Սուդանի պատմություն
Սուդան պետությունն ունի հնագույն պատմություն։
Քարե դար
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուդանի արևելյան մասում գտնվող Արևելյան անապատում, Աթբարա քաղաքից 70 կմ արևելք գտնվող լքված ոսկու հանքավայրում հայտնաբերվել են 700 հազար տարեկան հարյուրավոր քարե գործիքներ[1][2]։
Սինգա (Singa) հնավայրում՝ Կապույտ Նեղոսի արևմտյան ափին գտնվող Սեննար քաղաքի մոտ, հայտնաբերվել է առաջադեմ մարդու գանգ, որի համար 1996 թվականին զանգվածային սպեկտրոմետրիայի (ուրան-թորիումային թվագրում[en]) և էլեկտրոն-սպին ռեզոնանսի (en:Electron spin resonance dating) մեթոդներով սահմանվել է 133±2 հազար տարի վաղեմություն: Տաքսոնոմիական որոշումը՝ Homo helmei կամ վաղ Homo sapiens[3]։
Հյուսիսային Սուդանում, Քերմա շրջանում, Նեղոսի արևելքից 15 և 25 կմ հեռավորության վրա գտնվում է 16 հնավայր[4]։
Ստորին Նուբիայում (Սուդանի հյուսիսում) գտնվող Ջեբել-Սահաբա գերեզմանատունը թվագրվում է մ.թ.ա. XIII հազարամյակի կեսերին (չկալիբրացված 12,5 հազար տարի առաջ), պարունակում է 61 թաղում, որոնցից թաղվածների 45%-ը մահացել է մարտական վերքերից[5][6][7]։
Սուդանի Հյուսիսային նահանգում գտնվող և մ.թ.ա. 5-րդ հազարամյակին (նուբիական միջին նեոլիթ) թվագրվող համեմատաբար անձեռնմխելի Կադրուկա 23 (Kadruka 23) դամբարանաբլրում հայտնաբերվել է մոտ 40 թաղում, որոնց մեծ մասը պատկանում է անչափահասներին[8]։
Հնագույն պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնում ժամանակակից Սուդանի տարածքի զգալի մասը (որը կոչվում էր Նուբիա. դրա մեծ մասը եգիպտացիների կողմից հայտնի էր նաև որպես Քուշ, իսկ մյուսը՝ որպես Ուաուատ; հույները երկիրը կոչում էին Եթովպիա) բնակեցված էր սեմիտա-համիտական և կուշիտական ցեղերով, որոնք ազգակից էին հին եգիպտացիներին: Նուբիացիները առևտուր էին անում Հին Եգիպտոսի հետ և ենթարկվում էին նրա կողմից թալանչիական հարձակումների: Միևնույն ժամանակ, եգիպտական ընդարձակումը դեպի հարավ նաև խթանեց պետականության ձևավորման գործընթացները Կուշում. եգիպտացիների ներթափանցմանը հաջորդեց Հին թագավորության ժամանակ այստեղ ինքնուրույն Կերմա թագավորության ձևավորումը: Միջին թագավորության Եգիպտոսը զգալիորեն ճնշեց այն իր արշավանքներով, որոնք ուղեկցվում էին Բուհենի նման ամրությունների կառուցմամբ, սակայն այնուհետև կուշիտները դաշինք կնքեցին հիքսոսների հետ և կրկին հզորացան:
Նուբիան, մինչև Նեղոսի չորրորդ և հինգերորդ ջրվեժները, վերադարձվեց Եգիպտոսի կազմ Նոր թագավորության XVIII դինաստիայի օրոք և հինգ դար ենթարկվեց փարավոնի կառավարիչներին, որոնք կրում էին Քուշի արքայազն տիտղոսը: Եգիպտոսի անկումը հանգեցրեց Նուբիայի անջատմանը, սակայն եգիպտական քաղաքակրթությունը զգալի ազդեցություն թողեց նուբիական մշակույթի վրա. մի ժամանակ տեղական թագավորները կապված էին Թեբեում Ամոնի գերագույն քրմերի դինաստիայի հետ և կառուցում էին փոքր բուրգեր: Նապատայում՝ Ամոնի տեղական պաշտամունքի կենտրոնում գտնվող Կուշիտական թագավորությունը, Կաշտեի և Պիանխիի օրոք արդեն ինքը ենթարկեց Եգիպտոսը՝ հաստատելով փարավոնների XXV դինաստիան, որը իր հզորության գագաթնակետին վերահսկում էր տարածքները Պաղեստինից մինչև Կապույտ և Սպիտակ Նեղոսի միախառնման վայրը:
Կուշիտների տիրապետությունը Եգիպտոսի նկատմամբ վերջ գտավ ասորեստանցիների ներխուժման և եգիպտական XXVI դինաստիայի վերելքի հետևանքով: Վերջին դինաստիայի ներկայացուցիչ Պսամմետիխ II-ի արշավանքը դեպի Նապատա ստիպեց կուշիտական պետության վարչական կենտրոնը տեղափոխել ավելի հարավ՝ Մերոե: Այս ժամանակ Նուբիան դարձավ երկաթի և բամբակե գործվածքների արտադրության կենտրոն: Եգիպտական գիրը զիջեց մերոիտականին: Աճեց առևտուրը Կարմիր ծովի ափերի հետ, ինչը հնարավորություն տվեց հաստատել գործնական կապեր Միջերկրականի, մասնավորապես Հունաստանի հետ: Եզակի դարձավ ճարտարապետական ոճը՝ առյուծների, ջայլամների, ընձուղտների և փղերի բազմաթիվ պատկերներով: Սակայն Աքսումի աճը խաթարեց Նուբիայի առևտուրը, բացի այդ, երկիրը տուժեց անտառահատումներից, քանի որ երկաթի արտադրությունը պահանջում էր փայտանյութ: Մ.թ.ա. 350 թվականին աքսումյան տիրակալ Էզանան վերջ դրեց Մերոեի բարգավաճմանը:
