Սողոմոն թագավորի կնիք
| Սողոմոն թագավորի կնիք | |
|---|---|
Սողոմոնի կնիքը, Էլիֆաս Լևիի «Բարձր մոգության դոգմա և ծես» (I հատոր, «Դոգմա», 1895) գրքի տիտղոսաթերթի վրա[1] | |
| Տեսակ | Հավաստագրման կնիք, Մատանի, թալիսման, Թալիսման, կախարդական մատանի և hexagram? |
Սողոմոնի կնիք կամ Սողոմոնի մատանի ( եբրայերեն` Ḥotam Shlomo ; արաբերեն` Khātam Sulaymān), լեգենդար մատանի-կնիք, ըստ միջնադարյան առեղծվածային ավանդույթների այն վերագրվում է Սողոմոն թագավորին, որտեղից այն զուգահեռ զարգացել է հրեական միստիցիզմի, իսլամական միստիցիզմի և արևմտյան օկուլտիզմի մեջ:
Այն հաճախ պատկերվում է կամ պենտագրամի կամ հեքսագրամի տեսքով: Իսլամական և հրեական առեղծվածային ավանդույթներում մատանին տարբեր կերպ նկարագրվում է, որ Սողոմոնին տվել է գերբնականը կառավարելու զորություն, ներառյալ դիվային ոգիներ շեդիմը (shedim) և ջինը, ինչպես նաև կենդանիների հետ խոսելու կարողություն: Սողոմոնի փառավոր իմաստության ավանդապատումների շնորհիվ այն սկսել է դիտվել որպես ամուլետ կամ թալիսման, կամ խորհրդանիշ, կամ կերպար եվրոպական միջնադարյան մոգության և վերածննդյան շրջանի մոգության, օկուլտիզմի և ալքիմիայի մեջ:
Կնիքը նախորդել է Դավթի աստղին, որը հրեական խորհրդանիշ է, և ժամանակակից վեքսիլոլոգիայում այն պատկերված է Իսրայելի դրոշի վրա: Մարոկկոյի դրոշի հնգագրամը նույնպես ներկայացնում է Սողոմոնի կնիքը[2]: Սողոմոնի կնիքը պատկերված է եղել նաև բրիտանական գաղութատիրության շրջանի Նիգերիայի դրոշի վրա[3]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Սողոմոնի կնիքի կամ նշանի մասին ամենավաղը հիշատակվել է հրեական ավանդույթներում: Այն առաջին անգամ հիշատակել է առաջին դարի հրեա պատմիչ Հովսեփ Փլավիոսը[4](8.41-49) և նմանապես հիշատակվել է երրորդ դարի «Սեֆեր հա-Ռազիմ» եբրայերեն մոգական տեքստում[5] և Բաբելոնյան Թալմուդի «Գիթին» (Gittin) ագգադայի (եբրայերեն՝ אַגָּדָה, լեգենդ) ռաբինական տրակտատի «Նաշիմ» (եբրայերեն՝ נשים, «Կանայք») հատվածում[6]: Զուգահեռաբար, հուդա-քրիստոնեական մոգության առաջին դարի հունական ձեռնարկը, որը հայտնի է որպես «Սողոմոնի Կտակարան», նույնպես հղում է անում Սողոմոնի կնիքին:
5. Երբ ես` Սողոմոնը, լսեցի այս, մտա Աստծո տաճար և ամբողջ հոգով աղոթեցի գիշեր և ցերեկ, որպեսզի դևին ձեռքս վերցնեմ, և ես իշխանություն ձեռք բերեմ նրա վրա: Եվ իմ աղոթքով եղավ, որ շնորհ տվեց ինձ Տեր Սաբաոթը [צבאות]` իր հրեշտակապետ Միքայելի միջոցով: [Նա ինձ բերեց] մի փոքրիկ մատանի, որը քարի վրա փորագրված կնիք ուներ, և ասաց ինձ.
|
Հրեա գիտնականները պնդում են, որ Սողոմոնի կնիքի ավանդույթը հետագայում հայտնվել է իսլամական արաբական աղբյուրներում, ինչպես Կաբալայի ժամանակակից, ակադեմիական ուսումնասիրության հիմնադիր Գերշոմ Շոլեմն է վկայում.
