Սնոուբորդ (սպորտաձև)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սնոուբորդ
Տեսակձմեռային մարզաձև, boardsport? և օլիմպիական մարզաձև
 Snowboarding Վիքիպահեստում

Ձնասահք, սնոուբորդ, սնոուբորդինգ (անգլ.՝ Snowboarding, անգլ.՝ snow՝ ձյուն և անգլ.՝ board՝ տախտակ), ձմեռային օլիմպիական սպորտաձև, որի էությունը ձյունապատ լանջերից ու լեռներից հատուկ հարմարանքով՝ սնոուբորդով դեպի ներքև սահելն է։ Ի սկզբանե այն ձմեռային սպորտաձև էր, չնայած առանձին էքստրեմալներ այն հարմարեցրել են ամռանը՝ սնոուբորդով սահելով ավազոտ լանջերի վրա (սենդբորդինգ

Քանի որ հաճախ սնոուբորդով սահքը անցկացվում է անպատրաստ լանջերին և մեծ արագությամբ, վնասվածքներից պաշտպանվելու համար օգտագործվում է տարատեսակ հանդերձանք՝ լեռնադահուկային սաղավարտ, հոդերի, ձեռքերի, ոտքերի և մեջքի պաշտպանություն։

1998 թվականին Նագանոյի ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ սնոուբորդը առաջին անգամ ներառվեց օլիմպիական ծրագրի մեջ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնոուբորդի հայտնագործումը վերագրվում է 1960-ականների սկզբին։ 1965 թվականին Շերման Պոպենը՝ Մասկիգոն քաղաքից (Միչիգան), մտածեց և դստեր համար պատրաստեց ժամանակակից սնոուբորդի նմանակը՝ անվանելով սնյորֆեր (snurfer - անգլ.՝ snow՝ «ձյուն» և անգլ.՝ surf` «սյորֆ»)։ Նա միմյանց սոսնձեց երկու դահուկ։ Իր կառուցվածքով սնյորֆերը շատ նման էր սքեյթբորդին, միայն առանց անիվների։ Սնյորֆերը ամրակներ չուներ, և տախտակի վրա մնալու համար սահողը պետք է բռնվեր եզրին կապված պարանից։ Նաև խորհուրդ էր տրվում սահքի համար օգտագործել չսահող կոշիկներ։ Արդեն 1966 թվականին սկսվեց սնյորֆերի՝ որպես մանկական խաղալիքի արտադրությունը[1]։

Հաջորդ տարիների ընթացքում այս սպորտաձևն ավելի մեծ ճանաչում ստացավ։ Դրա կատարելագործման գործում մեր ներդրում ունեցան Դմիտրի Միլովիչը, Ջեյք Բյորթնը («Burton Snowboards» ընկերության հիմնադիր), Թոմ Սիմը («Sims Snowboards» ընկերության հիմնադիր) և Մայք Օլսոնը («Mervin Manufacturing» ընկերության հիմնադիր)։ ԱՄՆ-ի արևելյան ծովափնյա սյորֆեր Դիմիտրի Միխայլովիչը 1972 թվականին հիմնեց սնոուբորդի արտադրության «Winterstick» ընկերությունը, որը արդեն երեք տարի անց հիշատակվեց «Newsweek» ամսագրում։ «Winterstick» տախտակները ժառանգել էին սյորֆինգի և դահուկների կառուցողական սկզբունքները[1]։

1979 թվականին Միչիգան նահանգում՝ Գրենդ Ռեփիդս քաղաքից ոչ հեռու, անցկացվեց պատմության մեջ սյորֆինգի աշխարհի առաջին առաջնությունը։ Այդ մրցակցությանը մասնակցում էր նաև Ջեյք Օբերտոնը, ով կատարելագործել էր սնոուբորդը՝ ավելացնելով ոտքերի համար ամրություններ։ Այդպիսի կատարելագործումը բողոք առաջացրեց մյուս մասնակիցների շրջանում, քանի որ նրա կառուցվածքը տարբերվում էր բնօրինակից։ Սակայն Փոլ Գրեյվսը՝ այն ժամանակվա լավագույն սպինինգիստը, մյուս մարզիկների հետ միասին կազմակերպիչներին համոզեց թույլատրել նրա մասնակցությունը մրցույթին։ Արդյունքում ստեղծվեց առանձին մրցույթ, որում Բյորթնը հաղթանակ տարավ՝ լինելով միակ մասնակիցը։ Ներկայումս այդ առաջնությունը ընդունված է համարել առաջինը սնոուբորդների մրցակցության պատմության մեջ՝ որպես ինքնուրույն ճյուղ[1]։

