Սովխոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սովտնտեսությունից)
Պյոտր Ստրոև «Խոզաբուծական սովխոզում» (1932)

Սովետական տնտեսություն, սովխոզ, խորհտնտեսություն (ռուս.՝ советское хозяйство, совхоз), պետական ֆերմերային մեքենայացված տնտեսություն նախկին ԽՍՀՄ-ում։ Հիմնվում էր հողի և մյուս արտադրամիջոցների պետական (համաժողովրդական) սոցիալիստական սեփականության և կոլեկտիվ աշխատանքի վրա։ Կուտնտեսությունների հետ գյուղատնտեսության մեջ արտադրողական ուժերի զարգացման հասարակական ձևն է սոցիալիզմի պայմաններում։ Սովետական տնտեսության գործունեությունը կարգավորվում էր «Պետական սոցիալիստական արտադրական ձեռնարկության մասին» ԽՍՀՄ կանոնադրությամբ։

Բնույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի ինքնուրույն հաշվեկշիռ, իրավաբանական անձ է։ ԽՍՀՄ-ում Սովետական տնտեսություն սկսեցին կազմակերպել «Հողի մասին դեկրետի» [(1917 թ.-ի հոկտեմբեր 27-ին (նոյեմբեր 9-ին)] հրապարակումից հետո, որպես պետական գյուղատնտեսական մասնագիտացված տնտեսություններ, որոնք հետագայում շոշափելի դերակատարում ունեցան ողջ միությունում համատարած կոլեկտիվացման նախապատրաստման գործում։ Սովետական տնտեսությունները պետք է ամրապնդեին պետության պարենային բազան, ինչպես նաև օրինակ ծառայեին գյուղացիությանը ժամանակակից խոշոր հասարակական սոցիալիստական տնտեսություն վարելու համար, ցույց տային օգնություն մեքենա տեխնիկական սպասարկման, սորտային սերմնացումով, տոհմային անասուններով ապահովման միջոցով՝ նպաստելով գյուղացիների միավորմանը խոշոր կոլեկտիվ տընտեսություններում։ Այդ օգնությունը հատկապես դրսևորվեց մեքենա-տրակտորային կայանների (ՄՏԿ) կազմակերպման ու հետագա զարգացման ընթացքում։

«Սովետական տնտեսություն» մասնագիտական ուղղությունը որոշվում էր տվյալ շրջանի բնատնտեսական պայմաններով, բնութագրվում հանրային տնտեսության համախառն ու ապրանքային արտադրանքի կառուցվածքով, մասնավորապես այն ճյուղով (1, երբեմն՝ 2 կամ 3), որն առավել բարձր տեսակարար կշիռ ունի տնտեսության ապրանքային արտադրանքի ծավալի մեջ։ ԽՄԿԿ Կենտկոմի 1954 թ.-ի փետրվար-մարտյան պլենումի որոշման համաձայն Ղազախստանի, Սիբիրի, Պովոլժիեի, Ուրալի խոպան հողերի վրա 1954—1955 թթ.-ին կազմակերպվեց 425 խոշոր Սովետական տնտեսություն։ 1954-1960 թթ.-ին 42 միլիոն հա խոպան հողեր դրվեցին տնտեսության շրջանառության մեջ, որոնք տալիս էին երկրում արտադրվող հացահատիկի 30—35%֊ը։ 60-ական թթ․ խոշոր մասնագիտացված Սովետական տնտեսություն են ստեղծվել քաղաքների, արտադրամասերի կենտրոնների շուրջը։ 1983 թ.-ին Խորհրդային Միությունում կային 22,5 հազար Սովետական տնտեսություններ, որոնք ունեն 363 հազար հա գյուղատնտեսական քանդակներ կամ ԽՍՀՄ Գյուղատնտեսական հողանդակների 61,3%-ը։ Դրանք արտադրում էին գյուղատնտեսության համախառն արտադրանքի 36,7%֊ը։ Կան հացահատիկային, ճակնդեղագործական, բամբակագործական, հատուկ կուլտուրաների (եթերայուղատու, ծխախոտագործական, թեյագործական), պտղախաղողագործական, բանջարաբուծական, կաթնային, կաթնամսային սովխոզներ և այլն։

Սովետական տնտեսություններն աշխատում էին վերադաս պետությունների մարմինների առաջադրանքով, կենտրոնացված կարգով սահմանվում էր գյուղատնտեսական արտադրանքի մթերումների պլանը, կապիտալ ներդրումների ծավալը, հիմնական ֆոնդերի գործարկումը, աշխատավարձի ֆոնդը և այլն։ Տնտեսությունների արտադրությունը ղեկավարում, պլանավորում և ֆինանսավորում էր պետությունը։

Սովխոզները տարբեր երկրներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետությունը տնօրինում, կենտրոնացնում և վերաբաշխում էր բոլոր սովխոզների եկամուտները՝ դրանց զարգացման համար մոտավորապես հավասար պայմաններ ապահովելու նպատակով։ ԽՄԿԿ Կենտկոմի 1965 թ.-ի մարտյան պլենումի որոշումները նոր պայմաններ ստեղծեցին հանրային գյուղատնտեսության զարգացման համար։ Գյուղատնտեսական արտադրանքի պետական կենտրոնացված մթերումների հնգամյա կայուն, անփոփոխ պլանային առաջադրանքների սահմանումը, արտապլանային վաճառքի համար խրախուսական մթերագների կիրառումը և տնտեսության խթանման համակարգի դերի ուժեղացումը բարձրացրին սովխոզների գործունեության արդյունավետությունը։