| Դժվար է ասել, թե որքան ժամանակ են որոշակի անուններն օգտագործվել մի քանի ամենատարածված կնիքների համար: Արաբներն այդ տերմիններից շատերը դարձրել են հատկապես հայտնի, բայց միայն Սողոմոնի կնիք և Դավթի վահան անունները, որոնք հաճախ փոխադարձաբար օգտագործվում են երկու խորհրդանիշների համար, վերադառնում են նախաիսլամական հրեական մոգությանը. այն չի առաջացել արաբների մեջ, ովքեր, ի դեպ, գիտեին միայն Սողոմոնի կնիք անվանումը[8]: - Գերշոմ Շոլեմ
|
Այնուամենայնիվ, այլ գիտնականներ ցույց են տվել Սողոմոնի կնիքի ծագման բազմաթիվ այլ աղբյուրներ, ներառյալ ուշ Բաբելոնը, հին Միջագետքի սեպագրերը, եգիպտական հիերոգլիֆները, վաղ հին հարավարաբական գրերը, թիֆինաղը (բերբերական բաղաձայնային կոնսոնատ գիրը), հին հունական այբուբենը, հնդկական հինդուիզմը և բյուզանդական հույները[9][10]: Արաբական մշակույթում և արաբների հետ շփվող շատ մշակույթներում խորհրդանիշի այդ համատարած օգտագործումը նման պնդումները կեղծ են դարձնում:

Սողոմոնի կնիքի մասին լեգենդը հետագայում մշակել են միջնադարյան մերձավորարևելյան հեղինակները, որոնցում ասվում է, որ մատանին փորագրել է Աստված և Սողոմոն թագավորին է տվել անմիջապես երկնքից: Մատանին պատրաստված է եղել արույրից և երկաթից, և այդ երկու մասերն օգտագործվել են համապատասխանաբար բարի և չար ոգիներին ուղղված գրավոր հրամանների վրա կնիք դնելու համար: Մի հեքիաթում դևը, կամ Աշմեդայը կամ Սախրը, խարդավանքով ձեռք է բերում մատանին և քառասուն օր կառավարում է Սողոմոնի փոխարեն: Իսկ մեկ այլ` Հերոդոտոսի գրքերում մեծապես հիշատակված Պոլիկրատեսի մատանու հեքիաթի տարբերակում, դևն ի վերջո նետում է մատանին ծովը, որը կուլ է տալիս ձուկը, որին բռնում է ձկնորսը և կատարվածից անտեղյակ` դրանով կերակրում է գահընկեց Սողոմոնին՝ վերականգնելով նրա իշխանությունը[11][Ն 2]:
Սողոմոնի կնիքի շուրջ լեգենդների ծագման տարեթիվը դժվար է հաստատել: Մոգական մատանու մասին լեգենդը, որով այն կրողը կարող էր կառավարել դևերին, արդեն հայտնի է եղել 1-ին դարում (Հովսեփոսը[4](8.2) պատմում է Եղիազարի մասին, ով նման մատանի է օգտագործել Վեսպասիանոսի ներկայությամբ), սակայն Սողոմոնի անվան կապը նման մատանու հետ, հավանաբար, միջնադարյան է, չնայած Սողոմոնի Կտակարանը` 2-րդ դարի ապոկրիֆային տեքստ է: Թալմուդի Gittin (էջ 68) տրակտատում կա մի պատմություն Սողոմոնի, Աշմեդայի մասին և Աստծո անվան փորագրությամբ մատանու մասին. Սողոմոնը մատանին և շղթան է տալիս Եհովիադայի (Jehoiada) որդի Բենայահուին (Benaiahu), որպեսզի բռնի դև Աշմեդային, որպեսզի դևից օգնություն ստանա տաճարը կառուցելու համար. Ավելի ուշ Աշմեդայը խաբեությամբ Սողոմոնից վերցնում է մատանին և կուլ տալիս այն[Ն 3]:
Կնիքի ձևավորման հստակեցումը որպես վեցագրամ, կարծես թե բխում է միջնադարյան արաբական ավանդույթից, և գիտնականների մեծ մասը ենթադրում է, որ խորհրդանիշը միջնադարյան Իսպանիայի կաբալիստական ավանդույթ է մտել արաբական գրականությունից[14]: Ընդհակառակը, հնգագրամով ներկայացնելը, թվում է, թե առաջացել է Վերածննդի մոգության արևմտյան ավանդույթում (որն իր հերթին կրել է միջնադարյան արաբական և հրեական օկուլտիզմի ուժեղ ազդեցությունը): Ուայթ Քենեթը (1660-1728) հղում է անում «Սողոմոնի հնգանկյունին», որն օժտված է դևերին դուրս մղելու ուժով[15]:
