Սոսի արևելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոսի արևելյան
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Դաս Համամելածաղկավորներ
Ընտանիք Սոսազգիներ
Ցեղ Սոսի
Տեսակ Սոսի արևելյան
Լատիներեն անվանում
Platanus orientalis


Սոսի արևելյան (լատին․՝ Platanus orientalis), սոսազգիների ընտանիքի, սոսի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսական աշխարհի հսկաներից է. հասնում է մինչև 50 մ բարձրության, իսկ բնի տրամագիծը երբեմն հասնում է 18-ի։ Գեղեցիկ, հզոր ծառ է։ Բունը մուգ դարչնագույն է, ճաքճքված կեղևով։ Ջերմասեր և խոնավասեր է, կարող է աճել միայն ցածրադիր տաք, խոնավությամբ ապահովված վայրերում։ Լուսասեր է։ Տերևները թաթանման են, 5-7 բլթակավոր, 12-15 սմ երկարությամբ և 15-18 սմ լայնությամբ, հիմքում կտրվածքով կամ լայն սրտանման։ Բլթակները երկարավուն են, փոսիկավոր, խոշոր ատամնաեզր, յուրաքանչյուր կողմում 2-5 ատամիկներով, հազվադեպ գրեթե ամբողջաեզր։ Ատամիկները սրածայր են։ Երիտասարդ տերևները ծածկված են սպիտակ-թաղիքանման, աստղաձև մազմզուկներով, ավելի ուշ վերևից մուգ կանաչ են, հաճախ՝ փայլուն, ներքևից ավելի բաց գույնի, մերկ և աղվամազով ծածկված միայն գլխավոր ջղերի ուղղությամբ։ Տերևակոթունների երկարությունը հասնում է 5—7 սմ-ի։ Պտղագլխիկները խոզանականման են, կազմված 2-7 գլխիկներից, 2,5 սմ տրամագծով։ Լավ է աճում խիստ կրային հողերում։ Լավ է դիմանում ծխին և զանազան գազերին։ Չափազանց շոգեդիմացկուն և փոշեդիմացկուն է։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է միջերկրածովյան ավազանում, Մերձավոր Արևելքում, հայկական բարձրավանդակում։ Ղափանի շրջանի Ծավ գյուղի մոտ է գտնվում սոսիների միակ խոշոր պուրակը, որը զբաղեցնում է 80 հա տարածություն և ներկայումս արգելանոց է հայտարարված։ Հնագույն ժամանակներից մշակվում է միջերկրածովյան ավազանում և Մերձավոր Արևելքի երկրներում։ Հնադարյան հայերը այս ծառատեսակը պաշտում էին և հեթանոս քրմերը դրանց տերևների սոսափյունը ունկնդրելով գուշակություններ էին անում երկրի ու մարդկանց ճակատագրի մասին։ Հայաստանի հնադարյան մայրաքաղաք Արմավիրում գտնվող Անահիտ աստվածուհու մեհյանը շրջապատված էր Սոսյաց հռչակավոր անտառով։ Ինչպես նշում է Ղ. Ալիշանը, 18-րդ դարում Երևանում աճում էր սոսու մի հսկայական ծառ, որն իր չափերով չէր զիջում Թուրքիայի Բոյուկ-տերե հռչակավոր սոսուն։ Ենթադրվում էր, որ այդ ծառի հասակը անցնում էր 2000 տարուց։ Ներկայումս էլ մեր հանրապետության ցածրադիր գոտու բնակավայրերում այդպիսի ծառեր են հանդիպում։ Մեղրի ավանում 800 տարեկան մի ծառ է աճում' 25 մ բարձրությամբ և 9 մ բնի տրամագծով, որի փչակում մի ժամանակ մսավաճառի կրպակն էր տեղավորված։ Այդպիսի մի ծառ կա նաև Իջևանի շրջանի Սարիգյուղի մոտ։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայնորեն է օգտագործվում տաք շրջանների բնակավայրերի կանաչապատման բնագավառում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (142)։