Սոցիալական վիճակագրություն
Սոցիալական վիճակագրություն, լայն ըմբռնմամբ՝ սոցիալական գիտություն, քանի որ ուսումնասիրության առարկան հասարակական կյանքի ընթացքն ու երևույթներն են, նեղ ըմբռնմամբ՝ վիճակագրության բաժին, որն ուսումնասիրում է հասարակության զարգացման կոնկրետ պատմական պայմաններում մարդկանց կյանքի սոցիալական կացությունը։
Ի տարբերություն տնտեսական վիճակագրության, որն ուսումնասիրում է էկոնոմիկայի բնագավառի պրոցեսներն ու երևույթները, սոցիալական վիճակագրությունը դիտարկում է մարդկանց կյանքի քաղաքական, գաղափարական և իրավական կողմերը, ինչպես նաև բնակչության կենսամակարդակը՝ սոցիալական կտրվածքով ու ըստ բնակչության խմբերի։ Սոցիալական վիճակագրության ցուցանիշների համակարգը համակողմանիորեն բնութագրում է մարդկանց կյանքի սոցիալական պայմանները՝ հասարակության սոցիալական կազմն ու դասակարգային կառուցվածքը, բնակչության թիվն ու կազմը, աշխատանքային ռեսուրսների առկայությունն ու կազմը, կրթության, մշակույթի, առողջապահության մակարդակը, բնակարանային–կոմունալ և կենցաղային պայմանները, բարոյաքաղաքական վիճակը և այլն։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 26)։ ![]() |