Սյուզի Քուատրո
Սյուզի Քուատրո | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Suzi Quatro |
Ծնվել է | հունիսի 3, 1950[1][2] (69 տարեկան) Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[1] |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ ռոք և գլեմ ռոք |
Մասնագիտություն | կիթառահար, երգչուհի, հեղինակ-կատարող, երաժիշտ, դերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և ռադիոհաղորդավար |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | բաս կիթառ, կիթառ և վոկալ |
Լեյբլ | Arista Records, Bell Records և Mercury Records |
Ամուսին | Len Tuckey? |
Կայք | suziquatro.com |
Suzi Quatro Վիքիպահեստում |
Սյուզի Քուատրո (անգլ.՝ Suzi Quatro, ամբողջական անունը` Սյուզան Քեյ Քուատրո, անգլ.՝ Susan Kay Quatro, ծնվ. հունիսի 3, 1950[1][2], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[1]), ամերիկյան ռոք-երգչուհի, երգահան, երաժիշտ (բաս-կիթառ և ստեղնաշարային), պրոդյուսեր, դերասանուհի և ռադիոհաղորդավար: 1970-ական թվականներին հսկայական հաջողություն է ունեցել Եվրոպայում, մասնավորապես Մեծ Բրիտանիայում, ինչպես նաև Ավստրալիայում: Թողարկել է հիթերի շարք, որոնց ընդհանուր տպաքանակը ավելի քան 45 միլիոն է:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սյուզի Քուատրոն ծնվել է իտալական ծագումով ամերիկյան ջազային երաժիշտ Առտ Քուատրոյի և հունգարուհի Հելեն Շանիշլաի ընտանիքում: Հայտնի է, որ նրա հայրական պապը, 1901 թվականին գալով ԱՄՆ, կրում էր Քուատրոկիո ազգանունը, որը կրճատելով դարձրել էր Քուատրո` ազգանվան արտասանությունը հեշտացնելու համար: Սյուզիի մանկությունն անցել է Գրոս-Փոյնթ թաղամասում ` լճափից ոչ հեռու:
Առտ Քուատրոն աշխատում էր «Ջեներալ Մոթորս» կազմակերպության գործարանում, իսկ ազատ ժամանակն անց էր կացնում Art Quatro Trio երաժշտական խումբը ղեկավարելով: Հոր շնորհիվ էլ ութամյա Սյուզին առաջին անգամ բարձրացել է բեմ և սկսել կոնգա նվագել: Շուտով նա սկսել է դաշնամուր նվագել, իսկ 14 տարեկանում կանացի Pleasure Seekers խմբի մասնակիցներից էր, որի կազմում էին նաև քույրերը` Առլինն ու Պետտին: Այդ խումբը մշտապես ելույթներ էր ունենում Դետրոյթի երիտասարդական Hideout ակումբում: 1966 թվականին Pleasure Seekers խումբը թողարկեց «Never Thought You’d Leave Me» և «What a Way to Die» սինգլները: Որոշակի հաջողություն ունենալով, Քուատրոն և քույրերը ձայնագրեցին «Light of Love» երգը, համերգային շրջագայություններով հանդես եկան ԱՄՆ-ում և ելույթ ունեցան Վիետնամում գտնվող ամերիկյան զորքերի առջև:
Շուտով Առլինը երեխա ունեցավ և դուրս եկավ խմբից, իր տեղը զիջելով իրենց երրորդ քրոջը` Նենսիին, որից հետո խումբը փոխեց անվանումը և դարձավ Cradle: Սյուզիի եղբայրը` Մայքլ Քուատրոն դարձավ խմբի մենեջերը: Որոշ ժամանակ անց Սյուզիի վրա ուշադրություն դարձրեց պրոդյուսեր Միքի Մոուստը և առաջարկեց սոլո-կարիերա` պայմանագիր կնքելով իր սեփական RAK Records ձայնագրման ստուդիայի հետ: Դրանից հետո Cradle խումբը լուծարվեց:
1971 թվականին Միքի Մոուստի առաջարկով Սյուզին մեկնեց Անգլիա: Այնտեղ ձայնագրեց իր առաջին «Rolling Stone» սինգլը, որը բացի Պորտուգալիայից, ոչ մի տեղ հաջողություն չունեցավ: Այդ ժամանակ Մոուստը Սյուզիին ծանոթացրեց երգահաններ Մայք Չեպմենի և Նիկի Չինի հետ: Այդ ծանոթության արդյունքը բավականին տպավորիչ էր, քանի որ «Can the Can» երգը միանգամից դարձավ հանրաճանաչ և գրավեց բրիտանական, ճապոնական և ավստրալական հիթ-շքերթների առաջին հորիզոնականը: Միքի Մոուստի առաջարկով Slade խումբը Սյուզիին ընդգրկեց իր կազմի մեջ: Սյուզիի երկրորդ հիթը «48 Crash» երգն էր:
Երգերի մի մասը գրում էր անձամբ Սյուզին` կիթառահար Լենի Տակիի հետ միասին, սակայն հիմնական հիթերի հեղինակը Չին-Չեպմեն ստեղծագործական զույգն էր: 1974 թվականին Սյուզի Քուատրոն համերգներով հանդես եկավ Ավստրալիայում: Սակայն, մինչև 1970-ական թվականների վերջը, Սյուզին ԱՄՆ-ում դեռևս անհայտ էր, չնայած, որ ԱՄՆ-ում համերգներ էր տվել Էլիս Կուպերի հետ միասին: Այնուհետև հաջորդեցին «Daytona Demon» (1973) և «Devil Gate Drive» (1974) սինգլները, որոնք տարածվեցին միլիոնից ավել տպաքանակով: «Quatro» (1974) ալբոմին հաջորդեցին «Your Mama Won’t Like Me» (1975) և «Aggro Phobia» (1976) ալբոմները: «If You Knew Suzi…» (1978) ալբոմով երգչուհին ի հայտ եկավ առավել «հասուն» հնչողությամբ, որը մոտ էր սոֆթ-ռոքին: Այդ ալբոմի «Stumblin' In» սինգլը Քրիս Նորմանի հետ զուգերգն էր, որը երգչուհուն բերեց առաջին ճանաչումը ԱՄՆ-ում: Սյուզիին էլ ավելի հանրաճանաչ դարձրեց մասնակցությունը «Happy Days» սիթքոմում:
Սյուզի Քուատրոն նկարահանվել է բրիտանական երկու հեռուստասերիալում: 1986 թվականին գլխավոր դերով հանդես է եկել լոնդոնյան «Annie Get Your Gun» ներկայացումում: 2000-ական թվականներին վարել է BBC Radio 2 հեղինակային ռադիոհաղորդման «Rockin' with Suzi Q» ծրագիրը:
Սյուզի Քուատրոն ռոքի պատմության մեջ առաջին կինն էր, ով հավաքել էր միայն տղամարդկանցից կազմված իր խումբը և ղեկավարում էր այն:
Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]
1978 թվականին Սյուզի Քուատրոն ամուսնացել է իր խմբի կիթառահար Լենի Տակիի հետ: Նրանք ունեցել են երկու երեխա` մեկ դուստր և մեկ որդի: 1992 թվականին ամուսնալուծվել են: 1993 թվականին Սյուզին ամուսնացել է գերմանացի համերգային կազմակերպիչ Ռայներ Հասի հետ:
Սյուզիի հարազատ եղբայրը` Մայքլ Քուատրոն նույնպես երգիչ և երաժիշտ է, իսկ քրոջ` Առլինի դուստրը, դերասանուհի Շերիլին Ֆենն է:
Երաժշտական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1973 - Suzi Quatro
- 1974 - Quatro
- 1975 - Your Mama Won’t Like Me
- 1976 - Aggro-Phobia
- 1977 - Live And Kickin'
- 1978 - If You Knew Suzi…
- 1979 - Suzi… And Other Four Letter Words
- 1980 - Rock Hard
- 1982 - Main Attraction
- 1990 - Oh Suzi Q.
- 1996 - What Goes Around
- 1998 - Unreleased Emotion
- 2006 - Back To The Drive
- 2011 - In the Spotlight
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #134490118 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 FemBio
|