Հեքսագրամները նշանավոր են հրեական էզոթերիկ գրականության մեջ վաղ միջնադարյան ժամանակաշրջանից, և ենթադրվում է, որ Սողոմոնի կնիքի ավանդույթը կարող է իսլամից ավելի վաղ լինել և առաջացել է վաղ ռաբինական էզոթերիկ ավանդույթում կամ 3-րդ դարի Եգիպտոսում հելլենիստական հուդայականության վաղ ալքիմիայում[16]:
Կնիքը հաճախ հայտնվում է Իսպանիայի Գրանադայում գտնվող 17-րդ դարի կաթոլիկ Սակրոմոնտե աբբայության ձևավորման մեջ՝ որպես իմաստության խորհրդանիշ[17]: Սողոմոնի կնիքը հայտնաբերվել է նաև Պաղեստինում օսմանյան ժամանակաշրջանում, երբ այն փորագրվել է քարի վրա պատուհանների և դռների վերևում և մուսուլմանների գերեզմանների վրա: Մի քանի օրինակներ են հայտնաբերվել Երուսաղեմում, Սարիսի տներում և Յաֆայի գերեզմանների վրա[18]:

Թուրքիայի Երզնկա քաղաքում գտնվել է 1351 թվականի արծաթե դիրհամ Էրետնա սուլթանի պատվին: Այն ներառում է Սողոմոնի աստղ և «արդար սուլթան» (սուլթան ադիլ) հին ույղուրերեն մակագրություն[19]:
1874 թվականին ստեղծված Եթովպիական կայսրության բարձրագույն պարգևը եղել է «Սողոմոնի կնիքի շքանշան»[20]: Շքանշանը ստեղծվել է ի հիշատակ Սողոմոնի` Սողոմոնի դինաստիայի պնդմամբ (Եթովպական կայսերական տուն, որը պնդում է, որ ծագել է Սողոմոնից)[21]: Շքանշանով պարգևատրվել են այն մարդկանց, ովքեր աչքի են ընկել Եթովպական կայսրության օգտին արտասովոր ծառայություններով: 1930 թվականին կայսր Հայլե Սելասիեի որոշմամբ ստեղծվել է մեկ այլ շքանշան` Սողոմոնի շքանշանը, որպես Եթովպիայի բարձրագույն շքանշան:
Մատանու հրաշքներ և կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]
Սողոմոնին հաջողվել է մատանու միջոցով պղնձե անոթի մեջ կապել և կնքել 72 դև իշխանների՝ իրենց լեգեոնների հետ միասին։ Այնուհետև նա ղեկավարել է այս հոգիներին իր հայեցողությամբ: Ըստ լեգենդի՝ Սողոմոնին հաջողվել է հոգիներից շատ գաղտնի գիտելիքներ կորզել, որոնք կիրառել է իր կյանքում։ Այս կնիքի օգնությամբ Սողոմոնը արժանացել է շատերի ուշադրությանն ու բարի կամքին, կարողացել է հաղթել մարտերում և անվնաս մնալ։
Այս լեգենդների մեկնաբանությունների շատ հայտնի տեսակներ կան: Դրանցից մեկի համաձայն՝ մատանու վրա կար Աստծո անունն ու չորս քար, մյուսի համաձայն՝ այն ուներ խորհրդանիշ, որն այժմ հայտնի է որպես շրջանագծի մեջ առած «Դավթի աստղ»՝ իսկ գագաթների արանքում՝ կետեր կամ այլ նշաններ։ Օրինակ՝ վեց թերթիկներով վարդադրվագ ծաղիկներ՝ կենտրոնում յոթերորդ տարրով, որոնք հայտնաբերվել են Հին Միջագետքի, Եգիպտոսի և Հելլադայի զարդանախշերում։ Միջնադարում նրանք սկսել են կոչվել «յոթ շրջանաձև կնիք» և նույնպես կապված են Սողոմոնի կնիքի հետ։
Քրիստոնեության մեջ կնիքը մեկնաբանվում էր որպես «համաշխարհային պատմության յոթ դարերի» նշան, որը ղեկավարում էին Հրեշտակապետերը և կապված էր «յոթ մոլորակների» հետ: Միքայել հրեշտակապետը՝ որպես Արևի հրեշտակ, համարվում էր ղեկավար և ներկայացնում էր կնիքի կենտրոնի տարրը` եթերը (հինգերորդ տարրը): Մնացած վեց տարրերը գտնվում են նրա շուրջը։

