Սոցիալական աշխատանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սոցիալական աշխատանք, մասնագիտական գործունեություն, որն օգնում է անհատներին, խմբերին և համայնքներին լուծելու իրենց սոցիալական հիմնախնդիրները՝ այդ նպատակով օգտագործելով առկա միջոցներն ու հնարավորությունները կամ ստեղծելով նորերը։

Սոցիալական աշխատանքի հիմնական նպատակն այցելուի ինքնուրույնության աստիճանի մեծացումն է, իր կյանքն ինքնուրույն կառուցելու և ծագած խնդիրները լուծելու հմտությունների և ունակությունների ձևավորումը։ Այցելուի դերում կարող են հանդես գալ անհատները, խմբերը և համայնքները։ Ս.ա. գործունեության առանձնահատուկ այն տեսակն է, որը պետական և ոչ պետական օժանդակություն է ցուցաբերում մարդկանց՝ նրանց կյանքի մշակութային, սոցիալական և նյութական մակարդակն ապահովելու նպատակով, անհատական օգնության է տրամադրում մարդուն, ընտանիքին կամ անձանց խմբին։ Ս.ա. նախևառաջ հարկ է դիտարկել որպես ինքնուրույն գիտություն, ինչը որոշում է նրա տեղը գիտությունների համակարգում։ Ինչպես ցանկացած գիտություն, Ս.ա. ունի իր առարկան, օբյեկտը, կատեգորիաների ապարատը։ Սոցիալական աշխատանքի ուսումնասիրության օբյեկտը հասարակության մեջ սոցիալական խմբերի և անձանց կապերի, փոխազդեցությունների, վարքագծի կարգավորման եղանակների և միջոցների գործընթացն է։ Որպես ինքնուրույն գիտություն՝ ուսումնասիրում է այն օրինաչափությունները, որոնք պայմանավորում են հասարակության մեջ սոցիալական գործընթացների զարգացման բնույթը և ուղղվածությունը։ Ցանկացած գիտության հիմքը կազմում են բազային կատեգորիաներ (որոնք ՙկրում՚ են նրա առարկան բնորոշող հասկացությունները), սկզբունքներն ու օրինաչափությունները։ Այդ առումով հարկ է խոսել ամենից առաջ Սոցիալական աշխատանքի այնպիսի կատեգորիաների մասին, ինչպիսին են. - կատեգորիաներ, որոնք Սոցիալական աշխատանքի տեսությանը յուրահատուկ չեն, իսկ նրանց նշած երևույթները և գործընթացներն ուսումնասիրում են նաև այլ գիտություններ (բնական է, որ այդ կատեգորիաների նշած երևույթները պետք է դիտարկի յուրաքանչյուր գիտություն՝ ելնելով իր առարկայից), օրինակ՝ սոցիալական, սոցիալականացում, սոցիալական սուբյեկտիվություն, սոցիալական գործունեություն, սոցիալական ակտիվություն, սոցիալական հարաբերություններ և այլն, - կատեգորիաներ, որոնք նախևառաջ սոցիալական աշխատանքի կատեգորիաներ են, բայց օգտագործվում են նաև այլ գիտությունների կողմից, օրինակ՝ հոգեսոցիալական աշխատանք, կառուցվածքային սոցիալական աշխատանք, սոցիալական վերականգնում, սոցիալական բարեկեցություն և այլն, - կատեգորիաներ, որոնք Սոցիալական աշխատանքի բուն կատեգորիաներն են, օրինակ՝ կարիքավորների խնամակալություն, բարեգործություն, կամավորություն, մեկենասություն, սոցիալական ապահովություն, սոցիալական ապահովագրություն, սոցիալական կենսագրություն, սոցիալական աշխատող, "սոցիալական ցանցեր" և այլն։ Գիտական կատեգորիաների ապարատի մշակումը Սոցիալական աշխատանքի տեսության ուսումնասիրման բնագավառում առաջնային խնդիրներից մեկն է։ Սոցիալական աշխատանքի կատեգորիաների համակարգի մեջ պետք է մտնեն, մեր կարծիքով, այն հասկացությունները, որոնք արտացոլում են՝ առաջին. Սոցիալական աշխատանքի կազմակերպման առանձնահատկությունը սոցիալական պրակտիկայի տարբեր ոլորտներում (օրինակ՝ Ս.ա. կրթության ոլորտում, Ս.ա. բանակում և այլն), տարբեր հաճախորդների հետ (Ս.ա. հաշմանդամների հետ, Ս.ա. ընտանիքի հետ, Ս.ա. ռիսկի խմբերի հետ), տարբեր սոցիալական իրավիճակներում (Ս.ա. արտակարգ իրավիճակներում, Ս.ա. բնապահպանական անբարենպաստության պայմաններում և այլն)։ Երկրորդ՝ մասնագիտական և ոչ մասնագիտական սոցիալական աշխատանքի կազմակերպման տարբեր կողմեր (սոցիալական աշխատանքի էկոնոմիկա, Սոցիալական աշխատանքի մենեջմենթ, հոգեսոցիալական տեխնոլոգիաներ և այլն)։ Անկասկած, Սոցիալական աշխատանքի տեսությունը գնալով կհարստանա նոր կատեգորիաներով ու հայեցակարգերով։ Բացի այդ, Ս.ա. դիտարկում են որպես պրակտիկ գործունեության ձև, որն իրականացնում են արհեստավարժ մասնագետները և նրանց կամավոր օգնականները։ Սոցիալական աշխատողը կոչված է օգնություն ցուցաբերել այն մարդուն, խմբին կամ համայնքին, որոնք հայտնվել են դժվար կենսական իրավիճակում, տեղեկատվության, ախտորոշման, խորհրդատվության, ուղղակի բնամթերային և դրամական օգնության միջոցով, հիվանդների և միայնակների խնամքի և սպասարկման կազմակերպման միջոցով, մանկավարժական և հոգեբանական աջակցության միջոցով, որը օգնության կարիք ունեցողներին կողմնորոշում է սեփական ակտիվությամբ հաղթահարել բարդ իրավիճակները և նրանց օգնում է այդ գործում։ Սոցիալական աշխատողները բացահայտում են այցելուների սեփական հնարավորությունները և ակտիվացնում նրանց, որպեսզի կարողանան լուծել իրենց կենսական խնդիրները։ Նրանք նաև զբաղվում են անցանկալի վարքագծերի, սոցիալական երևույթների և վիճակների կանխարգելմամբ, նպաստում են սոցիալական հարաբերությունների ներդաշնակեցմանը։ Շ. Ռամոնը և Թ. Շանինը Ս.ա. բնորոշում են որպես մարդու օգնության անձնային ծառայության կազմակերպում։ Այն հիմնված է այլասիրության վրա և ուղղված է անձնական և ընտանեկան ճգնաժամերի պայմաններում մարդկանց առօրյա կյանքը թեթևացնելուն, ինչպես նաև, ըստ հնարավորության, նրանց հիմնախնդիրներն արմատապես լուծելուն։ Սոցիալական աշխատանքի հիմնական նպատակներն են. - բարձրացնել այցելուների ինքնուրույնության աստիճանը, խթանել նրանց ընդունակությունները՝ վերահսկելու սեփական կյանքը և առավել արդյունավետորեն լուծելու ծագող խնդիրները, - ստեղծել այնպիսի պայմաններ, որտեղ այցելուները կարող են առավելագույնս դրսևորել իրենց հնարավորությունները և ստանալ այն բոլորը, ինչ իրենց հասնում է օրենքով, - հասարակության մեջ մարդկանց հարմարվողականություն և ապահարմարվողականություն, - ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց առկայությամբ մարդը, չնայած ֆիզիկական խեղման, հոգեկան անկման կամ կենսական ճգնաժամին, կարող է ապրել՝ պահպանելով սեփական արժանապատվության զգացումը և շրջապատի հարգանքը, - և որպես վերջին նպատակ՝ այնպիսի արդյունքի հասնել, երբ սոցիալական աշխատողի օգնության անհրաժեշտությունը "կորչում" է։ Ցանկացած սոցիալական գործունեություն (այդ թվում՝ Ս.ա.) ունի այնպիսի բաղադրիչներ, ինչպիսին են նպատակը, միջոցները, պայմանները։ Սոցիալական աշխատանքի՝ որպես գործունեության, նպատակը անհատի կամ սոցիալական խմբի սոցիալական գործունեության մեխանիզմների օպտիմալացումն է։ Սակայն հարկ է նկատի ունենալ, որ տարբեր հիմքեր գոյություն ունեն Սոցիալական աշխատանքի տարբեր տեսակների և ձևերի ծագման համար։ Այդպիսի հիմք կարող են լինել սոցիալական պրակտիկայի ոլորտները։ Եվ այս դեպքում կարելի է խոսել Սոցիալական աշխատանքի մասին կրթության, առողջապահության, ժամանցի ոլորտներում և այլն, այլ հիմք կարող են լինել Սոցիալական աշխատանքի այցելուների սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները՝ երիտասարդություն, սոցիալական ռիսկի խմբեր, ինքնասպանության հակված անձինք և այլն, երրորդ՝ այն հիմնախնդիրների բնույթը, որոնք ծառացել են սոցիալական աշխատողի առաջ։ Կարելի է նշել նաև այլ հիմքեր։ Բոլոր այդ դեպքերում կկատարվի Սոցիալական աշխատանքի նպատակների որոշակիացում (օրինակ՝ կանխարգելումից մինչև շտկում)։ Սոցիալական աշխատանքի յուրաքանչյուր տեսակի պայմանները նույնպես կկոնկրետացվեն, ներառյալ տարբեր մակարդակները և ոլորտները (պետականից մինչև տեղական)՝ քաղաքական, տնտեսական, սոցիալ-հոգեբանական և էթնոազգային։ Տվյալ դեպքում որպես միջոցներ կարող են դիտարկվել սոցիալական ինստիտուտները, սոցիալական աշխատանքի իրականացման մեթոդները։ Այդ կապակցությամբ հատուկ նշանակություն ունի սոցիալական ծառայությունների տիպաբանացումը գործնական Ս.