Սոս Էլբակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոս Փայլակի Էլբակյան
հունվարի 31, 1992(1992-01-31) - հուլիսի 14, 2020(2020-07-14) (28 տարեկան)
ԾննդավայրՄարմաշեն, Ախուրյանի շրջան, Հայաստան
Մահվան վայրՏավուշի մարզ, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
Ծառայության տարիներ2013-2020
ԿոչումՀՀ ԶՈՒ կապիտան Կապիտան
ՊաշտոնՀՀ ՊՆ N զորամասի հրետանու շտաբի պետ-հրետանու պետի տեղակալ
Մարտեր/
պատերազմներ
Հայ-ադրբեջանական ռազմական բախում (հուլիս, 2020)
Պարգևներ«Անբասիր ծառայության համար» I աստիճանի մեդալ,«Արիության» մեդալ

Սոս Փայլակի Էլբակյան (հունվարի 31, 1992(1992-01-31), Մարմաշեն, Ախուրյանի շրջան, Հայաստան - հուլիսի 14, 2020(2020-07-14), Տավուշի մարզ, Հայաստան, հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատված, Տավուշի հատված), Հայաստանի զինված ուժերի սպա, կապիտան։ Զոհվել է Հայ-ադրբեջանական ռազմական բախման ընթացքում՝ Ադրբեջանի կողմից արձակած կրակից[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոս Էլբակյանը ծնվել է 1992 թվականի հունվարի 31-ին Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում։

2009 թվականին գերազանցությամբ ավարտել է Մարմաշենի միջնակարգ դպրոցը։

2013 թվականին ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, անցել է ծառայության ՀՀ ՊՆ N զորամասում։

Կապիտան Էլբակյանը Տավուշի սահմանապահ զորամասում ծառայության 7 տարիների ընթացքում զբաղեցրել է հրամանատարական տարբեր պաշտոններ, 2019 թվականից զորամասի հրետանու շտաբի պետի-հրետանու պետի տեղակալն էր։

Իր գործի նվիրյալ կապիտանը ծառայության ընթացքում արժանացել է բազում պարգևների ու պատվոգրերի, նրա ստորաբաժանումը լավագույնն է ճանաչվել մի շարք ստուգատեսներում։

Սոս Էլբակյանը մահացու վիրավորում է ստացել 2020 թվականի հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում՝ հակառակորդի սադրիչ գործողությունների հետևանքով[2]։

Սխրանքի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թ․ հուլիսի 12-ին վաղ առավոտյան իր զինանոցում ունեցած բոլոր զինատեսակները գործի դնելով՝ հակառակորդը փորձել է գրավել Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ԱՆՎԱԽ մարտական դիրքը, սակայն մեծ մարդկային կորուստներ կրելով ետ է շպրտվել։

Կապիտան Սոս Էլբակյանը, զբաղեցնելով մարտակարգը, իր գրագետ և հմուտ ղեկավարմամբ կառավարել է հրետանու կրակը։ Նրա հմուտ գործողությունների արդյունքում՝ հրետանային մարտկոցների ճիշտ, նպատակային կրակով ճնշվել են հակառակորդի ականանետային մարտկոցների կրակները, ավերվել է ՀԴԿ-ն՝ ոչնչացնելով գրոհող հակառակորդի կենդանի ուժը։

Չկարողանալով հասնել առավելության ցամաքային զորքերի միջոցով՝ հակառակորդը սկսել է կիրառել անօդաչու սարքեր, որոնք էլ 14․07,2020-ին ժամը 13։30-ի սահմաններում հայտնաբերել են կապիտան Էլբակյանի զբաղեցրած ՀԴԿ-ն և կամիկածե կոչվող անօդաչու թռչող սարքով հարվածել։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով Սոս Էլբակյանը 2019 թվականի հունվարի 17-ին պարգևատրվել է ՀՀ Զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» I աստիճանի մեդալով։
  • ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով կապիտան Սոս Էլբակյանը 2020 թվականի հուլիսի 15-ին հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով[3]։

Հիշատակի հավերժացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապիտան Սոս Էլբակյանը 2020 թվականի հուլիսի 16-ին հուղարկավորվել է ծննդավայրի՝ Շիրակի մարզի Մարմաշեն գյուղի գերեզմանոցում։

Մոմավառություն է կազմակերպվել Գյումրու Վարդանանց հրապարակում՝ ի հիշատակ Տավուշում հայ֊ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների ժամանակ զոհված 4 զինվորների[4]։

Հայերը աշխարհի խոշոր քաղաքներում բազմամարդ ցույցեր են արել՝ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի և հարգանքի տուրք մատուցելով զոհված հերոսներին[5][6]։

2020 թվականի օգոստոսին կապիտանի հիշատակին նվիրված հուշաքար է տեղադրվել Տավուշի մարզի Այգեձոր համայնքում հարազատների կողմից[7][8]։

Սոս Էլբակյանի հիշատակին տեղադրված հուշաքարը՝ Տավուշի մարզի Այգեձոր համայնքում

2020 թվականի սեպտեմբերի 18-ին Սոս էլբակյանի անունով է անվանակոչվել Մարմաշեն համայնքի կենտրոնական փողոցը[9][10]։