1982 թվականին Սայդ Իքս վայրում (Վուդսթոք քաղաքից ոչ հեռու՝ Վերմոնտ նահանգ) անցկացվեցին ԱՄՆ-ի սլալոմի առաջին համազգային մրցումները։ 1983 թվականին Կալիֆորնիա նահանգի Սոդա Սփրինգս քաղաքում տեղի ունեցավ հաֆփայփի աշխարհի առաջին առաջնությունը։ Կազմակերպիչներն էին Թոմ Սիմսը և Մայք Չանտրին՝ սնոուբորդի տեղի հրահանգիչը[1]։

Սնոուբորդի հանրաճանաչության աճը հանգեցրեց դրա՝ որպես ձմեռային սպորտաձևի պաշտոնական ճանաչմանը. 1985 թվականին ավստրիական Ցյուրս լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցավ աշխարհի առաջին գավաթը։ Դրանից մեկ տարի առաջ մրցույթի ընդհանուր կանոնների մշակման և կազմակերպման համար ստեղծվել էր Սնոուբորդի միջազգային ասոցիացիան (ISA)[1]: 1990-ական թվականների կեսերին միջազգային օլիմպիական կոմիտեն որպես սնոուբորդի պաշտոնական ղեկավար մարմին ճանաչեց Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան։ Այդ պատճառով 1990-ականների կեսերից սկսած՝ բոլոր խոշոր միջազգային մրցումները սկսեցին անցկացվել Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի կանոններով և դրա հովանու ներքո[2]։

Ներկայումս սնոուբորդը, որպես սպորտաձև, ունի իր կայուն տեղը։ Սնոուբորդի բնագավառում անցկացվում են բարձր մակարդակի բոլոր մրցությունները՝ Օլիմպիական խաղեր, Սնոուբորդի աշխարհի առաջնություն, Սնոուբորդի աշխարհի գավաթ, X-Games, US Open և այլն։ Այդ խաղերը հեռուստատեսությամբ ցուցադրվում են ամբողջ աշխարհում։ Լեռնադահուկային շատ հանգստավայրեր ստեղծում են հատուկ սնոուբորդ-այգիներ՝ ձյունե կառույցներ սնոուբորդով (և դահուկներով) հնարային սահքի համար[1]։

Սպորտային կարգապահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնապես ճանաչված ճյուղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզիկ, 2012 թվականի Աշխարհի գավաթի մոսկովյան փուլ
Սնոուբորդ-կրոս
Հաֆփայփ

Գոյություն ունեն սնոուբորդի հետևյալ սպորտային ճյուղերը[3][4], որոնց վերաբերյալ անցկացվում են ամենաբարձր մակարդակի մրցումներ (Օլիմպիական խաղեր, Սնոուբորդի աշխարհի առաջնություն, Սնոուբորդի աշխարհի գավաթ)․

  • զուգահեռ սլալոմ (PSL)` համարվում է 2014 թվականի օլիմպիական խաղերի օլիմպիական ուղղություն, իսկ 2015 թվականին գործադիր կոմիտեի որոշմամբ հեռացվեց ցանկից[5],
  • զուգահեռ հսկայական սլալոմ (PGS)` օլիմպիական ուղղություն է՝ սկսած 2002 թվականի Ձմեռային խաղերից,
  • սնոուբորդ-կրոսս (SBX)` օլիմպիական ուղղություն է՝ սկսած 2006 թվականի Ձմեռային խաղերից,
  • հաֆփայփ (HP)` օլիմպիական ուղղություն է՝ սկսած 1998 թվականի Ձմեռային խաղերից,
  • սլոուփսթայլ (SBS)` օլիմպիական ուղղություն է՝ սկսած 2014 թվականի Ձմեռային խաղերից,
  • բիգ-էյր (BA)` ներառվել է 2018 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրում[5]։

Չճանաչված ճյուղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիբբինգ-հնարքները ևս հանդիսանում են սնոուփսթայլի մի մասը

Ներկայումս լայն տարածում են գտել ջիբբինգի մրցումները, բայց այս ուղղությունները դեռևս ընդգրկված չեն Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի (FIS)[6] կամ ՌԴ-ի ճանաչված սպորտաձևերի ցանկում[7], ուստի չունի գնահատման միասնական կանոններ և չափանիշներ։

Սնոուբորդի ուղղություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոշտ սնոուբորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոշտ սնոուբորդ (անգլ.՝ alpine) - ուղղություն, որի հիմքը սարից տեխնիկական վայրէջքն է․

  1. քարվինգ՝ իր բոլոր տարատեսակներով,
  2. մրցավազքային տեխնիկաներ՝ ուղղված լեռնադահուկային շավիղն առավելագույն արագությամբ անցնելուն։

Հետևյալ ուղղության տեխնիկաները օգտագործվում են այս ճյուղերում.