Իսլամական աշխարհում շրջանի մեջ առած վեցաթև աստղը շրջանաձև կետերով համարվում է իմաստության խորհրդանիշ և տեղադրվում է կենցաղային իրերի ու ինտեիերի վրա։ Մարոկկոյում, օրինակ, Սողոմոնի կնիքը դրվել է մետաղադրամների վրա։ Մեր օրերում Դավթի աստղը և Սողոմոնի կնիքը երբեմն համարվում են մեկ խորհրդանիշ։
Շատ միստիկներ գտել և շարունակում են գտնել «թաքնված կնիքը», որը քողարկված է արվեստի բազմաթիվ գործերում՝ միջնադարյան և վերածննդի ժամանակաշրջանների խորանի նկարներում, արձաններում, գծագրերում և փորագրություններում: Յոթ շրջաններով կնիքի պատկերները կարելի է տեսնել լաբիրինթոսների կենտրոնում, օրինակ՝ Շարտրի տաճարի լաբիրինթոսում: Սողոմոնի կնիքի միստիկական նշանակությունը կապված է նաև Երուսաղեմում Սողոմոնի տաճարի կառուցման (Ելք 25:31) մասին լեգենդի հետ[22]:
Այլ ավանդույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսլամական մշակույթում Սողոմոն թագավորի կնիքը հայտնի է որպես Սուլեյման մարգարեի կնիք կամ մատանին («Մուհր-ի Սուլեյման» կամ «Խաթամ-ի Սուլեյման»): Ըստ լեգենդի՝ մատանու օգնությամբ Սուլեյմանը ղեկավարել է կենդանիներին և ջիներին։ Երբ նա գնում էր լվացվելու, հանում էր մատանին և տալիս կամ իր վեզիր Ասաֆին, կամ իր կնոջը՝ Ամինային։ Այդ ժամանակ նա կորցնում էր իր զորեղությունը:
Մի օր, երբ Սուլեյմանը մատանին տալիս է իր կնոջը, ջինը (իֆրիտ կամ դև) առնում է թագավորի կերպարանքը և վերցնում մատանին: Երբ թագավորը խնդրում է վերադարձնել մատանին, նրան հայտարարում են ինքնակոչ խաբեբա և վտարում պալատից։ Սուլեյմանը սկսում է ապրել ծովափնյա քաղաքում՝ ձկնորսների համար որպես բեռնակիր աշխատելով։ Որպեսզի մատանին չընկնի ուրիշի ձեռքը, 40 տարի անց դևն այն նետում է ծովը, բայց կենդանիներն ու ջիներն անմիջապես ապստամբում են նրա դեմ՝ պատառ-պատառ անելով խաբեբային։ Այդ ժամանակ ձկնորսը, ում համար աշխատել էր Սուլեյմանը, նրան ձուկ է տալիս որպես վճար։ Երբ երեկոյան, ցանկանալով եփել այն ընթրիքի համար, Սուլեյմանը կտրում է ձկան փորը, գտնում է իր մատանին, դնում է մատին և գնում պալատ։ Դրանից հետո նա ապրում է իր նախկին կյանքով և ավարտում իր մարգարեական առաքելությունը[23]:
Այս լեգենդի հիման վրա մուսուլմանական աշխարհում տարածված ասացվածք կա. «Ով ունի կնիք, նա էլ Սուլեյմանն է»:
Իսլամական էսխատոլոգիայում կա Երկրի գազանի` Դաբբատ ալ-արդ (արաբ․՝ دابّة من الأرض, ըստ Ղուրանի) անունով կերպար, որը գետնից դուրս է գալու Դատաստանի վերջին օրը կանխելու։ Նա Մովսեսի գավազանով սպիտակ կետ կդնի արդարների դեմքին, իսկ Սուլեյմանի մատանու օգնությամբ սև կետով կկնքի անհավատների ու մեղավորների քիթը։ Աստիճանաբար կետերը կմեծանան, և արդարների դեմքերը կդառնան սպիտակ, իսկ մեղավորների դեմքերը կսևանան[23][24][25]:
Վեքսիլոլոգիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեցթև աստղը, որը կապված էր Իսրայելի միացյալ պետության թագավոր Դավթի հետ, միջնադարում սկսեց հայտնվել որպես հուդայականության խորհրդանիշ։ Այն որպես այդպիսին առաջին անգամ օգտագործել է Պրահայի հրեական համայնքը 14-րդ դարում[23]։ 1354 թվականին Բոհեմիայի թագավոր Կառլոս IV-ը Պրահայի հրեաների համար սահմանել էր կարմիր դրոշ, որի վրա Դավթի վահան և Սողոմոնի կնիք էր պատկերված: Մինչդեռ 15-րդ դարում հրեաները Հունգարիայի թագավոր Մատյաշին դիմավորել են կարմիր դրոշով, որի վրա պատկերված էր երկու պենտագրամ՝ երկու ոսկե աստղերով[26]:
Հետագայում այն սկսել է պատկերվել հրեական այլ համայնքների դրոշների և վիմպելների վրա՝ որպես քրիստոնեական խաչի հակադրվող նշան[23]: Մեր օրերում խորհրդանիշը ձեռք է բերել աշխարհիկ հարթություն՝ որպես Թեոդոր Հերցլի սիոնիստական կազմակերպության խորհրդանիշ և Իսրայել պետության դրոշ[23]։ Հեքսագրամը կամ Դավթի աստղը, որը ժամանակակից ժամանակաշրջանում դարձել է հուդայականության խորհրդանիշ և առկա է Իսրայելի դրոշի վրա 1948 թվականից, հիմքում 14-րդ դարի Սողոմոնի կնիքի պատկերներն են:
Մարոկկոյի ներկայիս դրոշի հնգագրամը ներկայացնում է Սողոմոնի կնիքը[27], ինչպես նաև իսլամի հինգ սյուները[28]:
Հայրեդին Բարբարոսա փաշայի դրոշի վրա Սողոմոնի կնիքն է պատկերված եղել զուլֆիքար սրի շեղբերների միջև[29]:
-
Պրահայի հրեական համայնքի պատմական դրոշը
-
Եթովպական կայսերական դրոշ (դիմերես)
-
Բրիտանական Նիգերիայի դրոշ (1914–1960)
-
1948 Իսրայելի դրոշ
Ժողովրդական մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիպման Մովսես Բյուշենթալը (մահացել է 1818 թվականին) գրել է ողբերգություն՝ Der Siegelring Salomonis («Սողոմոնի կնիքով մատանին») վերնագրով[30]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սինդրիկ, Polygonatum multiflorum, «Սողոմոնի կնիք» անունով բույս շուշանազգիների ընտանիքից
- Սիգիլ
- Դավթի աստղ
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հին հույներն անվանել են պենտագրամը «պենտալֆա», որը նշանակում է «հինգ ալֆա», քանի որ խորհրդանիշը կարող է բաժանվել հինգ մեծատառ ալֆայի։
- ↑ «Սողոմոնը իշխանություն ունի ոգիների, կենդանիների, քամու և ջրի վրա, որոնք բոլորը հնազանդվում են նրա հրամանին չորս թանկարժեք քարերով մոգական մատանու միջոցով, քարեր նրան տվել էին հրեշտակները, որոնք իշխանություն ունեին այս չորս թագավորությունների վրա: [...] Սողոմոնի սովորությունն էր հանել մատանին, երբ պատրաստվում էր լվացվել, և տալիս էր այն իր կանանցից մեկին` Ամինային, որպեսզի բռներ այն:
- ↑ «Այն ժամանակ Սողոմոնն այնտեղ ուղարկեց Հովիդայի որդի Բենայահուին, տալով նրան մի շղթա, որի վրա փորագրված էր [Աստվածային] անունը, և մի մատանի, որի վրա փորագրված էր անունը և ոչխարի գեղմ ու գինու տիկեր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Eliphas Lévi. Dogme et rituel de la haute magie (French). H. Baillère.
{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ page 838 «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2025 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Flag of Nigeria | Britannica». www.britannica.com (անգլերեն).
- ↑ 4,0 4,1 Josephus. Antiquitates Judaicae.
- ↑ Sefer HaRazim. 6, 16–29.
