Սուլֆիդային հանքանյութեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սուլֆիդային հանքանյութեր, բնական միներալային գոյացումներ, բաղկացած մետաղների ծծմբային միացություններից (սուլֆիդներից)։ Սուլֆիդային հանքանյութեր են համարվում նաև մետաղների սելենային, տելուրային, մկնդեղային և ծարիրային միացությունները։ Սուլֆիդային հանքանյութեր Ni, Co, Cu, Zn, Pb, Mo, Bi, Sb, Hg ստանալու կարևոր աղբյուրներ են։ Ելնելով սուլֆիդների և այլ միներալների հարաբերակցությունից, տարբերում են հոծ կամ զանգվածեղ և երակային կամ ցանավոր Սուլֆիդային հանքանյութեր։ Լինում են պարզ կամ միամետաղ և կոմպլեքսային կամ բազմամետաղ սուլֆիդային հանքանյութեր։ Հատկապես տարածված են վերջինները, որոնց կազմի մեջ մտնում են պղնձի, ցինկի և կապարի սուլֆիդները, ինչպես նաև պղնձի, նիկելի, կոբալտի, ծարիրի և սնդիկի կոմպլեքսային հանքանյութերը։ Շատ սուլֆիդային հանքանյութեր խառնուրդի ձևով պարունակում են Pt, Au, Ag, Cd, In, Se, Те։ Սուլֆիադային հանքանյութերի հանքավայրերի մեծամասնությունը պատկանում է ներծին, առավելապես հիդրոթերմալ հանքավայրերի տիպին։ Հանքամարմինները ներկայացված են երակներով, շերտերով, ոսպնյակներով, շտոկներով և խողովակաձև կուտակներով։ Դրանք երկարությամբ և խորությամբ ձգվում են հարյուրավոր մետրերից մինչև մի քանի կմ։ Սուլֆիդային հանքանյութերի պաշարները հասնում են հարյուրավոր միլիոն և նույնիսկ միլիարդ տ, իսկ մետաղների պաշարը՝ հարյուր հազարավոր և նույնիսկ մի քանի միլիոն տ։ Հանքանյութերում մետաղների պարունակությունը տոկոսի տասներորդական մասերից մինչև մի քանի տասնյակ տոկոս է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 187 CC-BY-SA-icon-80x15.png