ճեղքել և փորձել այն մեծացնել կամ փոքրացնել։ Aquote2.png


Պլատիկ վիրաբուժության մեջ գինին օգտագործվում էր որպես անզգայացնող միջոց, և հիվանդներին խրախուսվում էր մեծ քանակությամբ գինի խմել վիրահատությունից առաջ։ Դրանի զուգահեռ կիրառում էին նաև կանեփի եփուկ, խունկ՝ որպես քնաբեր կամ զգայարանների թմրամիջոց[31]։ Եվ երբ հիվանդը հարբած էր անզգայության աստիճանի, նրան կապում էին ցածրադիր փայտե սեղանին՝ շարժումը կանխելու համար։

Դիահերձման մեթոդներ և վիրաբուժական կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդկության պատմության մեջ Սուշրուան առաջինն է, ով առաջարկել է, որ ապագա վիրաբույժը մարդու մարմնի և նրա օրգանների մասին պետք է տեղեկանա՝ դիակը մասնատելով և ուսումնասիրելով։

Aquote1.png Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է անատոմիայի մանրակրկիտ գիտելիքներ ձեռք բերել, պետք է ունենա դիակ և ուշադիր դիտարկի և ուսումնասիրի դրա բոլոր մասերը։ Aquote2.png


Ուսումնասիրության համար մարմինը ընկղմվում էր ջրի մեջ՝ քայքայվելու, որին հաջորդում էր քայքայվող մարմնի զննումը ընդմիջումներով՝ ուսումնասիրելով հյուսվածքները շերտ առ շերտ, քանի որ դրանք քայքայվելուց հետո ավելի տեսանելի են դառնում։ Նկարագրելու ամենակարևոր առանձնահատկությունն այն էր, որ հերձումն իրականացվում էր առանց դանակի միջամտության։

Սուշրուտան առաջարկում էր դիակը դնել վանդակի մեջ (այն կենդանիներից պաշտպանելու համար) և սուզել սառը ջրի մեջ, օրինակ, հոսող գետի կամ առվակի, այնուհետև պարբերաբար ստուգել դրա քայքայումը՝ մաշկի շերտերը, հյուսվածքները, մկանները և վերջապես ներքին օրգանների և կմախքի դասավորությունը ուսումնասիրելով։ Երբ մարմինը քայքայվում և փափկում էր, բժիշկը կարող էր շատ բան իմանալ այն մասին, թե ինչպես է գործում օրգանիզմի ամեն մի օրգանը և հետագայում այդ գիտելիքները կիրառել հիվանդին առողջացնելու համար։

Վերականգնողական վիրաբուժության մեջ ներգրավվելով՝ ուսանողները վարպետանում էին բժշկական արվեստի բոլոր ասպեկտներում, հատկապես գործնական պարապմունքներ իրականացնելիս։ Քանի որ դիակների մասնահատումը արգելված չէր (ինչպես Եվրոպայում է եղել դարեր շարունակ), բժիշկները կարող էին դիահերձում անել՝ ավելի լավ հասկանալու համար, թե ինչպես օգնել դեռևս ողջ մարդուն։ Սակայն նախքան դիակի վրա ուսումնասիրությունները, նրանք պատշաճ կերպով վերապատրաստվում էին տարբեր փորձարարական մոդել օրգանիզմների վրա։

Պարապմունքների ընթացքում երիտասարդ վիրաբույժները մարզվում էին հիվանդի օրգաններ հիշեցնող կենդանի և արհեստական առարկաների վրա՝ օգտագործելով կենդանիների՝ հիվանդությունից ախտահարված օրգանները, բույսերի պտուղները, ջրով լցված տոպրակները և մահացածների միզապարկը։ Զոհաբերված կենդանիները Արյունահոսության արվեստը ուսուցանվում էր սատկած կամ զոհաբերված կենդանիների արյունատար անոթների և ջրաշուշանի ցողունների ուսումնասիրության վրա, իսկ պինդ նյութեր հանելու արվեստը՝ հնդկական հացի ծառ հնդկական տեսակի՝ արտոկարպուսի (լատ.՝ Artocarpus Integrifolia) և շահնալի (լատ.՝ Bombox Malabaricum) ծառերի պտուղների վրա, վիրակապերը՝ մակետերի, կատետրների տեղադրումը՝ ջրով լցված և դեռևս չպնդացած կավե տարայի վրա, ջրով լցված չբուժված հողային նավի վրա։

Անատոմիայի գործնական ուսուցման դժվարություններից էր չդիակիզելը, քանի որ դիահերձումը հինդուիստների կողմից ընկալվում էր որպես թաղման կրակում հոգու մաքրման և դրա հետագա մարմնավորման խոչընդոտ։

Հանդիսավոր երդում․ հետևորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուշրուտան ներգրավել է մի շարք աշակերտների, որոնք հայտնի էին որպես Սաուշրուտաներ (Saushrutas)։ Ուսուցումը տևում էր վեց տարի, որից հետո նոր նրանք կարող էին սկսել վիրաբուժական գործնական ուսուցումը։ Դասընթացը սկսելուց առաջ նրանք պետք է հանդիսավոր երդում տային ՝ բուժմանը նվիրվելու և ուրիշներին վնաս չպատճառելու համար, ինչը կարելի է համեմատել մերօրյա Հիպոկրատի երդման հետ։