- ↑ «Gittin». Babylonian Talmud. 68 a-b.
- ↑ «The Testament of Solomon. Of the sage Solomon». www.esotericarchives.com. Վերցված է 2025 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Scholem, Gershom (1971). «The Star of David: History of a symbol». The Messianic Idea in Judaism and Other Essays on Jewish Spirituality. Translated by Meyer, Michael A. New York, NY: Schocken Books. էջ 264.
- ↑ Graham, Lloyd D. (2012), The Seven Seals of Judeo-Islamic Magic: Possible Origins of the Symbols, Վերցված է 2025 թ․ հունվարի 4-ին
- ↑ Schaefer, Karl R. (2022). «The Material Nature of Block Printed Amulets: What Makes Them Amulets?». Amulets and Talismans of the Middle East and North Africa in Context. Brill. էջեր 180–208.
- ↑ 11,0 11,1 «Solomon». Jewish Encyclopedia.
- ↑ Qadi Baydawi; Abū Jaʿfar Muḥammad ibn Jarīr ibn Yazīd al-Ṭabri. De Goeje, — (ed.). History of the Prophets and Kings / "Annales". i. 592 et seq; ii. 187.
{{cite book}}: Text "Naṣir ad-Din al-Baiḍawi" ignored (օգնություն) - ↑ «Gittin 68». Halakhah. Translated by Simon, M.
- ↑ Leet, Leonora (1999). «The hexagram and Hebraic sacred science». The Secret Doctrine of the Kabbalah. Inner Traditions / Bear & Co. էջեր 212–217. ISBN 9780892817245.
- ↑ «Solomon, seal of». Jewish Encyclopedia.
- ↑ Leet, Leonora (1999 թ․ օգոստոս). The Secret Doctrine of the Kabbalah: Recovering the key to Hebraic sacred science. Inner Traditions / Bear & Co. էջ 212. ISBN 978-0-89281-724-5.
- ↑ «¿Sabes que significa la Estrella de David?». Abadía del Sacromonte (իսպաներեն). 2019 թ․ մայիսի 20. Վերցված է 2023 թ․ հունվարի 16-ին.
- ↑ Baldensperger, Philip J. (1893 թ․ հուլիսի 1). «Peasant Folklore of Palestine». Palestine Exploration Quarterly. 25 (3): 203–219. doi:10.1179/peq.1893.25.3.203. ISSN 0031-0328.
- ↑ Peacock, Andrew Charles Spencer (2019 թ․ հոկտեմբերի 17). Islam, Literature and Society in Mongol Anatolia. Cambridge University Press. էջ 182. doi:10.1017/9781108582124. ISBN 9781108499361. OCLC 1124923987.
- ↑ «The Order Of Solomon's Seal | The Crown Council Of Ethiopia». ethiopiancrown.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Solomonid Dynasty. Ethiopian history». www.britannica.com (անգլերեն). 2025 թ․ հունվարի 8. Վերցված է 2025 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Соломона печать — Словарь изобразительного искусства — Яндекс.Словари». web.archive.org. 2012 թ․ հուլիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2025 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ 23,0 23,1 23,2 23,3 23,4 «Шестиконечная звезда — печать пророка Сулеймана». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ Коран 27:82 с комментариями(չաշխատող հղում)
- ↑ Anthony, Sean (2011). The Caliph and the Heretic: Ibn Saba' and the origins of Shi'ism. BRILL. էջ 220. ISBN 9789004216068.
- ↑ Schwandtner (1901). «Scriptores Rerum Hungaricarum». In Friedmann, M. (ed.). Seder Eliyahu Rabbah ve-Seder Eliyahu Ztṭa (facsimile). Vienna, Austria. ii. 148.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ page 838 «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2025 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «History, Meaning, Color Codes & Pictures Of Morocco flag». The Flager (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ սեպտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 18. Վերցված է 2022 թ․ հունվարի 27-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ 29,0 29,1 Post, The Casbah (2019-05-20). «Drapeaux d'Algérie: tissages d'une histoire». The Casbah Post (ֆրանսերեն). Վերցված է 2025-02-23-ին.
- ↑ Lippmann Moses Büschenthal. «Der Siegelring des Salomo». Berlin. 1820. Ողբերգություն հինգ գործողությամբ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սողոմոն թագավորի կնիք» հոդվածին։ |
|