Նուբիացիների հետնորդները մինչ օրս բնակվում են Նեղոսի հովտում՝ Սուդանում և հարևան Եգիպտոսում (Ասուանից հարավ): Հարավից այստեղ նաև ներթափանցել են նեգրոիդ ցեղեր (նիլոտներ)՝ ներկայումս բնակվում են վերին և միջին Նեղոսի ավազանում՝ Հարավային Սուդանում և Սուդանում, ինչպես նաև Հարավային Սուդանի և Սուդանի հետ սահմանակից շրջաններում՝ Ուգանդայում, Քենիայում, Տանզանիայում, Կոնգոյում, Եթովպիայում, Եգիպտոսում:
Միջին դարեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոբա քաղաքը Ալվա (Ալոդիա) պետության մայրաքաղաքն էր IV-ից մինչև XVI դարը։ Նոբատիա պետությունը՝ Պախորաս մայրաքաղաքով, հիմնվել է մոտավորապես 400 թվականին։ Մուկուրրա քրիստոնեական պետությունը, որը հիմնադրվել է մ.թ. VI դարում, գոյատևել է գրեթե 900 տարի։ Մ.թ. VII դարում Սուդանը բաղկացած էր փոքր, անջատ քրիստոնեական թագավորություններից (Ալոա, Մուկուրրա, Նոբատիա) և տիրույթներից։ 640-ական թվականներին հյուսիսից՝ Եգիպտոսից, սկսեց ներթափանցել արաբական ազդեցությունը։ Նեղոսի և Կարմիր ծովի միջև ընկած տարածքը հարուստ էր ոսկով և զմրուխտներով, և այստեղ սկսեցին ներթափանցել արաբ ոսկեորսները։ Արաբները իրենց հետ բերեցին իսլամը։ Արաբական ազդեցությունը տարածվեց հիմնականում Սուդանի հյուսիսում։
Մոտավորապես 960 թվականին արևելյան Նուբիայում ձևավորվեց օլիգարխիկ պետություն՝ ռաբիա արաբական ցեղի վերնախավի գլխավորությամբ։ Այլ արաբական ցեղեր բնակեցրին Ստորին Նուբիան, այն միացվեց Եգիպտոսին 1174 թվականին։ 1272 թվականին Մուկուրրա պետության կառավարիչը խաչակիրների հետ դաշինքով հարձակվեց Եգիպտոսի վրա, սակայն պարտություն կրեց, և 1275 թվականին Մուկուրան դարձավ Եգիպտոսի վասալը։
XVI-XVIII դարերում ներկայիս Սուդանի տարածքում գոյություն ունեին անկախ պետություններ՝ Սեննար սուլթանությունը և Դարֆուր սուլթանությունը, որոնք նվաճեցին շատ հարևանների։ Սակայն XVIII դարի կեսերին նրանք տրոհվեցին առանձին ֆեոդալական իշխանությունների և անկախ քոչվոր ցեղերի։
XIX դար
[խմբագրել | խմբագրել կոդը]1819-1838 թվականներին Եգիպտոսը գրավեց Դոնգոլա, Բերբեր, Կասսալա, Սեննար և Կորդոֆան շրջանները: Համաձայն Բարձր Դռան հրովարտակի՝ 1841 թվականին այս վարչական միավորների կառավարումը, որոնք կոչվում էին «Եգիպտական Սուդան», հանձնվեց Եգիպտոսի փոխարքային, այսպիսով Սուդանը մտավ Օսմանյան կայսրության կազմի մեջ, բայց փաստացի դարձավ Եգիպտոսի տիրույթը:
Եգիպտոսի սուդանական տիրույթների մայրաքաղաք դարձավ 1822 թվականին հիմնված Խարթում քաղաքը: 1874 թվականին Եգիպտոսը նվաճեց Դարֆուր շրջանը: Հարավ առաջխաղացմանը խանգարեցին արևադարձային ճահճուտները: XIX դարի մեծ մասի ընթացքում Եգիպտոսը հավակնում էր վերահսկել ժամանակակից Սուդանի ողջ տարածքը, սակայն իրականում երկրի հարավը մնում էր տարածք, որը բնակեցված էր ցրված նիլոտյան ցեղերով (նեգրոիդներ), որոնք հաճախ ենթարկվում էին արաբ ստրկավաճառների հարձակումներին:
XIX դարի երկրորդ կեսին Սուդանում ուժեղացավ Մեծ Բրիտանիայի ազդեցությունը: Սուդանի գեներալ-նահանգապետ դարձավ անգլիացին: Դաժան շահագործումը և ազգային ճնշումը հանգեցրին կրոնական ուղղվածություն ունեցող հզոր ժողովրդական բողոքի շարժման առաջացմանը: Կրոնական առաջնորդ Մուհամմեդ իբն Աբդալլան 1881 թվականին հռչակեց իրեն «Մահդի» (մեսիա) և փորձեց միավորել արևմտյան և կենտրոնական Սուդանի ցեղերին ընդդեմ օսմանցիների: Ապստամբությունն ավարտվեց 1885 թվականին Խարթումի գրավմամբ և երկրից եվրոպացի, թուրք և եգիպտացի պաշտոնյաների վտարմամբ: Ապստամբության առաջնորդը շուտով մահացավ, բայց նրա ստեղծած պետությունը, որը գլխավորում էր Աբդալլահ իբն ալ-Սաիդը, դիմացավ ևս մեկուկես տասնամյակ, և միայն 1898 թվականին ապստամբությունը ճնշվեց անգլո-եգիպտական զորքերի կողմից:
1899 թվականի հունվարի 19-ին Մեծ Բրիտանիան և Եգիպտոսը ստորագրեցին Սուդանում համատեղ կառավարում հաստատելու մասին համաձայնագիր (անգլո-եգիպտական կոնդոմինիում)՝ 22-րդ զուգահեռականից հարավ: Սակայն այս պայմանագրում հստակ նշված չէին երկու կառավարությունների միջև փոխհարաբերությունների շրջանակները: Երկրորդ, այն չէր տրամադրում իրավական հիմք Սուդանում բրիտանական ներկայության շարունակման համար՝ անգլիացիները կառավարում էին այնտեղ խեդիվի անունից: Սուդանում բարձրագույն զինվորական և քաղաքացիական կառավարումը փոխանցվեց գեներալ-նահանգապետին՝ սպային, որին նշանակում և պաշտոնանկ էր անում խեդիվը՝ լոնդոնյան կառավարության համաձայնությամբ: Յուրաքանչյուր սուդանական նահանգում նշանակվեց նահանգապետ (մուդիր), երկու տեսուչ և մի քանի շրջանային հանձնակատար: Գրեթե բոլոր այս պաշտոններում նշանակվեցին եգիպտական բանակին կցված բրիտանացի սպաներ, բայց հետո (1901 թվականից) երկիր սկսեցին ժամանել քաղաքացիական պաշտոնյաներ: Միջին օղակի պաշտոնյաներ դարձան եգիպտացիները, իսկ ստորին օղակի՝ տեղական սուդանական բնակչության ներկայացուցիչները: Սկզբում բրիտանական վարչակազմը կառավարում էր բավականին ազատ, բայց 1910 թվականին գեներալ-նահանգապետի մոտ ստեղծվեց Գործադիր խորհուրդ, որի համաձայնությունը պահանջվում էր բոլոր օրենսդրական և բյուջետային հարցերում: Դրա մեջ մտնում էին գլխավոր տեսուչը, քաղաքացիական, դատական և ֆինանսական քարտուղարները և ևս 2-4 բրիտանացի պաշտոնյա, որոնք նշանակվել էին գեներալ-նահանգապետի կողմից:
XX դարի սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին համաշխարհային պատերազմից հետո բրիտանացի գաղութարարները նպատակ դրեցին Սուդանը վերածել բամբակ արտադրող երկրի։ 1924 թվականին ավարտվեց Կասսալա - Պորտ-Սուդան երկաթուղու շինարարությունը, իսկ 1929 թվականին այն երկարացվեց մինչև Սեննար։ Սուդանում սկսեց ձևավորվել ազգային բուրժուազիան։
Բրիտանական վարչակազմը իր իշխանությունը ամրապնդելու համար, մասնավորապես, խրախուսում էր ավանդական հավատալիքներ ունեցող և քրիստոնեություն դավանող հարավսուդանական բնակչության էթնիկական և քաղաքական անջատողականությունը։ Այդպիսով հիմք էր դրվում ապագա էթնիկական և կրոնական հակամարտությունների համար։
1921 թվականին 9-րդ սուդանական գումարտակի սպա, դինկա ցեղից ստրուկի որդի Ալի Աբդ ալ-Լատիֆը ստեղծեց առաջին քաղաքական կազմակերպությունը՝ «Սուդանական միացյալ ցեղերի ընկերությունը», որը պահանջում էր անկախություն։ Այն հրապարակեց մանիֆեստ, որը կոչ էր անում սուդանցիներին զինված ապստամբության։
1939 թվականի փետրվարին մեծ ֆաշիստական խորհրդի նիստում իտալացի դիկտատոր Բենիտտո Մուսոլինին ծրագրային ելույթ ունեցավ մոտեցող համաշխարհային պատերազմում Իտալիայի նպատակների մասին։ Առաջնահերթ խնդիրներից մեկը հայտարարվեց Սուդանի տարածքով իտալական զորքերի առաջխաղացումը մինչև Հնդկական օվկիանոսի ափեր[9]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում Սուդանում բրիտանական զորքերի ընդհանուր թվաքանակը կազմում էր 7,5 հազար մարդ[10]։ Ֆրանսիայի պարտությունից և կապիտուլյացիայից հետո Մեծ Բրիտանիայի վիճակը բարդացավ, և անգլիական ռազմական հրամանատարությունը խնդիր դրեց անցնել ռազմավարական պաշտպանության՝ կանխելու համար Եգիպտոսի, Սուդանի, Քենիայի և այլ գաղութների ու տիրույթների կորուստը։ 1940 թվականի հունիսի 10-ի դրությամբ բրիտանական զորքերի թվաքանակը Սուդանում կազմում էր 9 հազար մարդ (սակայն նրանք չունեին տանկեր և հակատանկային հրետանի, իսկ անձնակազմի մի մասը կազմում էին գաղութային զորքերը)։ 1940 թվականի հունիսի 9-ին իտալական գլխավոր շտաբի պետ Բադոլիոն հաստատեց իտալական զորքերի հարձակման անցնելու հրահանգը։ 1940 թվականի հուլիսի սկզբին իտալական զորքերը սկսեցին հարձակում Աբիսինիայի տարածքից և գրավեցին Սուդանի տարածքի մի մասը, սակայն արդեն 1941 թվականին իտալացիները ստիպված էին հեռանալ, իսկ Սուդանը դարձավ բրիտանական ԶՈՒ-ի կարևոր բազա Աֆրիկայում։ Տեղական բնակչությունից հավաքագրված զինվորական ստորաբաժանումները մասնակցեցին մարտական գործողություններին Էրիթրեայում, Եգիպտոսում, Լիբիայում, Թունիսում։
Պատերազմին մասնակցությունը դրական հետևանքներ ունեցավ Սուդանի համար՝ ազգային արդյունաբերության աճ, քաղաքական կյանքի ակտիվացում, քաղաքական կուսակցությունների, արհմիությունների առաջացում, անկախության ձգտումների ուժեղացում։
1951 թվականի հոկտեմբերի 15-ին Եգիպտոսի խորհրդարանը հաստատեց 1936 թվականի անգլո-եգիպտական պայմանագրի և 1899 թվականի անգլո-եգիպտական համաձայնագրի լուծարման մասին օրենք, եգիպտական թագավոր Ֆարուքը հռչակվեց Եգիպտոսի և Սուդանի թագավոր[11]։
Անկախության շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]
1952 թվականի հուլիսյան հեղափոխությունից հետո Եգիպտոսը ճանաչեց սուդանական ժողովրդի ինքնորոշման իրավունքը: 1953 թվականի նոյեմբերին կայացան Սուդանի խորհրդարանական ընտրությունները, 1954 թվականին ստեղծվեց ինքնակառավարման անցումային կառավարություն: 1955 թվականի օգոստոսին սուդանական խորհրդարանը որոշում ընդունեց կոնդոմինիումի վերջնական դադարեցման մասին, և նույն թվականին բրիտանական և եգիպտական զորքերը դուրս բերվեցին Սուդանից:
1956 թվականի հունվարի 1-ին Սուդանը հռչակվեց անկախ պետություն:
Խարթումի կենտրոնական կառավարությունը, որտեղ առանցքային դիրքեր էին զբաղեցնում մուսուլմանները, հրաժարվեց կատարել դաշնային պետություն ստեղծելու խոստումները, ինչը հանգեցրեց հարավցի սպաների ապստամբությանը և առաջին քաղաքացիական պատերազմին, որը տևեց 1955-ից մինչև 1972 թվականը:
Այս ընթացքում երկիրը տեսավ մի քանի ռազմական և պետական հեղաշրջումներ (1958, 1964, 1965, 1969, 1971, 1985), սակայն միմյանց փոխարինող ռեժիմները ի վիճակի չէին հաղթահարել անջատողականության, էթնիկ պառակտվածության և տնտեսական հետամնացության խնդիրները:
1969 թվականի հեղաշրջումից հետո Հեղափոխական խորհրդի նախագահ դարձավ գեներալ Ջաֆար Նիմեյրին: Այնուհետև նա դարձավ նախագահ (1971 թվականին) և միաժամանակ երկրի վարչապետ: Երկիրը ստացավ «Սուդանի Ժողովրդական Հանրապետություն» անվանումը, Նիմեյրին հռչակեց ձախակողմյան քաղաքականություն, դատապարտեց իմպերիալիզմը, աջակցեց ԽՍՀՄ-ին, որի համար Աֆրիկայի քարտեզի վրա հայտնվեց «ևս մեկ առաջադեմ պետություն»: Նիմեյրին սկզբում նույնիսկ սուդանցի կոմունիստներին ներգրավեց կառավարության մեջ: 1969 թվականի վերջին ԽՍՀՄ-ը սկսեց ռազմական օգնություն տրամադրել Սուդանին մոտավորապես 65-ից 130 միլիոն դոլարի չափով (16 ՄիԳ-21 կործանիչ, տանկեր, զրահամեքենաներ, տրանսպորտ): Խորհրդային մամուլը («Պրավդա», 5.11.69) սկսեց հիմնավորել Սուդանի ռազմավարական դիրքի կարևորությունը: Սակայն արդեն 1970 թվականի վերջին Նիմեյրիի հարաբերությունները կոմունիստների հետ կտրուկ վատթարացան, և նա նրանց հեռացրեց կառավարությունից: 1971 թվականի ամռանը երկրում տեղի ունեցավ հեղաշրջումների և հակահեղաշրջումների շարք՝ կոմունիստների մասնակցությամբ, ինչը ստիպեց Նիմեյրիին դաժանորեն հաշվեհարդար տեսնել նրանց հետ և մահապատժի ենթարկել նրանց գլխավոր քարտուղար Ա. Մահջուբին: Մոսկվայի հետ հարաբերությունները լարվեցին, և սուդանցի առաջնորդը սկսեց ավելի շատ դաշինք կազմել Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթի հետ:[12][13][14]։

1972 թվականին Ադիս Աբեբայի համաձայնագրի ստորագրումը հանգեցրեց քաղաքացիական պատերազմի ավարտին թշնամական Հյուսիսի և Հարավի միջև և Հարավին ներքին կառավարման հարցերում որոշակի ինքնավարության տրամադրմանը:
Հանգստությունը տևեց մոտ տասը տարի, որից հետո զինված հակամարտությունը վերսկսեց Սուդանի ազատագրման ժողովրդական բանակը: Դրա պատճառը երկրի իսլամացման քաղաքականությունն էր, որի շրջանակներում 1983 թվականին այդ ժամանակվա նախագահ Ջաֆար Նիմեյրին հարավային Էկվատորիա նահանգը բաժանեց երեք առանձին նահանգների, իսկ երկրի քրեական օրենսդրության մեջ ներմուծվեցին շարիաթի նորմերով նախատեսված պատժի որոշ տեսակներ (ինչպիսիք են քարկոծումը, հրապարակային մտրակումը և ձեռքերի կտրումը)[15]։ Ապստամբները միավորվեցին Սուդանի ազգային-ազատագրական բանակում՝ գլխավորությամբ սուդանական բանակի նախկին գնդապետ Ջոն Գարանգի։
1985 թվականի ապրիլին, Նիմեյրիի ԱՄՆ պաշտոնական այցի ժամանակ, անարյուն ռազմական հեղաշրջման արդյունքում Նիմեյրիի ռեժիմը տապալվեց նրա քաղաքական հակառակորդների կողմից, ովքեր չէին հավանում Սուդանի համատարած իսլամացման փորձերը։ 1986 թվականի ընտրություններից հետո Սուդանում իշխանության եկավ Սադիք ալ-Մահդիի քաղաքացիական կառավարությունը։
1989 թվականի հունիսի 30-ին կատարված հերթական հեղաշրջումից հետո իշխանության եկավ գնդապետ Օմար Հասան ալ-Բաշիրը, ով երկրի նախագահն էր մինչև 2019 թվականը։ Որպես քաղաքական հենարան նա ընտրեց այն ժամանակ ոչ հայտնի Ազգային իսլամական ճակատ կուսակցությունը, որը հռչակում էր իսկական իսլամական հասարակության կառուցման ուղին և որը գլխավորում էր իր ֆունդամենտալիստական հայացքներով հայտնի Հասան Աբդալլա Թուրաբին։
1990-ական թվականների սկզբից երկրում ինտենսիվ կերպով իրականացվում էր կյանքի իսլամացման քաղաքականություն, որը դադարեց միայն XXI դարի սկզբին, երբ Թուրաբին և Բաշիրը տարաձայնություններ ունեցան և առաջինն անցավ ընդդիմություն։ Բաշիրը նախագահն է և պետության ղեկավարը, վարչապետը և երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատարը։
