Սոցիալական համեմատության տեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սոցիալական համեմատության տեսություն, տեսություն, համաձայն որի, մարդը սեփական անձի ասպեկտների գնահատման ընթացքում իրեն համեմատում է ուրիշների հետ։ Տեսության հիմնադիրն է ամերիկացի սոցիալական հոգեբան Լեոն Ֆեստինգերը։ Տեսության հեղինակը պնդում է, որ եթե սեփական անձնային որակների ու գծերի գնահատման համար օբյեկտիվ չափանիշներ չկան, ապա անհատը փնտրում է այլ մարդկանց, որոնց հետ համեմատվելով կգնահատի իրեն։ Ստացվում է, որ մարդիկ իրենց արտաքին տեսքի, ընդունակությունների, նույնիսկ զգացմունքների գնահատման դեպքում կողմնորոշվում են այլ մարդկանց նույն հատկանիշներով։

Ջոան Վուդի մոտեցումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոն Ֆեստինգերի կողմից առաջարկած տեսությունը զարգացրել է Ջոան Վուդը։ Վերջինս նշում էր 3 դրդապատճառներ, որոնք մղում են մարդուն սոցիալական համեմատության՝

  1. ինքնագնահատման պահանջմունք,
  2. ինքնակատարելագործման միտում,
  3. ինքնագնահատականի բարձրացման պահանջմունք։

Եթե համեմատության հիմքում ընկած է ինքնագնահատման պահանջմունքը, ապա մարդկանց նպատակն է ստանալ իրենց մասին ճշգրիտ պատկերացումներ։ Այս նպատակը հասանելի է, եթե որպես համեմատության օրինակ անձն ընտրում է այնպիսի մարդու, որի բնութագրերը համապատասխանում են իրենց բնութագրերին։