Սովետական տնտեսությունների գործունեությունը կառավարում էին գյուղատնտեսական մինիստրությունները և համապատասխան գերատեսչությունները (տրեստ, արտադրական միավորում, շրջգործկոմ և այլն)։ Համաձայն կանոնադրության, սովետական տնտեսություններն իրավունք ունեին ուղղակի երկարաժամկետ տնտեսական կապեր զարգացնել արդյունաբերության և առեւտրի կազմակերպությունների հետ՝ իրենց արտադրանքի իրացման նպատակով, միջտնտեսային կոոպերացման մեջ մտնել կոլտնտեսությունների հետ, այլ տնտեսություններին վաճառել մեքենաների, սարքավորումների, սերմացուի, կերի և այլ արտադրանքի ավելցուկը։ Բոլոր Սովետական տնտեսություններում ստեղծվում էին այսպես կոչված՝ տնտեսական խթանման ֆոնդեր։ Խորհրդային Հայաստանում 1920-ական թթ․ կազմակերպվել էին մոտ տասը պետական գյուղատնտեսական ձեռնարկություններ՝ էջմիածնի շրջանում և Թաիրովի անվան այգեգործական տնտեսությունները (1921), Կալինինոյի շրջանի «Լոռի» տոհմային անասնաբուծական (1924), Հոկտեմբերյանի շրջանի «Լենուղի» և Մայիսյանի անվան այգեգործական, Թալինի շրջանի «Ալագյագի» ոչխարաբուծական Սովետական տնտեսությունները։ 1950—1960-ական թթ․ սովխոզները մեծ դեր կատարեցին Արարատյան դաշտի, նախալեռնային և լեռնային շրջանների տասնյակ հազարավոր հա նոր հողերի իրացման գործում։ 1983 թ.-ին ՀԽՍՀ-ում կար 499 Սովետական տնտեսություն, որից 277-ը՝ կաթնամսային, 87-ը՝ խաղող-պտղաբուծական, 47-ը՝ բանջարաբուծական, 33-ը՝ ոչխարաբուծական, 18-ը՝ թռչնաբուծական, 6-ը՝ խոզաբուծական, 2-ը՝ հացահատիկային և 19-ը՝ խառը։ Սովետական տնտեսությունները կազմում էին գյուղատնտեսական ձեռնարկությունների շուրջ 57%-ը (ողջ ԽՍՀՄ-ում՝ 45,1%), զբաղեցնում ՀԽՄՀ գյուղատնտեսական հանդակների 67% ֊ը և տալիս գյուղատնտեսության համախառն արտադրանքի 40%-ը։

Հանրապետության լեռնային շրջաններում ստեղծվում էին սովխոզներ, որոնք ունեին անասնապահական ուղղություն։ Եթե մինչև 1965 թ.-ը գյուղատնտեսության համախառն արտադրանքի մեջ բուսաբուծության և անասնապահության արտադրանքի հարաբերակցությունը հավասար էր, ապա 1980 թ.-ին անասնապահությունը գերակշռում է։ Սովխոզներից բացի կան նաև սոցիալիստական գյուղատնտեսական պետական ձեռնարկության մի քանի այլ տեսակներ՝ անասնաբուծական, թռչնաբուծական, մատղաշի բտման են համալիրներ, պտղատնկարանային և ջերմոցային տնտեսություններ, սովխոզ-տեխնիկումներ, սովխոզ-գործարաններ են, որոնք նույնպես հիմնված են պետության սեփականության վրա։ Սովխոզ-տեխնիկումներում պատրաստվում էին մասնագետներ, կազմակերպվում գյուղատնտեսական արտադրությունը՝ միասնական ղեկավարությամբ։ 1984 թ.-ին ՀԽՍՀ-ում կար 8 սովխոզ տեխնիկում։ Սովխոզ-գործարանում միևնույն տնտեսության մեջ (միասնական ղեկավարությամբ) կազմակերպվում էին գյուղատնտեսական արտադրությունը և դրա արտադրանքի արտադրական վերամշակումը, գյուղատնտեսական և արդ․ արտադրամասեր։ ՀԽՍՀ-ում 1982 թվականի դրությամբ եղել է 8 սովխոզ-գործարան, որից 5-ը՝ խաղողագինեգործական (Արարատի Թալինի, Հոկտեմբերյանի, Նոյեմբերյանի շրջաններում)։

Այլ տնտեսություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կային նաև մասնագիտական այլ ուղղության սովխոզ-գործարաններ՝ եթերայուղային, պահածոներն և այլն։ ՀԽՍՀ-ում հեռանկարային էին խաղողագործական և պտղաբանջարապահածոների համալիրները։ Եվրոպայի սոցիալիստական երկրներում պետության գյուղատնտեսության ձեռնարկություններ ստեղծվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ հողային ռեֆորմների իրագործման, նախկին կալվածատիրական հողերի ազգայնացման հիման վրա։ Պետության տնտեսությունները էական դեր կատարեցին այդ երկրներում գյուղացիության արտադրության կոոպերացման ընթացքում։ Մինչև 60-ական թթ․ կեսը սոցիալիստական երկրների մեծ մասում պետության տնտեսությունները զարգանում էին որպես նեղ մասնագիտացված ձեռնարկություններ (հիմնականում սերմացուի, տնկանյութի, տոհմային անասունների աճեցման գծով)։ Հետագայում դրանցից շատերն ընդունեցին ընդհանուր արտադրական բնույթ՝ մասնագիտանալով բուսաբուծական և անասնապահական մթերքների արտադրության մեջ։ Պետական տնտեսությունների զգալի մասը տեղաբաշխված է եղել մերքաղաքային գոտիներում։ Տարբեր երկրներում դրանց տեսակարար կշիռը գյուղատնտեսական հողատարածությունների և արտադրանքի թողարկման ծավալում զգալիորեն տատանվում էր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։