Արտաքին քաղաքականության մեջ Սուդանը հետևում էր ազգայնական, պրոարաբական և պրոիսլամական ուղուն։ 1956 թվականին Սուդանը սատարեց Եգիպտոսին Սուեզի ճգնաժամի ժամանակ։ 1967 թվականի արաբա-իսրայելական պատերազմի ընթացքում Սուդանը պատերազմ հայտարարեց Իսրայելին և զորամասեր ուղարկեց Եգիպտոսին օգնելու համար։ Բաշիրի իշխանության գալուց հետո Սուդանը վարում է գործնական քաղաքականություն, սակայն հակված է համագործակցության ռադիկալ իսլամի և պահպանողական արաբական ռեժիմների հետ։
1991 թվականին Սուդանի իսլամական ֆունդամենտալիստների հոգևոր առաջնորդ Թուրաբիի հրավերով երկիր ժամանեց սաուդցի միլիոնատեր Ուսամա բին Լադենը։ 1996 թվականին նա ստիպված էր լքել Սուդանը և տեղափոխել իր կազմակերպությունը Աֆղանստան։
2003-2004 թվականներին Հարավի ապստամբների և կառավարության միջև խաղաղ բանակցությունները տվեցին զգալի արդյունքներ, սակայն զինված բախումները մի շարք հարավային շրջաններում շարունակվում են։ 2005 թվականի հունվարին կողմերը պայմանավորվեցին, որ Հարավային Սուդանը կունենա ինքնավարություն 6 տարի, որից հետո այս տարածքի անկախության հարցը կդրվի հանրաքվեի, իսկ նավթի արդյունահանման եկամուտները այդ ժամանակահատվածում հավասարապես կբաժանվեն կառավարության և ապստամբների միջև։ 2005 թվականի հուլիսին ապստամբների նախկին առաջնորդ Ջոն Գարանգը ստանձնեց Սուդանի փոխնախագահի պաշտոնը։ Խորհրդարանում և կառավարությունում տեղերը բաժանվեցին Հյուսիսի և Հարավի ներկայացուցիչների միջև՝ ինչպես իշխող կուսակցությունների, այնպես էլ ընդդիմության։
Բացի Հարավային Սուդանից, որը 2011 թվականի հանրաքվեից հետո դարձավ անկախ պետություն, կենտրոնական իշխանությունների իսլամացման և արաբացման քաղաքականությունը հանգեցրեց ապստամբական և անջատողական շարժումների նաև երկրի այլ պատմական և էթնիկական առանձնահատկություններ ունեցող տարածաշրջաններում՝ Դարֆուրում, Կորդոֆանում, Բեջայում։ Դարֆուրում հակամարտությունը հասավ մինչև մեծամասշտաբ մարտերի և կոտորածների, իսկ արևելքում մինչև 2006 թվականը քաղաքական-զինված դիմակայություն էր ցուցաբերում այսպես կոչված Բեջա ժողովրդի Արևելյան ճակատը։
Դարֆուրի հակամարտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
2003 թվականի սկզբին երկրի արևմուտքում՝ Դարֆուրի տարածաշրջանում, ապստամբություն բռնկվեց: Տարածաշրջանում գոյություն ունեն առնվազն երկու ապստամբական խմբավորումներ, որոնք տարբերվում են իրենց պայքարի նպատակների մոտեցմամբ՝ պարզապես անկախության հասնելու կամ կենտրոնական խարթումյան կառավարության տապալման հարցում: Թե՛ կառավարական ուժերը, թե՛ ապստամբները միմյանց մեղադրում են վայրագությունների մեջ: Մեղադրանքների մեծ մասը վերաբերում է պրոկառավարական արաբական «Ջանջավիդ» զինված ջոկատների գործողություններին: Ըստ առկա գնահատականների՝ նրանց ձեռքից զոհվել է տեղի սևամորթ բնակչության 10-ից 30 հազար մարդ: Էթնիկ զտումների հետևանքով շուրջ մեկ միլիոն մարդ լքել է հակամարտության գոտին և ապաստան գտել հարևան Չադում:
Դարֆուր տարածաշրջանը բնակեցված է տարբեր ժողովուրդներով, որոնք սկզբունքորեն կարելի է միավորել երկու խմբի մեջ՝ սևամորթ աֆրիկացիներ և արաբական ցեղեր, որոնք բնակեցնում են տարածաշրջանը մոտավորապես 13-րդ դարից: Երկուսն էլ դավանում են իսլամ, սակայն երկու էթնիկ խմբերի միջև հարաբերությունները դարերի ընթացքում բնութագրվել են լարվածությամբ և հանգեցրել են կանոնավոր զինված բախումների: Մինչև 20-րդ դարը Դարֆուրը ստրկավաճառության կենտրոն էր, ընդ որում սևամորթ և արաբ ստրկավաճառները մրցակցում էին միմյանց հետ հարևան Բահր էլ Ղազալ տարածաշրջան արշավանքներ իրականացնելիս՝ ստրուկներ վերցնելու և հետագայում Աֆրիկայի ափամերձ շրջաններում վերավաճառելու համար: Էթնիկ խմբերը հակամարտության մեջ էին նաև սահմանափակ հողային և ջրային ռեսուրսների հարցում:
Ժամանակակից հակամարտության առիթ դարձավ Խարթումի և Հարավի ապստամբների միջև նավթի արդյունահանումից ստացվող եկամուտների բաժանման մասին համաձայնագիրը: Դարֆուրի սևամորթ բնակչությունը գտնում է, որ համաձայնագրում հաշվի չեն առնվել իրենց տնտեսական շահերը:
2004 թվականի օգոստոսի 23-ին Նիգերիայում սկսվեցին բազմակողմ բանակցություններ դարֆուրյան ճգնաժամի կարգավորման վերաբերյալ:

Հարավային Կորդոֆանի հակամարտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի մայիս-օգոստոս ամիսներին Հարավային Սուդանի Հանրապետության և Սուդանի Հանրապետության միջև տեղի ունեցավ զինված հակամարտություն վիճելի Հարավային Կորդոֆանի տարածքում, որն ավարտվեց կարգավորման համաձայնագրով:
Հեգլիգի հակամարտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի մարտի 26-ին տեղի են ունեցել բախումներ Հարավային Սուդանի բանակի և Սուդանի բանակի միջև: Հարավային Սուդանի բանակի ներկայացուցիչները հայտարարել են, որ հարևան պետության ռազմաօդային ուժերը հարձակվել են Ջաու քաղաքի և այլ վիճելի տարածքների վրա: Սուդանում հաստատել են տեղի ունեցած հակամարտությունը, բայց չեն հստակեցրել, թե ով է այն սադրել[16]։
2012 թվականի ապրիլի 10-ին Հարավային Սուդանի բանակը գրավեց Հեգլիգ քաղաքը, որտեղ գտնվում է Սուդանի նավթային ենթակառուցվածքների զգալի մասը (Հեգլիգի հանքավայրը՝ Մեծ Հեգլիգի մի մասը): Հարավային Սուդանը քաղաքի գրավումը բացատրեց Սուդանի կողմից հարձակումները կանխելու անհրաժեշտությամբ: Ի պատասխան՝ Սուդանը հայտարարեց համընդհանուր զորահավաք և խոստացավ անել հնարավոր ամեն ինչ քաղաքը հետ գրավելու համար: Ուգանդայի Ժողովրդական պաշտպանական ուժերի (ՈՒՊՈՒԺ) ղեկավար Արոնդա Նյակայրիման հայտարարեց, որ երկիրը կաջակցի Հարավային Սուդանին, եթե նրա և Սուդանի միջև պատերազմ սկսվի:
Սուդանի խորհրդարանը երկուշաբթի՝ 2012 թվականի ապրիլի 16-ին, ընդունեց հայտարարություն, որում հարևան Հարավային Սուդանը հայտարարվեց թշնամական պետություն:
2012 թվականի ապրիլի 22-ին Հարավային Սուդանն ավարտեց իր զորքերի դուրսբերումը Հեգլիգից և քննադատեց Սուդանի գործողությունները, որը չէր դադարեցնում հարվածներ հասցնել բնակելի թաղամասերին այն ամբողջ ժամանակահատվածում, երբ հարավսուդանական զորքերը գտնվում էին քաղաքում: Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրը 2012 թվականի ապրիլի 23-ին Հեգլիգ քաղաքում հայտարարեց. «Մենք չենք պատրաստվում խոսել Հարավային Սուդանի կառավարության հետ, քանի որ նրանք հասկանում են միայն ավտոմատների և փամփուշտների լեզուն»[17]։ Մոտ 1,2 հազար Հարավային Սուդանի քաղաքացի զոհվել է Սուդանի հետ ռազմական հակամարտության արդյունքում Հեգլիգ տարածաշրջանի պատճառով (հարավսուդանական բանակի հրամանատար Քամալ Մարուֆի հայտարարությունը 2012թ. ապրիլի 23-ին))։
Օմար ալ-Բաշիրի տապալումը և հետագա իրադարձությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի դեկտեմբերից մինչև 2019 թվականի հունվար Սուդանում տեղի ունեցան ամենամեծ ցույցերը Օմար ալ-Բաշիրի 30-ամյա կառավարման ընթացքում։ Ցուցարարները դժգոհություն էին հայտնում երկրի տնտեսական իրավիճակից և ալ-Բաշիրի իշխանության ավտորիտար բնույթից։ Բողոքի ակցիաների արդյունքում զոհվել է մինչև 37 ցուցարար։ Իր հերթին կառավարությունը խոստացել է անհապաղ տնտեսական բարեփոխումներ իրականացնել:
2019 թվականի ապրիլի 11-ին սուդանյան բանակը, վերցնելով նախագահական պալատի, ռադիոյի և հեռուստատեսության վերահսկողությունը, Ալ-Բաշիրին տնային կալանքի տակ է դրել:
2019 թվականի ապրիլի 11-ի առավոտյան սուդանյան զինվորականները ցրեցին նախարարների կաբինետն ու Ազգային ժողովը, ինչպես նաև հայտարարեցին եռամսյա արտակարգ դրություն, որին կհաջորդի երկամյա անցումային շրջան[18]։ Ահմեդ Աուադ իբն Աուֆը, ով միաժամանակ Սուդանի պաշտպանության նախարար և երկրի փոխնախագահն էր, հայտարարեց իրեն դե ֆակտո պետության ղեկավար, ինչպես նաև հայտարարեց երկրի սահմանադրության գործողության կասեցման մասին և սահմանեց պարետային ժամ երեկոյան ժամը 10-ից մինչև առավոտյան ժամը 4-ը՝ փաստացի արգելելով բողոքի ակցիաները[19]։
2019 թվականի ապրիլի 12-ին Ահմեդ Ավադ իբն Աուֆը հրաժարվեց Անցումային ռազմական խորհրդի նախագահի պաշտոնից և իր հաջորդ նշանակեց գեներալ-լեյտենանտ Աբդել Ֆաթթահ ալ-Բուրհանին, ով զինված ուժերի գլխավոր տեսուչի պաշտոնն էր զբաղեցնում[20][21][22]։
2019 թվականի հունիսի սկզբին Սուդանի անվտանգության ուժերին և Արագ աջակցության ուժերին, այդ թվում «Ջանջավիդ» աշխարհազորայիններին հրամայվել էր ճնշել խաղաղ բողոքի ցույցերը Սուդանում: 2019 թվականի հունիսի 3-ին Խարթումում տեղի ունեցածը հայտնի դարձավ որպես Խարթումի ջարդ[23][24]; տասնյակ խաղաղ ցուցարարներ սպանվել են և մոտ քառասուն դիակ նետվել է Նեղոս գետը[25]։ Ալ-Բուրհանի բանակցությունները ընդդիմության հետ միասնական կառավարություն ձևավորելու վերաբերյալ չեղարկվել են: Հաջորդ օրերին Սուդանի Անցումային Ռազմական Խորհուրդը ձերբակալեց ընդդիմության մի քանի առաջնորդների[26][27]։