ա. կազմակերպելու նպատակով։ Աշխատանքի տարբեր տեսակների և ձևերի դասակարգման հիմքում կարող են դրվել զանազան սկզբունքներ (դա ինչ-որ չափով պայմանավորված է Սոցիալական աշխատանքի՝ որպես գործունեության, էության և բնույթի ընկալման տարբեր մոտեցումների առկայությամբ), բայց դրանք բոլորը, վերջին հաշվով, հանգում են հետևյալին. աշխատանք այցելուի հիմնախնդրի հետ, աշխատանք այլ ծառայությունների, հիմնարկների, կազմակերպությունների հետ։ Այս երկու ձևերի ներսում, իր հերթին, կատարվում է Սոցիալական աշխատանքի տարբեր տեսակների դասակարգում։ Այսպես, առաջին դեպքում կարելի է խոսել, մի կողմից, այցելուի հիմնախնդրի բնույթի մասին (ամուսնալուծություն, աշխատանքի կորուստ, մտերիմ մարդու մահ, հաշմանդամություն և այլն), մյուս կողմից՝ այցելուի յուրահատկությունների մասին, քանզի որպես այցելու կարող են հանդես գալ և անհատը, և խումբը, և համայնքը։ Երկրորդ դեպքում, մի կողմից, խոսքը գործունեության այն ոլորտի մասին է, որի ընթացքում ծագում են այլ ծառայությունների, հիմնարկների, ընկերությունների հետ համագործակցության խնդիրներ (օրինակ՝ կրթության, առողջապահության, կենցաղի ոլորտ և այլն), մյուս կողմից՝ այդ կազմակերպությունների կարգավիճակի մասին (պետական, կոլեկտիվ, հասարակական, բարեգործական, մասնավոր և այլն)։ Բացի այդ, Ս.ա. դիտարկում են որպես ուսումնական առարկա։ (Մասնագետների ուսուցում ՀՀ բուհերում)։ Սոցիալական աշխատողների պատրաստման նպատակն ամբողջ աշխարհում մասնագետների նկատմամբ պահանջարկի բավարարումն է, կրթության միջոցով,, սոցիալական աշխատանք,, մասնագիտության զարգացումը։ Եվ վերջապես, Ս.ա. դիտարկվում է որպես հասարակական ֆենոմեն։ Սոցիալական գործունեությունը հիմնվում է մարդասիրական և ժողովրդավարական տարբեր իդեալների վրա։ Այն ունի հինգ կողմ՝ սոցիալ-տնտեսական, ազգային-աշխարհագրական, քաղաքական, մշակութային, հոգևոր։ Ազգային-աշխարհագրական կողմ։ Ամբողջ գործունեությունն իրականացվում է որոշակի ժողովրդի միջավայրում, որոշակի սահմանների շրջանակներում՝ հիմնարկներ, երկրներ, տարածաշրջաններ, տեղական մարմիններ։ Քաղաքական կողմ։ Յուրաքանչյուր երկիր ունի իր քաղաքական համակարգը։ Այդ համակարգը որոշում է պրակտիկ գործունեության իրականացման պայմանները՝ անկախ այն բանից, ազատակա՞ն է, թե՞ բռնապետական, սոցիալիստակա՞ն, սոցիալ-ժողովրդավարակա՞ն, թե՞ կապիտալիստական։ Սոցիալ-տնտեսական կողմ։ Մարդու հիմնական ակնկալություններն են պատշաճ կենսապայմանները, աշխատանքային գործունեության, առողջապահության և կրթական համակարգերի, սոցիալական ապահովության և սոցիալական սպասարկման մատչելիությունը։ Ցանկացած խմբում կամ երկրում սոցիալական համաձայնությունը նշանակալի չափով կախված է առկա ռեսուրսների արդարացի բաշխումից։ Մշակութային կողմ։ Առանձին անձանց, ընտանիքների, խմբերի, հանրույթների և երկրների ավանդույթները, համոզմունքները, ակնկալությունները և մշակույթը պետք է հարգվեն։ Հոգևոր կողմ։ Ցանկացած հասարակություն ունի իր արժեքների համակարգը։ Ուստի սոցիալական աշխատողները պետք է անպայման ուշադրություն դարձնեն այն մարդկանց հոգեկան աշխարհին, արժեքներին, փիլիսոփայությանը, բարոյականությանը, ինչպես նաև ակնկալիքներին ու իդեալներին, ում հետ նրանք աշխատում են։