Սուշրուտան մեծապես կարևորում էր երիտասարդ բժիշկների կարգապահությունը և էթիկան, քանի որ նրանք կոչված էին պահպանելու մարմնի և մտքի մաքրությունը։ Սուշրուտայի ուսանողները դասընթացին թույլատրվում էին հանդիսավոր երդում տալուց հետո։ Ընդունելության ժամանակ աշակերտը հանդիսավոր կերպով մերժում էր զգայականությունն ու ցասումը, փողի տենչը, հպարտությունը, փառամոլությունը, դժգոհությունը, եսասիրությունը, ամբանությունը, խաբեությունը և այլն։ Բուժման կարիք ունեցող բոլորի հետ բժիշկը պետք է վարվեր այնպես, ինչպես կվարվեր իր հարազատների հետ։ Հատկապես կարևորում էր, որ բժիշկը չպետք է սկսի զբաղվել բժշկությամբ, առանց գործնական և տեսական գիտելիքներին հավասարապես տիրապետելու[32][15]։

Երբ ուսանողներն ընդունվում էին Սուշրուտայի կողմից, նա նրանց հրահանգում էր վիրաբուժական միջամտություններ կատարել՝ բանջարեղենի կամ սատկած կենդանիների վրա։ Այդպես աշակերտը վարպետանում էր կտրվածքի երկարության ու խորության գործում։ Երբ ուսանողն ապացուցում էր իր ունակությունները բույսերի, կենդանիների դիակների կամ փափուկ կամ փտած փայտի վրա և երբ ուշադիր հետևում էին հիվանդների վրա գործնական կիրառություններին, ապա դրանից հետո միայն նրանց թույլատրվում էր անձամբ կատարել վիրահատություններ։