2019 թվականի օգոստոսի 20-ին Սուդանի Սուվերեն խորհուրդը Աբդուլլա Համդուկին նշանակեց վարչապետ[28]։
2021 թվականի սեպտեմբերին տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման անհաջող փորձ։ Տեղեկատվության նախարարի խոսքերով, հանցագործները «նախկին ռեժիմի կողմնակիցներն» էին, ովքեր փորձում էին վերահսկողության տակ վերցնել պետական հեռուստառադիոընկերությունների շենքերը և կենտրոնական ռազմական հրամանատարությունը[29][30][31]։ Այդ ժամանակից ի վեր լարվածությունը զինվորականների և քաղաքացիական անձանց միջև աճել է, քանի որ զինվորական առաջնորդները սկսել են բարեփոխումներ պահանջել «Ազատության և փոփոխությունների ուժերից» և կոչ են արել նախարարների կաբինետի անդամների հրաժարականին[32]։
2021 թվականի հոկտեմբերի 16-ին ցուցարարները դուրս եկան փողոց՝ պահանջելով իշխանափոխություն: Նրանք կոչ արեցին գեներալ Աբդել Ֆաթթահ ալ-Բուրհանին՝ Ինքնիշխան խորհրդի նախագահին, վերցնել երկրի վերահսկողությունը[32]։ Հոկտեմբերի 21-ին ռազմամետ ցուցարարները նստացույց արեցին նախագահական պալատի մոտ, մինչդեռ հազարավոր մարդիկ դուրս եկան փողոցներ՝ անցումային կառավարությանն աջակցելու համար[33]։ Հոկտեմբերի 24-ին ռազմամետ ցուցարարները արգելափակել են Խարթումի հիմնական ճանապարհները, անվտանգության ուժերը արցունքաբեր գազ են կիրառել ամբոխը ցրելու համար[34]։
2021 թվականի հոկտեմբերի 25-ի գիշերը զինվորականները հեղաշրջում իրականացրին և ձերբակալեցին վարչապետ Աբդուլա Համդուկին։ Գեներալ Աբդել Ֆատտահ ալ-Բուրհանը հայտարարեց արտակարգ դրություն և հայտարարեց կառավարության և Ինքնիշխան խորհրդի լուծարման մասին[35]։ Հեռուստաուղերձում նա հայտարարեց, որ նոր տեխնոկրատական կառավարությունը կղեկավարի երկիրը մինչև հաջորդ ընտրությունները, որոնք տեղի կունենան 2023 թվականի հուլիսին[36]։
Այնուամենայնիվ, զանգվածային բողոքի ցույցերից հետո, նոյեմբերի 21-ին համաձայնագիր կնքվեց Աբդել Ֆատտահ ալ-Բուրհանի և նախկինում զինվորականների կողմից վարչապետի պաշտոնից հեռացված Աբդալլա Համդուկի միջև[37][38][39], այս համաձայնագրով չեղյալ է համարվում Համդուկին պաշտոնից հեռացնելու մասին որոշումը։ Համաձայնագիրը երաշխավորում էր երկրում իշխանության փոխանցումը քաղաքացիական կառավարությանը նախկինում սահմանված ժամկետում և բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը[40][41][42]։
2022 թվականի հունվարի 2-ին Աբդալլա Համդոքը հրաժարական տվեց[43]։ 2022 թվականի դեկտեմբերի 5-ին սուդանական զինված ուժերը և հիմնական ժողովրդավարական միավորումը՝ «Ազատության և փոփոխության ուժերը», համաձայնություն են կնքել երկրում քաղաքացիական անցումային կառավարություն ձևավորելու մասին[44]․ Երկրի ռազմական ղեկավարության և քաղաքացիական հասարակության միջև պայմանավորվածության համաձայն՝ 2023 թվականի ամռանը պետք է ընտրվի քաղաքացիական վարչապետ, որից հետո կմտցվի երկամյա անցումային շրջան, որը կավարտվի համընդհանուր ընտրություններով։
2023 թվականի ապրիլի 15-ին սկզբում Խարթումում, իսկ հետո երկրի այլ վայրերում սկսվեցին զինված բախումներ այսպես կոչված Արագ արձագանքման ուժերի՝ ստեղծված «Ջանջավիդ» կառավարամետ աշխարհազորի հիման վրա, և սուդանյան բանակի միջև։ Սուդանը ընկղմվեց նոր քաղաքացիական պատերազմի մեջ։ Ապրիլի 23-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց մարտական գործողությունների հետևանքով 420 զոհերի մասին[45]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Szymon Zdziebłowski. Najstarsze ślady obecności człowieka we Wschodniej Saharze odkryte przez Polaków... w kopalni złota Արխիվացված 2021-04-28 Wayback Machine, 24.04.2021
- ↑ В заброшенной золотой шахте найдены сенсационно древние артефакты Արխիվացված 2021-04-28 Wayback Machine, 26.04.2021
- ↑ «Синга / Singa». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ Nuno Bicho et al. First results of a Middle Stone Age survey in the Kerma region, northern Sudan Արխիվացված 2020-06-29 Wayback Machine // European Society for the study of Human Evolution (ESHE) 9th Annual Meetingю Liège, Belgium, 19th-21st September, 2019
- ↑ 12,5 тыс., время индустрии кадан (FA 2008, p. 298)
- ↑ Причины доисторических войн Արխիվացված 2017-07-30 Wayback Machine, 15 июля 2014 г.