  • զուգահեռ սլալոմ,
  • զուգահեռ հսկայական սլալոմ,
  • սնոուբորդ - կրոսս։

Ֆրիսթայլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր մեջ ներառում է տեխնիկաներ՝ ուղղված հետևյալ հնարքների կատարմանը.

  1. ցատկ հարթակի վրա,
  2. սահք տարբեր շինությունների օգտագործմամբ՝ աստիճաններ, բազրիք, նստարաններ, պատնեշներ (այն ամենը, ինչի վրայով կարող է սահել սնոուբորդը)[8],
  3. հնարքների տեխնիկա զառիվայրի մակերևույթին,
  4. խոչընդոտների հաղթահարում։

Ֆրիսթայլի տեխնիկան օգտագործվում է հետևյալ ճյուղերում․

  • սնոուբորդ-կրոսս,
  • հայփայփ,
  • սլոուփսթայլ,
  • բիգ-էյր,
  • ջիբբինգ։

Ֆրիրայդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրիրայդ - սնոուբորդի ուղղություն, որը ենթադրում է ազատ սահք՝ չսահմանափակված պատրաստված զառիվայրերով և այգիներով, առանց խիստ սահմանված երթուղու, նպատակակետի և կանոնների։ Գոյություն ունեն կազմակերպություններ, որոնք կազմակերպում են արտագնա մրցակցություններ ֆրիրայդի տարրերով, օրինակ՝ սահք առանց նախօրոք փորձարկված երթուղու։

Պարա-սնոուբորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարա-սնոուբորդ կամ հարմարեցված սնոուբորդ - սա սնոուբորդի փոփոխված տարբերակն է ֆիզիկական սահմանափակումներ ունեցող մարդկանց համար հարմարեցված կանոններով, հարմարանքներով և տեխնիկական նորմերով, որպեսզի նրանք հնարավորություն ունենան զբաղվելու այս սպորտաձևով՝ ժամանցային և մրցութային մակարդակներում։ 2014 թվականին ներառվել է ձմեռային պարալիմպիկ խաղերի ծրագրի մեջ։

Անվտանգություն և նախազգուշական միջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես և շատ ձմեռային սպորտաձևեր, սնոուբորդը նույնպես պարունակում է ռիսկեր առողջության համար[9]։

Վնասվածության մակարդակը կազմում է մեկ օրում հազար մարդու համար չորսից վեցը, ինչը մոտավորապես երկու անգամ ավելի է լեռնադահուկային սպորտի վնասվածության մակարդակից[10]։ Վնասվածքների մեծ մասը բաժին է ընկնում սկսնակներին, հատկապես նրանց, ովքեր նախընտրում են սովորել ինքնուրույն։ Բոլոր վնասվածքների քառորդը բաժին է ընկնում այն ռայդերներին, ովքեր առաջին անգամ են կանգնում սնոուբորդի վրա, իսկ բոլոր վնասվածքների կեսը բաժին է ընկնում այն մարդկանց, ովքեր ունեն մեկ տարվանից քիչ սահքի փորձ։ Փորձառու ռայդերները հազվադեպ են վնասվում, բայց նրանց ստացած վնասվածքները սովորաբար ավելի ծանր են լինում[11]։

Վնասվածքների երկու երրորդը բաժին է ընկնում մարմնի վերին մասին, իսկ մեկ երրորդը՝ ներքին մասին, ինչն էլ տարբերակում է սնոուբորդը լեռնադահուկային սպորտից, որտեղ վնասվածքների երկու երրորդը ընկնում է մարմնի ներքևի մասին։ Մարմնի ամենաշատ վնասվող մասը դաստակն է. բոլոր սնոուբորդային վնասվածքների մոտ 40%-ը դաստակի վնասվածքներ են, իսկ սնոուբորդային բոլոր վնասվածքների 24%-ը՝ դաստակի կոտրվածք[11]։ Ամեն տարի ամբողջ աշխարհում տեղի է ունենում սնոուբորդիստների դաստակների շուրջ 100 000 կոտրվածք[12]։ Այդ պատճառով դաստակների պաշտպանության օգտագործումը խիստ հանձնարարվում է։ Հաճախ դրանք պարտադիր են սկսնակների խմբերում, քանի որ դրանց օգտագործումը երկու անգամ նվազեցնում է դաստակի վնասվածքի ստացումը[13]։ Սնոուբորդիստների համար շատ կարևոր է նաև սովորել ճիշտ ընկնել՝ կանգնելու համար չօգտագործելով ուղիղ ձեռքերը, քանի որ 90 աստիճանով ծալված դաստակը մեծացնում է կոտրվածքի հավանականությունը։ Դաստակի վնասվածքի կանխարգելման համար կարևոր է դրա մարզումը։