Սուշրուտրայի ուսանողները գիտելիքներ էին ստանում բժշկական արվեստի բոլոր ոլորտներից, ներառյալ անատոմիայից[33][34]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սուշրուտայի «Սուշրուտա սամհիտան» տրակտատը վերաբերում է ընդհանուր բժշկության բոլոր ասպեկտներին, սակայն վիրաբուժության վերաբերյալ ծավալուն գլուխները կեղծ տպավորություն են ստեղծել, որ վիրաբուժությունը տրակտատի հիմնական թեման է։ Թարգմանիչ Գ.Դ. Սինգհալը վիրահատության այս մանրամասն նկարագրությունների պատճառով Սուշրուտային անվանել է «Վիրաբուժության հայր»՝ վիրաբուժական միջամտություններ հորինելու և զարգացնելու համար[2][3]։ Եվ շատ գիտնականներ կրկնել են այդ բնորոշումը որպես պնդում՝ Սուշուտրային դասելով գիտության պատմության ակունքներում[4][5][6]։
  2. Dhanvantari (մ․թ․ա․ 5-րդ դար), բժշկության աստված Այուրվեդայում, Վիշնուի Ավատար, որը նկարածրված է պուրաններում։ Պաշտամունքի առարկա է՝ որպես աստվածների բժիշկ։ Հինդուիզմում նրան դիմում են աղոթքներով՝ բժշկական գիտություններին տիրապետելու և առողջության համար։
  3. Վիրահատությունների ժամանակ օգտագործում էին սև մրջյուններ։ Միջատները կծում էին վերքերի եզրերը՝ դրանով իսկ ախտահանելով դրանք։ Մրջնաթթվի և դրա մանրէասպան հատկության շնորհիվ վերքը բուժվում էր առանց թարախի և բարդությունների[31]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Monier-Williams Monier (1899)։ A Sanskrit-English Dictionary։ Oxford: Clarendon Press։ էջ 1237։ Արխիվացված է օրիգինալից 2019-10-18-ին։ Վերցված է 2021-09-26 
  2. Susruta, Singh K. P, Singh L. M, Singhal G. D, Udupa K. N (1972)։ Susruta-samhita (Sanskrit)։ Allahabad: G.D. Singhal : Exclusively distributed by Bharata Manisha, Varanasi։ OCLC 956916023 
  3. Singhal G. D. (1972)։ Diagnostic considerations in ancient Indian surgery: (based on Nidāna-Sthāna of Suśruta Saṁhitā)։ Varanasi: Singhal Publications 
  4. Kansupada K. B., Sassani J. W. (1997)։ «Sushruta: the father of Indian surgery and ophthalmology»։ Documenta Ophthalmologica. Advances in Ophthalmology 93 (1–2): 159–167։ ISSN 0012-4486։ PMID 9476614։ doi:10.1007/BF02569056 
  5. DelhiJuly 1 India Today Web Desk New, July 1 2019UPDATED, Ist 2019 14:00։ «Know all about Sushruta, the first ever plastic surgeon who was Indian»։ India Today (անգլերեն)։ Վերցված է 2021-05-15 
  6. Champaneria Manish C., Workman Adrienne D., Gupta Subhas C. (July 2014)։ «Sushruta: father of plastic surgery»։ Annals of Plastic Surgery 73 (1): 2–7։ ISSN 1536-3708։ PMID 23788147։ doi:10.1097/SAP.0b013e31827ae9f5 
  7. «Modi was half-right: World's first plastic surgeon may well have been Indian (but he wasn't Shiva)» 
  8. 8,0 8,1 8,2 8,3 «СУШРУТА • Большая российская энциклопедия - электронная версия»։ bigenc.ru։ Վերցված է 2021-07-29 
  9. Dowson John (1888)։ A classical dictionary of Hindu mythology and religion, geography, history, and literature։ Robarts - University of Toronto։ London : Trübner։ էջեր 34-35, 286 (Shatapatha Brahmana) 
  10. Hoernle A. F. Rudolf (1907)։ Studies in the Medicine of Ancient India: Osteology or the Bones of the Human Body։ Oxford: Clarendon Press։ էջ 8 
  11. 11,0 11,1 Meulenbeld Gerrit Jan (2002)։ A History of Indian Medical Literature IA։ Groningen: Brill։ էջեր 333–357։ ISBN 9789069801247 
  12. 12,0 12,1 Bhishagratna Kunjalal (1907)։ An English Translation of the Sushruta Samhita, based on Original Sanskrit Text։ Calcutta: Calcutta։ էջեր ii (introduction) 
  13. Meulenbeld G. Jan (1999)։ A history of Indian medical literature (English)։ Groningen: Egbert Forsten։ ISBN 978-90-6980-124-7։ OCLC 702182403 
  14. Wujastyk Dominik (2003)։ The Roots of Ayurveda։ London etc.: Penguin։ էջեր 149–160։ ISBN 978-0140448245 
  15. 15,0 15,1 Сушрута
  16. 16,0 16,1 «5.4. Лекарственное врачевание ("Чарака-самхита"), оперативные методы лечения ("Сушрута-самхита"). Врачебная этика.»։ StudFiles (ռուսերեն)։ Վերցված է 2021-08-22 
  17. Sperber Mia (2004)։ «Fountain of Life: The Medical Arts from Antiquity to Modern Times» (անգլերեն)։ Dt. Wiss.-Verlag։ էջ 187։ ISBN 3935176295։ Վերցված է 2021-08-24 
  18. Sankaran P. S. (1976)։ «Sushruta's Contribution to Surgery» (անգլերեն)։ Indological Book House։ էջ 154։ Վերցված է 2021-08-24 
  19. «ХИРУРГИЯ. Древнеиндийская Медицина»։ www.bibliotekar.ru։ Վերցված է 2021-08-22 
  20. 20,0 20,1 20,2 20,3 «Медицина Древней Индии: “Чарака-самхита” и “Сушрута-самхнта”» 
  21. 21,0 21,1 «Сушрута (Suśruta)»։ Яндекс Дзен (անգլերեն)։ Վերցված է 2021-07-29 
  22. «Медицина Древней Индии»։ Летопись - Исторический проект (ru-RU)։ 2014-11-19։ Վերցված է 2021-08-22 
  23. 23,0 23,1 «Sushruta Samhita: The Ancient Treatise on Surgery»։ Live History India (en-US)։ Վերցված է 2021-05-15 
  24. 24,0 24,1 Lal Bhishagratna Kaviraj Kunja (1907–1916)։ THE SUSHRUTA SAMHITA 
  25. «Учение о здоровье в традиционной аюрведической медицине»։ remedium.ru (ռուսերեն)։ Վերցված է 2021-08-22 
  26. Saraf Sanjay (2006-12-31)։ «Sushruta: Rhinoplasty in 600 B.C»։ Վերցված է 2021-08-24 
  27. McDowell F (1977)։ «The sourcebook of plastic surgery»։ Head & Neck Surgery (Williams and Wilkins Company) 1 (3): 281–282։ doi:10.1002/hed.2890010313 
  28. Cervantes, Jorge (2002). Indoor Marijuana Horticulture. p. 256. ISBN 9781878823298
  29. "Marijuana Concentrates" (PDF). Drug Enforcement Agency. December 2014.https://permanent.access.gpo.gov/gpo74072/marijuana-concentrates.pdf
  30. Saraf S, Parihar R. Sushrutaa - Ք.ա 600 թվականին առաջին պլաստիկ վիրաբույժը։ Int J Plast Surg. 2006 թվական 4։
  31. 31,0 31,1 «Что внутри? Вскрытие покажет»։ Медпортал։ Վերցված է 2021-08-22 
  32. «ИСТОРИЯ РАЗВИТИЯ МЕДИЦИНЫ И МЕДИЦИНСКОЙ ТЕХНИКИ В АНТИЧНОСТИ»։ Кафедра «Медицинская кибернетика и информатика» (ռուսերեն)։ Վերցված է 2021-08-22 
  33. «Sushruta»։ World History Encyclopedia (անգլերեն)։ Վերցված է 2021-05-15 
  34. HS Shukla M Tewari։ «Sushruta:'The Father of Indian Surgery'»։ Indian Journal of Surgery 67: 2 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]