- ↑ СМИ: в долине Нила нашли свидетельства древнейшей межрасовой войны Արխիվացված 2017-07-30 Wayback Machine, 14.07.2014
- ↑ Burying Children and Infants at Kadruka 23: New Insights into Juvenile Identity and Disposal of the Dead in the Nubian Neolithic, 2017
- ↑ История Второй мировой войны 1939—1945 (в 12 томах) / редколл., гл. ред. А. А. Гречко. том 2. М., Воениздат, 1974. стр.368
- ↑ История Второй мировой войны 1939—1945 (в 12 томах) / редколл., гл. ред. А. А. Гречко. том 2. М., Воениздат, 1974. стр.403
- ↑ История Второй мировой войны 1939—1945 (в 12 томах) / редколл., гл. ред. А. А. Гречко. том 3. М., Воениздат, 1974. стр.149-150
- ↑ и СССР
- ↑ ТОРГОВО-ЭКОНОМИЧЕСКОЕ СОТРУДНИЧЕСТВО СССР И СУДАНА В 1960 -1980 ГГ.
- ↑ Взгляды и концепции региональной безопасности (эпоха Брежнева) (չաշխատող հղում)
- ↑ «Республика Судан. Справка» (ռուսերեն). РИА Новости. 2011-01-09:00:40. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «На границе Судана и Южного Судана произошли столкновения между вооруженными силами двух стран» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 26-ին.
- ↑ «Суданский президент отказался мириться с южанами». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «Sudan's President Bashir forced out in military coup». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Sudan's Omar Hassan al-Bashir is ousted by military after 30 years in power». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Head of Sudan military council steps down one day after long-time leader Bashir toppled in coup». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «The Latest: Sudan's post-coup transitional leader steps down». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Sudan defense minister steps down as head of transitional military council». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Sudan crisis: 40 bodies pulled from Nile, opposition says». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Sudan paramilitaries threw dead protesters into Nile, doctors say». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Sudan military offers talks after allegedly killing 100 protesters». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «2 Sudan rebel leaders arrested after peace talks with Ethiopian PM». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «'Bloody massacre': Sudan forces kill at least 35, protesters say». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Abdalla Hamdok: Who is Sudan's new prime minister?». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «СМИ: за попыткой переворота в Судане стоят офицеры из числа сторонников экс-президента». ТАСС. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «Sudan's military takes power in coup, arrests prime minister». ABC News (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «Sudanese government official says failed coup plotters were from Bashir regime». CNN. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 25-ին.
- 1 2 «Sudan: Protesters demand military coup as crisis deepens». BBC News. 2021 թ․ հոկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «Crowds take to Sudan's streets after calls for rival protests». www.aljazeera.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «Security forces fire tear gas to disperse protesters in Khartoum». www.aljazeera.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «'Utterly unacceptable': World reacts to Sudan 'coup'». www.aljazeera.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «Live: Sudan's General Burhan dissolves government, declares state of emergency». France 24 (անգլերեն). 2021 թ․ հոկտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «Переворот в Судане: тысячи людей протестуют против захвата власти военными, трое убиты». Би-би-си (ռուսերեն). 2021 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ «В столице Судана на акции протеста собрались тысячи людей». Интерфакс (ռուսերեն). 2021 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Протесты в Судане: новые жертвы». Euronews (ռուսերեն). 2021 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Суданское соглашение гарантирует передачу власти гражданскому правительству». РИА Новости (ռուսերեն). 2021 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «Военный лидер Судана и отстраненный премьер подписали соглашение». Известия (ռուսերեն). 2021 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ Российская база ВМФ в Судане ушла в небытие. Судьба политического соглашения в Хартуме остается под вопросом Արխիվացված 2023-02-12 Wayback Machine // НГ, 5.12.2022
- ↑ «Премьер-министр Судана объявил об уходе в отставку». Интерфакс (ռուսերեն). 2022 թ․ հունվարի 3. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «Военные и оппозиция Судана договорились о создании переходного гражданского правительства». Интерфакс (ռուսերեն). 2022 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «ВОЗ: количество погибших в результате боевых столкновений в Судане выросло до 420». Новая газета Европа. 2023 թ․ ապրիլի 23. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 23-ին.