Դահուկորդների համեմատությամբ սնոուբորդիստների մոտ գլխի վնասվածք ստանալու ռիսկը երկուսից վեց անգամ ավելի բարձր է։ Խորհուրդ է տրվում օգտագործել սաղավարտ, ինչպես նաև աչքերի պաշտպանություն (որոնք կարող են վնասվել ինչպես ֆիզիկապես, այնպես էլ ինտենսիվ անդրադարձած ուլտրամանուշակագույն ճառագայթներից)[14][15]։

Ի տարբերություն դահուկային հարմարանքների՝ բոլոր սնոուբորդային հարմարանքները այնպես են նախագծված, որպեսզի չմասնատվեն ընկնելու ժամանակ։ Ոտնաթաթերի ֆիքսված դիրքը նվազեցնում է վնասվածքների թիվը, օրինակ՝ ծնկի վնասվածքի տոկոսայնությունը սնոուբորդի վրա 15% է՝ ի տարբերություն դահուկների՝ 45%: Ծնկին բնորոշ է հոդերի վնասվածքը, իսկ կոտրվածքները հազվադեպ են լինում[11]։ Սրունքի կոտրվածքները նույնպես հազվադեպ են լինում՝ մոտ 20% պակաս կրունկի և ոտնաթաթի վնասվածքից։ Կոճոսկրի կոտրվածք լինում է ավելի հազվադեպ, քան մյուս սպորտաձևերում, և կազմում է սնոուբորդային վնասվածքների 2%-ը[11]։ Ծնկների պաշտպանության համար օգտագործում են հատուկ պաշտպանություն, որը նաև միավորված է լինում սրունքի պաշտպանության հետ։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնոուբորդինգի դժվարությունն ու առանձնահատկությունն արտացոլվում է դրա մասին որակյալ ֆիլմերի նկարահանման դժվարության մեջ։ Գոյություն ունեն մասնագիտացված կինոընկերություններ, որոնք աշխատում են այդ ուղղությամբ.

  • Absinthe Films
  • Brain Farm
  • Isenseven
  • Mack Dawg Productions
  • Pirate Movie Production
  • StereoTactic (Ռուսաստան)

Ֆիլմեր սնոուբորդի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սնոուբորդի ակադեմիա[16] (1996)
  • Թռիչքի արվեստը 3D[17] (2011)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 История сноуборда (рус.). Федерация горнолыжного спорта и сноуборда России. Проверено 21 августа 2014
  2. «ИСФ или ФИС?». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  3. В соответствии с правилами ФИС 2014 года.
  4. «ADVERTISING RULES 2013/14 SNOWBOARD» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  5. 5,0 5,1 Олимпийский комитет России: Параллельный слалом в сноуборде исключён из программы Олимпийских зимних игр
  6. Snowboard - FIS-SKI
  7. «Спорт высших достижений — Министерство спорта Российской Федерации». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  8. «Фрирайд, фристайл, джиббинг и другие виды сноубординга». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  9. Snowboarding Safety & Guidelines @ ABC-of-Snowboarding Արխիվացված 2012-07-21 archive.today
  10. Roberts, William O. (2004 թ․ փետրվար). Bull's Handbook of Sports Injuries. McGraw-Hill Medical. էջ 550. ISBN 0071402918.
  11. 11,0 11,1 11,2 11,3 Roberts, William O. (2004 թ․ փետրվար). Bull's Handbook of Sports Injuries. McGraw-Hill Medical. էջ 555. ISBN 0071402918.
  12. Snowboarding Injuries — Wrist Fractures @ ABC-of-Snowboarding Արխիվացված 2012-07-17 archive.today
  13. Roberts, William O. (2004 թ․ փետրվար). Bull's Handbook of Sports Injuries. McGraw-Hill Medical. էջ 556. ISBN 0071402918.
  14. Peterson, Lars; Renstrom, Per (2001 թ․ փետրվար). Sports Injuries, Their Prevention and Treatment. Martin Dunitz. էջ 464. ISBN 1853171190.
  15. Выбор горнолыжных очков @ ski-school.ru
  16. Սնոուբորդի ակադեմիա (Video 1996) - IMDb
  17. Թռիչքի արվեստը 3D (2011) - IMDb

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ФГССР - Ռուսաստանի լեռնադահուկային սպորտի և սնոուբորդի ֆեդերացիայի պաշտոնական կայք
  • Все о сноуборде. "Фанат спорта" սպորտային պորտալը՝ սնոուբորդի մասին
  • Сноубординг(չաշխատող հղում) | Պատմություն, սնոուբորդի ընտրություն, սահելու ոճեր
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սնոուբորդ (սպորտաձև)» հոդվածին։