2020 թվականի սեպտեմբերի 19-ին Տավուշի մարզի Վերին Ծաղկավան համայնքում խաչքար է տեղադրվել՝ նվիրված հուլիսին Տավուշյան մարտերում զոհված հերոս տղաների հիշատակին։ Խաչքարի հեղինակը Ծաղկավան համայնքից Էրիկ Խառատյանն է[11]։

2020 թվականի սեպտեմբերի 21-ին Սոս Էլբակյանի հիշատակին նվիրված երգ ու տեսահոլովակ է թողարկվել՝ «Մամ ջան, չլացես» խորագրով[12]։

2020 թվականի սեպտեմբերի 23-ին հուլիսյան մարտերի հերոսներ Սոս Էլբակյանի, Գարուշ Համբարձումյանի, Գրիշա Մաթեւոսյանի, Սմբատ Գաբրիելյանի հիշատակին նվիրված խաչքար է տեղադրվել Շիրակի մարզի Կրաշեն համայնքի Սուրբ Սարգիս մատուռի հարևանությամբ։ Խաչքարի ու նախաձեռնության հեղինակը գյումրեցի Վարուժ Կարապետյանն է։

Հայաստանի զինված ուժերի կազմավորման և Սոս Էլբակյանի ծննդյան 29-ամյակի առթիվ «Զինուժ» Media-ի հերոսապատումը նվիրված է կապիտան Էլբակյանին[13]։

2021 թվականի մայիսի 24-ին կապիտան Սոս Էլբակյանի հիշատակին նվիրված փառքի անկյուն է բացվել հայրենի գյուղի՝ Մարմաշենի միջնակարգ դպրոցում[14]։

2021 թվականի օգոստոսի 8-ին լույս է տեսել գեղանկարիչ Գարիկ Հարությունյանի «Հավերժ ներկա» գիրքը, որում հուլիսյան մարտերի և 44-օրյա պատերազմի քաջարի մարտիկների դիմանկարներն են ու հերոսական պատմությունները[15]։

2021 թվականի օգոստոսի 21-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում բացվել է 2020 թվականի հուլիսյան մարտերում և 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների հիշատակին նվիրված հուշապատ։ Տավուշի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ կատարվել է հիշատակի ոգեկոչման կարգ և խաչքարի օծման արարողություն[16]։

2022 թվականի հունվարին լույս է տեսել Գագիկ Վարդանյանի և Աննա Բաբուջյանի «Հայրենիքի անմնացորդ նվիրյալները» գիրքը, որը պատմում է 2020 թվականին հայրենիքի պաշտպանության համար անմահացած Շիրակցի հերոսների մասին։ Գրքում տեղ է գտել նաև կապիտան Սոս Էլբակյանի կենսագրական տվյալներն ու անցած մարտական ուղու հերոսական դրվագները[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մամուլի հաղորդագրություն».
  2. «Ադրբեջանցի զինծառայողները փորձել են խախտել ՀՀ պետական սահմանը Տավուշի հատվածում».
  3. «ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ս. Փ. ԷԼԲԱԿՅԱՆԻՆ ԱՐԻՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
  4. «Մոմավառություն ի հիշատակ հայ֊ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների ժամանակ զոհված 4 հերոսների։».
  5. «Հայերը աշխարհի խոշոր քաղաքներում բազմամարդ ցույցեր են արել՝ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի».
  6. «Ցույցեր Լոս Անջելոսում».
  7. «Սոսը վերադարձավ Տավուշ. հակառակորդի հարձակումից զոհված շիրակցի կապիտանի հուշաքարը տեղադրվել է Այգեձորում».
  8. «Սոսը վերադարձավ Տավուշ».
  9. «Հուլիսյան մարտերին սահմանին մահացու վիրավորում ստացած կապիտանի անունով փողոց է անվանակոչվել Մարմաշենում».
  10. «Տավուշի դեպքերի ժամանակ զոհված Սոս Էլբակյանի անունով փողոց է անվանակոչվել Մարմաշենում».
  11. «Այգեձոր գյուղում տեղադրվել է Տավուշում հուլիսի 14-ին զոհված կապիտան Սոս Էլբակյանի հուշաքարը».
  12. «ՍՈՍ ԷԼԲԱԿՅԱՆ - Մամ ջան չլացես //Գրիգոր Միրզոյան».
  13. «Հերոսապատում, որ նույնիսկ հետմահու է ապրում և ապրեցնում։ Կապիտան Էլբակյանի հրետանային յոթ տարին՝ «Զինուժ»-ի ռեպորտաժում։».
  14. «Փառքի անկյուն՝ Մարմաշենի դպրոցում».
  15. «Կայացավ նկարիչ Գարիկ Հարությունյանի «ՀԱՎԵՐԺ ՆԵՐԿԱ» գրքի շնորհանդեսը».
  16. «Բացվել է հուշապատ՝ նվիրված պատերազմի զոհերի հիշատակին».
  17. «Լույս է տեսել «Հայրենիքի անմնացորդ նվիրյալները» գիրքը».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]